HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Բեկթաշյանը չկարողացավ վարել Հայկ Կյուրեղյանի գործով նիստը

Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստի մեկնարկից րոպեներ առաջ թեև ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանական խմբի անդամները մտան դահլիճ, այդուհանդերձ Կյուրեղյանին այդպես էլ չուղեկցեցին ներս: «Հետքի» հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանն ասաց, որ իր կարծիքով որդուն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բերել էին դատարան, քանի որ ուղեկցող ոստիկանները դահլիճում էին:

Այսօր ամենայն հավանականությամբ դատարանը պետք է լսեր Կյուրեղյանի  պաշտպանական ճառը, վերջին խոսքը ու հեռանար խորհրդակցական սենյակ: Հիշեցնենք, որ դատախազ Մ․Սարգսյանը վերջին նիստի ժամանակ միջնորդել էր Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Նիստը, որը նախատեսված էր այսօր ժամը 12-ին,  սկսվեց մոտ կես ժամ ուշացումով, իսկ վայրկյաններ անց ընդմիջվեց 5 րոպեով: «Ցածր եք խոսում, բան չի լսվում», «Հայկին ներս բերեք, առանց Հայկի նի՞ստ եք անում էլի», «Ազատություն Հայկ Կյուրեղյանին»,- բացականչում էին ներկաները: Հենց այս բացականչություններից հետո Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց 5 րոպեանոց ընդմիջման մասին: Սակայն քանի որ ներկաները դուրս չէին գալիս դահլիճից, մի քանի րոպե անց կարգադրիչները հայտարարեցին, թե տեխնիկական թերություններ կան, ու քաղաքացիները պետք է իջնեն առաջին դահլիճ:

1-ին դալիճում, որը դատարանի ամենափոքր դահլիճներից մեկն է,  թույլ տվեցին նստել միայն լրագրողներին ու Հայկին սատարողներից  2-3 քաղաքացու: Դահլիճում այլևս տեղ չմնաց, ու մարդիկ մնացին դռան մոտ կանգնած:

Արմեն Բեկթաշյանը փորձեց 1-ին դահլիճում վերսկսել նիստը, սակայն քաղաքացիները պահանջում էին իրենց իրավունքը` ներկա գտնվել դռնբաց դատական նիստին: Այդ պայմաններում Արմեն Բեկթաշյանը որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչև ժամը 15:00-ն:

Հիշեցնենք, որ մասնագիտությամբ ծրագրավորող, 31-ամյա Հայկ Կյուրեղյանը մեկ տարուց ավելի գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի միանգամից  2 հոդվածներով` 316 և 258 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն և խուլիգանություն): Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել է դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրա, ապա օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել:

Ըստ քրեական գործի, տուժել է 5 ոստիկան, որոնք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել է որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ: Գրեթե ողջ դատական պրոցեսի ընթացքում ամբաստանյալը զրկված է եղել նիստերին ներկա լինելու, նաև պաշտպանական իրավունքից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ (Կյուրեղյանը ոտքի չէր կանգնում նիստերի ժամանակ): Նրա կարծիքով, գործ ունենք խաղալիք դատարանների հետ. «Ունենք գրպանի դատարան, ինչ-որ մեկի դատարան, ոչ թե Հայաստանի Հանրապետության դատարան»,-ասել էր Կյուրեղյանը:  

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Իսկ ով չգիտի, որ գործ ունենք խաղալիք դատարանների հետ. Ունենք գրպանի դատարան, ինչ-որ մեկի դատարան, ոչ թե Հայաստանի Հանրապետության դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter