HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Արփինե Հովհաննիսյանին` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

1997թ. մահապատժի դատապարտված Արթուր Մկրտչյանը բաց նամակ է հղել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` գրելով օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի հետ 5 ցմահ դատապարտյալների հանդիպման մասին:

Նախարարին ուղղված նամակում Արթուր Մկրտչյանը խնդրում է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ և անձամբ խոսել տարիներ շարունակ լուծումներ չստացած հարցերի շուրջ:

«Պարոն Քրմոյանը ներկայացրեց կեցությանը վերաբերող ընդամենը մեկ նախագիծ և ապագային միտված մի քանի ծրագրեր, որոնց մասին մենք լսում ենք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներից արդեն 10 տարի, բայց ոչ մի հստակ ու կոնկրետ պատասխան չհնչեց մեր բարձրացրած հարցերին:

Հարգելի տիկին Հովհաննիսյան, մեզ ներկայացրեցին հանդիպման վերաբերյալ պարոն Քրմոյանի մեկնաբանությունները  ԶԼՄ-ներին, որում լրիվ լղոզված էր իրականությունը, ուստի արդարացված մտավախություն առաջացավ,  որ հնարավոր է Ձեզ էլ ներկայացրած չլինեն ստեղծված իրավիճակի իրական պատկերը և մեր բարձրացրած խնդիրները: Այդ պատճառով որոշեցի դիմել Ձեզ:

Պարոն Քրմոյանի հետ հանդիպումից միակ տպավորությունն այն էր, որ այցի նպատակը ոչ թե հստակ քայլեր կատարելու միտումն է, այլ հերթական անգամ հուսադրությունն ու մեր աչքերին թոզ փչելը: Նա ներկայացնում էր ապագայի տեսլականներ… նրան առաջարկվեց այդ տեսլականները ներկայացնել այն տասնյակ դատապարտյալներին, ովքեր այս տարիներին մահացան` հավատալով պաշտոնյաների խոստումներին: Պարոն Քրմոյանը խոսում էր ապագայում նախատեսված օրենսդրական նախաձեռնություններից, սակայն չպատասխանեց անգամ մեր շատ հստակ հարցին, թե ինչու այսօր չեն գործում արդեն իսկ ընդունված օրենքները, փոխարենը օրենքով սահմանված միայն մեկ-երկու թեթև մասերը մեր վրա կիրառելը առանց ամաչելու փորձում են հրամցնել որպես կատարած լավություն և աննախադեպ առաջընթաց»,- ասված է ցմահ դատապարտյալի նամակում:

Վերջում Արթուր Մկրտչյանը հույս է հայտնել, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ականջալուր կլինի իրենց բարձրացրած բողոքի ձայնին:    

Հիշեցնենք, որ համածառայակիցների սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Արթուր Մկրտչյանը 1996-ին` 19 տարեկանում նախաքննության ժամանակ խոշտանգումների ու սպառնալիքների հետևանքով նախ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա դատավարությունից սկսած՝ պնդել, որ անմեղ է, որ չի սպանել 5 համածառայակիցներին, որ նրանց սպանել են Կոթիի զորամասի դիրք եկած 3 անծանոթներ «Նիվա» մակնիշի ռազմական ոստիկանության պետական համարանիշերով, ովքեր եկել էին զենք գնելու նպատակով: Արթուր Մկրտչյանի մեղավորությանը թե դատարանում, թե մինչ օրս չեն հավատում անգամ տուժողների հարազատները: Դեպքից գրեթե 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Հետքին» տված հարցազրույցում հաստատել էր Արթուր Մկրտչյանի ցուցմունքը` հայտնելով որ դիրքերում այդ օրը անծանոթներ են եղել, ովքեր եկել են զենք գնելու: Նա նաև նշել էր, որ հավանական է 2 համածառայակիցներին Արթուրը չի սպանել: Հայաստանի հելսինկյան կոմիտեն Գագիկ Ջհանգիրյանի խոսքը դիտարկելով որպես նոր երևան եկած հանգամանք` դիմել էր գլխավոր դատախազություն, ապա դատարաններ, սակայն թե դատախազությունը, թե դատարանները հրաժարվեցին վերաբացման վարույթ սկսել:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter