HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բջջային հեռախոսի պատճառով մերժվել է պայմանական ազատումը

19 տարեկանից՝ 1996թ.-ից համածառայակիցների սպանության մեղադրանքով անազատության մեջ հայտնված (1997թ.-ին մահապատժի, 2003թ.-ից` ցմահ ազատազրկման դատապարտված) նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի գործով արտագնա նիստն այսօր հետաձգվեց մինչև մարտի 3-ը՝ առանց սկսվելու: Պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դահլիճի վերանորոգումն էր (Մարտի 3-ին, ժամը 16:30 նույն գործով դատական նիստը տեղի կունենա Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Կապահովվի Արթուր Մկրտչյանի ներկայությունը):

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, տեսնելով դահլիճի վիճակը, հայտարարեց, որ այդ պայմաններում հնարավոր չէ դատական նիստ անցկացնել:

Մինչ դատավորը քննարկում էր նիստը հետաձգելու հարցը ուղեկցողները դահլիճ մոտ էին բերել Արթուր Մկրտչյանին: Նա լրագրողներին ասաց, որ հույս չունի, թե դատարանը պայմանական ազատման մերժման որոշում կարող է չեղյալ համարել: Պատճառն, ըստ նրա, այն է, որ ցանկացած գործով դատարանները վախենում են ազնիվ լինելուց:

39-ամյա Արթուրը դատարանում վիճարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կազմած տույժերի մասին որոշումը: 2011 թ.-ին բջջային հեռախոս ունենալու համար տրված երկու տույժերը պատճառ են դարձել, որ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժի Արթուր Մկրտչյանին ներկայացնել պայմանական ազատման: Ի դեպ, խուզարկության ժամանակ նա բջջայինը հոժարակամ հանձնել է ՔԿՀ աշխատակիցներին:

Ըստ Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի, հեռախոսակապը, որը դատապարտյալը օգտագործում է հարազատների հետ կապը պահելու համար, չի կարող հիմք դառնալ 20 տարի անց պայմանական ազատումը մերժելու համար: Փաստաբանի կարծիքով, հեռախոսի առկայությունը չի կարելի դիտարկել որպես չարամիտ խախտում: Այս առումով, փաստաբանը հիմքեր է տեսնում հարցը Սահմանադրական դատարանում քննության նյութ դարձնելու համար:

Ըստ քրեական օրենսգրքի հոդված 76-ի կետ 5-ի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և, փաստորեն, կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին: Դատապարտյալները, այդ թվում նաև՝ պատժի առավելագույն չափի դատապարտվածները պարբերաբար «Հետքին» ահազանգում են, որ կա հոդվածային խտրականություն, չգրված օրենք, ըստ որի՝ մի խումբ հոդվածներով դատապարտվածները, այդ թվում և ծանր ու առանձնաապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածները չեն ներկայացվում պայմանական ազատման:

Եթե 2006 թ.-ին պայմանական վաղաժամկետ ազատ չէր արձակվում այդ իրավունքը ունեցող դատապարտյալների 3-5 տոկոսը միայն, ապա հիմա թվերի տեղերը փոխվել են. այսօր ազատվում է ընդամենը 3-5 տոկոսը:

10 ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին թեպետ լրացել է, այդուհանդերձ, ցմահ բանտարկյալի պայմանական ազատման նախադեպ դեռ չկա: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը կամ հետաձգվում է, կամ վարչական հանձնաժողովը մերժում է նրանց ներկայացնել ազատման տարբեր պատճառաբանություններով:

«Դատապարտյալների այս խմբի նկատմամբ ոչ պայմանական վաղաժամկետ ազատումն է կիրառվում, ոչ էլ գործերի վերաբացում է լինում»,-ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ «Հետքը» դատարանների կենտրոնական արխիվում ուսումնասիրել էր Արթուր Մկրտչյանի քրեական գործը, նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց վարել նրա հետ: Արթուրը 1996 թ.-ին, նախաքննության փուլում,  ինքնախոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումներից ու բռնություններից հետո: Խոշտանգել են ոչ միայն իրեն, այլև հարևան զորամասերից մեկում ծառայող եղբորը, քրեական գործ են հարուցել նրանց հոր՝ Համբարձում Մկրտչյանի նկատմամբ: Դատարանում, սակայն, Արթուրը սկսել է խոսել. պատմել է, որ Կոթիի զորամասի դիրքեր դեպքի օրը՝ 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկել է ՊՆ համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենա, որ եղել է զենքի առևտուր, որ ինքը սպանության հետ կապ չունի: Բայց դատարանը արժանահավատ չի համարել Արթուրի ցուցմունքը՝ նշելով, որ նա պատասխանատվությունից է փորձում խուսափել:

Սակայն 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Արթուրի ցուցմունքը՝ պնդելով և հայտնելով օպերատիվ տվյալներ, որ, այո, դիրքերում օտար մարդիկ են եղել սպանության գիշերը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նոր երևան եկած հանգամանքների հիմքով անցյալ տարի վիճարկեց այս գործը, սակայն թե գլխավոր դատախազությունը, թե դատարանները այն բավարար հիմք չհամարեցին 19 տարվա վաղեմության գործը վերաբացելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter