
Վիրահայոց թեմի առաջնորդը համոզված է, որ հարձակումը հայկական եկեղեցու վրա կազմակերպված է եղել
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կարծում է, որ հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպը, այնուհետև նաև հարձակումը կազմակերպված է եղել: «Միանշանակ կազմակերպված է եղել սա և երեկոյան տեղի ունեցած այդ ամբողջը: Մենք տեղի ունեցածի համար շատ վրդովված ենք և նպատակն է, որ առաջին հերթին կազմակերպիչները բացահայտվեն, մասնակիցները խստորեն, օրենքի սահմաններում պատժվեն»,-«Հետքի» հետ զրույցում նշեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Թե ում կողմից է կազմակեպված այս ամենը, Վիրահայոց թեմի առաջնորդն ասաց՝ չգիտի: Սակայն չբացառեց, որ սա Վիրահայոց թեմի դեմ սկսված գործողությունների շարքից է. «Կարծում եմ, որ այս ամբողջը կարող է լինի, և շատ բաներ կարող է լինի: Մենք կսպասենք, քննությունը կգնա, քննությունը կպարզի»,- ամփոփեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին վրացուհու մեքենան կայանից տեղաշարժելու միջադեպից սկսվել է ծեծկռտուք, որը շարունակություն է ունեցել երեկոյան, երբ շուրջ 50 հոգանոց խումբը հարձակվել է հայ եկեղեցու և սպասավորների վրա:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվածի առթիվ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը նոտա է հղել Վրաստանի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին հայտնել է դեսպան Յուրի Վարդանյանը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է միջադեպը՝ ծեծի հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանկներում: Սակայն Վիրահայոց թեմը պնդում է, որ միջադեպը էթնիկ և կրոնական հողի վրա է տեղի ունեցել և գործը պետք է քննվի այդ տեսանկյունից:
Միևնույն ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հոդվածը կարող է վերաորակվել՝ քննությամբ պարզված հանգամանքներից ելնելով:
Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին այսօր մեկնաբանել է տեղի ունեցածը և նշել, որ պետք է վերաորակել հոդվածը: «Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հարցումներից և տեսանյութերի ուսումնասիրությունից հետո հաստատվում է, որ հնարավոր է՝ խուլիգանություն է տեղի ունեցել, կազմակերպված խմբավորման կողմից իրականացրած բռնություն և առողջությանը վնաս է հասցվել»,- նշել է Վրաստանի ժողովրդական պաշտպանը:
Մեկնաբանել