«Մհեր Ենոքյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի». գործ, որը վարույթ չի ընդունվում
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ես միշտ էլ հավատացել եմ, որ այս կլոր բանտից ճանապարհ կա դեպի Ազատություն ու Արդարություն, բայց այն գտնել է պետք: 20-րդ տարին փորձում եմ տարբեր ճանապարհներով դուրս գալ քարե գերեզմանոցից, հաճախ ստեղծել նոր ճանապարհներ` անհաշվելի դատական պրոցեսներով, տեղի ունեցած անարդար դատավճռի մասին բարձրաձայնելով, դատաիրավական համակարգի փոխարեն ինքս փնտրելով նոր տվյալներ 19 տարվա հնության գործի վերաբացման համար:
Այդպիսի մի փորձ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ներման» հրամանագրի վիճարկումն է Վարչական դատարանում: Գործընկերներիցս միշտ ստանում եմ մամուլի քաղվածքներ: Եվ ահա կարդալով Սամանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարցազրույցը «Հետքում»` հասկացա, որ Քոչարյանի 2003թ. հրամանագիրը կարող եմ վիճարկել նաև Վարչական դատարանում, բայց ոչ Սահմանադրականում:
12 տարի անընդմեջ խոսվում էր այն մասին, որ Հայաստանում մահապատժից անցումը ցմահ ազատազրկման կատարվել է Սահմանադրության խախտմամբ: Սակայն չունենալով իրավաբանական գիտելիքներ ու չունենալով դատական արդյունավետ պաշտպանության միջոց` չէի կարողանում վիճարկել այդ հրամանագիրը: Հոկտեմբերի սկզբին դիմել էի Վարչական դատարան` 2003թ. ՆՀ 103Ա հրամանագիրը առ ոչինչ ճանաչելու պահանջով: Գիտակցում էի, որ անթիվ մերժումներիս ավելանալու է ևս մեկը, քանի որ Հայաստանում դատարանները թելով կախված են նախագահների կամքից: Մերժումը չուշացավ: Վարչական դատարանը անգամ վարույթ չընդունեց իմ հայցադիմումը: Առանց խորը վերլուծություն կատարելու, փաստերի մեջ խորանալու, դատարանը եզրակացրել է, որ նախագահի հրամանագիրը բարենպաստ վարչական ակտ է: ՀՀ վարչական դատարանը հաշվի չի առել հայցադիմումում նշված այս փաստարկները, ըստ որոնց ՀՀ նախագահի 2003թ. օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103Ա ներման հրամանագիրը միջամտող վարչական ակտ է և իմ նկատմամբ սահմանել է պարտավորություն` կրելու ցմահ ազատազրկում պատժատեսակ:
Հիշո՞ւմ եք` Անդերսենի հեքիաթի հիման վրա նկարահանված սովետական մանկական ֆիլմ կար` «Հին-հին հեքիաթ» էր կոչվում: Երբ փոքր էի, ինձ գրավում էին ֆիլմի գույները, արքայադուստրը, զգում էի հերոսների սերը, բորբոքվում էի նաև անարդարությունից, երբ զինվորիկին դատապարտում էր թագավորը: Վերջերս հեռուստացույցով նորից ցույց էին տալիս նույն ֆիլմը: Բնական է` մի փոքր այլ հայացքով նայեցի ու ընկալեցի հատկապես դատավարության դրվագը: Կխնդրեմ «Հետքի» իմ գործընկերներին գտնել ֆիլմը ինտերնետում ու տեղադրել այստեղ, որ Դուք էլ հիշեք այդ դրվագը:

Թագավորը սկզբում ներկայանում է որպես պալատի դատավոր: Իսկ երբ զինվոր-ամբաստանյալը դատախազին ու փաստաբանին է պահանջում, թագավորն ասում է` մեր թագավորությունը փոքր է, հետևաբար ես եմ և դատախազը, և փաստաբանը: «Իսկ դահիճը մեզ մոտ իսկական է ու շատ լավը»,- ասում է դատավոր-դատախազ-փաստաբան-թագավորը:
Ճիշտ է, Անդերսենը չի ապրել 21-րդ դարի Հայաստանում, բայց նա ճիշտ և ճիշտ նկարագրել է հենց 21-րդ դարի Հայաստանի դատաիրավական համակարգը: Միգուցե այդպիսի համակարգ է եղել նաև 1800-ականների սկզբի Դանիայում, որտեղ ապրել ու իր հեքիաթներն է գրել հեքիաթասացը:
Ինչևէ, Հայաստանում 2003թ. նման մի իրավիճակ է եղել. 2003թ., օգոստոսի 1-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հագել է դատավորի հագուստ ու կայացրել դատավճիռ, այն դեպքում, երբ մեր երկիրը Սահմանադրությամբ համարվում է հանրապետություն, որտեղ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները տարանջատված են և արդարադատությունը իրականցվում է դատարանների կողմից:
Կարող է զարմանաք, բայց մինչ օրս չկա որևէ դատավճիռ, որով համարվեմ ցմահ ազատազրկման դատապարտված. պարզապես հղում է արված նախագահի հրամանագրին: Եթե չլիներ վիճարկվող հրամանագիրը, ապա գոյություն չէր ունենա որևէ հիմք, որով ես ճանաչվեի ցմահ բանտարկյալ, ավելին` այդ պարագայում կսահմանվեր 15-20 տարվա միջակայքում ազատազրկում դատարանի կողմից, ինչպես ամրագրված էր 1961թ. քրեական օրենսգրքով: Թեպետ մահապատժի դատավճիռները կայացվում էին մինչև 2002 թվականը, այնուամենայնիվ, 1992-ից սկսած դրանք չէին իրագործվում մեր երկրում, քանի որ Հայաստանը դարձել էր ՄԱԿ-ի անդամ պետություն և մորատորիում էր հայտարարվել մահապատժի նկատմամբ:

Ես արդեն դիմել եմ Վարչական վերաքննիչ դատարան: Գիտեմ, որ այս հարցը ներպետական դատական ատյաններում լուծում չի ստանա, քանի որ Հայաստանում գործում է մի այնպիսի կառավարման համակարգ, որի մասին պետության և իրավունքի դասագրքերում դեռ ոչինչ չկա գրված: Հայաստանում փաստացի Նախագահական Միապետություն է, որը այժմ ցանկանում են ձևականորեն փոփոխել պառլամենտական միապետության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել