HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Գ. Ամալյան. «Թվային դիվիդենդի բաշխման վերաբերյալ ցանկացած որոշում կայացվում է մասնագիտորեն»

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց»-ի եւ շվեդական «Էրիքսոն» ընկերության միջեւ 2014թ. հունվարի 14-ին բանակցային ընթացակարգով պայմանագիր է կնքվել թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման համար անհրաժեշտ սարքավորումների գնման եւ տեղադրման վերաբերյալ:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանի հետ զրույցը հեռուստատեսության թվայնացման շուրջ է: 

-Պրն Ամալյան, ինչպե՞ս է ընթանում թվայնացման գործընթացը:

-Հեռուստատեսության թվայնացումը երկու բաղադրիչ ունի` տեխնիկական, որը ենթադրում է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում, եւ բովանդակային, որը ենթադրում է ինտերակտիվ հեռուստածրագրեր: Ինտերակտիվ բովանդակություն ասելով ես նկատի ունեմ ոչ թե հեռուստադիտողի հետ կապը, այլ հեռուստածրագրերի այպիսի այլընտարնքային ձեւերով մատուցումը, որը հեռուստադիտողին թույլ է տալիս հաղորդումները դիտել իրեն հարմար ձեւով եւ տեսքով: Ենթակառուցվածքների ստեղծման գործը սկսել ենք, բայց մյուս կողմից` կա հեռուստաընկերությունների խնդիրը, նրանք պետք է տեխնիկապես զինվեն, ֆինանսապես ունենան համապատասխան կառույց եւ ստեղծագործական թիմ, որպեսզի դառնան իրոք թվային, ինտերակտիվ հեռուստածրագրեր արտադրող: Կարծում եմ` մենք կհասցնենք սահմանված ժամկետում ավարտել, բոլոր հնարավորություններն ունենք ենթակառուցվածքն ապահովելու: Բայց ծրագրերի պատրաստման առումով որքանո՞վ մեր հեռուստաընկերությունները կհասցնեն, չեմ կարող ասել: Մենք համագործակցում ենք հեռուստաընկերությունների հետ, որովհետեւ տեխնիկական համակցման մի շարք հարցեր կան` ազդանշանի փոխանցման եւ այլնի վերաբերյալ: Ուստի, պարբերական հանդիպումներ ենք կազմակերպում հեռուստաընկերությունների տեխնիկական կազմերի հետ, հավաքվում ենք` ընդհանուր խնդիրները քննարկելու, որպեսզի հեռուստաընկերության եւ հաղորդիչ ցանցի միջեւ խզումներ չլինեն: Վստահ եմ, որ տեխնիկապես հեռուստաընկերությունները մեզ կտան DVB-T2 ֆորմատին համապատասխանող ազդանշան: Այսինքն` պատկերը, ձայնը անհամեմատ ավելի լավ կլինեն, քան ունենք անալոգային հեռարձակման պարագայում: Իսկ թե ե՞րբ լիարժեք ինտերակտիվ թվային հեռուստատեսություն կունենանք, հայտնի չէ, քանի որ դա հեռուստաարտադրանք թողարկողների խնդիրն է` կապված ստեղծագործական բաղադրիչի հետ, եւ որեւէ պարտադրանք նրանց վրա չկա այդ իմաստով: Թվային հեռարձակման ժամանակ նրանք կարող են հեռուստածրագրերը մատուցել ինչպես հիմա, առանց այլընտրանքների` բարձր պատկերի եւ ձայնի ազդանշանով, մենք էլ դա կփոխանցենք հեռուստադիտողին: Բայց բոլորս պետք է ակնկալենք, որ մի օր հեռուստաընկերությունների ծրագրերը իրենց կառուցվածքով կլինեն այլընտրանքային: Կարծում եմ` ենթակառուցվածքներն ավելի շուտ պատրաստ կլինեն, մնում է հեռուստաընկերությունները ավանգարդիստ լինեն եւ իսկապես ինտերակտիվ հեռուստածրագրեր պատրաստեն:

-Ի՞նչ ծախսեր է ենթադրում թվային հեռարձակումը հեռուստաընկերությունների համար, պատրա՞ստ են նրանք ֆինանսապես:

-Անկեղծ ասած` ես չեմ հետաքրքրվել դրանով, բայց կարծում եմ` խոսքը խոշոր գումարների, ներդրումների մասին չէ: Ինչու, որովհետեւ շատ ավելի վաղ մեր հեռուստաընկերությունները հրաժարվել էին անալոգային հեռարձակման սարքավորումներից եւ անցել էին թվայինի: Այսօր չեք գտնի որեւէ հեռուստաընկերություն, այն չէր էլ լիցենզավորվի, եթե անալոգային տեխնիկայով աշխատեր: Բոլորն արտադրում են մեծամասամբ թվային սարքավորումներով, եթերային կայանները նույնպես թվային են, եւ ներկայում նրանք վերջին պահին իրենց թվային ազդանշանները փոխում են անալոգայինի, նոր փոխանցում, որ մենք հեռարձակենք: Այդ իմաստով իրենց վիճակը կբարելավվի: Տեխնիկական մեծ ծախսեր չեն ենթադրվում: Իրենք ավելի շատ ստեղծագործական խնդիր կունենան` մտածել, թե ինչպես ավելի գրավիչ, հետաքրքիր դարձնել հաղորդումներն ինտերակտիվ բաղադրիչի միջոցով:

Թվային հեռարձակմանն անցումը Հայաստանում կկատարվի հաջորդաբար` փուլային ձեւով

Ըստ կնքված պայմանագրի` թվային ցանցի կառուցման աշխատանքներն ավարտելու վերջնաժամկետը 2015-ի հուլիսի 10-ն է: Դեկտեմբերին Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Ա.Ալեքսանյանը մեզ ասել էր, որ 2015-ի երկրորդ եռամսյակում սկսվելու է թվային հեռարձակումը: Փաստորեն, ժամկետները դարձյալ հետաձգվում են:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է այն ժամկետը, երբ պետք է անջատվի անալոգային հեռարձակումը, ոչ թե պետք է սկսվի թվայինը: Աշխարհում հեռուստահաճախությունների օգտագործման եւ տնօրինման ընդհանուր կարգավորում կա: Դա իրականացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) միջոցով, եւ այս ժամկետն ուղենիշային է աշխարհի համար: Այն բացարձակապես պարտավորեցնող չէ, քանի որ տարբեր երկրներ այդ ժամկետն ընդունելով որպես ընդհանուր ուղենիշ` ադապտացրել են իրենց իրողություններին համապատասխան: Մեկը վաղուց անջատել է, մեկ ուրիշ երկիր որոշել է անջատել 2018-ին: Հիմա մենք օրենսդրությամբ որպես ժամկետ սահմանել ենք 2015 թվականի ամռան սկիզբը: Փոքրիկ ուշացումը կրիտիկական չի լինի, որովհետեւ նման մեծ տեխնիկական կառույցների իրականացման ժամանակ ոչ մեծ շեղումները վճռորոշ չեն: Ամբողջ աշխարհում թվային հեռուստատեսությանն անցում կատարելիս ոչ թե հայտնի, ճշտված ալգորիթմով են առաջնորդվում, այլ սխալի եւ փորձի մեթոդով համակարգի իրականացման: Շատ երկրներ սկսել են ներդրում անել, անցնել թվային ինչ-որ ստանդարտի, տեխնոլոգիայի, բայց ինչ-որ փուլում տեսել են, որ լուծման ուղղությունները լավագույնը չեն, կամ ավելի նոր տեխնոլոգիաներ են հայտնվել, հընթացս անցել են փոփոխությունների կամ ավարտել են եւ, այդուհանդերձ, փորձում են համակերպվել: Խնդիրը ընդունիչ սարք-սարքավորումների, հեռարձակող սարք-սարքավորումների, տեխնոլոգիաների եւ ստանդարտների դինամիկ փոփոխությունն է, որովհետեւ աշխարհը մի կողմից սովորում է, մյուս կողմից` իրացնում: Մենք ընտրել ենք վերջին լավագույն հայտնի տեխնոլոգիան, մյուս կողմից` իրականացման փոքր ժամկետ ենք ընտրել: Դժվար թե այս ընթացքում տեխնիկայի սերնդափոխություն լինի, կարծում եմ` ճիշտ ընտրություն ենք կատարել` DVB- T2 MPEG4 ստանդարտով ենք աշխատելու: Սա լավագույնն է, դրան նախորդող ստանդարտն իրականացրած երկրներն արդեն սկսել են վերափոխել այն ստանդարտի, որը մենք ընտրել ենք որպես հիմնային: Ժամկետների մասով, կրկնում եմ, դրանք կրիտիկական չեն լինի, որովհետեւ թվային հեռարձակմանն անցումը Հայաստանում կարվի ոչ թե մեկ օրում եւ միաժամանակ, այլ հաջորդաբար` փուլային: Երեւանում ակնկալում ենք թվային հեռարձակում ունենալ արդեն այս տարվա աշնանը: Բայց եթե հաշվի առնենք, որ մինչեւ 2015-ի ամառ շարունակելու ենք համակարգը ներդնել ամբողջ հանրապետությունում, ըստ բնակավայրերի` ժամանակացույցով պետք է հաղթահարենք, եւ տարբեր բնակավայրեր թվային հեռուստատեսության մուտքը կլինի տարբեր ժամանակահատվածներում: Պարզապես ցանկալի կլինի ամեն տեղ փորձել տալ անցումային փուլի գոնե հավասար կամ ողջամիտ տեւողություն: Գիտեք, որ այս խնդիրը սոցիալական բաղադրիչ ունի` քաղաքացիների մոտ ընդունող սարքավորումները եւս բարեփոխելու անհրաժեշտություն կա զուտ կատարողական որակի իմաստով: Ասենք` անտեննային տնտեսությունները ոչ թե պետք է փոխել, այլ միացումներն ավելի որակով անել: Անապահով խավին ընդունող սարքերով ապահովելու բեռը պետությունն իր վրա է վերցրել` 100,000 դեկոդեր կգնվի պետական միջոցներով: Այս իմաստով հաղթահարման ծրագիրը բարդ է, քանի որ այստեղ ներգրավված կլինեն տարբեր գերատեսչություններ, օրինակ` սոցիալական բաղադրիչի առումով` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, տեխնիկական բաղադրիչն առնչվում է մեր գերատեսչությանը, բայց այստեղ գործ ունեն անելու եւ́ համայնքները եւ́ այլ գերատեսչություններ:

-Հարեւան երկրների հետ սկսվե՞լ են ցանցի բաշխման մասին քննարկումները:

-Դա մեր լուծելիք խնդիրը չէ: Ներդաշնակեցման բոլոր գործընթացները կարգավորվել են Հեռահաղորդակցության միջազգային միության շրջանակներում, եւ երբ սահմանվել են ուղենիշային ժամկետներ, նախատեսվել են նաեւ սանկցիաներ էական շեղումների դեպքում: Այսինքն` հաճախությունների այն շերտերը, որոնք դեռեւս կշահագործվեն որեւէ երկրի կողմից այդ ուղենշային ժամկետներից հետո, Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից պաշտպանված չեն համարվի: Այսինքն` տարբեր երկրների օգտագործողների միջեւ հաճախություններին վերաբերող վեճերը կդիտարկվեն ոչ հավասարության սկզբունքով այն երկրի նկատմամբ, որը դեռեւս շարունակում է օգտագործել անալոգային հաճախությունը: Այս իմաստով դա ո́չ ներքին եւ ո́չ էլ երկկողմանի բանակցությունների խնդիր է, այլ կարգավորվել է Հեռահաղորդակցության միջազգային միության շրջանակներում:

-Տեղեկություններ ունե՞ք, թե հարեւան երկրները երբ են անցնելու թվային հեռարձակման, այնպես չստացվի, որ մեզանից առաջ ընկնելու դեպքում Հայաստանի սահմանային բնակավայրերում նրանց ազդանշանը որսան:

-Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մենք միշտ ունեցել ենք հաճախությունների օգտագործման խնդիրներ: Այդ վեճերի կարգավորման գործում մեզ պակասել են դիվանագիտական լծակները, եւ այսօր էլ մեր տարածքում կան հարեւան երկրների հեռուստաալիքների թափանցումներ: Մյուս կողմից` քանի որ թվայնացման գործընթացը բոլոր երկրները չեն սկսում նույն օրը եւ նույն օրը չեն ավարտում, անգամ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում իրենց տարբեր մարզերի նկատմամբ` կախված դրա ոցիալ-տնտեսական վիճակից եւ այլն, միասնական ալգորիթմ չկա: Դա նույնիսկ անշնորհակալ գործ է: Եթե տեսնեք որեւէ պաշտոնական հայտարարություն հարեւան երկրում, որ այսինչ օրն անջատելու են անալոգային հեռարձակումը, դա չի կարելի որպես հիմք ընդունել, որովհետեւ այդ օրը կբերի իր շտկումները հարեւանի համար: Օրինակ`Թուրքիայի` Հայաստանին հարակից շրջաններում, անկասկած, թվայնացումն իրականացվելու է ավելի ուշ: Որպես կանոն` սկսում են մեծ քաղաքներից, այնուհետեւ շարժվում դեպի ծայրամասեր: Ռուսական մոտեցումը ճիշտ հակառակն է` պերիֆերիայից դեպի խորքային շրջաններ: Տրամաբանությունն այստեղ հետեւյալն է` չունենալ սահմանային վեճեր հարեւանների հետ, իսկ ներսում ինչ կարվի` կորոշենք հետո:  

«Էրիքսոնն» առաջարկել է լավագույն գինը

-Պրն Ամալյան, որքա՞ն է «Էրիքսոն» ընկերության հետ կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը:

-10,6 մլն դոլար: Դա ներառում է ապրանքների մատակարարումը եւ սարքերի տեղադրման աշխատանքների կատարումը: Բայց դրանով չի ավարտվում թվայնացման գործընթացը: Մենք պետք է ստեղծենք ենթակառուցվածքներ, անապահով խավի համար ձեռք բերենք դեկոդերներ եւ այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են համակարգն ամբողջացնելու համար: Այսինքն` թվային հեռուստատեսության ծախսերն ավելին են, քան այդ գումարը:   

-Մրցույթին մասնակցած В Люкс ընկերությունը եւ “TelecomGroup” ընկերությունների կոնսորցիումը բողոքարկել էին մրցույթի արդյունքները: Ո՞րն էր բողոքի պատճառը:

-Ընդունված պրակտիկա է` բողոքարկել բոլոր այն մրցույթների արդյունքները, որտեղ հաղթող չես ճանաչվել: Բողոքարկման առարկան լոտավորումն էր: Շահարկվում էր այն, որ մենք բոլոր սարք-սարքավորումները մեկ լոտի մեջ էինք նշել, ծառայությունները` մեկ այլ լոտի: Իրենք ասում էին՝ առանձին գրեիք, ենթադրենք, պտուտակը, լարը, ես կարող էի միայն լարը մատակարարել: Մենք պատասխանեցինք` մենք ուզում ենք ոչ թե «մեքենայի տարբեր դետալներ», որ հետո մենք հավաքենք, այլ «մեքենա»: Բողոքարկման հիմնավորումն այն էր, թե մենք ճիշտ չէինք լոտավորել, եթե բաժանեինք դետալների, հավանաբար շատ մատակարարներ կունենային մասնակցելու հնարավորություն: Բայց մենք համակարգ էինք ուզում, դրա համար մեկ լոտով էինք մրցույթը հայտարարել: Ով կբերեր ամբողջությամբ, նրանից էլ կգնեինք:

-«Էրիքսոնը» լավագույն գինն ու որակն առաջարկո՞ղն էր:

-Լավագույն գնային առաջարկն «Էրիքսոն»-ինն էր, եւ այդ սկզբունքով էլ ընտրությունը կատարվել է: Դա է սահմանում նաեւ օրենքը: Մնացածը բարձր գին էին առաջարկել, դրա համար էլ վիճարկում էին ոչ թե գինը, այլ լոտը չմասնատելը, դետալների չբաժանելը: Մասնատման դեպքում մենք կունենայինք մոտ 9000 մրցույթ: Դա նշանակում էր, որ մենք մի քանի տարի պետք է մրցույթ անեինք եւ հետո սկսեինք սարքավորումներն իրար գլխի հավաքել, երբ թվայնացումն արդեն նոր սերնդի կլիներ:

Հեռուստադաշտում նոր խաղացողներ կարող են հայտնվել 2015-ից հետո, եթե օրենսդիրը դրան անդրադառնա

-«Բաց հասարակության հիմնադրամների» ստեղծած մասնագիտական խումբը 2013-ին Հայաստանի թվային դիվիդենդի ուսումնասիրություն եւ «Հայաստանում մեդիաների թվայնացման քարտեզագրում» էր իրականացրել, որի արդյունքում վեր էին հանվել թվայնացման գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ: Հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ հաճախականությունների միջազգային աուդիտի արդյունքների հիման վրա պատրաստված զեկույցից պարզ դարձավ, որ այդ փաստաթուղթը որևէ պատկերացում չի տալիս հեռարձակման ոլորտի վիճակի, հնարավորությունների և չօգտագործված պաշարների մասին:

-Ես չեմ վիճարկում, որ գուցե հանրությանը հայտնի չդարձավ, բայց եթե հայտնի չդարձավ, ուրեմն չկա համապատասխան տեղեկատվություն այն աղբյուրում, որը հրապարակվել է կամ ալարեցին, չպահանջեցին: Հավանաբար, խոսքը կանադական աուդիտորների մասին է, որոնք Հայաստանում զուտ մենեջմենթի մասին մոնիտորինգ էին անում: Նրանք մոտեցումներ էին առաջարկում՝ ինչպես ավելի լավ կառավարել, տնօրինել հաճախությունների դաշտը: Կարծում եմ, որ պետք է դիմեն այն կազմակերպություններին, որոնք պատվիրել էին մոնիտորինգը, եւ չեմ կարծում, որ այդտեղ որեւէ մեկը որեւէ մեկից թաքցնելու բան ունի: Այդուհանդերձ, այդ մոնիտորինգից որեւէ մեկը չէր հասկանալու՝ ազատ հաճախություն կա՞, թե՞ ոչ, որովհետեւ մոնիտորինգի առարկան միանգամայն այլ էր: Նպատակը հետեւյալն էր՝ պարզել՝ արդյոք ճի՞շտ է մեր մեթոդաբանությունը թվային ռեսուրսի կառավարման առումով:

-Որքան հիշում եմ, մի քանի լրագրողական կազմակերպություններ գրավոր նամակով դիմեցին՝ պահանջելով հրապարակել ազատ հաճախությունների ցանկը:

 -Դե թող դիմեին պատկան մարմնին, նա էլ հրապարակեր:

-Դիմել էին Տրանսպորտի եւ կապի նախարարություն, բայց դրական պատասխան չէին ստացել:

 -Եթե խոսքը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին մինչեւ թվայնացումը, ազատ հաճախությունների սահմանման ընկալումը բոլորովին ուրիշ էր: Օրինակ՝ հաճախություններ, որոնք ենթակա էին հեռուստատեսային հեռարձակման, բայց դա չէր ենթադրում, որ բոլոր հաճախությունները կարող են բաշխվել: Կան արգելանքի հայտնի կանոններ, դրանք տեխնիկական սահմանափակումներ են: Ենթադրենք` եթե որեւէ մեկին արդեն տրամադրված է N-երորդ հաճախությունը, ապա այլեւս չի կարելի օգտագործել N+1 եւ N-1 հաճախությունը: Եթե որեւէ մեկին տրամադրվել է 21-րդ թվային կապուղին, 20- րդ եւ 22-րդ հաճախությունները չեն կարող օգտագործվել, կվերադրեն իրար, խանգարում կլինի: Շահագործման ենթակա չեն նաեւ N+8 N-8 կապուղիները, N+9 N-9 կապուղիները: Այսինքն՝ մի հաճախություն եթե տրամադրվում է, միանգամից վեց կապուղի օգտագործման համար ոչ պիտանի է դառնում: Շատերն ասում են՝ եթե կա 60 կամ 90 կապուղի, ինչու՞ մենք չունենք այդքան հեռուստաընկերություն: Եթե հաշվենք ունեցած հեռուստաընկերությունները եւ դրանց կապուղիների շահագործման համար «ոչ պիտանի» դարձած հաճախությունների թիվը, հասկանալի կլինի, որ ըստ էության դաշտը փակված է: Պահանջարկը մարդկային իմաստով ընդունելի է, բայց տեխնիկական իմաստով հիմնավորված չէ: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ վեճ չկա տեխնիկական մասնագետների միջեւ, բայց կա մեղադրանք եւ պահանջ սպառող հանրության կողմից, որը շատ ընդունելի եւ հասկանալի է: Աշխարհում սպեկտրի օգտագործման կանոններ կան: Ես չգիտեմ, թե այդ ուսումնասիրության մեջ թվային դիվիդենդ հասկացությունը ինչ հարցադրմամբ է ներկայացվել, բայց թվայնացման գործընթացը մենք հետեւյալ կերպ ենք հասկանում՝ թվայնացումը հնարավորություն կտա մեծացնել հաճախությունների օգտագործման սպեկտրը ամբողջ աշխարհում: Հաճախությունները շատ դեֆիցիտային ռեսուրս են, եւ շատ ավելի մեծ է եթերի օգտագործման պահանջարկը տարբեր նպատակներով, բայց մեր տեխնիկական զարգացումները թույլ են տալիս այն օգտագործել մասնակիորեն, որոշակի հաճախային նոմինալներով: Այս իմաստով անընդհատ փոխադարձ մեղադրանքներ կան տարբեր նպատակներով եթերն օգտագործողների միջեւ: Ենթադրենք՝ եթե ինչ-որ մասն օգտագործվում է հանրային շահերի սպասարկման նպատակով՝ շտապօգնության մոբիլ մեքենաներ, հակահրդեհային ծառայություն, բոլորիս հասկանալի է, որ դա համընդհանուր շահի համար է: Մի մասն օգտագործվում է պետական նպատակներով՝ պետանվտանգություն, բանակ եւ այլն, դարձյալ հասկանում ենք, որ հանրային շահ կա: Մի մասը տրամադրված է կոմերցիոն կազմակերպություններին՝ իրենց կապի միջոցների շահագործման համար (տաքսի ծառայություններ եւ այլն), մի մասն էլ տրամադրված է հեռուստատեսությանը, բջջային օպերատորներին, ինտերնետային ծառայություններին եւ այլն: Այդուհանդերձ, հաճախություններն օգտագործողների միջեւ վեճը մշտապես կա եւ́ Հայաստանում, եւ́ Հայաստանից դուրս: Հայտնի դեպք կա զարգացած երկրներից մեկում՝ մասնավոր ընկերությունը դատարան է դիմել ընդդեմ կառավարության այն հարցի շուրջ, թե ինչու պետությունը հեռուստահաճախությունները արագորեն չի ազատում հեռահաղորդակցության զարգացման նպատակով տրամադրելու համար: Ոչ մի երկիր առանձնահատուկ մոտեցում չի կարող ցուցաբերել այս խնդրին, եւ թվային դիվիդենդի իմաստը հետեւյալն է՝ լավ տեխնոլոգիաների միջոցով օպտիմալացնել, կոմպակտ դարձնել հաճախությունների սպեկտրը եւ հեռուստաընկերություններին տրամադրված հատվածից ազատել շերտեր ու տրամադրել այն ծառայություններին, որոնք պետություններին եւ նրանց հասարակություններին օգուտ կբերեն: Պետությանը՝ ֆինանսական օգուտ, որովհետեւ մրցութային կարգով այդ ազատված հաճախությունները կվաճառվեն, հանրությունն էլ կշահի, որովհետեւ բազմաթիվ ծառայություններ կմատուցվեն՝ լայնաշերտ ինտերնետ եւ այլն: Բոլորս հասկանում ենք, որ եթե այս ամենը մեր հեռուստատեսային պահանջարկի փոքրացման հաշվին չէ արվել, այլ տեխնիկական առաջընթացի հաշվին տրվել է ավելի լավ լուծում՝ լրացուցիչ մոբիլ ծառայություններ եւ այլն, թվային դիվիդենդի շնորհիվ է: 

-Հետազոտությունն իրականացնողները մեկ այլ մտահոգություն էլ են հայտնել, որ թվային հեռարձակմանն անցնելու արդյունքում առաջացող հաճախականությունների տիրույթի ռեսուրսների ազատման կապակցությամբ քաղաքականություն և գործողությունների ծրագիր չկա: Կա՞, արդյոք, այդպիսի ծրագիր, որը հայտնի չէ հանրությանը: Հիմնական դիտողությունն այն է, որ Կառավարությունը նախաձեռնել է թվային դիվիդենդի տեսքով ազատ հաճախականությունների օգտագործման թույլտվության բաշխման գործընթացը՝ չունենալով թվային դիվիդենդի իրացման որևէ հայեցակարգ:

-Խնդրում եմ հաշվի առնել, որ հարցազրույց տալիս է «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը, որը շատ նեղ գործառույթներ ունի: Հարցը կարելի էր ուղղել Կառավարությանը, բայց բավարար չափով տեղյակ լինելով՝ վստահ կարող եմ ասել՝ այո, կա հայեցակարգ, եւ կա հստակ ընկալում: Վերջիվերջո, կա Կապի եւ տրանսպորտի նախարարություն, որը զբաղվում է եւ՛ սպեկտրի օգտագործման հարցերով, եւ՛ որակյալ փորձագիտական կարծիք է տալիս, եթե անհրաժեշտ է կառավարությանը: Ո՞նց կարող է պետությունը չհասկանալ՝ ոնց օգտագործել:

-Այդ հայեցակարգը չի հրապարակվում, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ թվայնացման գործընթացը թափանցիկ ձեւով չի իրականացվում: 

-Մեղադրանք, որպես կանոն, միշտ հնչում է, բայց ոչ թե նրա համար, որ թափանցիկ չի արվում, այլ կա մեղադրանքի պահանջարկ: Հայեցակարգը շատ պարզ է` հանրային շահերի ապահովում, հաղորդակցության ոլորտի ներդաշնակեցում համաշխարհային զարգացումների հետ եւ պետության առավելագույն դիվիդենդ` տնտեսական տեսանկյունից` տնտեսական շահ, հանրության շահերի ավելի լավ սպասարկում, մրցակցության ապահովում: Լրացուցիչ ի՞նչ հայեցակարգ ենք ուզում, որ լինի: Սա պիտի ամեն անգամ կավիճով կառավարության պատին գրե՞նք, որ մեղադրանք առաջադրողն ասի` այո, հայեցակարգը կա: Ես դեմ չեմ, քննադատությունն օգտակար է քննադատվողի համար, բայց մյուս կողմից` այն պետք է զավեշտի չհասցվի: Թվային դիվիդենդի բաշխումն ինչպե՞ս պիտի արվեր: Առաջին հերթին պիտի տրվեր հանրային շահերը սպասարկող ծառայություններին` ըստ պահանջարկի եւ առաջընթացի, հաշվի առնելով, թե այսօր ինչ է ուզում մարդը: Դրանով հանդերձ` եթե դա ապահովում ենք, պիտի հոգանք, որ դա լինի մրցակցային, քանի որ հասարակության շահից է բխում, որ երկրում ոչ թե մեկ, այլ մի քանի օպերատոր լինի ծառայությունների էժան սակագին եւ որակ ապահովելու համար: Երբ տրամադրում ենք, պիտի ադեկվատ գնով տանք, որ հանրությունից համարժեք վարձ վերցնեն: Հայեցակարգը շատ պարզ է, պատկերացնու՞մ եք` ամեն որոշման համար հայեցակարգ ընդունենք: Ցանկացած որոշում այս ոլորտում կայացվում է մասնագիտորեն:

-Գլխավոր հարցադրումը հետեւյալն է, պրն Ամալյան` արդյոք հեռուստադաշտում նոր խաղացողներ կլինե՞ն թվայնացման արդյունքում:

-Հարցը տեխնիկական տրամաբանությունից դուրս է: Այն օրենքի կարգավորման շրջանակում է: Գիտեք, որ այս պահի դրությամբ սպառիչ թվարկված են այն հեռուստաընկերությունները, որոնք կարող են մեր երկրում գործել մեր օրենսդրությամբ, բայց մյուս կողմից օրենքում թեական մոտեցում կա: Սա նշանակում է, որ կարգավորմանը պետք է անդրադարձ լինի, ըստ օրենսդրության` 2015 թվականին: Ըստ էության, իր դիրքորոշումը օրենսդիրը պետք է արտահայտի: Պետական մուլտիպլեքսորում տեղ գտնելիք հեռուստաընկերությունների ցանկը հստակ է, մասնավոր մուլտիպելքսորներին անդրադարձ պետք է կատարի օրենսդիրը 2015 թվականին: Եթե օրենքն ասում է` մասնավորին կանդրադառնամ հետագայում, նշանակում է` կլինեն:   

ՀՌԱՀ-ի ձեւավորման առումով Հայաստանում կիրառվել է եվրոպական լավագույն փորձը

-Պրն Ամալյան, երկու հարց ունեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) վերաբերյալ, որը նախկինում Դուք գլխավորում էիք: Հիշատակված «Հայաստանում մեդիաների թվայնացման քարտեզագրում» զեկույցում նշված է, որ ՀՌԱՀ-ի ձևավորման կարգը չի ապահովում նրա՝ որպես ոլորտը կարգավորող մարմնի անկախությունը եւ հաշվետվողականությունը։ ՀՌԱՀ-ի անդամների ընտրության և նշանակման նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմներ նախատեսված չեն: Համամիտ չե՞ք այս դիտարկմանը:  

-Տարիներ շարունակ ՀՌԱՀ-ի կազմի վերաբերյալ առարկություններ ունեցողները պնդում էին, որ լիովին բավարարված կլինեին, եթե ՀՌԱՀ-ի կազմը չնշանակվեր պետական մեկ ինստիտուտի կողմից, տվյալ դեպքում՝ հանրապետության նախագահի: Արդյունքում եղավ քաղաքական ընդառաջ քայլ, փոփոխության ենթարկվեց օրենսդրությունը, երկու մեծ ժողովրդական մանդատների՝ Նախագահի եւ ԱԺ-ի միջեւ նշանակման հնարավորությունները հավասարեցվեցին: Դրանից հետո եթե նորից ասում ենք, որ ՀՌԱՀ-ի անկախությունն ապահովված չէ, ես չեմ հասկանում: Մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված բազմակուսակցական պառլամենտ:

-Բայց պառլամենտում այն կուսակցությունն ունի մեծամասնություն, որի ղեկավարը հանրապետության նախագահն է:

-Դրանից հետո մենք դարձյալ ընդառաջ քայլ արեցինք՝ պարտադիր պահանջ դրեցինք, որ հանձնաժողովի անդամի նշանակման ժամանակ առնվազն երեք հասարակական կազմակերպությունից երաշխավորություն է պետք: Ընդ որում՝ մարդիկ հատկապես այն հասարակական կազմակերպություններից վերցրեցին երաշխավորագրեր, որոնք առավել ընդդիմադիր կեցվածք ունեին եւ բավական հայտնի էին հանրությանը: Այնպես, որ կասկած չառաջանա: Դրանով հանդերձ՝ դարձյալ բավարարված չեն: Բոլոր սկզբունքները՝ ռոտացիոն, անձեռնմխելիության, լավագույն եվրոպական փորձը ներդրեցինք, որը վստահություն վայելող ժողովրդավարական երկրներում են կիրառել: Ինձ թվում է՝ այս խնդրի լուծումը հետեւյալն է՝ այսօրվա քննադատողը բավարարված կլինի, եթե ասեն՝ դու կնշանակվես հանձնաժողովի անդամ: Բայց հենց իրեն նշանակեն, հաջորդ հանձնաժողովի անդամի ակնկալիք ունեցողը պիտի ասի՝ սա անկախ եւ թափանցիկ մեխանիզմ չէ: Երբեք չպետք է նայել՝ ով ում է նշանակել եւ որն է նշանակման մեխանիզմը:  Պետք է առաջադրել ընդամենը մեկ հարց՝ նշանակված անձը գործում է օրենսդրությամբ իր իրավասությունների եւ պարտականությունների շրջանակու՞մ, թե՞ այդ շրջանակներից դուրս: Եթե մեղադրանքը հստակ է լինում, ես շատ լուրջ եմ ընդունում այն: Միանգամայն ընդունելի է, երբ ասում են՝ այս կամ այն չինովնիկը չի կատարում իր պարտականությունը, եկեք քննարկենք, օրենքը նախատեսել է նրա հանդեպ հանրային միջամտության ձեւը: Բայց երբ քննարկման առարկան դա չէ, այլ մեկը միշտ ասում է` ինձ դուր չի գալիս նշանակման ձեւը, անձամբ ինձ հետաքրքիր չէ: Եթե ասեն լավ չի աշխատում հանձնաժողովը, դրա վրա ես կսեւեռեմ իմ ուշադրությունը:

-Վերջին հարցը վերաբերում է լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության մատչելիությանը, որն օրենսդրությամբ երաշխավորված չէ, եւ արդյունքում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հակամենաշնորհային դրույթի խախտումներով մեդիան կենտրոնանում է մի խումբ մարդկանց ձեռքում:  

-Հարցն ուղղված չէ ըստ հասցեի: Բայց քանի որ հնչել է, անպատասխան չթողնեմ` իբրեւ նախկին կարգավորող պաշտոնյա: Օրենսդրության պահանջը վերաբերում է միեւնույն իրավաբանական անձի` տարբեր լրատվամիջոցներ տնօրինելուն: Սահմանված է, որ միեւնույն իրավաբանական անձը չի կարող սփռման նույն տարածքում մի քանի ռադիո կամ հեռուստաընկերություն ունենալ: Բայց մեր քննարկման առարկան օրենսդրության շրջանակում չէ: Մենք փոխում ենք մոտեցումը եւ տեղափոխում այլ հարթություն` սեփականատերերի կամ ենթադրյալ սեփականատարերի: Եթե ասում ենք` օրինական չէ, տեսնենք` ո՞րն է օրենքի պահանջը: Իրավաբանական անձերի առումով խնդիր չկա, ուրեմն մեղադրանք չի կարող ուղղվել ո́չ կարգավորողին, ո́չ էլ այդ իրավաբանական անձանց: Պահանջ կարող է ներկայացվել օրենսդրին` ասելով, որ ձեւակերպումը լավը չէ:

-Օրենքը Դուք չեք ընդունել, այդ իմաստով գուցե հարցադրումը հասցեական չէ: Բայց փաստն այն է, որ օրենքը հնարավորություն է տալիս միեւնույն անձին տարբեր անվանումներով հիմված ընկերությունների միջոցով միաժամանակ տնօրինել, օրինակ, 3 հեռուստաալիք:

-Այսպես թե այնպես, բոլոր ընկերությունները համախմբվելու, կոնսորցիում կազմելու հնարավորություն ունեն: Եթե հանրության գերակշիռ կարծիքն այն է, որ պետք է անձինք չունենան առնչություն, թող հանրությունը ձեւակերպի իր այդ պահանջը: Հակառակ դեպքում ճիշտ չէ մարդուն ասել` լավ չես անում, եթե նա օրենքին հակառակ չի գործում: Լրջորեն պետք է մտածել` որքանո՞վ  է պետք սահմանափակել, ի՞նչ վտանգներ է դա պարունակում: Հեռուստատեսության եւ ռադիոյի կարգավորման վերաբերյալ աշխարհը ունեցել է բացառիկ մոտեցում, որովհետեւ տարիներ շարունակ դրանք գերիշխող դիրք են ունեցել ինֆորմացիայի սպառման իմաստով: Վերջին տարիներին դրանք սկսել են հավասարակշռվել էլեկտրոնային լրատվամիջոցների հետ: Անձամբ ես օգտվում եմ ինտերնետային միջոցներից: Իրենց բացառիկությունը հեռուստատեսությունն ու ռադիոն ամեն օր են կորցնում: Այս պայմաններում արժե՞, արդյոք, որ մեր առաջընթացի եւ զարգացումների մեջ թնդանոթից կրակենք ճնճղուկներին: Որտե՞ղ են գտնվում հեռուստատեսությունն ու ռադիոն այսօր բացառիկության առումով, եւ արժե՞ նոր սահմանափակումներ դնել: Այդ դեպքում ինչու՞ նման սահմանափակումներ չենք դնում կայքէջերի վրա: Թող մրցակցեն, մեկի լինելը մյուսին չի վնասում: Հարցն այլեւս ակտուալ չէ: Այսօր լրատվության լուրջ սպառողները այլեւս իրենց ինֆորմացիան հեռուստատեսությունից չեն ստանում, եւ իրականում օրակարգ ձեւավորողները կայքէջերն են: Մեկ աղբյուրի տեղեկատվության հասկացությունը վաղուց վերացել է: Եթե քննադատողներին շահեկան է քննադատելը, ստիպելը, որ փոփոխություններ արվեն, թող անեն, բայց այդտեղ տրամաբանություն պիտի լինի: Այն մտածողությունը, որ 5-6 հեռուստաընկերություն հանրապետությունում կարծիք է ձեւավորում, որ չպետք է թույլ տալ դրանք փոխկապակցվեն ինչ-որ անձանց հետ, հնացած է: Պահանջն արդար է, բայց շատ ուշացած: Այսօր այլընտրանքները շատ են:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter