HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայբիզնեսբանկ»․ մի վարկային պատմություն

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արձագանքել է փաստաբան Լեռնիկ Հովհաննսիյանի բաց նամակին։ Նա պատգամավորին է ներկայացրել «Հայբիզնեսբանկի» մի վարկի պատմություն: Փաստաբանը նաեւ «Հետքին» ներկայացրեց վարկային այդ պատմության մանրամասները։  

Մաս 1

Նախապատմությունը

1. Նապոլեոն Ազիզյանը, 2005թ. գնել է ք.Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու ներկայիս թիվ 1/2 և 1/3 հասցեների շենքի զբաղեցրած 1 հա հողամասը և գործընկերոջ հետ 2006թ.-ին սկսվել են բազմաֆունկցիոնալ Շենքի շինարարությունը:

Ի տարբերություն, այսպես ասած, «շինարարական բումի» այդ տարիներին իրականացվող այլ բազմաբնակարան շենքերի հետ կապված «ոդիսականների», Շենքի շինարարությունն իրականացվել է սեփական միջոցների հաշվին, ոչ թե՝ առուվաճառքի նախնական պայմանագրերով գնորդներից ներգրավված գումարների հաշվին, ինչի հետևանքով առնվազն վերջին 5 տարիների ընթացքում ականատեսն ենք հազարավոր խաբված գնորդների բողոքներին և  դատավարություններին:

2. 2007թ.-ին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի նախաշեմին, շենքի շինարարությունը շարունակելու համար անհրաժեշտություն էր վարկային միջոցներ ներգրավել: Այդ հարցում Ն.Ազիզյանի և վարկատու բանկի միջև ծագած տարաձայնության արդյունքում, չխախտելով Շենքի նախագիծը, Ն.Ազիզյանն ու իր գործընկերը, իրենց կողմից կատարված ներդրումների փայաբաժնին համապատասխան, կառուցվելիք Շենքի հողամասն առանձնացրել են միմյանց միջև` Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/2 և 1/3 հասցեների, որոնցից վերջինը մնաց Ն.Ազիզյանին:

3. Շենքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 հասցեի մասնաշենքի շինարարությունը Ն.Ազիզյանն ավարտել է 2010թ. սեպտեմբերին.:

Իսկ Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեի շինարարությունն անավարտ մնաց և, մեր երկրի իշխանությունների միջամտությամբ միայն, այդ շինարարությունը 2013-2014թ.թ. ավարտին հասցվեց և հանգրվան հանդիսացավ Երևանի կենտրոնում «շինարարական բում»-ի ժամանակաշրջանի զոհ հանդիսացած տասնյակ խաբված գնորդների համար:

Կարևոր է փաստել, որ Շենքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 հասցեի մասնաշենքում, իշխանությունների կողմից այդ խաբված գնորդներին բնակարանները հատկացվել է 1քմ-ն` 1.100$-1.200$:

Այսպիսով կարող ենք փաստել, որ 2013-2014թ.թ. Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/2 և 1/3 հասցեների Շենքում բնակելի տարածքների 1քմ-ի ողջամիտ /լիկվիդացիոն/ արժեքը կազմում է 1.100$-1.200$:  

Ընդ որում` Շենքի 1/3 հասցեն հարակից է Աթենքի փողոցին` գլխավոր ճանապարհին, Շենքի այդ հատվածի տակ գտնվում է առևտրի կենտրոնը: Նշված և այլ իմաստներով Շենքի 1/3 հասցեի բնակարանների պահանջարկն ավելին է, քան` Շենքի 1/2 հասցեի բնակարանների պահանջարկը:

4. 2007թ.-ին Ն.Ազիզյանն իրեն պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/3 հասցեի հողամասն ու դրա վրա իրականացված կառույցը  ներդրվել է իր կողմից հիմնադրված «ԼԱՆ» ՍՊԸ-ում, իսկ շինարարության հետագա ֆինանսավորման համար 2008թ.-ին «ԼԱՆ» ՍՊԸ-ի անվամբ վարկ է ստացվել «ՆՈՐՎԻԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ից և մեկուկես տարում կառուցվել է շուրջ 11.500քմ մակերսով տարածք:

5. 2008-2009թ.թ.` տնտեսական ճգնաժամի տարիներին, անշարժ գույքի շուկայում գների կտրուկ անկում է տեղի ունենում, իսկ շինանյութերի (հիմնականում ամրանի և այլն) գները պարբերաբար աճում են, կատարվելիք շինարարական ծախսերը կրկնապատկվեցին, իսկ գույքի վաճառքից ստացվելիք եկամուտների կանխատեսումները կրճատվեցին, «ՆՈՐՎԻԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն էլ հրաժարվեց հետագա ֆինանսավորումից և 2007թ. կազմված «ԼԱՆ» ՍՊԸ-ի 28.000.000 ԱՄՆ դոլար կազմող  բիզնեսծրագիրը ձախողվում էր:

6. Ստեղծված իրավիճակում, Ն.Ազիզյանը որոշում է ստեղծել երկրորդ ընկերությունը` «Միլլար» ՍՊԸ-ն, այն հաշվով, որ՝ «ԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքի մի մասն օտարվի «Միլլար» ՍՊԸ-ին և այդ գույքի գրավադրման դիմաց «Միլլար» ՍՊԸ-ի անվամբ վարկ ստանա ու ավարտին հասցնի շինարարությունը: Իսկ «ԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող մոտ 5000քմ մակերեսով հասարարակական տարածքներում, անձնական ներդրումների հաշվին, ստեղծել տոնավաճառ ու դրա գործունեությունից ստացվելիք ամսեկան կայուն եկամտի և «Միլլար» ՍՊԸ-ին փոխանցված, կառուցվելիք տարածքների վաճառքից ստացվելիք միջոցների հաշվին մարել երկու ընկերությունների վարկային պարտավորությունները:

Այդ նպատակով Նապոլեոն Ազիզյանը 14.08.2009թ. ստեղծում է «Միլլար» ՍՊԸ-ն և «ԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքից 6500քմ մակերեսով տարածքները 18.08.2009թ. օտարում է «Միլլար» ՍՊԸ-ին:

«ԼԱՆ» ՍՊԸ-ի և «ՆՈՐՎԻԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վարկային պատմության հետագա ընթացքն ու ներկայիս զարգացումներն արդիական, սակայն առանձին թեմա է, ինչին հետագայում կանդրադառնանք հարուցված  քրեական գործի շրջանակներում:

Մաս 2

«Միլլար» ՍՊԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարկային պատմությունը

1. Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 հասցեում «Միլլար» ՍՊԸ-ին պատկանող 6.500քմ անշարժ գույքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Միլլար» ՍՊԸ-ի կողմից գնահատվում է 1.480.000.000 ՀՀ դրամ և դրա գրավադրման դիմաց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Միլլար» ՍՊԸ-ի միջև 28.08.2009թ. կնքվում են գլխավոր վարկային պայմանագիրը և անշարժ գույքի Գրավի (հիփոթեքի) պայմանագիրը:

Այդ երկու պայամանագրերի և հետագայում դրանցում փոփոխություններ կատարելու մասին կնքված համաձայնագրերի հիման վրա էլ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից «Միլլար» ՍՊԸ-ին պարբերաբար վարկեր է տրվել, «Միլլար» ՍՊԸ-ն իրակացրել և ավարտին է հասցրել շենքի շինարարությունը, ինչի արդյունքում 26.09.2010թ.-ին տրվել է «Շինարարության շահագործման փաստագրման» ակտը, համաձայն որի՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսը կազմել է 13.175քմ և գրավի առարկան կողմերի համաձայնությամբ վերագնահատվել է ու 11.04.2011թ. համաձայնագրով դրա արժեքը սահմանվել է` 2.704.000.000 /երկու միլիարդ յոթ հարյուր չորս միլիոն/ ՀՀ դրամ (կամ` 7.268.000 ԱՄՆ դոլար):

2. Գրավառու-վարկատու «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի թույլտվությամբ 2011թ.-ին Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 հասցեի մի շարք բնակարաններ են օտարվել և ստացված գումարների հաշվին կատարվել են վարկային պարտավորությունները, սակայն 2011թ. նոյեմբերին ժամկետանց վարկային պարտավորություններ ի հայտ եկան և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ղեկավարությունը պահանջեց առկա վարկերը մարել, պարտավորվելով նոր վարկ տրամադրել:

Նապոլեոն Ազիզյանի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա.

2.1. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված բանկային երաշխիքի և «Միլլար» ՍՊԸ-ի և «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ի միջև 23.12.2011թ. կնքված թիվ վարկային պայմանագրի հիման վրա, «Միլլար» ՍՊԸ-ի անվամբ, մինչև 28.12.2011թ. մարման պայմանով, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ն 23.12.2011թ. տրամադրել է 3.350.000 ԱՄՆ դոլար նպատակային վարկ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հանդեպ «Միլլար» ՍՊԸ-ի ունեցած վարկային պարտավորությունների մարման նպատակով:

2.2. «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ի հանդեպ ծագած 3.350.000 ԱՄՆ դոլարի վարկային պարտավորությունները «Միլլար» ՍՊԸ-ի կողմից մարելու նպատակով, վարկի տրամադրման մասին 28.12.2011թ. համաձայնագրի հիման վրա, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն «Միլլար» ՍՊԸ-ի հետ 28.12.2011թ.-ին կնքել է 3.350.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր և «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ին է փոխանցել 3.356.000 ԱՄՆ դոլար, որից 6000 ԱՄՆ դոլարը /վճարվել է «Միլլար» ՍՊԸ-ի հաշվին եղած գումարներից/ հանդիսացել է տրամադրված վարկի 5 օրվա տոկոսի գումարը:

Այսինքն` փաստացի պարտավորության նորացում է տեղի ունեցել և «Միլլար» ՍՊԸ-ի պարտավորությունը կազմել է 28.12.2011թ.-ի վարկային  համաձայնագրով սահմանված 3.350.000 ԱՄՆ դոլարը, իսկ նույն համաձայնագրի 1.4. կետի համաձայն` համաձայնագրով պարտավորությունների կատարումը ապահովված է եղել գրավով` համաձայն կողմերի միջև 28.08.2009թ. կնքված Գրավի պայմանագրի և 11.04.2011թ. համաձայնագրի:

3. Ի կատարումն վարկի տրամադրման մասին 28.12.2011թ. համաձայնագրով ծագած պարտավորության, «Միլլար» ՍՊԸ-ի անունից 1 տարվա ընթացքում` մինչև 29.12.2012թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին  վճարվել է 1.218.816 ԱՄՆ դոլար, որից` 804.000 ԱՄՆ դոլար մայր գումար, իսկ 414.816 Ամն դոլար` բանկի կողմից հաշվեգրած տոկոսներ և տույժեր: Ընդ որում, 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պարտավորության դիմաց բանկին են անցել թվով 7 բնակարան:

29.12.2012թ.-29.06.2013թ. վճարումներ չեն իրականացվել, իսկ պարտքի գումարը /մայր գումար, տոկոսներ, տույժեր/ 29.06.2013թ.  դրությամբ կազմել է`2.750.000 ԱՄՆ դոլար, որից մայր գումարը կազմել է` 2.546.000 ԱՄՆ դոլար:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ապօրինությունները /Բանկ-ԴԱՀԿ-կադաստր/

Վերջին մեկ տարվա դատական գործերով ստացված փաստաթղթերից պարզվել է հետևյալը.

1. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն 2013թ. ապրիլի 11-ին լիազորագիր է տալիս «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ընկերությանը, որպեսզի Բանկի անունից դիմեն կադաստրին՝ Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի «Միլլար» ՍՊԸ-ին պատկանող գրավի առարկա անշարժ գույքերը «Միլլար» ՍՊԸ-ին պարտավորությունների դիմաց արտադատական կարգով Բանկին ի սեփականություն անցնեն` անվանափոխվեն Բանկի անվամբ:

Այդ կապակցությամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ա.Կիրակոսյանը 15.05.2013թ. համապատասխան որոշում է կայացնում` «Արտադատական կարգով ընդունել Բանկին ի սեփականություն «Միլլար» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքերը` տվյալ պահին գույքի  շուկայում գործող ողջամիտ գնին համարժեք»:

Որոշման մեջ նշված չէ, թե` պարտավորությունը որքան է կազմում և որ գույքը ինչ գնով պետք է անցնի Բանկին: Այդ որոշման մասին «Միլլար» ՍՊԸ-ն չի տեղեկացվել:

Իսկ գործող օրենսդրության համաձայն, կոկրետ գույքի ողջամիտ շուկայական արժեքը պետք է որոշվի Բանկին ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ և այդ մասին պետք է տեղեկացվի «Միլլար» ՍՊԸ-ն, քանի որ գրավատու պարտապանը, նախ` կարող է առարկել գույքի արժեքի ցածր գնահատման դեմ, բացի այդ` կարող է վճարել գույքի արժեքը, ի վերջո, եթե գույքի ողջամիտ շուկայական գինը գերազանցում է վարկային պարտավորության գումարին, ապա` գրավատուն իրավունք ունի Բանկից ստանալ տարբերություն գումարը:

Սակայն Բանկը, ոտնահարելով «Միլլար» ՍՊԸ-ի իրավունքները, ի կատարումն իր 15.05.2013թ.  որոշման, 18.05.2013թ. դիմել է կադաստր և 21.05.2013թ. ստացել է պատասխան այն մասին, որ Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի «Միլլար» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքերի վրա ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրված և հնարավոր չէ իրականացնել անշարժ գույքերի անվանափոխումը:

Արգելանքները դրված են եղել թիվ ԵԿԴ 2436/02/12 դատական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված 01/02-07009/12 կատարողական վարույթով  հարկադիր կատարող Արսեն Ստեփանյանի 11.12.2012թ. որոշման հիման վրա (կատարող՝ կադաստրի աշխատակից Ելենա Ղուկասյան):

2. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից հանդես եկող «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ընկերության ներկայացուցիչ ոմն Հովսեփ Մկրտչյանը, կադաստրից ստանալով 21.05.2013թ. տեղեկանքները և, ներկայացնելով «Ափթայմ» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ղահրամանյանի կողմից տրված` Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեում  «Միլլար»  ՍՊԸ-ին պատկանող բնակարանների և տարածքների կեղծ գնահատման /այս գնահատման կեղծ լինելու հիմնավորումները ստորև կներկայացվի/ վերաբերյալ 22.04.2013թ. թվագրված, 2 էջանոց գրության պատճենը, 24.05.2013թ. դիմել է ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք–Մարաշ բաժնի պետ Ա.Հակոբյանին և խնդրել է` Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի արգելանքները վերացնել

Հարկ է նշել, որ թիվ ԵԿԴ 2436/02/12 քաղաքացիական գործով, հետևապես նաև այդ գործով  հարուցված թիվ 01/02-07009/12 կատարողական վարույթով, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն մասնակից չի հանդիսացել և Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի անշարժ  գույքն արգելանքից հանելու պահանջով իրավասու չէր դիմել ԴԱՀԿ ծառայություն: Բացի այդ, գործող օրենսդրության համաձայն, հարկադիր կատարողն, առանց համապատասխան իրավական հիմքերի /դատարանի վճիռ, որոշում, կատարողական թերթ/, իրավասու չէ գույքն արգելանքից հանելու որոշում կայացնել:

Համենայն դեպս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից 24.05.2013թ. ԴԱՀԿ ծառայություն ներկայացված դիմումի հիման վրա արգելանքները չի վերացվում:

3. Բանկի և ԴԱՀԿ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա,  «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ընկերության տնօրեն Ա.Հարությունյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից 06.06.2013թ.-ին կրկին դիմում ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք–Մարաշ բաժնի պետ Ա.Հակոբյանին և այս անգամ ոչ թե` խնդրում, այլ` առաջարկում է արգելանքները վերացնել, բացառությամբ` թիվ 1 և 2 բնակարանների, նշելով, որ այդ բնակարանների մասերով էլ  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն 8.000.000 ՀՀ դրամի պահանջ ունի:

Այդ դիմումի հիման վրա, նույն օրը` 06.06.2013 թ. հարկադիր կատարող Արսեն Ստեփանյանը, առանց որևէ իրավական և փաստական հիմքի, անտրամաբանական (ՊԱՐԶԵՑԻ... պետք է հայցի ապահովում... ՈՐՈՇԵՑԻ վերացնել… արգելանքը) որոշում է կայացնում Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի անշարժ  գույքերի վրա Ե12000078034/0001 հաղորագրությամբ դրված արգելանքը վերացնելու մասին: Ի դեպ արգելանք դնելու մասին 11.12.2012թ. որոշման մեջ արգելանք կիրառելու հաղորդագրության համարն առանց «/0001-ի» է` Ե12000078034  է, այսինքն` փորձել են նախկին հաղորդագրությունը չվերացնել և  /0001-ով հաղորդագրությամբ վերացնել գոյություն չունեցող հաղորդագրությունը:

Գուցե գիտակցել են, որ մի օր այդ հարցը կպարզվի ու վախեցել են, այնուամենայնիվ այդ որոշման հիման վրա գործողություն չեն կատարում, հասկանալով, որ ոմանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, քանի որ` հարկադիր կատարողն իրավունք չունի ինքնագլուխ վերացնել թիվ ԵԿԴ 2436/02/12 քաղաքացիական գործով հայցի ապավոման միջոցը: Ավելի զավեշտալի քայլի են դիմում:

4. Ստեղծված իրավիճակում, արգելանքները հանելու հարցում շահագրգիռ անձինք` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն և ԴԱՀԿ ծառայությունը ապավինում են այդ հարցում իրենց երրորդ «գործընկերոջ»` նման իրավիճակներում խնդրի լուծումը գտնող, փորձառու կադաստրի հնարամտությանը: Այսպես.

4.1. Կադաստրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման ղեկավար Կ.Խաչատուրյանն իր 17.06.2013թ. գրությամբ «հանկարծ հիշում» է մեկ այլ գործով մեկ տարի վաղեմության արգելանքի որոշման պահանջը չկատարելու մասին և այդ գրությամբ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք–Մարաշ բաժնի պետ Ա.Հակոբյանին, հարկադիր կատարող Արսեն Ստեփանյանին հարց է ուղղում, թե՝ նախկինում ավարտված մի քաղաքացիական գործով (խոսքը թիվ ԵԿԴ/1439/02/12 քաղաքացիական գործի մասին է, որով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն նմանապես մասնակից չի հանդիսացել) 09/07/2012թ. թիվ Ե12000060947 հաղորդագրության հիման վրա պետք է արգելանք կիրառվեր Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի վրա և այդ վարույթով ԴԱՀԿ-ի 19/09/2012թ. որոշմամբ արգելանքները վերացվել է, բայց սխալմամբ նախկինում`09.07.2012թ., կադաստրը  արգելանքը չի կիրառել, ներկայումս. խնդրում է հայտնել՝ «կիրառել արգելանքը նշված հասցեի նկատմամբ թե․․․․»»:

4.2. Առաջին հայացքից Կ.Խաչատուրյանի 17.06.2013թ. ԿԽ-44 գրությունը կատարյալ անհեթեթություն է, քանի որ նախ՝ եթե այդ վարույթով 19/09/2012թ. որոշմամբ արգելանքները վերացվել է, ապա՝ պարոն Խաչատուրյանը ինչու պետք է հիշատակեր արգելանքը  չկիրառելու այդ խախտման մասին, մանավանդ, որ ՀՀ քր.օր 353-րդ հոդվածով նման արարքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Բացի այդ՝ եթե անգամ հարկադիր կատարողը պատասխաներ, որ՝ «պետք է կիրառել արգելանք», ապա՝ կադաստրը, հարկադիր կատարողի նման անհիմն պատասխանի հիման վրա, ինչ իրավական հիմքով և ինչ նպատակով կարող է արգելանք կիրառել 9 ամիս առաջ ավարտված կատարողական վարույթով:

Ի վերջո, հարց է ծագում. Մեկ այլ` թիվ ԵԿԴ/1439/02/12 քաղաքացիական գործին վերաբերող Կ.Խաչատուրյանի 17.06.2013թ. ԿԽ-44 գրությունն ինչպես և ինչ նպատակով է հայտնվել այդ գործի հետ որևէ առնչություն չունեցող թիվ ԵԿԴ 2436/02/12 քաղաքացիական գործով թիվ 01/02-07009/12 կատարողական վարույթում: Ավելին, կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ այդ գրություն-ստեղծագործությունն ունի իր նախապատմությունը: Մասնավորապես, այդ գրության «տեքստի հեղինակային իրավունքը» պատկանում է կադաստրի աշխատակից Ժ.Երանոսյանին, իսկ հասցեատերը եղել է նույն Կ.Խաչատուրյանը: Բանը նրանում է, որ Ժ.Երանոսյանը միևնույն վրիպակով և ինչ-որ անօրինականություն իրականացնելու նպատակով այդ տեքստով գրություն 17.06.2012թ. ուղարկել է հենց Կ.Խաչատուրյանին և հավանաբար վերջինիս դուր է եկել դրանում նշված այն հանճարեղ միտքը, որ` «սխալմամբ արգելանք չի կիրառվել … կիրառել արգելանքը նշված հասցեի նկատմամբ թե»»:

Ժ.Երանոսյանի 17.06.2012թ. գրությունն ու Կ.Խաչատուրյանի 17.06.2013թ. ԿԽ-44 գրությունը մեջ առկա է միևնույն վրիպակը`առաջին պարբերության վերջին բառը`«հաղորդագրություններով»-ի փոխարեն գրված է` «հաղորդագրություններվ»` առանց  ո տառի: Սա փաստում է այն մասին, որ Կ.Խաչատուրյանն անգամ իրեն ուղարկված բուն գրության տեքստն անգամ չի ստուգել, միայն հասցեատիրոջն է փոխել և վերջում  «ոչ» բառն է ջնջել, հավանաբար, ըստ իրեն,  հարցադրումն այդպես ավելի գեղեցիկ լինի:

Ինչ վերաբերում է իմ այն մտքին, որ Ժ.Երանոսյանն էլ է ինչո-որ ապօրինության համար այդ գրությունն ուղարկել Կ.Խաչատուրյանին, ապա բացի այն, որ դրանից պարզվում է, որ արգելանք չի կիրառվել, պետք է ուշադրություն դարձնել գրության ամսաթվին` 17.06.2012թ. և դրանում վկայակոչված արգելանքը հանելու ամսաթվին` 19.09.2012թ.: Օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ 17.06.2012թ. գրությամբ նշել, որ 3-ամիս հետո արգելանքը վերացել է: Ապագայի մասին հնարավոր չէ անցյալով խոսել: Փաստորեն կադաստրում ոչ միայն մոռանում են արգելանք դնել, այլ կռահում են, թե 3 ամիս անց, որ օրը, որ հարկադիր կատարողն ինչ որոշում է կայացնելու:

4.3. ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք–Մարաշ բաժնի պետ Ա.Հակոբյանն ու հարկադիր կատարող Արսեն Ստեփանյանը, ի պատասխան Կ.Խաչատուրյանի 17.06.2013թ. հանճարեղ գրության, Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի բնակարանների և տարածքների վրա արգելանքի կիրառման մասին, 21.06.2013թ. գրությամբ պարոն Կ.Խաչատուրյանին պատասխանում են՝ «խնդրում եմ արգելանք չկիրառել»:

ԴԱՀԿ ծառայության 21.06.2013թ. գրությունը, որն ուղղված է կադաստրին, ստորագրությամբ առձեռն տրամադրվում է այդ խիստ անձնական /ինտիմ/ գրագրության սուրհանդակ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչին /Հ.Մկրտչյան/:

Հարց է ծագում, թե. ով է բանկի ներկայացուցիչ, այն էլ` «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ընկերության աշխատակից Հ.Մկրտչյանը, որ` 2012թ.-ին ավարտված  ինչ-որ կատարողական վարույթի հետ կապված ԴԱՀԿ-ի ու կադաստրի 2013թ. հունիսի 21-ի գրությունն առձեռն ստանա ու փոխանցի հասցեատիրոջը՝ փոստատարի դեր կատարի:

4.4. Մի քանի օր անց տեղի ունեցող գործողություններից պարզվում է ԴԱՀԿ-ի ու կադաստրի գրությունների փոխանցման հետ կապված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի  կապն ու շահագրգռվածությունը:

Մասնավորապես, ԴԱՀԿ-ի 21.06.2013թ. գրությունից հետ Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի արգելանքները ակամա վերանում են և 29.06.2013թ. սկսվում է «Միլլար» ՍՊԸ-ի անվամբ գրանցված մոտ 5.000.000 ԱՄՆ դոլար ողջամիտ շուկայական արժեքով 4700քմ տարածքների մասայական անվանափոխումը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն անվամբ:

4.5. Ինչ վերաբերում Բանկի կողմից բռնագանձված անշարժ գույքերի արժեքին, ապա`դրանց բռնագանձման ժամանակ որևէ գնահատում չի իրականացվել և Բանկը ներկայումս դատարան է ներկայացրել  «Ափթայմ» ՍՊԸ-ի 22.04.2013թ. կեղծ գնահատումը և հայտարարում, որ դրանում նշված գներով է իրականցրել բռնագանձումը:

«Ափթայմ» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ղահրամանյանի 22.04.2013թ. գրությունից պարզվում է, որ Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեում  «Միլլար»  ՍՊԸ-ին պատկանող թվով 34 անշարժ գույքերի գնահատումն իրականացվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Ափթայմ» ՍՊԸ-ի միջև  22.04.2013թ. կնքված թիվ պ-03-0073 պայմանագրի հիման վրա: Այսինքն, 22.04.2013թ. պայմանագիրն է կնքվել Բանկի և «Ափթայմ» ՍՊԸ-ի միջև, նույն օրը` 34 տարածքներում տեղազննություն է իրականացվել, նույն օրը իրականացվել է գնահատումները, կազմվել է 34 տարածքների գնահատման հաշվետվություն և նույն օրն էլ գրությամբ ներկայացվել է այդ «գնահատման» արդյունքները:

Նշված հանգամանքը, ինչպես նաև` անշարժ գույքերի գնահատման միջին լիկվիդացիոն արժեքները (հասարակական տարածքների 1քմ-ն` 232.387 ՀՀ դրամ, բնակելի տարածքների 1քմ-ն` 252.650 ՀՀ դրամ), որոնք վարկային պարտավորության չափի հետ է համապատասխանեցված, փաստում է այն մասին, որ` գնահատման այդ փաստաթուղթը կազմվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից պատվիրված գներով, այսինքն` կեղծ գնահատում է իրականացվել: Այդ կեղծիքի մասին է փաստում նույն տարածքների գնահատման վերաբերյալ «Լոու Աուդիտ» ՍՊԸ-ի,  «Տիգրիս» ՍՊԸ-ի, «Կառուցագետ» ՍՊԸ-ի կողմից իրականացված իրական գնահատումները: Մասնավորապես,  նշված երեք ընկերություններից ամենացածր գնահատումն իրականացվել է թիվ ԵՄԴ 0039/04/14 գործով նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության որոշման հիման վրա`«Կառուցագետ» ՍՊԸ-ի կողմից: Համաձայն «Կառուցագետ» ՍՊԸ-ի 17.02.2015թ. եզրակացության` հասարակական տարածքների 1քմ-ի լիկվիդացիոն արժեքը` 544.500 ՀՀ դրամ է (312.113 ՀՀ դրամով ավելի, քան «Ափթայմ» ՍՊԸ-ի գնահատումը), բնակելի տարածքների 1քմ-ի լիկվիդացիոն արժեքը` 342.460 ՀՀ դրամ (մոտ 90.000 ՀՀ դրամով ավելի, քան «Ափթայմ» ՍՊԸ-ի գնահատումը):

4.6. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, առանց գնահատման բռնագանձելով Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեում  «Միլլար»  ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը և վկայակոչելով «Ափթայմ» ՍՊԸ-ի կեղծ գնահատումը, «Միլլար»  ՍՊԸ-ին պատճառել է առնվազն 848.951.000 ՀՀ դրամի վնաս և այդ չափով գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, Բանկը պարտավոր է վերադարձնել «Միլլար»  ՍՊԸ-ին:

Այսինքն՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, կադաստրի և ԴԱՀԿ-ի ապօրինի համագործակցության, «Ափթայմ» ՍՊԸ-ի կեղծ գնահատման հիման վրա, «Միլլար» ՍՊԸ-ի անշարժ գույքերն ապօրինաբար հանվել են արգելանքից և, առանց տվյալ անշարժ գույքերի սեփականության իրավունքի փոխանցման պահի դրությամբ  գնահատման, ողջամիտ շուկայական գնից ակնհայտ ցածր արժեքով անցել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին:

Մաս 3

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Միլլար» ՍՊԸ-ի դատական պատմությունը              

Բանկի կողմից ապօրինաբար բռնագանձված և կադաստրի կողմից ապօրինի գրանցված անշարժ գույքերի սեփականության վկայականները առ այսօր գտնվում են «Միլլար» ՍՊԸ-ում, իսկ եղելության մասին  տեղեկացել ենք 2014թ. մարտ ամսին:

Անմիջապես դիմել ենք «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահին՝ խնդրելով տրամադրել բռնագանձման հիմք հանդիսացող փաստաթղթերը և տեղեկատվություն՝ բռնագանձման ժամանակ «Միլլար» ՍՊԸ-ի պարտավորության և բռնագրավված գույքի արժեքի մասին: Ամիսներ շարունակ Բանկը փաստաթղթեր չի  տրամադրել` հայտարարելով որ դատական կարգով պահանջենք:

Ստիպված ինքնուրույն ապացույցներ ենք ձեռք բերել կադաստրից, ԴԱՀԿ-ից և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից իրականացված բռնագանձումն անվավեր ճանաչելու պահանջով 2014թ. ապրիլին հայց ենք ներկայացրել դատարան (թիվ ԵԿԴ 0954/02/14): Հայցադիմումը վարույթ է ընդունվել, սակայն դատարանը, տուրք տալով բանկային և դատական համակարգի միջև ձևավորված «գործարար շրջանառության սովորութային իրավունքին», մերժել է ապօրինի բռնագանձված անշարժ գույքերի վրա արգելանք դնելն ու «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն անարգել օտարում է այդ տարածքներն ու հավելյալ շահույթ ստանում:

Մեկ այլ ` թիվ ԵՄԴ 0039/04/14 գործով դատարանը որոշում է կայացրել, որով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պարտավորեցրել է տրամադրել պահանջվող փաստաթղթերը: Ներկայացված փաստաթղթերից պարզվում է, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 29.06.2013թ.-12.07.2013թ. ընկած ժամանակաշրջանում, «Ափթայմ» ՍՊԸ-ի կեղծ գնահատման հիման վրա իրականացրել է «Միլլար» ՍՊԸ-ի շուրջ 5.000.000 ԱՄՆ դոլար ողջամիտ շուկայական  արժեքով անշարժ գույքի բռնագանձում, արդյունքում մարել է ընդամենը 2.779.934 ԱՄՆ դոլարին համարժեք պարտավորություն և «Միլլար» ՍՊԸ-ն, իբր դեռ 370.000 ԱՄՆ դոլարի պարտավորություն ունի, որի դիմաց, ըստ  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հայտարարության, պատրաստվում են «Միլլար» ՍՊԸ-ի մնացած գույքն էլ բռնագանձել: Նման պահանջով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն գաղտագողի/«Միլլար» ՍՊԸ-ի փաստացի հասցեն չի նշել հայցադիմումում/ դատարան է դիմել (թիվ ԵԿԴ 2628/02/13)  և հօգուտ իրեն վճիռ ստացել, սակայն տեղեկանալով այդ վճռի մասին, այն բողոքարկվել ու այն բեկանվել է:

Առաջիկա օրերին «Միլլար» ՍՊԸ-ն Բանկի դեմ 848.951.000 ՀՀ դրամի պահանջ է ներկայացնելու:

Լեռնիկ Հովհաննիսյան, փաստաբան

Մեկնաբանություններ (4)

Հայ
Արդյոք, Հայաստանի կենտրոնական բանկի ու ԱԱԾ-ի ղեկավարությունն ինչ է մտածում այս ամենի մասին: Հայաստանյան բանկերի մեծ մասի սեփականատերերը կամ օֆշորային ընկերություններ են կամ ուղղակի օտարերկյա քաղաքացիներ, իրավաբանական անձինք, հետևապես մեր քաղաքացիներն ունեզրկվում են, իսկ մեր քաղաքացիների, մեր երկրի ունեցվածքը, գրավի բռնագանձման անվան տակ, չնչին գներով փաստացի անցնում է օտարներին, այդ թվում՝ ադրբեջանցիներին:Այս կերպ էլ են երկիր գրավում...
Հասմիկ
Հայբիզնեսբանկը թալանի հստակ գործընթաց է իրականացնում...
Կարեն Գաբրիելյան
Էսօր արդեն սովորություն ա դարձել բանկերի համար գրավ դրած գույքը կոպեկներով թռցնելը... նենց տպավորություն ա, որ բանկը ոչ թե ուզում ա իրա վարկը փակեն, այլ շունչը պահած սպասում ա, թե երբ մարդ մի օր վճարումն ուշացնի, որ միանգամից գրավը կոպեկներով փախցնի տանի... Էս մարդկանց հաջողություն եմ մաղթում էս գործում, հուսով եմ կտեղեկանանք գործը ոնց ավարտվեց
Լիլիա
Էդպես էլ չհասկացա. Նաիրա Զոհրաբյանն ինչ է արձագանքել?? Էս բանկերի դեմ մի բան անել ա պետք, ինչքան գնում, ավելի են կատաղում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter