HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի համար «անցանկալի անձինք» ավելանում են. Կարեն Գիլոյանին թույլ չեն տվել մուտք գործել Ջավախք

Դեկտեմբերի վերջին հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետում վրացի սահմանապահներն արգելել են Հայաստանի Հանրային հեռուստատեսության սպրոտային մեկնաբան Կարեն Գիլոյանի մուտքը Վրաստան։ Կարեն Գիլոյանը ստիպված է եղել սահմանից վերադառնալ ետ: Մուտքն արգելելու առնչությամբ որևէ բացատրություն նրան չեն տվել: 

Ամանորից առաջ, երբ զրուցեցինք Կարեն Գիլոյանի հետ, վերջինս ասաց, որ ասել են մինչև Ամանոր հարցը կկարգավորվի: Կարգավորվել է, թե ոչ, դեռևս հայտնի չէ: Կարեն Գիլոյանը դրանից հետո հայ-վրացական սահմանն անցնելու փորձ չի արել, սակայն վստահ է, որ որևէ խնդիր չի լինի և իր դեպքում թյուրիմացություն է եղել: «Ամենայն հավանականությամբ թյուրիմացություն էր: Հիմա որ գնամ, կարող եմ անցնել: Գիտեմ, զրուցել եմ մարդկանց հետ, ասել են՝ խնդիր չկա, նորմալ է, թող գա, պարզապես ճանապարհները փակ են, բուք է, դրա համար չեմ գնում»,-այսօր մեզ հետ զրույցում ասաց Կարեն Գիլոյանը: 

2015թ․ հոկտեմբերի 18-ին Վրաստան մուտք գործել չէին թույլատրել նաև Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին։ «Եթե ես նպաստում եմ ճշմարիտ գիտության զարգացմանը, ոչինչ չեմ կեղծում, արձանագրությունները հրատարակել եմ ինչպես որ կա (կեղծելու պատճառ էլ չկա), դրանով հանդերձ դարձել եմ անցանկալի երկրի համար, մի՞թե վրացի գիտնականն, ով գրքեր է հրատարակում հայկական հուշարձանները վրացական ներկայացնելով, հայ առաքելական եկեղեցին վրաց Գրիգորյանների մշակույթ ներկայացնելով, նրա մուտքն առավել վտանգավոր չէ Հայաստան»,- իր հարցազրույցում նշել էր Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք, որ շուրջ 6 տարի առաջ Վրաստան թույլ չեն տվել մուտք գործել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին։ Սակայն Վրաստանի նոր իշխանությունների գալուց հետո Շիրակ Թորոսյանի նկատմամբ արգելքը վերացել էր։ Դրանից հետո Շիրակ Թորոսյանը Վրաստանի իշխանությունների նկատմամբ կոշտ հայտարարություններ չէր անում, ավելին, նույնիսկ դրվատում էր նրանց գործունեությունը և շնորհակալություն հայտնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն։ Ըստ ամենայնի, նրա մուտքի թույլտվության նախապայմանը հենց դա էր։ Այժմ, սակայն, Շիրակ Թորոսյանը դարձյալ չի կարող մուտք գործել Վրաստանի տարածք։ Նա արգելքից հետո առաջին և վերջին անգամ Ջավախքում եղել է անցյալ տարվա հոկտեմբերին։ 

Անցյալ տարվա մարտի 1-ին արգելել էին նաև պատմական գիտությունների թեկնածու, այժմ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահի տեղակալ Վահե Սարգսյանի մուտքը։ Եվ այս բոլոր անձինք, բացի Սամվել Կարապետյանից, ծնունդով Ջավախքից են, ունեն հարազատներ և ընկերներ: Շիրակ Թորոսյանը ծնողներ ունի հայրենի Գանձա գյուղում: Վահե Սարգսյանի ծնողները նույնպես ապրում են Ջավախքում: Ավելին՝ վերջինիս կինը և երեխաները Վրաստանի քաղաքացի են: 

«Երկու տարվա ընթացքում մեկ-երկու անգամ զանգահարել եմ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն՝ պարզելու, թե ի վերջո երբ է վերանալու արգելքը և ես երբ իրավունք ունեմ իմ հայրենի տուն մեկնելու, ինձ երկու անգամն էլ տվել են անորոշ պատասխան՝ այն, որ մենք տեղյակ չենք, դեսպանը տեղում չէ և այլն: Նրանք նաև խորհուրդ են տվել դիմել ՀՀ պատկան մարմիններին: Երկու տարվա ընթացքում ես հիմնահարցը ներկայացնող մանրամասն նամակով դիմել եմ և ՀՀ նախագահին, և վարչապետին ու ԱԳ նախարարին: Պատասխանել են միայն ԱԳՆ-ից և տեղեկացրել, որ հարցը մտահոգիչ է և գտնվում է օրակարգում»,-ասում է Վահե Սարգսյանը:

«Անցանկալի անձանցից» է նաև «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը։ Վերոնշյալ անձինք հանդես են եկել ջավախքահայերի իրավունքների խախտման մասին հայտարարություններով, դատապարտել են Վրաստանի իշխանություններին։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի դեմս նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես երևում է, անզոր է այս հարցում, քանզի «անցանկալի անձանց» թիվը, պակասելու կամ վերանալու փոխարեն, ավելանում է։  

Էդվարդ Նալբանդյանին գրություն ուղարկեցինք՝ պարզելու, թե տեղյակ է, արդյոք, թե ինչու է արգելված վերոնշյալ քաղաքացիների մուտքը հարևան երկիր, ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն այս հարցը կարգավորելու համար և ի՞նչ պատասխաններ է ստացել հարևան երկրի գործընկերներից:

ԱԳՆ-ն մեր հարցմանը պատասխանել է. «Տեղեկացնում ենք, որ նշված խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ այն տարբեր մակարդակներով բարձրացվում է վրաց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում»:

Մեր վրացի գործընկերների միջոցով հարցում ուղարկեցինք նաև Վրաստանի ներքին գործերի նախարարություն, որին ենթարկվում են վրացի սահմանապահները: Հարցրել էինք, թե ինչու է արգելվել վերոնշյալ անձանց մուտքը Վրաստան, քանի ՀՀ քաղաքացու մուտքն է արգելված Վրաստան և որոնք են արգելքի պատճառները: Մեր հարցմանը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ չի կարող տրամադրել տեղեկություններ նշված քաղաքացիների մուտքն արգելելու մասին, քանզի դրանք վերաբերում են անձնական տվյալներին, որոնք սահմանված են Վրաստանի «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով

Այս անձանցից ոչ մեկը, սակայն, իրավական ճանապարհով չի փորձել վիճարկել հարցը: Մինչդեռ առանց որևէ օրինական հիմնավորման կամ բացատրության սահմանափակված է նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: 

Վահե Սարգսյանը կարծում է, որ վրացական դատարաններ դիմելն անիմաստ է, քանի որ չի հավատում, որ վրացական դատարանները դեմ կգնային երկրի ուժային կառույցների որոշմանն ու հարցը կվճռեին հօգուտ իրեն, որքան էլ իր կողմից ընդդեմ Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի ներկայացվեին ուժեղ հակափաստարկներ: «Վրաստանի վերջին տարիների ներքին իրավիճակին քիչ թե շատ ծանոթ մարդու անգամ ծիծաղելի կարող է  թվար դատարան դիմելու իմ որոշումը: Ինչ վերաբերում է դրանից հետո ՄԻԵԴ դիմելուն, ապա դա համարում եմ ծախսատար, երակարաժամկետ ու մի քիչ էլ անարդյունավետ գործընթաց, քանի որ կրկին դժվար է հավատալ, որ հաղթանակի պարագայում վրացական ուժային մարմինները միանգամից կենթարկվեին այդ որոշմանն ու կվերացնեին իմ՝ Վրաստան մուտքի արգելքը: Ավելի ճիշտ համարեցի այսպես կոչված ներքին քննարկումների միջոցով փորձել հարթել ամեն ինչ, չնայած՝ արդեն երկու տարի է, ինչ հարցը տեղից չի շարժվում»,- շարունակում է Վահե Սարգսյանը:

Պատմաբանի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքի զանգվածային արգելքներին վերաբերող հարցը պետք է կարգավորել ոչ թե անձնապես, այլ՝ համակարգված կերպով ու պետական պատկան մարմինների ակտիվ ներգրավվածությամբ: «Այս ուղտը մի օր բոլորի դռանն էլ չոքելու է, քանի որ խնդիրն առաջացել է բացառապես անանձնական հողի վրա, իսկ նման կերպ շարունակվելու դեպքում այս դրսևորումը վրացական կողմի համար դառնալու է սովորական և նրանք ամեն սուրճի հետ հնարավոր է արգելեն ՀՀ որևէ պետական կամ հասարակական գործչի մուտքը Վրաստան և, որ ամենացավալին է, դրանով նաև հայրենի Ջավախք: Իսկ արգելքի պատճառ՝ ինչքան ասես կարելի է հնարել: Ի դեպ՝ այսօրն իմ համար այսպես կոչված հոբելյանական է, քանի որ ուղիղ երկու տարի առաջ՝ 2014 թ. հունվարի 15-ին ես վերջին անգամ դուրս եկա Ջավախքի իմ հայրենի Ղադո գյուղից: Այդ օրը ՀՀ-Վրաստան սահմանը հատեցի վերջին անգամ. մեկուկես ամիս անց՝ մարտի 1-ին, այլևս չկարողացա գնալ տուն»,- հիշում է Վահեն:    

Մեկնաբանություններ (9)

Կարեն
Բացի Սամվել Կարապետյանից, հոդվածում գրված մնացած մարդկանց Վրաստան գնալ-գալը հայությանը ոչնչով պիտանի գործ չէ: Օրինակ երկիրը թալանող, քանդող ու ծախող ՀՀԿ-ի Շիրակ Թորոսյանի՝ Վրաստան այցը ինչո՞վ է օգտակար լինելու: Եթե օգտակար մարդ լիներ, հիմա ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր չէր լինի:
Արշո
Մեկնաբանողներից Կարենը և Սրբուհին վրացիների ջրաղացին ջուր լցնողներն են, կենտրոնացել են անձի վրա, ու ոչ թե երևույթի, հոգնել են մարդիկ սրանց նման կարճատես ուղեղներից
Հրաչյա
Որևէ մեկին դիտավորյալ վիրավորելու համար չեմ ասում, այլ իմ տեսած իրականությունն եմ ներկայացնում շատ հակիրճ: Այն է՝ Շիրակ Թորոսյանի (Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր) ու նրա նմանների (իբր ջավախահայերի իրավունքները պաշտպանող և նրանց անունից Վրաստանի պետական մարմիններ ընդգրկվածների) պատճառով է, որ Վրաստանի (այդ թվում՝ Ջավախքի) հայությունը ներկա կղանք վիճակում է: Եթե սխալվում եմ, ապա 3 օրինակ ներկայացրեք, թե Շ.Թորոսյանը ինչ օգուտ է տվել Վրաստանի հայերին: Թե չէ մենակ գովելով չի էլի:
Հայկ
Տարօրինակ է, որ Կարեն Գիլոյանին էլ են արգելել: Հավանաբար արգելանքը ռազմավարական նշանակություն ունի: Կարենից վտանգ չունի Վրաստանը, բայց օգուտ երբ ուզենա և որքան ուզենա կունենա: Իրենք դա լավ գիտեն:
ԱՐՇՈ
վրացական առնետները էս ինչ լավ են մեկնաբանում, խնդալս գալիսա, մենակ հայ ազգի դավաճանը կարա գրի որ լավ են անում չեն թողնում, եդ գրողներդ կարաք իրական դեմքերդ ցույց տաք?? գնացեք էդ մարդկանց մոտ նստեք, տեսեք օրեկան քանի ջավախքցու համար ինչ են անում, եդ մարդկանց չգնալը ձեռ ա տալիս թուրքերին, Վրաստանի տեղական հայ գործակալներին, ու ով ասում է լավ են անում, դրանցից մեկն են
Հերիքնազ Պատրիոտոնովնա
Ես միշտ էլ ասել եմ, որ հայերը առանց ռուսների ապագա չունեն: Ջավախքը որ հիմա Ռուսաստանի կազմում լիներ, վրացին խելոք տեղը նստած կլիներ: Մեր միակ բարեկամը ռուսներն են:
Հրաչյա
Ես էլ ինձ կարող եմ հռչակել ջավախահայերի պաշտպան, մի քանի մամլո ասուլիս հրավիրեմ, որոշակի հարցերի անդրադառնամ ու վերջ: Հա հետո՞, դրանից ջավախահայությանը ի՞նչ: Կարենի հետ համաձայն եմ: Թորոսյանի՝ ՀՀԿ-ին պատկանելը նշվում է այս դեպքում, որովհետև վերջինս հենց ջավախահայերի անունը օգտագործելով է դարձել ՀՀԿ-ից պատգամավոր: Լավ է, որ նրան ու նրա նմաններին չեն թողնում Վրաստան. միգուցե վրացահայության մոտ իրական լիդերներ ի հայտ գան:
Աղասի Արաբյան
Ինձ 2010 թ-ից թույլ չեն տալիս Վրաստան գամ ...
Սրբուհի
Շիրակ Թորոսյանը հենց ջավախահայերի անունը օգտագործելով մտավ ՀՀ քաղաքական դաշտ ու իր ապահով տեղը գտավ ՀՀԿ-ականների շարքում: Այնպես, որ ինձ համար միևնույն է կթողե՞ն Թորոսյանին Վրաստան, թե՞ ոչ: Իսկ Ս.Կարապետյանի դեպքում համաձայն եմ Կարենի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter