HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բյուջե 2016. Պետական միջոցներից փոխհատուցվում են ռուսական ընկերության վնասները

2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խորհրդարանում հայտարարել է, որ ներկա փուլում բավարար ֆինանսական միջոցներ չկան, ուստի ձեռնպահ են մնում նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցում: «Իսկ եթե դա բարձրացնենք, մոտավորապես 35 միլիարդ դրամ գումար է անհրաժեշտ, որը մենք այս պահի դրությամբ չունենք»,-ասել է նախարարը:

Որևէ մեկը չի վիճարկում, որ պետության ուշադրությունը առաջնահերթ պետք է սևեռվի քաղաքացու սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, ինչը շոշափելի է դառնում հատկապես աշխատավարձերի, նպաստների, թոշակների ու այլ սոցիալական վճարների բարձրացմամբ: Խոսքը 1000-5000 դրամանոց բարձրացումների մասին չէ, ինչպես վերջին տարիներին անում է կառավարությունը, այլ շեշտակի, որը համահունչ կլինի գնաճի ու ծառայությունների աճի տեմպերին: Պատճառաբանությունը պատրաստ է. գումարներ չկան:

2016թ. բյուջեն գումարի պակաս շատ ունի

Կրճատվել են շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների համար հատկացվող գումարները: 2014թ. այդ նպատակով հատկացվում էր 990 մլն 581 հազար դրամ, 2015-ին՝ 766 մլն 680 հազար, իսկ 2016-ին նախատեսվում է մոտ 655 մլն դրամ:

Փոխարենը ռուսաստանյան պետական «Российские железные дороги» (РЖД) ընկերությանը պատկանող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից  ստացված վնասի դիմաց արդեն վեցերորդ տարի կտրվի փոխհատուցում: 2016թ. բյուջեի նախագծով գումարի չափը կազմում է 349 մլն 916 հազար դրամ: Նշենք, որ 2011-ին  փոխհատուցման գումարի չափը կազմում էր 167 մլն դրամ, իսկ 2014թ-ին՝ 536.5 մլն դրամ, 2015-ին՝ 588.4 միլիոն դրամ: Փոխհատուցումը նախատեսված է կոնցեսիոն պայմանագրով՝ ներհանրապետական ուղևորափոխադրումների գծով կրած կորուստների դիմաց:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է, որ վնասների գոյացումը կասկածելի է, և պետք է քայլեր ձեռնարկվեն դրանց դեմն առնելու համար: Ըստ պատգամավորի՝ չի բացառվում, որ վնասների գոյացումը վատ կառավարման արդյունք է, ինչպես եղավ ՀԷՑ-ի դեպքում, սակայն ՀՀ իշխանությունները չեն ցանկանում նեղացնել ռուսական ընկերությանը և շարունակում են պետական բյուջեից փոխհատուցել վնասները:

2015թ-ի համեմատ 24.6%-ով պակասել է գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրամադրման գումարի չափը: Եթե այդ նպատակով 2014թ. հատկացվել էր 28 մլն 740 հազար դրամ, 2015թ-ին՝  77 մլն 850 հազար, ապա 2016թ.  նախատեսվում է 58 մլն 710 հազար դրամ:  Կամ աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայությունների համար նախատեսված գումարի չափը նախատեսվել է  18 մլն 645 հազար դրամ, ինչը 6.5%-ով պակաս է: Համեմատության համար նշենք, որ 2014թ. հատկացվել էր 16 մլն 726 հազար դրամ, իսկ 2015թ-ին՝ մոտ 20 մլն դրամ: 

Խորհրդատվական ծառայությունների համար գումարներն անսպառ են

Կառավարությունը չի զլանում գումարներ մսխել տարբեր խորհրդատվական ծառայությունների համար, իսկ արդյունքն անհայտ է: Մասնավորապես, գյուղական խորհրդատվական ծառայությունների նպատակով 2014թ. պետական բյուջեից  հատկացվել է 346 մլն 453 հազար դրամ, 2015-ին՝ 395 մլն 760 հազար դրամ, իսկ 2016թ. նախագծով նախատեսված է 397 մլն 300 հազար դրամ:

Հայտնի չէ, թե այդ գումարներն ինչ դրական ազդեցություն են ունեցել գյուղացու վրա, թե այս տարի այդ խորհրդատվությունները ինչպես լուծեցին խաղողի մթերման, կարկտահարության, գյուղտեխնիկայի պակասի, թունաքիմիկատների անորակության հարցերը: Խորհրդատվությունը ի՞նչ տվեց գյուղացուն, երբ ամբողջ գյուղում գեթ մեկ սարքին տեխնիկա չկա, իսկ եղածներն էլ ժառանգել են խորհրդային տարիներից և օգտագործման համար գրեթե պիտանի չեն: Արդյոք խորհրդատվությունների արդյունքում գյուղացու վարկային բեռը թեթևացավ, թե՞ գյուղացին ելքեր է փնտրում այլ անձանց անուններով վարկեր վերցնելու ու նախորդ վարկերը փակելու համար: Ի վերջո, ո՞վ է «չափելու» խորհրդատվության արդյունավետությունը:

Մինչդեռ՝ պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար 2015թ-ի 1 միլիարդ 260 մլն 600 հազար դրամի դիմաց 2016թ-ին նախատեսվել է 330 մլն դրամ:

Մեկ այլ դեպքում՝ հասարակական կարծիքի ուսումնասիրության ծառայությունների տողով ՀՀ կառավարության գործունեության գնահատականների, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների համար 2016թ. հատկացվել է 123 մլն 278 հազար դրամից ավել գումար: Նախորդ տարիներին ևս այդ նպատակով գումարներ են հատկացվել: Պայմանագրերը կնքվել են «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հետ:

Նույն ինստիտուտի կողմից կատարված հարցման արդյունքներով, օրինակ, այս տարվա սեպտեմբեր ամսին Շիրակի մարզի բնակիչների 59,4% որպես մարզի առաջնային հիմնախնդիր նշել է գործազրկությունը, 12.6%-ը՝ արտագաղթը, 11%-ը՝ աղքատությունը և այլն: Հետազոտությունների համար ծախսվել են մեր պետության մասշտաբով ահռելի միջոցներ, սակայն արդյունքները մնացել են թղթի վրա, իսկ կյանքի որակը գնալով անկում է ապրում:

«Ո՞ր կառույցն է պատասխանատու Հայաստանի առջև կանգնած հիմնախնդիրների լուծման համար» հարցին մարզի բնակիչների 53.7%-ը տվել է կառավարության անունը: Բոլոր մակարդակներում որպես կարևորագույն հիմնախնդիր առանձանցվել է գործազրկությունը: Ըստ հետազոտության մարզի քաղաքային համայնքներում որպես առավել սուր հիմնախնդիր դիտարկվում է գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը: Չորս տարվա ընթացքում այս երեք հիմնախնդիրներից դժգոհողների թիվը աճել է, մասնավորապես, աղքատությունից՝ գրեթե 2 անգամ, արտագաղթից՝ գրեթե 4 անգամ:

Մեկնաբանություններ (1)

Թորոս
սա ինչ է, եթե ոչ Ռուսաստանի կողմից Հայաստանի ստրկացում և գաղութացում, պարոնայք ռուսամոլագարներ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter