HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մերկ իրավունք»

2007թ. մայիսի 12-ին առաջին անգամ արտասահմանում գտնվող հայությունը մասնակից չդարձվեց հանրապետական նշանակության ընտրություններին:

Անակնկալի եկած հայությունը քվեարկության օրը էլեկտրոնային փոստով բողոքի նամակներ էր ուղարկում հայաստանյան լրատվամիջոցներին՝ զայրույթ արտահայտելով իրենց ընտրական իրավունքի վրա բռնանալու կապակցությամբ: Միաժամանակ, փորձում էին ըմբռնել, թե ինչո՞ւ արտասահմանում գտնվող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները ոչ մի բացատրություն չտվեցին Հայաստանում ընթացող այդ կարեւորագույն գործընթացից իրենց դուրս մղելու համար (տես` Արտասահմանում գտնվող հայերը չեն քվեարկել ):

ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով ու լրացումներով, որոնք ուժի մեջ մտան 2007-ի մարտ ամսից, արտասահմանում բնակվող հայաստանցիներին փաստացի զրկեցին ընտրելու իրավունքից: ՀՀ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածում ամրագրվեց, որ «Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում»:

Օրենսդրական այս փոփոխությունները խորհրդարանն ընդունեց շատ հապճեպ՝ շահարկելով այն միտքը, որ «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո Սփյուռքը կարող է ազդեցիկ դառնալ Հայաստանի ընտրական գործընթացներում: Առաջիկա խորհրդարանական ընտրություններով տարված պատգամավորներին չսթափեցրեցին «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու` կառավարության օրինագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հորդորները՝ զերծ մնալ ավելորդ շահարկումներից, քանի որ «մենք կանգնած ենք շատ պատասխանատու եւ պատմական որոշում կայացնելու առաջ»:

Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանը սկսեց քննարկել երկքաղաքացիության օրենքի վիճահարույց կողմերը, որոնցից մեկը երկքաղաքացիների ընտրական իրավունքի խնդիրն է: Ներկայացված օրինագծին առարկողները պնդում էին, որ երկքաղաքացիները ընտրելու իրավունք չպետք է ունենան, քանի որ դրա միջոցով այլ պետությունները կկարողանան միջամտել Հայաստանի ներքին կյանքին: Մյուսները պնդում էին, որ երկքաղաքացիներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն պետք է տրվի: Նախարարն ընդգծեց, որ երկքաղաքացիների թիվը գնալով աճում է աշխարհում, եւ հարցի կարեւորությունից ելնելով` Եվրախորհուրդը վերջին տարիներին մշակեց «Երկքաղաքացիության մասին» կոնվենցիան:

Բանավեճերի արդյունքում, ի վերջո, հաղթեց այն մոտեցումը, որ երկքաղաքացիները նույնպես պետք է մասնակցեն ընտրություններին, որովհետեւ հնարավոր չէ անտեսել եվրոպական երկրների շրջանակում գործող այն համաձայնագրերը, ըստ որոնց երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները չեն կարող ավելի սահմանափակ լինել, քան տվյալ երկրում ապրող անձանց իրավունքները: Այնուամենայնիվ, Ընտրական օրենսգրքում եղած բոլոր այն հոդվածները, որոնք կապված են արտասահմանում ընտրություններ կազմակերպելու հետ, հանվեցին, եւ ամրագրվեց հետեւյալը. «Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն ՀՀ տարածքում»:

«Համընդհանուր ընտրական իրավունքի սահմանումը իր մեջ ներառում է տվյալ ընտրական իրավունքի համար անհրաժեշտ մեխանիզմների սահմանումը: Եթե կա իրավունք, բայց դա չես կարող ռեալիզացնել, դեռեւս հին Հռոմում դրանք անվանում էին «մերկ իրավունք»: Քաղաքացիների մի մեծ խմբի համար այս ընտրական իրավունքի սահմանումը դարձավ «մերկ իրավունք», այսինքն` նրանց տրվեց ընտրելու իրավունք, բայց մի պայմանով, որ նրանք քվեարկելու համար պետք է գան Հայաստան: Այսինքն` իրավունքը կա, բայց դրա իրականացման մեխանիզմները բացակայում են»,- բացատրում է Իրավական համակարգի ամրապնդման խորհրդատվության ծրագրի իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը:

«Կարծում եմ, որ ոչ պատշաճ մեխանիզմերի առկայությունը սահմանադրորեն ամրագրված ընտրական իրավունքի սահմանափակում է ընթացակարգերի առումով, քանի որ ընտրելու ցանկություն ունեցող քաղաքացուն հարկադրում են`

1. Պետք է գաս Հայաստան ու այստեղ, եթե ունես մշտական հաշվառում, կքվեարկես:

2. ՀՀ այն քաղաքացիները, որոնք բնակվում են այլ երկրում եւ Հայաստանում չունեն մշտական հաշվառում, դարձյալ չեն կարող մասնակցել քվեարկությանը, որովհետեւ ընտրողների ցուցակները կազմվում են ըստ հաշվառման հասցեների: Իսկ եթե նա հաշվառման հասցե չունի, նշանակում է չի կարող ընդգրկվել ընտրողների ցուցակում»:

Երկրորդ խմբի մեջ մտնող քաղաքացիները բավականին մեծ թիվ են կազմում, եւ պարզվում է, որ քաղաքացիների այս խումբը ընդհանրապես չի կարող մասնակցել ընտրությանը: «Մենք ցանկանում էինք մի խնդիր լուծել, որը կապված էր այլ երկրների քաղաքացիներին Հայաստանի ներքին կյանքին միջամտելը բացառելու հետ, բայց ստացվեց, որ ձեռքի հետ մեր քաղաքացիներին փաստացի զրկեցինք ընտրելու իրավունքից»,- նշեց Հ. Թովմասյանը:

Նա նկատեց, որ ԸՕ-ում կատարված փոփոխություններն ընդունվեցին ի հակակշիռ «Երկքաղաքացիության մասին» օրենքի, այն մարդկանց համար, որոնք երկքաղաքացի են: Դավիթ Հարությունյանը նախագիծը քննարկելու ժամանակ խորհրդարանականներին հիշեցրեց, որ 1995-ից հետո մենք ունենք օրինապահ քաղաքացիներ, ովքեր ապրելով արտերկրում` հարգեցին ՀՀ օրենսդրությունը ու հրաժարվեցին ՀՀ քաղաքացիությունից, եւ ունենք քաղաքացիների մի ստվար զանգված, որոնք նախընտրեցին դուրս չգալ քաղաքացիությունից ու միաժամանակ ստացան այլ երկրի քաղաքացիություն: Եվ քանի որ այդ երկրորդ՝ ոչ օրինապահ զանգվածը պահպանելու է ՀՀ երկրի քաղաքացիությունը, որովհետեւ նրանք զրկված չեն, եւ Սահմանադրությունն արգելում է այլեւս նրանց զրկել քաղաքացիությունից, ստացվում է, որ մենք օրինապահներին ավելի վատ պայմանների մեջ ենք դնում: «Արդարությունը պահանջում է, որ այն անձինք, ովքեր եղել են օրինապահ, չպետք է ավելի վատ պայմաններում հայտնվեն, քան շատ ավելի ստվար զանգվածը, որ օրինապահ չի եղել: Խոսքը վերաբերում է 100 թիվը չգերազանցող անձանց, արժե՞, արդյոք, շահարկումներից խուսափելու համար հրաժարվել դրանից»,- Աժ ամբիոնից հարց տվեց նախարարը:

Հրայր Թովմասյանը ներկայացրեց արտասահմանում կիրառվող պրակտիկան, երբ այլ երկրների տարածքներում ընտրական տեղամասեր չեն բացվում, ազգաբնակչությանը քվեարկությանը մասնակից դարձնելու այլ մեխանիզմներ են կիրառվում՝

ա/ լիազորագրով քվեարկել, երբ մեկին լիազորում են իր փոխարեն քվեարկելու,

բ/ փոստով քվեարկել՝ նախապես դիմում եւ ստանում են քվեաթերթիկը ու ծրարով ուղարկում,

գ/ էլեկտրոնային փոստի միջոցով են քվեարկում, որն ավելի հազվադեպ կիրառվող տարբերակ է:

Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ համընդհանուր քվեարկության իրավունքը սահմանված է: Այնուամենայնիվ, պրն Թովմասյանի ասելով` անգամ այս օրենսդրական փոփոխություների պայմաններում հնարավոր էր արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին մասնակից դարձնել մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ ՀՀ դեսպանատներում ընտրական տեղամասեր բացելով: «Չէ՞ որ օրենսգիրքն ասում է` պետք է ընտրությունները կազմակերպել ՀՀ տարածքում, իսկ միջազգային իրավունքում ամրագրված է, որ օտարերկրյա դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչությունները այլ պետության տարածք են համարվում: Այսինքն` ՀՀ դեսպանատները համարվում են ՀՀ-ի տարածք, ուստի այդ տրամաբանությամբ պետք է այնտեղ տեղամասեր բացվեին, եւ առնվազն այդ շենքում աշխատողները պետք է քվեարկեին»:

Հետեւելով նախորդ հանրապետական նշանակության ընտրություններին մասնակցած արտերկրի հայության թվաքանակին` (2005թ. նոյեմբերի 27-ին Սահմանադրության հանրաքվեին, ըստ ԿԸՀ-ի, արտերկրում մասնակցել է 25.993 մարդ), անտրամաբանական են դառնում պատգամավորների այն մտահոգությունները, որ երկքաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելով` իրենք ազգային անվտանգության խնդիր են լուծում՝ բացառելով այլ երկրների քաղաքացիների միջոցով մեր երկրի ներքին կյանքին միջամտելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter