HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնանորոգվում է Ծովագյուղի մշակույթի տունը

Արփինե Մինասյան

Ծովագյուղի մշակույթի պալատի լքված շենքում սկսվել են շինարարական աշխատանքները: Համագյուղացի Սոս Մանուկյանի ճարտարապետությամբ այս շենքը 1990-ական թթ-ից ի վեր անգործության էր մատնված:

Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի խոսքով` հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014թ-ի դեկտեմբերին: Շինարարությունն իրականացնում է «Գոլդեն Քարափ» ՍՊԸ-ն: Շենքի ամբողջական հիմնանորոգման համար անհրաժեշտ է 300 մլն դրամ, որից 130 մլն դրամը ներդրվելու է համայնքի բյուջեից:

«Առաջին փուլով արդեն ներդրել ենք 50 մլն դրամ, որը անցած տարիների մեր տնտեսած գումարն է: Մինչեւ հիմա հողի ու գույքահարկի հարկերը չվճարած մարդիկ կան, մինչեւ տարվա վերջ 50 մլն էլ կտնտեսենք էդ մարդկանց հաշվին: Այժմ ամրացման աշխատանքներ են կատարվում»,- հայտնեց համայնքի ղեկավարը` հավելելով, որ ՀՀ կառավարությունը հրատապ ծրագրերի իրակացման նպատակով կտրամադրի 60 մլն դրամ: Ամրացման աշխատանքներից հետո կընթանան ներքին հարդարման, դռների ու պատուհանների տեղադրման եւ այլ աշխատանքներ: Ակնկալվում է նաեւ Սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսական աջակցությունը:

Շենքի տարեգրությունը սկսվում է 1971-73թթ-ին: Հոկտեմբերյան տոնի նախօրյակին Ծովագյուղում շահագործման հանձնված մշակույթի այս շենքն ունեցել է 400 նստատեղ: «Սեւան» թերթի արխիվներում նյութի հետ պահպանվում է մշակույթի պալատի շենքի լուսանկարը, որի տակ գրված է. «Կարո՞ղ էր արդյոք երեւակայել Մուրացանի «առաքյալը», որ իր հայտնաբերած խղճուկ Չիբուխլույում կկառուցվի մշակույթի այսպիսի օջախ, որին կարող են նախանձել շատ քաղաքներ»:  

Վ.Գեւորգյանը նշում է, որ շենքի արտաքին տեսքը պահպանվելու է: Առաջին հարկում կգործի փոքր 50 տեղանոց կինոսրահ, գրադարան, տարբեր խմբակների համար նախատեսված սենյակներ եւ այլն: Ասում է, որ մասնագետների կարիք էլ ունեն:

«Գյուղի շատ երեխաներ Սեւան քաղաք տարբեր խմբակների են հաճախում: Շատ լավ կլինի, որ արդեն գյուղում գործի մշակույթի տուն: Այն կաշխուժացնի գյուղի մշակութային կյանքը: Հիմնանորոգումը նախատեսված էր նաեւ սոցիալ-տնտեսական քառամյա զարգացման ծրագրով»,- հայտնեց գյուղապետը: Նա նաև նշեց, որ հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2016թ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter