HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե սխալվեի, ձեռքս կկտրեին»,- ասում է մզկիթ ձևավորած հայ նկարիչը

Սարգիս Մուրադյան պատկերասրահում հանդիպում եմ նկարիչ, դիզայներ Էդման Այվազյանին: Ընկերոջ՝ Սարգիս Մուրադյանի հիշատակին ցուցահանդես պիտի ունենա վաղը (նրա երրորդ ցուցահանդեսն է Երևանում, առաջինը 1987-ին էր, երկրորդը՝ 2015-ին- հեղ.): Նկարները դեռևս չեն հասցրել կախել պատերից՝ արևելյան և հայկական միջավայրից կենցաղային դրվագներ, բնանկարներ: Կարմիր ֆոնի վրա Էդման Այվազյանի՝ Ս. Մուրադյանի հեղինակած նկարն է, սրահի անկյունում է դրված: Միասին նայում ենք: Հարցնում եմ՝ շա՞տ երկար է նստել նկարվելիս: Ժպտում է, հետո պատմում, որ Սարգիսն իր ընկերն էր, մի անգամ արվեստանոցում նստել էր, մեկ էլ ասաց՝ սպասի, նկարեմ: Աչքերը խոնավանում են, երբ խոսում է Սարգիս Մուրադյանի ֆիզիկական բացակայության մասին: «Հիմա ես նրա պատկերասրահում եմ...»,- ձայնը խզվում է, հետո մեղմ ժպտում է:

-Գործունեության լայն դիապազոն ունեք՝ գեղանկարչություն, դիզայն, ճարտարապետության ոլորտում եք աշխատել, դիմնանկարներ եք արել, ծովանկարներ, կենցաղային պատկերներ, բնանկարներ: Ո՞նց եք հասցնում:

-Հիմա էլ չեմ հասցնում: Նկարել սկսել եմ պատանի հասակից: Այդ ժամանակ Պարսկաստանում արվեստի լուրջ դպրոց չկար, գաղթող նկարիչները, ովքեր գիտեին արվեստի, նկարչության մասին, եկել էին Պարսկաստան, քաջալերում էին մեզ, բացատրում ռուսական արվեստը, որ նկարն ինչքան հնարավոր է, պետք է լինի բնական: Միշտ նկարել եմ այն, ինչ ուզեցել եմ: Չեմ հետևել շուկայի պահանջարկին: Իսկ դիզայնն ու ճարտարապետությունը եղել են ապրելու միջոց ինձ համար, որովհետև նկարները չեմ արել վաճառելու համար: 60-ականներից սկսած աբստրակտ նկարներ եմ արել և էլի ինձ համար եմ արել: Եթե շուկայի պահանջարկին նայեի, շտամպով աշխատող կլինեի:

-Թեհրանում եք ծնվել, հետո գնացել եք Հռոմ՝ կրթություն ստանալու:

-Նախքան դա սովորել եմ Լոնդոնի ճարտարապետական դպրոցում, հետո վերադարձել եմ Պարսկատան, աշխատել, այդտեղից էլ Հռոմ եմ մեկնել:

-Ընտանիքում նկարիչներ կայի՞ն:

-Ոչ, այդ ժամանակաշրջանում ամբողջ Պարսկաստանում մատների վրա հաշված նկարիչներ կային: Մեր հայկական գաղութը ջոկ է եղել: Պարսկական արվեստը, գեղագրությունը շատ եմ ուսումնասիրել և թե՛ մզկիթների դիզայնն եմ արել, թե՛ ներքին կահավորումը, զարդարանքը:

-Հետաքրքիր է, որ քրիստոնյային են վստահել այդ աշխատանքը: Ինչպե՞ս եղավ:

-Ժամանակին այդ հարցը արաբներին էի տվել, բայց այն, ինչ պետք է ասեմ, մեր մեջ պետք է մնա:

-Այսինքն՝ չհրապարակե՞նք:

-Չէ, իրենք շատ գոհ չէին, որ այդ հարցն իրենց տվեցի: Շատ աշխատանքներ եմ արել Օմանում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում: Էր Ռիյադում (Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը- հեղ.) ամենակարևոր կրոնական պատմությունն եմ պատկերել պատին: Դրա համար իրենց կրոնն եմ ուսումնասիրել, որովհետև պատի վրա պատմությունն իրենց սյունն է, հավատքն է:

-Կրոնականների կողմից քննադատություն կա՞ր Ձեր աշխատանքի վերաբերյալ:

-Շատ սաստիկ քննադատության առաջ էիր կանգնում, մի փոքր քայլ պիտի սխալ չանեիր, որովհետև չէր կարելի: Աշխատել եմ զգույշ լինել, այսինքն՝ իրենց հսկա մզկիթի պատը գեղագրություն եմ արել: Միշտ ասել եմ, որ ապահովագրված չեմ իմ աշխատանքում, եթե սխալ անեմ, թևս կտրեք կամ ինչ անեք, մի հոգու բերեք, թող հետևի աշխատանքիս ընթացքին, ստուգի:

-Այսինքն՝ եթե սխալվեիք, թև կկտրեին, կպատժեի՞ն:

-Այո, դա իրենց օրենքն է, կարող է լինի: Արվեստ գոյություն չունի, կրոնը կրոն է նրանց համար: Մինչ կրոնական հեղափոխությունը որոշ հսկողություն կար, բայց ազատ էր: Հիմա իրենց երկիրն է, իրենց կրոնն է, և ինչ անում են, իրենց կրոնի խողովակով են անում: Եթե խիստ են, կրոնն է ասել, եթե սխալվում ես, ձեռդ են կտրում, կրկին կրոնն է ասել: Նրանց հետ աշխատելով՝ զգույշ եմ եղել:

-Միշտ վտանգ է եղել, հա՞:

-Վտանգ չէ, ուղղակի պիտի սխալ չանես:

-73-ին գնացիք Լոնդոն: Ինչո՞ւ հենց Լոնդոն: Արվեստագետներից շատերը ձգտում են Իտալիայում բնակվել:

-Իտալիան զբոսաշրջիկի համար շատ լավ է, բայց ընտանիքն այնտեղ պահելու համար շատ դժվար էր: Իտալիայում ամեն ամիս պետք է շարք կանգնեի, անձնագիրս կնքեին, որ մի ամիս էլ մնայի: Եվ ամենակարևորը՝ զավակներիս ապագայի համար գնացի Լոնդոն: Բնական բնույթ էր:

-Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ եք, ծովանկարիչների թագավորական միության անդամ: Ի՞նչ են տալիս այդ միությունները:

-Դա ֆեդերացիան է, որտեղ միություններն են ընդգրկված: 5 տարուց ավել է տևել, որ կարողացա դառնալ ֆեդերացիայի անդամ, որովհետև ֆեդերացիայի անդամների քվեարկությամբ է որոշվում՝ կընդունվե՞ս, թե՞ ոչ: Ֆեդերացիայում միայն ես եմ հայ, կան մի քանի իտալացիներ, գերմանացիներ:

-Ի՞նչը հաշվի առան, որ 5 տարի անց ընդունեցին:

-Գուցե տեսան, որ ձեռք չեմ քաշում, դրա համար (ծիծաղում է- հեղ.):

-Ու ի՞նչ է տալիս ֆեդերացիան նկարչին:

-Բացի տարեկան ցուցահանդեսներից, տարբեր տեղեր են ուղարկում նկարիչներին: Ֆեդերացիայի ծախսը միլիոնների է հասնում: Մենք անդամագրության համար տարեկան վճարում ենք 500-600 դոլար: Օրինակ, Հայաստանում էլ կա նկարիչների միությունը, որն այսօր նույնը չէ, ինչ Սովետի ժամանակ. ցուցահանդեսների կազմակերպում կար, պաստառների հրատարակում, նույնիսկ մի խանութ կար, որտեղից մատչելի ձևով կարող էիր ձեռք բերել նկարչական իրեր: Միությանը, եկեք չմոռանանք, դիմանալու համար նյութական աջակցություն է պետք պետության կողմից: Բայց այսօր պետությունն այդ ծախսը չունի, որ անի:

-Դասավանդո՞ւմ եք կամ ստացե՞լ եք դասախոսելու առաջարկներ:

-Այո, եղել են, բայց միշտ հրաժարվել եմ, որովհետև, կարծում եմ, դասավանդելու համար ավելի հմուտ պետք է լինել, մարդկանց հոգեբանորեն ճանաչել է պետք: Շատ-շատ դժվար խնդիր է դասավանդելը: Միշտ անկարող եմ զգացել դրա համար: Եթե հանկարծ մի փոքր սխալ արվի, կամ մի քանի հոգու սխալ ուղղություն ցույց տրվի, մեծ մեղք է: Ավելի լավ է թողնենք նրանց, ովքեր կարողանում են դասավանդել: Ես սովորում եմ, դեռ սովորում եմ:

-Որտե՞ղ:

-Ամենուր... (ժպտում ենք- հեղ.):

-Ի՞նչն եք կարոտում:

-Դժվար է ասել, որովհետև մանկությունից կարոտ են ներշնչել մեզ, հայրենիք ասելով մնացել ենք: Այս տարիներին, երբ գալիս եմ իմ տուն, շատ հարազատ չեմ, որովհետև իմ ընկերները չկան, այն ժամանակ Իսաբեկյանը, Գրիգոր Խանջյանը, Սարգիս Մուրադյանը կային: Հիմա նրանք չկան, բայց հուշերը կան (ձայնը խզվում է- հեղ.):

-Հայաստան գալուց կա՞ մի տեղ, որ անպայման գնում եք:

-Հիմա կույր մարդու նման սպասում եմ, որ ինձ տանեն: Նախկինում մի տեղ գնալու ցանկություն կար, հիմա չկա, որովհետև իմ հուշերում մտածում եմ, վախենում եմ փոխված լինի այն, ինչ տեսել եմ՝ Գառնին,Գեղարդը: Այս վերջին անգամ կարոտով գնացի Ղարաբաղ, որի մասին տեղեկություն չունեի: Ղարաբաղի բնությունն ինձ գրավեց, ժողովուրդն ինձ գրավեց: Մյուս կողմից՝ այն, կարծես, փողոց էր, որ վերջանում էր, որտեղից օտար տեղ չես կարող գնալ:

-Մեր երկրում ինչ-որ բան փոխվե՞լ է:

-Շատ բաներ... Ամենակարևորը երիտասարդությունն է, որ մի մեծ հույսի ու ուրախության պատճառ է ինձ համար: Չմոռանանք, որ ուղեղները, որոնք այս փոքր երկրի համար մեծ հոգով աշխատել են, հիմա մի քիչ ծերացել են, բայց լավն այն է, որ երիտասարդությունն է շարունակում դա, որ մի փոքր թմբուկի ձայնից սկսում է պարել: Դա շատ լավ է:

Չնայած Անգլիայում պակասել է հայությունը, պայմանները դժավարացել են, աշխատանքի խնդիր ունեն. պատճառները շատ են: Հայկական համայնքը 20 տարի առաջվա համայնքը չէ: Դպրոց կա, եկեղեցին կա, բայց այն պայքարն արդեն չկա: Այն ժամանակ շատերն ասում էին՝ անկախ Հայաստան ենք ուզում: Հիմա կա, եթե շատ են ուզում, թող գան, աշխատեն այստեղ: Որոշները սիրով գալիս, ապրում են այստեղ:

-Դուք կգա՞ք, կապրե՞ք այստեղ:

-Արդեն շատ եմ ուշացել, 84 տարեկան եմ: Այստեղ գերեզմանոց չէ, այստեղ աշխատելու տեղ է: Հայրենիքում պետք է գաս, աշխատես, իսկ շատերն ասում են՝ երթամ, մեռնեմ հայրենիքում:

-Ինչի՞ հետ հաշտ չեք ներկա ժամանակում, կամ ի՞նչն է խորթ Ձեզ:

-Երբ ասում են՝ էս նկարն ինչքանո՞վ ես ծախում, չեմ կարողանում: Ավելի լավ է երթամ աղյուս շարեմ, հող կրեմ, հետո գնամ նկարեմ, քան ֆինանս պահանջեմ: Դրա համար սկզբից ասացի՝ նկարում եմ այն, ինչ սիրտս ուզում է: Այս տարիներին, ինչ ֆեդերացիայի անդամ եմ, իրենք վաճառել են իմ նկարներից, բայց ինքս երբեք գներ չեմ դրել իմ նկարների համար: Եթե նկարը ֆինանսով են արժևորում, շատ տխուր է, ուրեմն, ես ավելի լավ ձևով եմ ապրել այդ աշխատանքի հետ, քան իրենց վճարածով:

-Իսկ կա՞ մի բան, որից վախենում եք:    

-(Լռում է- հեղ.)... Չեմ վախենում, շատ պատահած ամաչում եմ:

-Ի՞նչ երազանք ունեք:

-Ագահություն չլինի, երբ խոսում ենք երազանքներից: Իմ երազանքն այն է, որ ունենայինք մի մթնոլորտ, որտեղ ուրախությամբ, զրույցով, մտքեր փոխանցեինք ու ապրեինք: Իսկ նյութականը երկրորդական է եղել ինձ համար: 

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
ՀԱՅ ՎԱՐՊԵՏ - կոչումը անկասկածելի հարգանք է ներշնչում ամբողջ միջին արեւելքում: Շնորհակալություն Մարինեին - մի շատ արժանավոր Հայ մարդու է ներկայացրել!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter