Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Իրենց ապագայի մասին եմ մտածում մեկ-մեկ»,- տիկնիկագործը՝ իր տիկնիկների մասին


Արվեստանոցի անկյունում Թամար Կեսոյանն ուղղում է տիկնիկների տեղը: 40-ից ավելի տիկնիկները, կարծես, մի մեծ գերդաստանի կանայք լինեն: Նրանցից յուրաքանչյուրն անուն ունի, նույնիսկ ծննդյան օր, որ, սակայն, տիկնիկագործը նախընտրել է չնշել անվան կողքին: Պատճառը տիկնիկներին արհեստականություն չհաղորդելն է: Գրեթե ոչ մի տիկնիկի հայացքում ուրախություն չկա, մտահոգությունը երբեմն խտանում է՝ վերածվելով տխրության: «Հայ կինը միշտ էլ մտահոգ է եղել, եթե նույնիսկ դժբախտ չէ, ինքը շատ չի ժպտում»,- նկատում է զրուցակիցս:

Թամար Կեսոյանը տիկնիկագործությամբ սկսել է զբաղվել այս տարվա հունվարից: «Երբ ասում էին՝ նոր խաղալիքները թունավոր են, ասում էի՝ իսկ ինչո՞ւ մայրերն իրենց երեխաների համար խաղալիք չեն պատրաստում իրենց ձեռքով: Մի օր հին վերնաշապիկ կար, ուղարկում էի արվեստանոց՝ վրձին սրբելու համար, վերցրեցի, սկսեցի կտրտել, կապեցի, մի փոքր ձև տվեցի, խաղալիք դարձավ: Թոռնուհիս շատ ուրախացավ, էնքան սիրեց էդ խաղալիքը: Հետո որոշեցի կատարելագործել»,- ասում է նա:

Թամար Կեսոյանի ամուսինը գեղանկարիչ Սերգեյ Խաչատրյանն է՝ Սերխաչը, 3 որդիներից երկուսը նկարիչներ են՝ Ավետիս և Աբգար Խաչատրյանները, կրտսեր որդին՝ Արմանը, մշակութաբան է: Չնայած, ըստ տիկնիկագործի, Արմանն ավելի լավ էր նկարում, և նույնիսկ մտածում էին, թե նա նկարիչ կդառնա: Այս մասին ասելիս ժպտում է:

Աբգարի արվեստանոցում ենք զրուցում Թամար Կեսոյանի հետ: Պատերին Աբգարի նկարներն են: «Մեկ-մեկ ասում են՝ ի՜նչ դժվար ա արվեստագետների հետ ապրելը, մտքումս մեկ վիրավորվում եմ, մեկ զարմանում, որ էդպիսի բան են ասում: Բայց ի՞նչն է դժվար, մի՞թե ստեղծագործող մարդկանց հետ կարող է դժվար լինել: Ես էլ վիրավորված ասում եմ՝ ոչ, շատ լավ է»,- նշում է տիկին Թամարը:

Մարտունու Զոլաքար գյուղից է: Այնտեղ էլ ծանոթացել է ամուսնու հետ: Ընտանիքում 7 երեխա էին: Ասում է՝ իրենց մանկության տարիներին խաղալիքներ շատ չկային, իրենք էին հորինում, պատրաստում այդպիսիք կտորից, կավից:

Հիշում է, որ մայրը, տատը գորգագործությամբ էին զբաղվում, լավ կարուձև էին անում: Տիկին Թամարի խոսքով՝ հենց աչքը բացել է, գորգագործություն է տեսել, ինքն էլ սկսել է սովորել: 7 տարեկանում գորգերի հանգույցներ էր անում, բայց մայրը հետո գալիս էր քանդում: 7-8 տարի գորգագործությամբ է զբաղվել: 100-ից ավելի գորգեր է գործել:

«Գորգագործությունն արհեստ է, նրբություններ ունի: Վարպետությանը տիրապետելով, նկարին նայելով՝ տեղավորում ես գույները: Ա՜յ, արվեստը գորգի պատկերը ստեղծողն է»,- ասում է զրուցակիցս:

Արդեն 30 տարի է՝ գորգ չի գործում: Նշում է՝ բարդ աշխատանք է, ամիսներ են տևում: Որոշ ժամանակահատված տիկին Թամարն աշխատել է հրուշակեղենի գործարանում (կարամելի արտադրամասում):

Տիկնիկները, կարծես, հետևում են խոսակցությանը: Տիկնիկագործուհին ասում է՝ դրանցից ամեն մեկն իր էներգետիկան ունի, ապա վերցնում է Ծովինար անունով տիկնիկը: Միաժամանակ երգում է՝ «հալել եմ յե-ղը, հալել եմ յե-ղը, հալել եմ յե-ղը, դրել եմ տե-ղը»: Ծովինարն ամենաբարձրահասակն է տիկնիկների ընտանիքում. հասակը մոտ 70 սմ է:

«Իմ Ծովինարն է՝ ամենաբարձրահասակը: Երբ տիկնիկը պատրաստում վերջացնում եմ, նայում եմ՝ ասում. դու Ծովինա՞րն ես, աղջի, դու Ծովինա՞րն ես: Ապրի իմ աղջիկը»,- ժպտում է նա:

Տիկնիկագործությունն, ասում է, արհեստ է իր համար: 58 տարեկան է հիմա, նույնիսկ զարմանում է, որ այդ տարիքում կարող է զբաղվել տիկնիկներ պատրաստելով:

Գործի մեջ հանգստություն է գտնում: Երբ վատ տրամադրություն է ունենում, նկատում է, տիկնիկ չի լինում պատրաստել, մի բան չի ստացվում, և կիսատ պատրաստածն էլ քանդում է: Դրա համար, ավելացնում է, ուրախ, բարձր տրամադրություն պետք է ունենա տիկնիկներ պատաստելիս:

Տիկին Թամարն ասում է, որ գուցե մի օր դադարի զբաղվել տիկնիկագործությամբ, սակայն մի բան գիտի՝ ամեն ինչի կարելի է հասնել աշխատասիրությամբ, մարդ միշտ պիտի ունենա երազանքներ, նպատակներ և դրանց հասնելու համար՝ կամք:

Հարցնում եմ՝ ի՞նչ է տիկնիկն իր համար: Նայում է իր տիկնիկներին, ձայնն ավելի մեղմ է հնչում: Ասում է՝ երջանիկ է, որ ինչ-որ բան կարողացել է անել կյանքում: Տիկնիկն իր համար ապրեկալերպ է, զգացմունք է:

Նշում է, որ արյան բարձր ճնշում ունի, բայց կարող է ժամերով նստել աշխատել և վատ չզգալ: Տիկնիկներն այնքան կենդանի են իր համար, որ մարդկանց է նմանեցնում: «Իրենց էնքան շատ եմ սիրում: Մեկ-մեկ խոսում եմ իրենց հետ, ասում եմ՝ տեսնես, դու ինչքա՞ն կապրես, որտե՞ղ ես գնալու, իրենց ապագայի մասին եմ մտածում մեկ-մեկ: Ի վերջո, որտե՞ղ է հայտնվելու, ո՞ւմ ձեռքին է հայտնվելու: Ու մեկ-մեկ ասում եմ՝ չէ, իրենք թող ոչ մի տեղ էլ չգնան, թող մնան էստեղ»,- ասում է նա:

Տիկնկներից դժվար է բաժանվում, երբ վաճառքի մասին հարց են տալիս, այնպիսի բարձր գին է ասում, որ հրաժարվեն:

«Չգիտեմ, գուցե գա մի օր, որ այևս չպատրաստեմ »,- ասում է նա: Երբ հարցնում եմ, թե ինչն է կարոտել, միանգամից է պատասխանում՝ մանկությունը: Անցյալի ու ներկայի մասին ենք խոսում: Տիկնիկագործի կարծիքով՝ հիմա մարդիկ, չգիտես ինչու, չարացել են: Կարող է ունենան ադամանդներ, շքեղ մեքենաներ, առանձնատներ, բայց միևնույնն է՝ դեմքերին ուրախություն չտեսնես: «Մարդ ավելի լավ է իր հին շորը կարուձև անի, նորից հագնի, բայց սիրտն ուրախ լինի»,- ավելացնում նա՝ նայելով Ծովինարին: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։