HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴ նախագահ. «Մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն»

Սկիզբը

Զարուհի Մեջլումյան, Էդիկ Բաղդասարյան

Հարցազրույց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ

- 1995 և 1997 թթ.-ին քննված երկու գործերով «Հետքը» 2014-ին դիմեց գլխավոր դատախազություն, որպեսզի նոր երևան եկած հանգամանքներով վերաբացման վարույթ սկսվի: Սակայն` անարդյունք. գլխավոր դատախազությունը համարեց, որ «Հետքի» երկու հրապարակումներում չկան նոր երևան եկած հանգամանքներ:

- Ծանոթ եմ, այդտեղ կա մոտեցման սխալ և կա իրավակարգավորման շուրջ վեճ: Նոր հանգամանքների ինստիտուտը, երբ ամբողջովին ճանաչեցինք հակասահմանադրական, մի հետաքրքիր զուգահեռ տարանք` կապված ԵԴ վճիռների և ՍԴ որոշումների հետ: Ո՞րն է այստեղ պետության պոզիտիվ պարտավորությունը: Արդյո՞ք երբ նոր հանգամանք է առաջ եկել, քաղաքացին է միայն պարտավոր պաշտպանել իր իրավունքները: Իմ անձնական տեսակետը հետևյալն է, որ մենք պիտի կարողանանք որոշակի ինստիտուտի միջոցով՝ օմբուդսմենի կամ դատախազության, դրա իրացումը տալ: Այսինքն՝ եթե նույնիսկ քաղաքացին չի միջամտում ինչ-ինչ պատճառներով՝ իմացության և այլն, պետությունը պարտավոր է քայլեր իրականացնել այս ուղղությամբ: Տվեցինք գաղափար, որ խորհրդարանը կարողանա ուշադրություն դարձնել այս հարցին, բերեցինք միջազգային փորձը: Երբ մեր երկրորդ որոշումից հետո վերանայեցին նոր հանգամանքների ինստիտուտը, գնացին այդ ճանապարհով՝  ոչ թե առաջին ատյան կամ վերաքննիչ դատարանն է քննում այդ վարույթները, այլ քաղաքացու դիմումի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը: Այստեղ կա նրբություն. դատական ակտը կայացնելիս մի շարք հոդվածներ են կիրառվում: Բայց արդյո՞ք միայն վկայակոչելը կիրառել է: Երբ մենք ասում էինք այս մի նորմը հակասահմանադրական է, ասում էին՝ շատ լավ, հանում էին մի նորմը, բայց որոշումը պահպանվում էր: Այդպես ոչ մի գործ չէր վերանայվում: Սրա վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտեցինք, թե ինչ ասել է կիրառել: Օրինակ՝ կիրառվել է 3 նորմ, մեկը ճանաչվել է հակասահմանադրական:

Պետք է գնահատել դրա հնարավոր ազդեցությունը իրավունքների խախտման վրա: Եվ այդ ազդեցությանը համապատասխան գործողությունները երկուսն են՝ բեկանել ակտը ամբողջությամբ և ուղարկել նոր քննության, հաղթահարել առաջացած խախտումը: Նախորդ ակտի եզրափակիչ մասը կարող է պահպանվել միայն բացառիկ դեպքերում։ Մենք վերջ տվեցինք այն պրակտիկային, որ դատարանը վերցնում էր նոր հանգամանքները, ուղղակի մերժում էր և հին ակտը մնում էր ուժի մեջ: Սա իրավական տեսակետից աբսուրդ էր: Դատարանի վճռով թողնվում էր ուժի մեջ այն ակտը, որը պարունակում էր հակասահմանադրական նորմ: Միայն 2014-ին մեզ հաջողվեց մի քանի որոշումներից հետո հասնել այն բանին, որ նոր հանգամանքով դիմում է գնում, նախորդ ակտը բեկանվում է: Դրանից հետո պիտի հիմնավորվի, թե ինչպես է հակասահմանադրական նորմն ազդել ու խախտված իրավունքը վերականգնել:  Նոր հանգամանքների ինստիտուտն ամբողջովին ճանաչել էինք հակասահմանադրական: Վերլուծել էինք Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից կայացված 150 որոշում, որ տարբեր ձևերով փորձել են խուսափել արդարադատության իրականացումից: Քաղաքացին կարող է դիմել դատարան և հիմնավորել, որ դատարանի կողմից օրենքի նորմը մեկնաբանվել է այնպես, որ հանգեցրել է իր իրավունքի խախտման: Դա էլ կարող է դառնալ նոր հանգամանք: Դրա հիման վրա քրեական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարվեցին: Մենք 4 նման որոշումներ ունենք:

- Գործնականում որտե՞ղ եք տեսնում լուծումը հին՝ 1990-ականների գործերի վերանայման առումով։

- Այսօրվա օրենսդրությամբ հնարավորություն չեմ տենում: Բայց կա այլ հնարավորություն: Դա կարող է ներման ինստիտուտի շրջանակներում դերակատարություն ունեցող հանգամանք դառնալ: Հաշվի առնելով որոշակիորեն հիմնավորված ինչ-ինչ փաստեր և հանգամանքներ՝ կարող է դառնալ ներման և պատիժը պակասեցնելու հիմք: Այսօրվա իրավիճակում կարող է աշխատել այդ մեխանիզմը: Բայց հարցադրումը իրավական լուծումներ փնտրելու տեսանկյունից կարևոր է, կարելի է դրա ուղղությամբ մտածել: Եթե դատական սխալը չի հաղթահարվել անգամ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, անցել են տարիներ ու առաջ է եկել նոր երևան եկած հանգամանք, ապա դրա հիմքով ինչպես կարելի է նոր լուծում գտնել: Դա պետք է իրավակարգավորման առարկա դառնա:

- Այնուամենայնիվ, տպավորություն է, որ համակարգը համառորեն՝ երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրած, չի ուզում ընդունել, որ հնարավոր են դատական ճակատագրական սխալներ։

- Ավելի կոշտ ձևակերպում ենք տվել այն երևույթին, որը դուք եք բնութագրում, դա տվել ենք դատարանի մակարդակով: Կա իրավագիտակցության մակարդակ, հայեցողության անկառավարելի սահմաններ, կոռուպցիոն ռիսկ: Մենք ունենք համակարգ, որը ոչ թե դրանք կանխում է, այլ ծաղկելու հնարավորություն է տալիս: Եթե մենք չենք փորձում դա վերացնել կամ սրբեր փնտրելով ենք զբաղվում, ոչինչ չի լինի: Հայաստանում չեն մնացել այդպիսիք:

- Մահապատժի դատապարտվածներից ոմանք, նաև իրավաբաններ բարձրացնում են  ՀՀ նախագահի ներման հրամանգրի հարցը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման։ Ինչպե՞ս եք գնահատում իրավական տեսանկյունից հարցը։

- Գնահատել չեմ կարող, քանի որ չեմ բացառում՝ քննարկման առարկա դառնա ՍԴ-ում: Ժամանակին խոսվում էր նախագահի հրամանագրի մասին: Նպատակահարմար չեմ գտնում դրան անդրադառնալ, քանի որ եթե հետո այդ հարցերը քննարկման նյութ դառնան ՍԴ-ում, կարող է նույնիսկ իմ պաշտոնանկության հիմք դառնալ: Բայց տեսեք, հանրապետության նախագահի հրամանագրերը սահմանադրական դատարանի քննարկման օբյեկտ է: Մենք կարող ենք գնահատել հրամանագրի սահմանադրականությունը, սակայն միայն վերացական դիմումի պարագայում, այսինքն՝ այն ժամանակ, երբ դիմողը օրենքով նախատեսված քաղաքական ինստիտուտն է: Երբ գալիս է հերթը քաղաքացուն, Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ մասն ասում է՝ քաղաքացին կարող է դիմել միայն իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցում: Մեզ դիմել էր մի քաղաքացի Կառավարության որոշումը հակասահմանադրական ճանաչելու դիմումով: Մենք մերժեցինք միայն նրա համար, որ իրավասու չենք քննել այդ դիմումը: Այսպես է սահմանված միայն 3 երկրներում ՝ Ռուսաստան, Լեհաստան և Հայաստան, մյուս երկրներում նման բան չկա: Ինչո՞ւ միայն օրենքի, երբ նախագահի հրամանագիրը մեր երկրում նույնպես սահմանադրական վերահսկողության օբյեկտ է: Ժամանակին այդպես գտան, հավանաբար նաև քաղաքական որոշակի մոտեցում էր, չգիտեմ: Հիմա մենք ուզում ենք փոխել դա: Բայց կա նաև մեկ այլ ճանապարհ՝ Վարչական դատարանը իրավասություն ունի գնահատել այլ իրավական ակտերի օրենքի համապատասխանության հարցը: Տվյալ պարագայում Վարչական դատարանը կարող է քննության առնել հրամանագրի համապատասխանությունը օրենքին, իսկ երբ կիրառվի օրենքի այս կամ այն նորմը, այդ նորմը արդեն կարող է բողոքարկվել ՍԴ-ում: Այսինքն՝ կա միջնորդավորված բողոքարկման հնարավորություն:

- Առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հարցազրույցի ժամանակ նշեց, որ իրավակիրառ պրակտիկայի ու օրենսդրության մկրատը գնալով մեծանում է։ Ի՞նչ անել։

- Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել, բայց իրավակիրառական պրակտիկայի և օրեսնդրության միջև առաջացել է ճեղքվածք: Ես այս հարցին անդրադաձել եմ «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմաները և մարտահրավերները» գրքում՝ հետևյալ տեսանկյունից, նույնիսկ բանաձևել էի ժամանակին. մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ չունենք արդարադատություն: Խնդիրը պետության համար ինստիտուտ ունենալը չէ, այլ ինստիտուտի միջոցով ֆունկցիան իրացնելն է՝ այդ ինստիտուտին տալով անհրաժեշտ և բավարար լիազորություններ: Սահմանադրությունը այն չէ, ինչ թղթի վրա գրված է: Սահմանադրությունն այն է, ինչ իրական կյանքում գոյություն ունի: Նույնիսկ իմ գրքերից մեկը տարիներ առաջ վերնագրեցի՝ «Սահմանադրությունից սահմանադրականություն»: Մեր սահմանադրական լուծումները պիտի իրենց արժեբանական լուծումները գտնեն իրավակարգավորման դաշտում, հետո իրավակիրառ պրակտիկայում: Օրենքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական համաձայնություն: Եվ շատ հաճախ այդ համաձայնության հիմքում դրվում է ոչ թե իրավունքի գերակայությունը, այլ քաղաքական շահը: Եվ այսպիսի ծռմռված համակարգը գնում է սուբյեկտիվ նպատակահարմարության դաշտում իրացվելու: Եվ սահմանադրական արժեբանությունից հաճախ ոչինչ չի մնում: Մեր խնդիրը սահմանադրականության երաշխավորումն է: Այո, նույնիսկ Արևմտյան եվրոպայի երկրներում այսօր գոյություն ունի սահմանադրականության դեֆիցիտ: Սոցիալական կատակլիզմների գլխավոր պատճառը սահմանադրականության դեֆիցիտն է: Սահմանադրության մակարդակում չենք կարողանում ապահովել Սահմանադրության ինքնաբավությունը: Իմ ձևակերպումներում կհանդիպեք հետևյալ արտահայտությանը. իրավակիրառական պրակտիկայում սահմանադրական հիմնարար արժեքների ձևախեղումները մուտացվել են արդեն: Մուտացիան արդեն մետաստազն է: Մեկ-մեկ հետևում եմ Ձեր ուսումնասիրություններին ու տեսնում, որ սկսում ենք հաշտվել անհաշտվելիի հետ: Եվ չի գնում անմիջական պայքար դրա դեմ: Հաշտվողականությունը պարարտ հող է մետաստազի ձևավորման համար: Իմ բարձրացրած տագնապը սա է, որ մենք հիմա գործ ունենք ոչ թե աճող մկրատի, այլ մետաստազային երևույթների հետ: Եվ մեր հասարակական օրգանիզմը հիվանդացել է քաղցկեղով:

- Իսկ դեղամիջոց ունե՞նք :

- Համակարգային լուծումն է դեղամիջոցը: Լուծման կախարդական փայտիկ չկա: Բարքերը փոխելու համար պետք է օրենքները փոխել: Առաջին հերթին գույքագրել մեր սահմանադրական լուծումները: Ոչ թե էլի կռիվ անել՝ Պողոսը կդառնա նախագահ, թե Պետրոսը: 2005 –ին Սահմանադրության մեջ ամրագրվեց, որ ԱԺ-ն ամբողջ օրենսդրությունը պիտի 2 տարվա մեջ հարմարեցներ Սահմանադրությանը: Հետազոտեք՝ ինչ արեց ԱԺ-ն: Ինչպե՞ս է, որ Հայաստանում օրենքների նորմերը ավելի շատ են հակասահմանադրական ճանաչվում, քան 4-5 երկրներ միասին: Խնդիրը պետք է չգնա այն մակարդակում, որ մի տեղ մի բան գրեցինք ու մոռացանք: Ինչո՞ւ չենք գնում օրգանական օրենքների ինստիտուտի ճանապարհով, որի պարագայում պառլամենտական փոքրամասնությունը դերակատարություն կունենա: Այսօր մեզ մոտ ի՞նչ է անում պառլամենտական փոքրամասնությունը. մենակ կարող է կոկորդ պատռել: Ոչ դերակատարություն ունի օրենսդրական քաղաքականության մեջ, ոչ հակակշռող դերակատարություն, ոչ էլ վերահսկողական որևէ լիազորություն:

- Արդյո՞ք քաղցկեղը չի առաջանում, երբ հասարակությունը զգում է, որ արդարադատությունը հասցեական է գործում:

- Դա դրսևորումներից մեկն է: Իմ ասած համակարգի պարագայում դա բացառվում է: Եթե մենք չենք ստեղծել այնպիսի մի համակարգ, որտեղ դա բացառվում է, ուրեմն մենք ոչինչ չենք արել: Վերջերս ստիպված եղա Ձեր ասածը մի ուրիշ ձևով ասել: Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, ապա պիտի հասկանանք՝ օրենքի նորմը համպարտադիր վարքագծի կանոն է և պետք է կիրառվի որպես համպարտադիր վարքագծի կանոն: Եթե օրենքի նորմը հասցեավորված կիարռում է ստանում, ես չեմ կարող խոսել իրավունքի, օրինականության, սահմանադրության արժեբանության և այլնի մասին:

- Ուրեմն ինչո՞ւ ենք այսքան բան ուզում փոխել, այստեղ պիտի քաղաքական որոշում կայացվի, որ երկիրը տանում ենք օրենքի ճանապարհով:

- Քաղաքական վարքագիծը կարևոր է, բայց ոչ վճռական: Չպետք է գնալ մեկը ժխտելու, մյուսը բացարձակ դարձնելու ճանապարհով: Պետություն կառուցելը պետականագիտական մոտեցում է պահանջում: Չենք կարող ֆահմի զոռով անել: Նույնիսկ ինքդ չես կարող պատկերացնել, թե եթե դու այդ մեքենայի ղեկին նստես, ինչպես կվարես, երբ մեքենայի շարժիչը Մերսեդեսից է, փոխանցման տուփը՝ Պեժոյից, անիվները քառակուսի են և այլն:

- Օրինակներով խոսենք՝ ի՞նչը ստիպեց նախագահին նորից մարզպետ նշանակել Սուրիկ Խաչատրյանին:     

- Չես կարող այդ հարցն այսօր քննարկել ինձ հետ, որովհետև իսկապես չգիտեմ, թե ինչը ստիպեց: Տասնյակ ֆակտորներ կարող են լինել:   

- Իսկ անհատի՞ դերը։

- Անհատներից շատ բան է կախված, բայց ոչ ամեն ինչ: Անհատներից շատ բան է կախված նախաձեռնելու առումով: Պետության ղեկի պատասխանատվությունը կրողները պետք է փորձեն մտածել՝ իսկապես մենք ինչ կարողացանք անել: Այսօրվա ժամանակը կենսական խնդիր է առաջադրում: Մենք կարո՞ղ ենք խաղի այն կանոններով, որոնք այսօր գոյություն ունեն, որակապես նոր արդյունքների հասնել: Համոզված եմ՝ ոչ: Պետք է գտնվեն մարդիկ, որոնք կարողանան օբյեկտիվորեն տեսնել խաղի կանոնները։ Ոչ թե իրենց տեսնեն դերակատարման մեջ, այլ տեսնել խաղի կանոններ գտնելու մեջ: Էքստրեմալ իրավիճակներում պետք է գտնել էքստրեմալ լուծումներ: Ֆունկցիոնալ կառավարման պարագայում մեխանիզմների դերը մեծանում է: Եթե մեխանիզմները երկրորդենք և տեսնենք միայն սուբյեկտների դերը, երբեք էլ որևէ արդյունքի չենք կարող հասնել: Կարևորելով անհատի դերը՝ եթե ուզում ենք ֆունդամենտալ լուծումներ գտնել, ոչ թե սիտուատիվ, ապա ֆունդամենտալ լուծումների ճանապարհը հստակ եմ տեսնում: 

Մեկնաբանություններ (3)

hasmik
ընդհանուր առմամբ ստացվում է որ չունենք պետականություն
ՄԱՐՏԻԿ
Եթե օրենքի նորմը հասցեավորված կիրառում է ստանում, ես չեմ կարող խոսել իրավունքի, օրինականության, սահմանադրության արժեբանության և այլնի մասին: - դե մի խոսեք, մի հայտարարեք, որ հայաստանում կա արդարադատություն, ամնե օր ենք ականատես լինում, որ օրենքի նորմը հասցեավորված կիրառում է ստանում, էդպես չի՞ ինչէ
Հովհաննես
Հրաշալի էր պատրաստված: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter