Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Թվային հեռարձակման ժամկետը դարձյալ կհետաձգվի՞. օրենսդրական փոփոխությունների նախագիծը դեռ չի ուղարկվել ԱԺ



2016թ. հունվարի 1-ին Հայաստանում պետք է անջատվի հեռուստատեսության անալոգային հեռարձակումը եւ սկսվի թվայինը: Այս գործընթացը պետք է իրականացվեր դեռեւս 2015-ի հուլիսի 1-ին, երբ  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն ավարտեր թվային հեռուստահեռարձակման ցանցի կառուցումը: Սակայն մայիսին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ այդ ժամկետը երկարաձգվեց 6 ամսով, քանի որ կառավարությունը չէր լուծել թվայնացման գործընթացի երեք բաղադրիչներից երկուսին առնչվող՝ սոցիալական եւ իրավական հարցերը:

Նոր ժամկետին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն այդ հարցերն այդպես էլ դեռ վերջնական լուծում չեն ստացել: Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրների վերաբերյալ նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ որոշ բանախոսներ չբացառեցին, որ այդ ժամկետը դարձյալ կարող է երկարաձգվել:

Ընդունիչ սարքերի առաջին խմբաքանակը շուտով  ձեռք կբերվի

Թվային ազդանշանն ընդունելու համար քաղաքացիները կամ պետք է ունենան նոր սերնդի հեռուստացույց, կամ իրենց ունեցած հեռուստացույցին միացնեն ապակոդավորիչ կամ թվային ազդանշան ընդունող սարք: Սա լրացուցիչ ծախս է քաղաքացու համար: Կառավարությունը ստանձնել է սոցիալապես անապահով ընտանիքների ապակոդավորիչներով ապահովելու ծախսը: Այդ ընտանիքների թվի մասին արդեն մի քանի տարի տարբեր տվյալներ են հաղորդվում պետական տարբեր մարմինների կողմից՝ 100 հազար, 130 հազար կամ 150 հազար: Երեկվա քննարկմանը նույնպես վերջնականապես չհստակեցվեց այն: Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը խոսեց 130.000 ընտանիքի մասին, իսկ ՀՀՌՑ-ի ղեկավար Գրիգոր Ամալյանը նշեց 150 000-ի մասին: Երկուսն էլ վստահեցրին, որ անալոգային հեռարձակումը չի անջատվի, քանի դեռ ՀՀ բոլոր քաղաքացիներին հասանելի չէ թվային հեռուստատեսությունը: Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ թվայնացման գործընթացի համար տրամադրված գումարների խնայողությունների հաշվին արդեն սկսվել է 47 433 ընդունիչ սարքի ձեռք բերման գործընթացը: Այդ սարքերը մատակարարելու է մրցույթում հաղթած «Արմտելեկոմ» ընկերությունը, որին որպես կանխավճար փոխանցվել է մոտ 365 մլն դրամ: Ընդունիչ սարքերի ամբողջ խմբաքանակի համար, ըստ կապի նախարարության ներկայացուցիչների, ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 1 մլրդ 330 հազար դրամ: Թեեւ սարքերի ձեռքբերումն իրականացնելու է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, դրանց բաշխումը հանձնարարվելու է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որը կառաջնորդվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած անապահով ընտանիքների ցուցակով:   

Կառավարությունը հուսադրում է անալոգային հեռարձակում ունեցող մարզային հեռուստաընկերություններին, որ չեն փակվի, սակայն իրավական երաշխիքներ դեռ չկան

Եթե թվայնացման գործընթացի սոցիալական բաղադրիչի լուծման առումով փոքր-ինչ որոշակիություն կա (թեեւ պարզ չէ, թե ընդունիչ սարքերի մյուս խմբաքանակներն ինչ միջոցներով են ձեռք բերվելու), դեռեւս անորոշ է այն մարզային հեռուստաընկերությունների ճակատագիրը, որոնք թվային հեռարձակման լիցենզիա չունեն: Գործող օրենսդրությամբ՝ Երեւանում հեռարձակվելու է հանրային մուլտիպլեքսում ընդգրկված 18 հեռուստածրագիր, մարզերում՝ 9, որոնցից 8-ը հանրապետական նշանակության, 1-ը՝ տեղական: Այսինքն՝ յուրաքանչյուր մարզում մեկ տեղական հեռուստաընկերություն պետք է գործի: Մինչդեռ Հայաստանի խոշոր մարզերում մեկից ավելի հեռուստաընկերություններ են գործում, որոնք բացի բազմակարծությունից նաեւ սոցիալական՝ աշխատատեղերի հարց են լուծում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝  եթե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքը չփոխվի եւ մասնավոր մուլտիպլեքսի հնարավորություն չստեղծվի, թվային հեռարձակումից դուրս մնացած հեռուստաընկերությունները կփակվեն: Նրա կարծիքով՝ տեխնոլոգիական առաջընթացի այս ժամանակաշրջանում, երբ հաղորդակցության ոլորտը պետք է ազատականացվի, Հայաստանում օրենքով արգելվել է նոր խաղացողների մուտքը հեռուստաշուկա: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես մտահոգություն հայտնեց, որ այս հեռուստաընկերությունների փակմամբ մեդիաբազմազանությունը կտուժի: Նա վստահ է, որ հնարավորություն կա անալոգային հեռարձակումը շարունակել, սակայն Գրիգոր Ամալյանն առարկեց՝ նշելով, որ թվայինի եւ անալոգայինի զուգահեռ հեռարձակումը շատ թանկ է նստում ՀՀՌՑ-ի, հետեւաբար՝ պետբյուջեի վրա: Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը բազմաթիվ հարցադրումներից հետո հաստատեց, որ կառավարությունում քննարկվում է մի օրենսդրական նախագիծ, որով փորձ կարվի փուլային տարբերակով լուծել մասնավոր մուլտիպլեքսի եւ մարզային հեռուստաընկերությունների գործունեությունը շարունակելու հարցը: Կոնկրետ ժամկետներ՝ երբ այդ օրինագիծը կներկայացվի հանրությանը եւ Ազգային ժողով, փոխնախարարը չնշեց, մանրամասներին չէր տիրապետում: Նրա ասելով՝ նախագծի հիմնական հեղինակը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է: Փոխնախարարը զարմանք արտահայտեց, թե ինչու ԱԺ՝ այս հարցով գլխադասային հանձնաժողովը (նկատի ունի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը-հեղ.) շահագրգռված չէ քննարկումներ նախաձեռնել: «Զբաղված են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով». եղավ դահլիճի արձագանքը:

Պատգամավոր Մարուքյանն էլ թերահավատ է, որ այդ նախագիծը հանրային քննարկման առարկա կդառնա: «Այդ օրենքն այնքան է ուշացել, որ լսումներ չեն լինի, ԱԺ արտահերթ նիստով քվերակության կդրվի»,- ասաց նա:   

Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ այս անգամ իշխանությունները լրագրողական հանրության հետ քննարկման արդյունքում կգտնեն լուծումները:

Թվային հեռարձակման հետաձգումը խնդիրներ կառաջացնի հարեւան երկրների հետ

ՀՀՌՑ ղեկավար Գրիգոր Ամալյանի հավաստմամբ՝ հեռուստատեսային հեռարձակման թվային ազդանշանը հասանելի է գրեթե ամբողջ հանրապետության տարածքում: 18 հեռուստածրագիր դիտելու հնարավորություն ունի հանրապետության բնակավայրերի 24.1%-ը (այն կազմում է բնակչության 54.4%-ը), բնակավայրերի մոտ 70%-ը կարող է դիտել 9 հեռուստածրագիր (այն կազմում է բնակչության 45.5%-ը), իսկ բնակավայրերի 5%-ը հնարավորություն չի ունենա դիտել տեղական ծրագրեր, քանի որ հեռու է հիմնական մայրուղիներից, եւ այդ խնդիրը, պայմանավորված տեղանքով, տեխնիկապես հնարավոր չէ լուծել:

Եվ չնայած Հայաստանը տեխնիկապես պատրաստ է անջատել անալոգային հեռարձակումը, վերը նշված չլուծված հանգամանքների պատճառով հարցն առկախ է: Գրիգոր Ամալյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ եթե Հայաստանը դարձյալ հետաձգի այս գործընթացը, ստիպված կլինի քաղաքական համաձայնություններ ձեռք բերել հարեւան երկրների (որոնցից երկուսի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ) հետ հաճախությունների ներդաշնակեցման շուրջ: 

Լուսանկարները՝ Կարո Սահակյանի, Pan Photo


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ