HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանը՝ պարտապան. մաս 2

սկիզբը

Հայաստանի արտաքին պարտքի վարկատուների շարքում  երկրորդ խոշոր վարկատուն Արժույթի միջազգային հիմնադրամն է (ԱՄՀ)։ Այս տարվա մարտի վերջի դրությամբ՝ հենց այս կառույցին է բաժին ընկնում Հայաստանի պետական արտաքին ամբողջ պարտքի 10,5%-ը, որը կազմում է 412,58  մլն ԱՄՆ դոլար։ Իսկ 2014-ի տարեկան ցուցանիշներով՝ 11,7%-ը կամ 442,093  մլն դոլարը։ Տվյալները տրամադրում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ)։ 

Հայաստանն այս կառույցին անդամակցել է 1992թ. ապրիլի 28-ին` համաձայն «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» ՀՀ օրենքի:   

ԱՄՀ-ին Հայաստանի պարտքը կտրուկ աճել է 2009-ից։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով այդ տարի  կնքված համաձայնագրով ԱՄՀ կողմից Stand-by Arrangement ծրագրի շրջանակներում տրամադրվել է 127,6 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ, իսկ հետագայում` «Երկարաժամկետ վարկային գործիք» (Extended Credit Facility (ECF)) ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջև 2010 և 2012 թվականներին կնքված համաձայնագրերի հիման վրա Հայաստանի կառավարությանը տրամադրվել է ընդհանուր 101,8 մլն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք)  գումարի չափով վարկ: 

Հայաստանին վարկ տրամադրած խոշոր վարկատուների եռյակն, այս տարվա մարտի վերջի դրությամբ, եզրափակում է Ասիական զարգացման բանկը։ Այս կառույցին պարտքը կազմում է 300,617 մլն ԱՄՆ դոլար։ Դա կազմում է Հայաստանի արտաքին պետական պարտքի 7,7 %-ը։ 

Ասիական Զարգացման Բանկն (ԱԶԲ) ու Հայաստանի կառավարությունը համագործակցում են սկսած 2005-ից: Երևանում մշտական առաքելության գրասենյակը բացվել է 2008-ին։ Հայաստանի՝ այս կառույցին ունեցած պարտքի պատմությունը սկսվում է այդ տարվանից։ Դրանից հետո պարտքի չափը տարեցտարի անշեղորեն աճել է։  

Վարկերը տրամադրվել են հիմնականում Հայաստանում տրանսպորտային ենթակառուցվածքների, ֆինանսական, էներգետիկ անվտանգության, ջրամատակարարման ոլորտների զարգացման նպատակով։ «Հյուսիս-հարավ» մայրուղին կառուցվում է հիմնականում հենց ԱԶԲ-ի տրամադրած վարկով: 

Հայաստանը պարտքեր է վերցրել նաև Եվրամիությունից, Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամից, Գյուղ. Զարգացման միջազգային հիմնադրամից, Եվրոպական ներդրումային բանկից ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։ Սակայն այս կառույցների ունեցած պարտքի տեսակարար կշիռը, նախորդ երեք կառույցներին ունեցածի համեմատ, զգալի քիչ է։   

Նորից այս մարտի տվյալներով՝ Հայաստանը Եվրամիությանը պարտք է 70,498 մլն դոլար (ընդհանուր արտաքին պարտքի՝ 1,8%-ը), Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամին՝ 35,075  մլն դոլար (0,9%-ը), Գյուղ. Զարգացման միջազգային հիմնադրամին՝ 59,845 մլն դոլար (1,5%-ը), Եվրոպական ներդրումային բանկին  ՝  58,432 մլն դոլար (1,5%-ը), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ 19,196 մլն դոլար (0,5%-ը): 

Այս հոդվածում նշված բոլոր կառույցներից Հայաստանին տրամադրված վարկերը եղել են բազմակողմանի վարկային ծրագրերի շրջանակներում։ Բայց այսքանով Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածը չի սահմանափակվում. կան նաև երկկողմանի վարկային ծրագրերի շրջանակներում կուտակած պարտքեր մի քանի երկրներից ու առևտրային բանկերից։ Դրանք ըստ առանձին վարկատուների կներկայացնենք հաջորդ հրապարակմամբ։ Դրանց դեպքում ևս ունենք հստակ ցուցանիշներ ու վարկային պատմություններ։

Լուսանկարը՝ www.bankrollup.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter