Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, 4-ի շինարարությունն էլ ընթացքում է


«Հետքը» սկսում է մի հոդվածաշար, որում կներկայացնենք, թե Հայաստանի անկախացումից հետո (1991 թ.) քանի նոր եկեղեցի է կառուցվել մեր երկրում, եւ որքան գումար է ծախսվել այդ նպատակով: Հոդվածները կներկայացնենք ըստ ՀՀ-ում եւ Արցախում գործող 12 թեմերի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին լավ ծանոթ չեն

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին մի շարք հարցեր էինք ուղարկել այս թեմայի շուրջ: Հարցումն ուղարկել էինք սեպտեմբերի 21-ին: Օրենքի համաձայն՝ պատասխանը պետք է ստանայինք 5 օրում, կամ այդքան օրում պիտի գրավոր զգուշացվեր, որ լրացուցիչ աշխատանքների պատճառով պատասխանը կտրվի 30 օրում, սակայն առանց որեւէ գրավոր նախազգուշացման Մելիքյանը պատասխանել է միայն մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 20-ին: Ընդ որում՝ պատասխանների մեծ մասը թերի է:

Մասնավորապես, հարցին, թե ներկայում Մայր Աթոռի ենթակայության տակ քանի գործող եւ չգործող եկեղեցի (վանք, տաճար) կա ՀՀ-ում եւ Արցախում, տրվել է այսպիսի պատասխան. «Այս պահին Հայաստանում եւ սփյուռքում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ենթակայության ներքո գործում են 400-ից ավելի եկեղեցիներ: Սակայն, այս թիվը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, մշտապես փոփոխության է ենթարկվում: Օրինակ` ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում պարբերաբար Մայր Աթոռին են վերադարձվում պատմական եկեղեցիներ եւ վանքեր, որոնք դարձյալ վերսկսում են իրենց հոգեւոր առաքելությունը: Հայոց Եկեղեցին արտերկրում նույնպես հետամուտ է լինում ազգային հարստության` պատմական սրբավայրերի վերադարձման եւ գործածության խնդրին (օրինակ` վերջերս Մյանմարի հայկական եկեղեցին, տարիներ առաջ՝ Սինգապուրի հայկական եկեղեցին): Սփյուռքում տեղ գտնող միգրացիոն շարժերի պատճառով ձեւավորվում են նաեւ նոր համայնքներ, ըստ այդմ` կառուցելով նոր աղոթատներ: Չգործող սրբավայրերի թիվը դարձյալ մեծ է: Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում, շնորհիվ մեր ժողովրդի, հայոց բոլոր պատմական վանքերն ու եկեղեցիները կվերագտնեն իրենց պայծառությունը եւ կշարունակեն ծառայել իբրեւ հոգեւոր կյանքի կարեւոր կենտրոններ: Նշեմ, որ սրբավայրերի ցանկը` թեմերից եկող տեղեկանքների ու զեկուցագրերի հիման վրա, պարբերաբար թարմացվում եւ համալրվում է Մայր Աթոռում»: Ինչպես տեսնում ենք, Մայր Աթոռը, տեղեկանքների ու զեկուցագրերի հիման վրա ունենալով կոնկրետ թվային տվյալներ, բավարարվել է «400-ից ավելի եկեղեցիներ» բառակապակցությամբ:

Տեր Վահրամը թերի պատասխան է տվել նաեւ այն հարցին, թե ըստ Մայր Աթոռի տվյալների՝ Հայաստանի անկախացումից (1991 թ.) հետո քանի առաքելական եկեղեցի է կառուցվել ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մինչ օրս: Խնդրել էինք կոնկրետ թիվ նշելուց զատ հայտնել նաեւ եկեղեցիների անունները ըստ ՀՀ-ի եւ Արցախի թեմերի՝ հնարավորության դեպքում նշելով դրանց բնակավայրերը: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալություն 15 տարիների ընթացքում վերանորոգված կամ կառուցված վանքերի, եկեղեցիների ու մատուռների ընդհանուր թիվն անցել է 250-ից»,- գրել է Մելիքյանը: Տարօրինակ է, թե ինչու է նշվել միայն գործող կաթողիկոսի գահակալման շրջանը (կրկին մոտավոր տվյալով՝ ավելի քան 250), եթե անկախության տարիներին նրանից առաջ գահակալել են Վազգեն Ա-ն (1955-1994) եւ Գարեգին Ա-ն (1995-1999): Խնդրել էինք ներկայացնել նորակառույց եկեղեցիների բարերարների անունները: Պատասխանը բավական հետաքրքիր է. «Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, անշուշտ, ունի բոլոր բարերարների անունները, որոնց ազնիվ նվիրատվությամբ կառուցվել են եկեղեցիներ, կամ էլ գործում են տարբեր կրթական եւ սոցիալական ծրագրեր: Այդ անունները թե´ Հայաստանում եւ թե´ սփյուռքում, մեր ժողովրդին քաջածանոթ են: Դրանք տարբեր առիթներով հրապարակվել են Ս. Էջմիածնի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում, ինչպես նաեւ հրատարակվել են «Էջմիածին» ամսագրում»: Փաստորեն, եթե մենք՝ լրագրողներս, քաջածանոթ չենք այդ անուններին, ինչի իրավունքը ունենք, ուրեմն օրենքով նախատեսված հարցումով, միեւնույնն է, չենք կարողանում իմանալ այդ ինֆորմացիան դրա տիրապետողից, ով չի թաքցնում, որ ունի տվյալները:

Մյուս հարցերն ու պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:

-Եկեղեցի կառուցելու համար արդյո՞ք պարտադիր է Մայր Աթոռի թույլտվությունը կամ համաձայնությունը:

-Այո´, այժմ սահմանված է հատուկ կարգ, որով աղոթատեղի, մատուռ, եկեղեցի կառուցելու համար նախաձեռնողները (թեմեր, հիմնադրամներ, կազմակերպություններ եւ անհատ բարերարներ) պետք է դիմեն Մայր Աթոռ Ս. Էջմիածին` ստանալու անհրաժեշտ արտոնությունը եւ Մայր Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսին կից գործող ճարտարապետական խորհրդի հավանությունը: Այս որոշումը կայացվել է` նկատի ունենալով տարբեր նախադեպեր, երբ հիմնականում անգիտության պատճառով հայոց եկեղեցաշինության ավանդական եկեղեցական կանոնների կոպիտ խախտումով, օտար եկեղեցիներին բնորոշ ոճով, մեր Եկեղեցուն խորթ արձանաշինությամբ աղոթատներ էին կառուցվում:

Այս կապակցությամբ, որպեսզի հարթվեն վերոհիշյալ բոլոր խնդիրները, անհարկի սրտնեղությունները, եւ ամենքը գիտենան եկեղեցի կառուցելու կարգը, Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը մշակում է եկեղեցաշինության հատուկ կանոնակարգ` անհրաժեշտ բոլոր կանոններով ու պայմաններով, որն էլ գործադրության նպատակով կտրվի եկեղեցական պատկան կառույցներին:

Եկեղեցին միայն քարեղեն ճարտարապետական կառույց չէ, տաճարն ունի իր խորհրդաբանությունը, ինչը թելադրում է տաճարի կառուցման սկզբունքները, կանոնները եւ նորմերը, որոնք պետք է պահպանվեն: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ոչ միայն արտոնություն է տալիս, այլեւ շինարարության ողջ ընթացքում վերահսկում է, որպեսզի պահպանվեն բոլոր անհրաժեշտ կանոնները:

-Ո՞ր դեպքում է մերժվում եկեղեցի կառուցելու առաջարկը: Կա՞ն արդյոք նման նախադեպեր: Եթե այո, խնդրում եմ նշել:

-Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մշտապես հարգում է յուրաքանչյուր հայորդու ցանկությունը եւ ազնիվ մղումը օգտակարություն ունենալու մեր ժողովրդին, նպաստելու նրա հոգեւոր կյանքի զորացմանը կամ էլ օրինակ` իր լուման ներդնելու ծննդավայրի հնամենի տաճարի վերականգնման գործում: Ուստի, դժվարանում եմ մտաբերել մի պարագա, երբ Մայր Աթոռը մերժած լինի որեւէ մեկի: Սակայն, նշեմ, որ եղել են դեպքեր, երբ արտահայտված ցանկությունը նախագծային առումով կամ կառուցապատման հետ առնչված պայմաններով չի համապատասխանել Հայ Եկեղեցու պահանջներին ու կանոններին: Նման պարագաներում անհրաժեշտ աշխատանք է կատարվել լրամշակելու եւ վերացնելու առկա թերություններն ու բացերը:

-Մայր Աթոռը տիրապետո՞ւմ է տեղեկությանը, թե կոնկրետ եկեղեցու կառուցման համար որքան գումար է ծախսվել: Եթե այո, խնդրում եմ տրամադրել:

-Այո´, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տիրապետում է նման տեղեկատվության, եթե տվյալ եկեղեցու կառուցումն իրականացվել է իր միջոցով, եւ պարբերաբար լիարժեք հաշվետվություն է ներկայացնում տաճարի կառուցումը հանձն առած բարերարին: Ինչ վերաբերում է ծախսված գումարներին, ապա դրանք տարբեր են` պայմանավորված կատարվող աշխատանքների ծավալից: Իսկ գումարները հրապարակվում են միմիայն այն դեպքում, եթե առկա է դրանք տրամադրող բարերարի արտոնությունը:

-Մայր Աթոռն ունի՞ որեւէ կարգ, ըստ որի՝ եկեղեցու օծման համար գումար է փոխանցվում թեմին կամ Մայր Աթոռին: Եթե այո, խնդրում եմ ներկայացնել կարգը եւ դրա մանրամասները, կամ թե ինչպես կարող ենք ծանոթանալ դրանց:

-Ո´չ, այդպիսի կարգ կամ պահանջ գոյություն չունի:  

Արցախի թեմ

Մի փոքր պատմական ակնարկ կատարելով՝ ասենք, որ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմը վերաբացվել է 1989-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Դեռ 4-րդ դարում Հայաստանի հարեւան Աղվանքում Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի միջոցով տարածվել էր քրիստոնեությունը: Հենց Գրիգորիսն էլ համարվում է Աղվանից եկեղեցու առաջին եպիսկոպոսը: Եպիսկոպոսության կենտրոնը Ամարասի վանքն էր: 551-ին ձեւավորվել է Աղվանից կաթողիկոսությունը, որը ներառում էր բուն Աղվանքը (Ալբանիա), արեւելքից դրան հարակից երկրամասերը, ինչպես նաեւ Աղվանից մարզպանության մեջ մտնող Ուտիքի ու Արցախի նահանգները (Մեծ Հայքի): Այս կաթողիկոսությունը ենթարկվում էր Էջմիածնին, իսկ Աղվանից կաթողիկոսները ձեռնադրվում էին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից: Աղվանից կաթողիկոսությունը ցարական կառավարության հրահանգով վերացվեց 1815-ին եւ դարձավ մետրոպոլիտություն: Նախկին կաթողիկոսության տարածքներում ձեւավորվեց երկու թեմ՝ Շամախու եւ Շուշվա կամ Արցախի (Ղարաբաղի)՝ համապատասխանաբար Շամախի եւ Շուշի կենտրոններով, ու մեկ հաջորդական վիճակ՝ Գանձակ կենտրոնով: Երկու թեմերը ենթարկվում էին Էջմիածնին: 1930-ին՝ ստալինյան շրջանում, դադարեցվեց Արցախի թեմի գործունեությունը: Եվ միայն 59 տարի անց հաջողվեց վերաբացել այն: Թեմի առաջնորդը 1989-ի մարտից Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն է, առաջնորդանիստը՝ Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին: Թեմը ներառում է ԼՂՀ տարածքը՝ ներառյալ ազատագրված շրջանները:

1991-ից մինչ օրս կառուցվել է 12 նոր եկեղեցի

Ինչպես հայտնել է Պարգեւ սրբազանը մամուլին, Գանձասարի կամ Աղվանից կաթողիկոսությունը ժամանակին ունեցել է 4,5-5 հազար վանք ու եկեղեցի: 19-րդ դարում Արցախում եղել է 1813 գործող վանք ու եկեղեցի: 1929-ին մնացել էր գործող 112 եկեղեցի եւ 18 վանք, ընդամենը 276 հոգեւորական: Ներկայում, թեմի տվյալներով, կա գործող շուրջ 70 եկեղեցի ու վանք, իսկ չգործողները՝ խոնարհված կամ հիմնահատակ ավերված, հարյուրների են հասնում, կոնկրետ թիվ թեմը չի կարողացել նշել:

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

1991-ից հետո Արցախի թեմում կառուցվել է 12 նոր եկեղեցի: Դրանք են՝

Ս. Համբարձման (Բերձոր, օծվել է 1998 թ.),
Ս. Նահատակաց (Աղավնո, 2002),
Ս. Աստվածածին (Ասկերան, 2002),
Ս. Ներսես Մեծ (Մարտունի, 2004),
Ս. Սարգիս (Հարությունագոմեր, 2005),
Ս. Սարգիս (Եղծահող, 2006),
Ս. Հակոբ (Ստեփանակերտ, 2007),
Ս. Անտոն (Զագլիկ, 2009),
Ս. Գեւորգ (Մեծ Շեն, 2011),
Ս. Մարիամ Աստվածածին (Վաղուհաս, 2012),
Ս. Գեւորգ (Ներքին Հոռաթաղ, 2012)
Ս. Հովհաննես Մկրտիչ (Քարագլուխ, 2013):

Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Ս. Համբարձման եկեղեցու հիմքը դրվել է 1996-ին շրջանի այն տարիների (1993-2004 թթ.) ղեկավար Ալեքսան Հակոբյանի եւ նրա վարչակազմի նախաձեռնությամբ: Կառուցումը տեւել է 2 տարի: Եկեղեցին օծվել է 1998-ի մայիսի 31-ին: Ինչպես նշված է եկեղեցու պատին, այն կառուցվել է ի հիշատակ «հայրենիքի համար նահատակված մեր հազարավոր եղբայրների»: «Հետքի» հետ զրույցում Ա. Հակոբյանը պատմեց, որ եկեղեցու կառուցումն իրականացվել է վարչակազմի աշխատողների, նրանց ընկերների ֆինանսական միջոցներով: Ըստ Հակոբյանի՝ Ս. Նահատակացի համար ծախսվել է մոտ 120.000 դոլար (դոլարի փոխարժեքն այն տարիներին բավական բարձր էր- հեղ.): «Դա փոքր թիվ է, բայց [մեզ] հաջողվեց: Ավելին հնարավոր չէր, դրան գումարած՝ ձրի բանվորական ուժ՝ ինձնից սկսած, մյուսներով վերջացրած, գնում էինք, օգնում բրիգադին օրուգիշեր»,- ասում է Ա. Հակոբյանը:

Նախկին պաշտոնյան, ով հիմա ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի աշխատակից է, նշում է, որ եկեղեցաշինությունը հոգու պահանջ է: «Դա հոգու աշխատանքի նյութական արձանագրումն է: Հոգին պետք է աշխատի, եւ երբ դա արձանագրվում է եկեղեցու կառուցմամբ, լավ է»,- նշում է Ա. Հակոբյանը:

Վերջինիս պաշտոնավարման շրջանում բացվել է նաեւ Աղավնո գյուղի Ս. Նահատակաց եկեղեցին, որն օծվել է 2002-ի հուլիսին: Աղավնոյի եկեղեցու կառուցման նախաձեռնողը «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն էր, որը պատերազմի ժամանակ մի որոշ ընթացքում այդ տարածաշրջանի պարետն էր: ԱԻՄ առաջնորդը պատմում է, որ իր պարտքն է համարել հավերժացնել Արցախյան պատերազմի ժամանակ այդ տարածքներում զոհված տղաների հիշատակը (այստեղից էլ՝ եկեղեցու անունը): Հայրիկյանը սկզբում նախատեսել էր մատուռ կառուցել, սակայն ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն առաջարկել է փոքր եկեղեցի հիմնել: Այդպես էլ արել են, հարեւանությամբ էլ հուշահամալիր է կառուցվել, որտեղ զոհվածների անուններն են գրել:

Ըստ Հայրիկյանի՝ Ս. Նահատակացը կառուցվել է իր եւ ԱԻՄ-ականների նվիրատվություններով, իսկ աշխատանքների եզրափակիչ փուլին Հայրիկյանի հրավերով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը, ով Ս. Նահատակացի խաչքավորն է: Ըստ ԱԻՄ ղեկավարի՝ ընդհանուր գումարը կազմել է շուրջ 80.000 դոլար (2002-ի հուլիսի դրությամբ՝ մոտ 45 մլն դրամ):

Նույն 2002 թվին է բացվել Ասկերան քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցին, որի բարերարը «Ֆլեշ» ընկերության հիմնադիր, ասկերանցի Բարսեղ Բեգլարյանն է: Եկեղեցին կառուցվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ: Թեմի փոխանցմամբ՝ հենց Բեգլարյանն է իրականացրել եկեղեցու շինարարությունը: Ընդ որում, Բ. Բեգլարյանը Արցախի թեմական խորհրդի ատենապետն է:

2004-ից գործում է Մարտունի շրջկենտրոնի Ս. Ներսես Մեծ եկեղեցին, որն առաջինն է քաղաքում: Հովանավորը Ալիս Օհանյանն է: 2005-ին էլ բացվել է Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի Ս. Սարգիս եկեղեցին, որի կառուցումը ֆինանսավորել է Վյաչեսլավ Վանյանը:

2006-ին Ռուդիկ Իսրայելյանի հովանավորությամբ Ս. Սարգիս անունով մեկ ուրիշ եկեղեցի է բացվել Շուշիի շրջանի Եղծահող գյուղում:

2007-ին էլ առաջին եկեղեցին է բացվել մայրաքաղաք Ստեփանակերտում, որը կրում է Ս. Հակոբ անունը: Եկեղեցու հիմքերը դրվել են 2005-ի աշնանը, իսկ օծումը կատարվել է 2007-ի մայիսին: Հովանավորները Եփրեմյան եւ Ավագյան ընտանիքներն են: Ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանը եկեղեցին կառուցել է իր վաղամեռիկ որդու՝ Հակոբի հիշատակին: Այս տարի էլ ֆրանսահայ Տանկրեզ ընտանիքը (Միշել եւ Մարիամ Տանկրեզներ) եկեղեցուն զանգեր է նվիրել: Ներկայում Ս. Հակոբը Ստեփանակերտի դեռեւս միակ գործող եկեղեցին է:

2009-ին Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում Անտոնյան ընտանիքի հովանավորությամբ բացվել է Ս. Անտոն եկեղեցին:

2011-ին շրջանի մեկ այլ համայնքում՝ Մեծ Շենում, օծվել է Ս. Գեւորգ եկեղեցին, որի կառուցումը ֆինանսավորել են ՀՀ վաստակավոր բժիշկներ, ամուսիններ Կառլեն (մեծշենցի) եւ Սառա (մարտակերտցի) Եսայանները: Եկեղեցու հարեւանությամբ հիմնվել է նաեւ խաչքարերի պուրակ:

Մեծ Շենի գյուղապետ Սլավիկ Խուրշուդյանն ասում է, որ կառուցման նախաձեռնությունը եղել է Կառլեն Եսայանինը, սակայն ինքը չգիտի, թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով: Ըստ համայնքի ղեկավարի՝ խորհրդային տարիներին քանդված եկեղեցուց հետո այս նորը կարեւոր է գյուղի համար, քանի որ «ապագա սերնդի մոտ հավատքն է արթնանում, իսկ երբ եկեղեցի չկար, բնակիչներն անտարբեր էին. եկեղեցու ներկայությամբ ժողովուրդն ավելի հայեցի է դառնում»: Սակայն ավելացնում է, որ ժամերգություններին մարդիկ շատ չեն հաճախում, քանի որ ժամերն անորոշ են, քահանան Մարտակերտից տարբեր օրերի է գալիս, ժողովուրդն էլ այդ մասին հաճախ չի իմանում: Խուրշուդյանի ասելով՝ երբ Մեծ Շենում մշտապես քահանա լինի, ժողովրդի շարժը եկեղեցի կմեծանա:   

2012-ի փետրվարին հերթական նորակառույց եկեղեցու բացումն է կատարվել Մարտակերտի Վաղուհաս գյուղում: Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարությունը ֆինանսավորել է ռուսաստանաբնակ վաղուհասցի Գրիգորի Հայրապետյանը, ով շինարարական բիզնեսով է զբաղվում: Եկեղեցու համար ծախսած գումարների մասին Հայրապետյանն ասում է, որ ուրիշի գումարը չի ծախսել, այլ իրը, դրա համար էլ չի հաշվել ու չի հաշվելու, չի էլ հիշում, թե որքան է ներդրել:

Քարվաճառի ու Մարտակերտի շրջանի մի մասի հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն էլ նշում է, որ Վաղուհասում նախկինում 9 եկեղեցի է եղել, որոնցից մեկը՝ Ս. Մարիամ Աստվածածինը, բնակիչները Մարիամ քաղաք էին կոչում: Գմբեթավոր այդ եկեղեցին պայթեցվել է խորհրդային տարիներին: Գ. Հայրապետյանը, ըստ հոգեւոր հոր, ցանկացել է վերակառուցել հենց այդ եկեղեցին, սակայն դրա շուրջ տարածված գերեզմանոցի պատճառով որոշվել է նորը կառուցել: «Ես բազմիցս հարցրել եմ Գրիգորի Հայրապետյանին, թե ինչքան գումար է ծախսվել այդ շինարարության, վարպետների վրա,- ասում է տեր Հովհաննեսը,- նրա պատասխանը մեկն է, եւ միշտ էլ կլինի դա: Նա ասում է՝ իմ փողերը չեմ հաշվում կամ չեմ դնում, որ ցույց տամ ժողովրդին, ասեմ՝ տեսեք, թե ինչքան գումար եմ ծախսում՝ աստծո տունը կառուցելու համար: Ես կառուցում եմ աստծո տունը սիրով եւ, ինչքան կարող եմ, կկառուցեմ»:

2012-ի հոկտեմբերին նույն շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքում օծվել է Ս. Գեւորգ եկեղեցին: Վերջինիս հիմնարկեքը կատարվել էր մարտին, իսկ շինարարությունը տեւել է 7 ամիս: Կառուցման նախաձեռնողը ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Նորայր Ասլանյանն էր: Ընդ որում՝ հիմնարկեքին էլ մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան զինվորականները: Ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի ասելով՝ նախապես որոշվել էր մատուռ կառուցել, սակայն հետո եկել են այն մտքին, որ ավելի լավ կլինի եկեղեցի կառուցել, որտեղ հնարավոր կլինի պատարագներ մատուցել: «Հետքի» հետ զրույցում Տիտանյանը նշեց, որ նախահաշիվ չեն կազմել, շատ բաներ անվճար են արվել, աշխատավարձ է ստացել միայն արհեստավորը (շինարար չի եղել), իբրեւ բանվոր աշխատել են զինվորները, ովքեր տվյալ պահին դիրքերում չեն եղել, այլ կերպ ասած՝ ով ինչ կարողացել, արել է:

2012-ի ապրիլին պետերբուրգցի ճարտարապետ ու նկարիչ Մաքսիմ Աթայանցի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ Հադրութի շրջանի Քարագլուխ բնակավայրում դրվել էին Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմքերը: Աթայանցը արմատներով Քարագլուխից է, որը պատերազմից հետո բնակեցված չէ (քարագլուխցիներն այժմ ապրում են հարեւանությամբ իրենց հիմնած նոր՝ Ձորագյուղ բնակավայրում): Նա Ռուսաստանում հայտնի է մի շարք նախագծերով եւ անձամբ էլ կազմել էր կառույցի գծագիրն, ու ինքն էլ իրականացնում էր շինարարությունը: Վերահսկող ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը հույս էր հայտնել աշխատանքներն ավարտին հասցնել 8 ամսում, սակայն կառուցումն ավարտվեց 1,5 տարում:

Օծումը կատարվեց 2013-ի սեպտեմբերին: Մ. Տիտանյանն ասում է, որ թե Ներքին Հոռաթաղի, թե այս եկեղեցին կառուցվել են ավանդական եղանակով՝ քարով, այլ ոչ թե բետոնով, որը հետո քարով երեսպատվում է (առաջին տարբերակն ավելի թանկ է): Ի տարբերություն Ն. Հոռաթաղի Ս. Գեւորգի՝ սրա դեպքում կազմվել է 140 մլն դրամի նախահաշիվ (ներառյալ ԱԱՀ-ն, հիմնարկեքի օրվա (10.04.2012) դրությամբ՝ մոտ 360.000 դոլար), չնայած Մ. Տիտանյանն ասում է, որ ավելին է ծախսվել, քանի որ եկեղեցին դժվար հասանելի բարձունքի վրա է, ինչն ավելացնում է շինանյութերի տեղափոխման ծախսը:

Մեր ուսումնասիրություններն ու հարցումները թույլ են տվել գալ այն եզրահանգման, որ ներկայում (2008-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո) ոչ մեծ եկեղեցի կառուցելու համար անհրաժեշտ է նվազագույնը (միջինացված հաշվարկներով) 150-200 հազար դոլար: 2009-2013 թթ. Արցախում կառուցվել է այդպիսի 5 եկեղեցի:

Արցախում կառուցված եկեղեցիների մի շարք նախաձեռնողներ եւ հովանավորներ (ըստ ժամացույցի սլաքի). Ալեքսան Հակոբյան, Պարույր Հայրիկյան, Վահե Կարապետյան, Բարսեղ Բեգլարյան, Կառլեն Եսայան, Սառա Եսայան, Գրիգորի Հայրապետյան, Մաքսիմ Աթայանց:   

4 եկեղեցի կառուցման փուլում է

Ներկայում, ըստ Արցախի թեմի, կառուցման փուլում են Ս. Աստվածամոր Հովանի (Ստեփանակերտ), Ս. Պետրոս (Հաթերք), Ս. Գրիգոր Լուսավորիչ (Գիշի), Ս. Վարդանանց (Ճարտար) եկեղեցիները:

Սրանցից առաջինի հիմնարկեքը, որը լինելու է Ստեփանակերտի մայր տաճարը, կատարվել է 2006 թվի հուլիսի 19-ին: Այն, ըստ նախագծի, ունենալու է 30 մ տրամաչափ, 35 մ բարձրություն: Ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է: Կառուցման համար, ըստ եկեղեցու կայքի, անհրաժեշտ է շուրջ 1 մլն դոլար (հիմնարկեքի օրվա (19.07.2006) փոխարժեքով՝ մոտ 417 մլն դրամ): Այս պահի դրությամբ, սակայն, ընդհանուր հաշվով նվիրաբերվել է մոտ 950 մլն դրամ, այսինքն՝ կրկնակի ավել նախատեսվածից (որոշ նվիրատուներ գումարը տրամադրել են արտարժույթով, որի համարժեքը ՀՀ դրամով հաշվարկվել է նվիրատվության օրվա փոխարժեքով):

Նվիրատուների շարքում են Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները, Պարգեւ սրբազանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, տարբեր գործարարներ, այդ թվում՝ Միխայիլ Բաղդասարովը, Դանիլ Խաչատուրովը, Վարդանյան ընտանիքը, Սամվել Ալեքսանյանը, խոշոր հարկատու կազմակերպություններ, պետական հիմնարկներ, բանկեր, քաղաքացիներ:    

Հաթերքում դեռ չեն մեկնարկել Ս. Պետրոս եկեղեցու շինարարության բուն աշխատանքները, չնայած նախագիծ ու նախահաշիվ, գյուղապետ Ռադիկ Գրիգորյանի ասելով, կազմվել է: Վերջերս մաքրվել է նաեւ համապատասխան տարածքը: Ըստ գյուղապետի՝ 150.000 դոլար արժողությամբ եկեղեցին ունենալու է շուրջ 60 քմ մակերես: Այն կառուցվում է հաթերքցիների ֆինանսական աջակցությամբ: Ռ. Գրիգորյանի փոխանցմամբ՝ զգալի օգնություն է ցուցաբերում նաեւ «Հրազդանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրեն Հենրիկ Նարիմանյանը, որը ժամանակին ապրել է Հաթերքում (ծնունդով Հարությունագոմերից է): 

2012-ի ապրիլին էլ Մարտունու շրջանի Գիշի գյուղում դրվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմքերը: Այն կառուցվում է արմատներով գիշեցի, ռուսաստաբնակ Կարեն Բաղրյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ: Ճարտարապետը Վալերի Հայրապետյանն է:

Ճարտար քաղաքի Ս. Վարդանանց եկեղեցու շինաշխատանքներն էլ, ինչպես «Հետքին» հայտնեց համայնքի ղեկավար Արթուր Աղաբեկյանը, նախատեսվում է ավարտել 2016-ի դեկտեմբերին: Եկեղեցու բարերարը ճարտարցի Վլադիմիր Ավագյանն է, ով ներկայում բնակվում է Ռուսաստանում: Ավագյանը, քաղաքապետի ներկայացմամբ, Ճարտարում նաեւ բնակելի տներ է կառուցում, նախկինում մանկապարտեզ է կառուցել, փողոցներ բարեկարգել: Ըստ Ա. Աղաբեկյանի՝ 400 քմ մակերես ունեցող Ս. Վարդանանցի նախահաշիվը կազմել է 1.400.000 դոլար: 

Շարունակելի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (2)
1. Ստեփան Հասան-Ջալալյան16:04 - 10 դեկտեմբերի, 2015
Շնորհակալություն Hetq.am կայքի լրագրողներին ու խմբագրակազմին մշտապես հետաքրքիր ու օգտակար հոդվածներ հրապարակելու համար:
2. Մ.Գրիգորյան21:01 - 8 փետրվարի, 2016
ՄՇնորհակալություն բոլոր բարերարներին այս աստվածահաճո գործունեության համար, բայց միթե նրանք տեղյակ չեն, թե ինչ դժոխային պայմաններում են ապրում արդեն 27 տարի Գյումրիի անօթևանները, միթե դժվար է համընդհանուր ուժերով մի երկու բնակելի շենք կառուցել ու ապահովել բոլորին: Հավատացեք, որ դրանով դուք կարժանանաք ամբողջ ազգի օրհնությանը և երախտագիտությանը: եկնաբանությունը...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։