HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արձանախեղդ Գյումրին. գումարների փոշիացում

Վարդանանց արձանախումբ 

Հաշվառման վերջին տվյալների համաձայն՝ Գյումրիում կա 99 արձան եւ կիսանդրի: Դա շա՞տ է, թե քիչ Գյումրիի նման փոքր, աղքատության ճիրաններից դուրս պրծնելու գերմարդկային ճիգեր անող քաղաքի համար, պե՞տք է արդյոք շարունակել գումարներ ծախսել նոր արձանների պատվերների վրա եւ արդյո՞ք ամեն արձան, որ դրվում է, կարելի է արվեստի գործ համարել: Հարցն ուղղված է գյումրեցի արվեստաբան Արաքսյա Մարգարյանին:

«Շատն ու քիչը չեմ կարող ասել, բայց որ հատկապես վերջին 10 տարվա ընթացքում տեղադրված արձանների 90 տոկոսը ոչ մի աղերս չունի արվեստի հետ՝ միանշանակ է, եւ կարծում եմ, այն ինչ ծախսվել է դրանց վրա, պարզապես գումարների փոշիացում է եղել»,- զրուցակիցս մի պահ լռում է, հետո հարցնում. «Իսկ գիտե՞ք, թե ինչու Գյումրու կենտրոնական հրապարակում դրվեց «Վարդանանց» արձանախումբը, որովհետեւ նախկին քաղաքապետը մեծ ցանկություն ուներ իր անունը որեւէ կերպ անմահացնելու: Արձանախումբը դրվեց, հրապարակն էլ կոչվեց Վարդանանց, թեպետ թե տեղադրման վայրի, թե հենց արձանախմբի վերաբերյալ կային իրարամերժ կարծիքներ՝ հիմնականում բացասական»:

Արաքսյա Մարգարյան

Արվեստաբան Արաքսյա Մարգարյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր արձան, կիսանդրի եւ, ընդհանրապես, հանրային վայրերում տեղադրված ցանկացած արվեստի գործ տվյալ բնակավայրի այցեքարտն է եւ հարց է, թե դրանք որքանով են համապատասխանում «արվեստի գործ» կոչմանը, որքանով են արտացոլում տվյալ ժամանակաշրջանը եւ արդյոք իրենց մեջ կրում են ճիշտ ուղերձներ:

Խորհրդային տարիներին սովորաբար կանգնեցվում էին հայտնի հեղափոխականների, բանվորագյուղացիական դասակարգի ներկայացուցիչների, ճանաչված ու սիրված պոետների, էպոսների հերոսների արձաններ: Ուղերձն էլ պարզ ու հասկանալի էր՝ ուժի, հաղթանակի, աշխատանքի, արվեստի, նախնիների մեծարում: Գյումրին եւս բացառություն չէր: Այդ տարիներից քաղաքին ժառանգություն մնացած հրաշալի գործեր են համարվում դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրված քանդակագործ Նիկողոսյանի հեղինակած Ավետիք Իսահակյանի արձանը եւ քանդակագործ Արա Սարգսյանի «Մայր Հայաստանը»: Քաղաքում մինչեւ օրս էլ պահպանվում են հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի եւ մանածագործ աղջկա արձանները:

«Արվեստի հանդեպ այսօր ցավոք կա շատ նեղ, սուբյեկտիվ մոտեցում,- ասում է Արաքսյա Մարգարյանը,- եթե խորհրդային տարիներին կար գեղարվեստական խորհուրդ՝ ճարտարապետներից, նկարիչներից, արվեստաբաններից կազմված եւ այդ խորհուրդն էր որոշում, թե ինչ տեղադրել, ինչպես եւ երբ, ապա հիմա այդ որոշումները կարելի է ասել կուլիսային են կամ միանձնյա»:

Աշոտ Ողորմած

Գյումրիում արձանաբումը սկսվեց Վարդան Ղուկասյանի կառավարման տարիներին: Քաղաքի օրվա տոնակատարությունների հետ կապված անպայման որեւէ արձանի բացում էր նախանշվում: Աշոտ Ողորմած արքայի արձանի բացումը տեղի ունեցավ 2008թ-ին «Քաղաքի օր» տոնակատարության ժամանակ: Բագրատունիներից կոնկրետ այս  արքային հավերժացնելը կապված էր «ողորմած» բնորոշման հետ: Պատմությունը վկայում է, որ Աշոտ Գ Բագրատունին բարեգործ էր, նրա կառավարման տարիներին երկրի գլխավոր քաղաքներում բացվել են դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ: Խոսակցություններ էին պտտվում այն ժամանակ, որ կանգնեցնելով հենց Աշոտ Ողորմած արքայի արձանը, Վարդան Ղուկասյանը առաջին քայլն է անում սեփական բարության ու ողորմածության մասին լեգենդներ հյուսելու ճանապարհին:

Հայուհի

«Ոչ գեղարվեստորեն, ոչ ընտրված դիրքով, ոչ մի ձեւով արդարացված չէ այդ արձանը, այն էլ քաղաքի կենտրոնում,- նկատում է արվեստաբանը,- գաղափարը վատը չէր, սակայն արդյունքն էր հիասթափեցնող: Կամ վերցնենք Արտուշ Պապոյանի Հայհուհու արձանը, որ դրվեց նախկին Լենինի հրապարակում: Սկզբում արձանը կոչվեց «սրբուհի», որովհետեւ լուսապսակ կար գլխին, որը Սրբազանի պահանջով  հանվեց, հետո դարձավ «հայհուհի», սակայն նույնիսկ դա չօգնեց, քանի որ այդպես էլ ոչ մի կերպ չկապվեց այդ հրապարակի հետ: Արհեստականորեն ներմուծված տարրի տպավորություն է թողնում: Նույն այդ արձանը, եթե դրվեր մեկ այլ գողտրիկ վայրում , շատ ավելի համեստ ու ցածրիկ պատվանդանի վրա, շատ ավելի շահեկան կդիտվեր: Նույն խայտառակ վիճակում է Անանիա Շիրակացու արձանը, որ ավելի շուտ ձմեռ պապ է հիշեցնում՝ ինչ որ անհասկանալի կիսագնդի վրա կանգնած»:

Անանիա Շիրակացի

Մի քանի տարի առաջ, հանրապետական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսպիսի միտք էր արտահայտել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ. «Իր ամբարտավանությունն այնքան է, որ ինքը քաղաքում ամենաբարձրն է իրեն կարծում, քաղաքում բոլորն իրենից ցածր են եւ թեմի առաջնորդը, եւ մարզպետը: Նա իր եսն է ամենից բարձր դասում: Ֆյուրերն է՝ գահի վրա իր եսն է՝ հետո Աստված, կամ Աստված՝ նույնացած իր հետ: Ինչպես քաղաքն է նույնացած իր եսի հետ, որովհետեւ էստեղ ուզենա՝ արձան կդնի, էնտեղ ուզենա՝ բոստան կցանի, ինչ ուզենա կանի քաղաքի հետ»:

Ներկայիս իշխանություններն ամեն առիթով շեշտում են, որ նախորդի քաղաքականությունը շարունակելու ցանկություն չունեն, սակայն արդյո՞ք միշտ է դա նրանց հաջողվում: Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն, ով աշխատել է նաեւ նախկին քաղաքապետի օրոք՝ համեմատելու բան շատ ունի: Համաձայն է մտքի հետ, որ քաղաքի կենտրոնը պարզապես արձանախեղդ է, սակայն դրանց առատության մեջ վատ բան չի տեսնում: Հպարտությամբ հայտարարում է, որ «Կումայրի արգելոց» թանգարանին կից ստեղծել են քանդակների թանգարան:

Հենրիկ Գասպարյան

Նման գաղափար տեղական իշխանություններին «հուշել» էր 2013թ-ին Գյումրիում անցկացված «Քանդակագործների միջազգային սիպոզիումի» հեղինակը, ով էլ նշանակվել է նորաստեղծ, բացօթյա թանգարանի տնօրեն: «Մենք «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում տեղ ենք առանձնացրել, որտեղ պիտի հավաքենք արձաններ տարբեր բնակավայրերից, ասենք Լենինի արձանները, կիսանդրիները, որոնք ճիշտ է՝ հանվել են, բայց ոչնչացված չեն»,- հավելում է Հենրիկ Գասպարյանը:

Նա նկատում է, որ միտքը օրիգինալ է եւ կարող է զբոսաշրջիկների հոսք ապահովել:  Անդրադառնալով Գյումրիում արձանների տեղադրման կարգին՝ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ այն կատարվում է երկու եղանակով՝ քաղաքապետարանի պատվերով եւ բարերարների առաջարկությամբ:

«Դե նախկինում դա միանձնյա էր որոշվում, իսկ հիմա հանձնաժողով գոյություն ունի, որի մեջ մտնում են ճարտարապետներ, արվեստագետներ եւ գեղարվեստական խորհուրդն է որոշում, թե ինչ արձան դրվի, տեղադրման վայրը եւս քննարկվում է խորհրդում»,- ասում է Գյումրու գլխավոր ճարտարապետը:

Սայաթ Նովա

Ներկա քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք Գյումրիում երեք արձան է տեղադրվել՝ Կլկլան բաժակի (Մուշուրբա), Սայաթ-Նովայի եւ «Վերածնունդ» հուշարձանը եւ երեքն էլ հասցրել են արժանանալ քննադատության: Ըստ Հենրիկ Գասպարյանի՝ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում եւ ժամանակի քննությանը չդիմացած գործերն ապագայում կհեռացվեն ասպարեզից, ինչպես եղավ խորհրդային շրջանում կանգնեցված հեղափոխականների արձանների հետ:

«Ցանկացած արձան, ցանկացած գործ ժամանակի եւ տարածության մեջ է արժեւորվում: Ոչ մի քանդակագործ՝ սկսած Միքելանջելոյից, չէր կարող ասել, գիտե՞ք ինչ, ես հիմա իրիկունը նստում եմ մի հատ գլուխգործոց եմ ստեղծում: Քոչարի կերտած Սասունցի Դավթի արձանը, որ մեր սիմվոլն է ու հրաշալի ստեղծագործություն է, էլի միանգամից չի ընդունվել: Քննադատել են, ձին կարուսելի ձիու հետ են համեմատել, ասել են պոչն է հաստ եւ այլն: Արձանի արժեւորումը եկավ հետո: Հիմա ասում են, թե Սայաթ-Նովան իրեն նման չէ կամ թե կուզիկ է՝ մեջքը կարճ է, բայց նկատենք, որ ամեն մի արվեստագետ նախ սեփական պրիզմայով է անցկացնում ստեղծելիք կերպարը: Եվ հետո, ցանկացած քանդակ դիտման 360 կետ ունի, գուցե դու՞ք ճիշտ անկյունից չեք դիտել»,- հակադարձում է Հենրիկ Գասպարյանը:

Արվեստաբան Արաքսյա Մարգարյանի համոզմամբ՝ անգամ 360-ը 2-ով բազմապատկելու եւ դիտելու պարագայում էլ հնարավոր չէ չնկատել Սայաթ Նովայի արձանի թերությունները, ինչպես նաեւ Աշոտ Ողորմածի, Անանիա Շիրակացու, Շառլ Ազնավուրի եւ մի շարք այլ գործերի, որոնք տեղադրվել են առանց գեղարվեստական արժեքը հաշվի առնելու:

Վերածնունդ հուշարձան

«Խաղաղության օղակը, որ հիմա կոչվում է Բագրատունյաց պուրակ, վերածվել է խեղճուկրակ բոմժանոցի: Պուրակի հենց միջնամասում տեղադրվեց Ֆրիդ Սողոյանի երկինք կարկառված, խորհրդային, թե որ տարիներից մնացած մտածելակերպով ստեղծված «Վերածնունդ» կոչվող հուշարձանը: Եթե այն նվիրված է 1915թ-ի զոհերի հիշատակին՝ ապա ինչ գործ ունի կենտրոնական զբոսայգում,- հարցնում է արվեստաբանը,- իսկ եթե վերածնունդ է խորհրդանշում՝ այդ որ օրվանից է երկինք պարզված աղաչական ձեռքերը՝ մեջն էլ խաչ, համարվել վերածննդի սիմվոլիկա: Անհասկանալի է, եւ այստեղ մի ենթադրություն կա, որ այն պարտադրված է եղել քաղաքին: Այգու թիկունքում Աշոտ Ողորմածի խեղճուկրակ արձանն է՝ ոչ մի վեհություն, անգամ կեցվածքն արքայական չէ, իսկ ձին ավելի շուտ ավանակ է հիշեցնում: Անհասկանալի արձանների շարքն այդ տարածքում վերջերս համալրեց Արտուշ Պապոյանի հեղինակած Սայաթ Նովան, որ թե թիկունքից, թե դիմացից, թե կողքից նայելու դեպքում անգամ ողորմություն խնդրողի տպավորություն է թողնում»:

Արվեստաբանը դեմ է նաեւ բարերարների կողմից քաղաքին պարտադրված իբրեւ թե արվեստի գործերին: Եվ ցանկացած առաջարկի ընդունումն էլ քաղաքային իշխանությունների կողմից համարում է աղքատի հոգեբանություն: Չի կարելի վերցնել այն, ինչ տալիս են՝ «նվեր տված ձիու ատամներին չեն նայում» սկզբունքով:

«Եվ հետո, ի՞նչ է նշանակում բարերարն առաջարկեց: Բարերարը շատ բան կարող է առաջարկել, պիտի ընդունե՞նք, այդքան աղքատ ու անճա՞ր ենք, քաղաքում էլ արվեստից հասկացող չի մնացե՞լ, որ ասի, մի րոպե, դա մեզ պետք չէ: «Վերածնունդ» հուշարձանի բացման օրը հայտարարում են, որ շնորհիվ դրա բարեկարգվեց այգին: Այսինքն, որ արձանը չտեղադրվեր, այգին չէ՞ր բարեկարգվելու: Սա էլ արդարացման նո՞ր միջոց է: Արվեստին պետք չէ վերաբերվել աղքատ ազգականի հոգեբանությամբ»,- նկատում է Արաքսյա Մարգարյանը:

Ավետիք Իսահակյան

Գյումրու գլխավոր ճարտարապետն այս առումով մեկ արդարացում ունի: Նրա կարծիքով քաղաքում տեղադրված արձանները պիտի անցնեն ժամանակի քննությունը:

«Ավետիք Իսահակյանի արձանը, որ տեղադրվել է խորհրդային տարիներին, հեղինակն էլ արժանացել է մրցանակի, ընդունվել է միանգամից եւ առ այսօր էլ դիմանում է ժամանակի փորձությանը: Արմեն Տիգրանյանի արձանը եւս հաջողվածներից է, ինչպես նաեւ Ստեփան Շահումյանի, որ մինչեւ օրս կա, չի ապամոնտաժվել,- նկատում է Հենրիկ Գասպարյանը,- մեր հաջորդ սերունդներն էլ տեսան, որ ասենք էս արձանը էն չէ, պիտի տեղափոխվի, երեւի կտեղափոխեն, որովհետեւ ամեն ժամանակշրջան, ամեն մի սերունդ իրենն է կերտում»:

Արվեստաբան Արաքսյա Մարգարյանի համոզմամբ՝ անճաշակ, ոչ նպատակային, ասելիք չունեցող արձանների տեղադրումը քաղաքում պայմանավորված է նաեւ որոշ քանդակագործների «կոմերցիոն» հռչակով: «Ինչո՞ւ պիտի մենք պարտադիր ունենանք Ֆրիդ Սողոյանի գործերը: Ինչո՞ւ են պատվերներ տալիս միշտ միեւնույն մարդկանց: Գյումրին ունի Ալբերտ Վարդանյան՝ կրեատիվ մտածողությամբ քանդակագործ, ում գործերը կարող ես տեսնել Գերմանիայում, բայց ոչ իր հարազատ քաղաքում: Մենք ունենք Զավեն Կոշտոյանի նման արվեստագետ, ում գործերը չկան քաղաքի կենտրոնում: Հետաքրքիր մտածողությամբ երիտասարդ քանդակագործներ են ապրում Գյումրիում, ովքեր գործունեության ասպարեզ են փնտրում: Տվեք նրանց այդ նույն գումարը եւ հավատացեք, որ կունենանք շատ ավելի հետաքրքիր արվեստի ստեղծագործություններ, քան այն, ինչ այդպես անխղճորեն լցրած է քաղաքում»:

Արձանապատո՞ւմ, թե՞ գումարների  փոշիացում

Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը վերջին 10 տարում արձանների ու կիսանդրիների պատրաստման եւ տեղադրման վերաբերյալ ոչ բոլոր պայմանագրերն է կարողանում ներկայացնել: Ասում է նախկիններն այնքան էլ թափանցիկ չեն աշխատել, պայմանագրերն էլ բավական «լղոզված» ձեւով են կազմվել՝  նշելով, որ ոչ բոլոր պայմանագրերում է առկա եղել տրամադրված գումարի չափը:

«Բացի այդ էլ, որոշների գումարները մենք ենք վճարել, այսինքն նախկին իշխանություններն այդ մասով էլ էին պարտքեր կուտակել»,- նկատում է Լենա Ջիլավյանը,- օրինակ «Վարդանանց» արձանախումբը, որի բացումը տեղի է ունեցել 2009թ-ին, ըստ պայմանագրի կատարված աշխատանքի, արժեքը կազմել է 54 մլն 600 հազար դրամ, որից միայն արձանախմբի համար հեղինակ Արտուշ Պապոյանին նախատեսվել է վճարել 38 մլն դրամ, որի մի մասն էլի մենք ենք վճարել, նախկինը պարտք է մնացել»:

Նույն քանդակագործի մեկ այլ աշխատանքի՝ «Հայուհու» արձանի համար նախատեսված պայմանագիրը քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստն այդպես էլ չէր գտել: Օգնության է գալիս գլխավոր ճարտարապետը: «Նախկին քաղաքապետը Արտուշ Պապոյանին այդ արձանի դիմաց չի վճարել՝ «բարթերի» սկզբունքով է վարվել: Ես չգիտեմ ինչ տիպի խոսակցություն է եղել իրանց միջեւ, բայց «Հայուհու» արձանի դիմաց Պապոյանը ստացավ քաղաքի Պատկերասրահի շենքը՝ որպես սեփականություն, որն էլ հետագայում վարձակալությամբ տրվեց խանութատերերի»,-ասում է Հենրիկ Գասպարյանը:

«Աշոտ Ողորմած»-ի այնքան չարչրկված արձանի համար քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ստացել է 28 մլն դրամ: Մեկ այլ արձանի՝ Սամվել Պետրոսյանի «Անանիա Շիրակացու» վերաբերյալ առկա է 31 մլն դրամի պայմանագիր, սակայն հայտնի է, որ Վարդան Ղուկասյանը հրաժարվել էր վճարել կատարված աշխատանքի դիմաց, իսկ քանդակագործն էլ բացման օրը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ դա իր նվերն է քաղաքին:

2006թ-ին տեղադրված գուսաններ Շերամի եւ Ջիվանու արձանների համար համայնքային բյուջեից քանդակագործ Արտուշ Պապոյանին վճարվել է 11 մլն 761 հազար դրամ: 5 մլն դրամ արժեցել է Պոլոզ Մուկուչի արձանը: Այս տարվա մայիսին տեղադրված Սայաթ-Նովայի արձանի համար էլ բյուջեից հատկացվել է 7 մլն դրամ:

Երկրաշարժի զոհերի հուշարձան

Ֆրիդ Սողոյանի վերջին տարիներին Գյումրիում տեղադրված աշխատանքների վերաբերյալ եւս պայմանգրեր չկան: Քանդակագործի «Վերածնունդը» մոսկվայաբնակ բարերարի ցանկությունն էր եւ կենտրոնական զբոսայգում տեղադրվեց այս տարվա ապրիլի 24-ին, Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի համար գումարներ են փոխանցվել պետբյուջեից եւ համայնքային բյուջեից, իսկ «Դուդուկահարներ» արձանախմբի վերաբերյալ որեւէ տեղեկություն այդպես էլ չգտնվեց:

2012 թ-ի մարտին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հերթական «արքայավայել» պատվերն էր ձեւակերպել երեւանաբնակ քանդակագործ Գեւորգ Գեւորգյանին: «25 մլն դրամ ընդհանուր արժեքով պղնձակոփ գործ է դա, որ պատկերում է հայոց 13 թագավորներին եւ Տիգրան Մեծին մարտակառքով,- պարզաբանում է Լենա Ջիլավյանը,- մեզ 11 մլն դրամի կատարողական են ներկայացրել, որից 7 մլն-ը վճարել էին նախկինները, իսկ 4 մլն դրամը մենք ենք տվել: Սակայն ընդունում-հանձնում չի եղել քանդակի, ինչ որ կիսատ գործեր կան, անցած տարի էլ մահացավ Գեւորգ Գեւորգյանը եւ հիմա չգիտենք, թե դա երբ կհանձնվի քաղաքին»:

Մեկնաբանություններ (7)

Մինասյան Ջուլյա
Գեղարվեստական ոչ մի արժեք չներկայացնող արձաններ (բացի Ֆրիդ Սողոյանի քանդակներից, կարծեմ նվիրատվություն են). Բոշի սադը շրջանցելիս ուղղակի զայրութս զսպել հնարավոր չէ, ուղղակի մեղքդ գալիսի է' Սայաթ-Նովան, ոչ են է նստած է ոչ են է պառկած է, Աշոտ ողորմածի տակինն էլ չգիտես նժույգ է թե ինչ:
Կարեն
գյումրեցիները կատակում են՝ Սայաթ-Նովային ֆռռցրեք, պարապ է, գոնե տելեվիզր կնայե... (արձանի հետևում գովազդային էկրան է)
Սարիբեկ
Հիմարներ, Վարդանը քաղաք է սարքել ու արձանները , որ չլինեին , քաղաքը չէր կենդանանա, թե չէ ինչ եք ցույց տալիս հիմա հյուրերին? էդ արձանները ու հպարտանում եք, չէ?
Արևիկ
Լսեք, մարդիկ գալիս են Գյումրին, հիանում են արձաններով, դուք վատաբանում եք?, ինչու?, որովհետև ձեզ նվիված արձան չկա , որ ձեր նմանների հավաքական կերպարը խորհրդանշի? ոչինիչ, Գյումրին ազատ մտածող քաղաք է , ձեր նմանների համար էլ կդրվի, մի նեղվեք
Fetch Shadow
Իսկ գուցե կուզենայիք, որ շեյխա Մոզայի արձանը տեղադրվեր ու ավելի սնդուսափայլ կլիներ, որոշ արդեն պառաված պսևդոսնդուսափայլների նման
Մարինա
Շատ տեղին հոդված է։ Նյութի հեղինակին կխնդրեի, որպեսզի անդրադառնար նաև Գյումրու թատերական հրապարակի ներկայիս սարսափելի տեսքին, որտեղ տեղադրված մանկական տարբեր խաղերն ու բատուտները, Կոկա-կոլայի գովազդով խայտառակ սրճարանը ամբողջովին փչացնում են Գյումրու թատերական հրապարակի տեսքը։ Քաղաքում հազար ու մի տեղ կա, որտեղ կարելի է տեղադրել այդ խաղերը և չփչացնել քաղաքի միակ վայրը, որտեղ արձաններն իրոք տեղին են, բավականին հաջողված և կապված են Գյումրու պատմության հետ։ Իսկ էդ սարսափելի սրճարանը, որն հիշեցնում է գազալցակայանների համար նախատեսված սպասասրահ, ընդհանրապես պետք է արգելվի քաղաքում տեղադրել։ Ուզում եմ հասկանալ Գյումրին գլխավոր ճարտարապետ ունի թե՞ ոչ և ո՞րն է նրա գործառույթը։
Մարինա
Գյումրի այցելող տուրիստներին շատ ավելի հետաքրիքր թանգարաններ ու տեսարժան վայրեր ունենք ցույց տալու, քան այս արձաններն են, որոնք բացարձակապես կապ չունեն Գյումրու պատմության հետ: Եվ հետո այստեղ խոսք է գնում նաեվ արձաններ տեղադրելու անվան տակ մեծ գումարներ փոշիացնելու մասին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե դրանք ում օրոք եվ ինչպես են փոշիացվել: Ավելի լավ կլիներ այդ արձանների փոխարեն քաղաքի փողոցները մի քիչ բարեկարգվեին, կանաչապատվեին, որ զբոսաշրջիկները քաղաքի փոշուց ու ցեխից չզարմանային (եթե էդքան շատ եք մտածում զբոսաշրջիկների մասին): Որպես գյումրեցի ինձ համար ավելի կարեվոր է ասֆալտապատած ու կանաչ տարածքներ ունենալը քաղաքում, քան այդ արձանները: Քաղաքում մի նորմալ այգի չունենք, որ այդ նույն տուրիստները արձաններով «հիանալուց» հետո մի տեղ նստեն ու մաքուր օդ շնչեն: Այ էդ մասին մտածեք: Թե չէ նման արձաններով ոչ մի տուրիստի չես զարմացնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter