
Քննարկում Համաշխարհային բանկում. Ազատ գետի ճակատագիրն Աստծո ձեռքում է
Համաշխարհային բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակում ՀԲ-ի ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինստոն Յունի եւ ջրային ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ այսօր քննարկվեցին «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի իրագործման նպատակահարմարության եւ Ազատ գետից ջուր վերցնելու այլընտրանքային տարբերակները: Ծրագրի վերաբերյալ քննարկում իրականացնելու առաջարկը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներինն էր: Քննարկմանը մասնակցում էին Գառնի գյուղի բնակիչներ, բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների եւ «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի ներկայացուցիչներ:
Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լեւոն Գալստյանը հավաստի չհամարեց Ազատ գետի հիդրոլոգիական չափումների տվյալները: «Բնությունն ինքն է կարգավորում ամեն ինչ, 5 տարի չափեք Ազատ գետի ջրատվությունը՝ համոզվելու համար, որ այդ ծրագիրն իրագործելի չէ: Վերջին 10 տարում Ազատի ջրամբարը 3 անգամ է լցվել, եթե այս է ցուցանիշը, ինչպե՞ս ենք պնդում, որ գետում այդքան ջուր կա: Ուրեմն մենք սխալ ենք կառավարում մեր ջրային պաշարները, եւ ճիշտ է գառնեցիների համոզմունքը, որ այդ ծրագիրը չպետք է իրականացվի»,- հայտնեց աշխարհագրագետ Լ. Գալստյանը:
Գառնի գյուղի բնակիչ, մասնագիտությամբ հիդրոլոգ Ալբերտ Հարությունյանը ցանկացավ պարզել, թե ծրագիրն իրականացնողներն ամռան ամիսներին 950 լ/վրկ ջրի պահանջ են ներկայացրել, սակայն չափումներով 600 լ/վրկ-ի դեֆիցիտ կա, ինչպե՞ս է լրացվելու այն: Նա հայտնեց, որ ծրագրի իրականացման ռիսկը մեծ է եւ համոզված չէ, որ բնապահպանական թողքը չի խախտվելու:
«Կարո՞ղ եք ասել, թե այս տարի որքան ջուր կլինի Ազատ գետում»,- Լեւոն Գալստյանին դիմեց ՀԲ-ի ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինստոն Յուն: Նույն հարցը նրան ուղղեց Լ. Գալստյանը, որին Ուինստոն Յուն պատասխանեց. «Աստված գիտի»:
Այս անորոշությամբ Համաշխարհային բանկը ֆինանսավորում է մի ծրագիր, որի հակաբնապահպանական եւ հակասոցիալական ազդեցությունը, ինչպես նաեւ տնտեսական առումով անարդյունավետությունն արդեն երկու տարի հիմնավորում են գառնեցիներն ու բնապահպանները:
Քննարկման մասնակիցներն այսօր եւս մեկ անգամ շեշտեցին, որ ծրագիրը չափազանց ռիսկային է եւ անիրագործելի առաջին հերթին այն պատճառով, որ Ազատ գետում բավարար քանակի ջուր չկա: Վերլուծությունները ցույց են տալիս, որ ինքնահոս եղանակով ջրամատակարարումը կարող է իրականացվել 5 տարին մեկ անգամ:
Լեւոն Գալստյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ բնապահպանական 850 լ/վրկ թողքը չափազանց քիչ է, դա օդից վերցված թիվ է, որը ոչ մի կապ չունի բնապահպանության հետ, եւ այն վերանայելու հարցն արդեն դրված է: Երբ գետերում բնապահպանական թողքը որոշվի 1200-1300 լ/վրկ, այն ժամանակ «Քաղցրաշենի» ծրագիրն ընդհանրապես չի գործի, սակայն Ազատ գետի հարցն արդեն լուծված կլինի:
ՀԲ-ի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերջնական փուլում ենք գտնվում, եւ ՀԲ-ի ծրագրերի պատմության մեջ այն ամենաերկար քննարկված ծրագիրն է, որի վերաբերյալ, սակայն, դեռեւս ընդհանուր եզրահանգման չենք գալիս: «Հավաստիացնում եմ ձեզ, որ ինչպես Համաշխարհային բանկի կողմից օժանդակվող բոլոր ծրագրերի պարագայում, այս ծրագրի հիմնավորումը նույնպես ամբողջությամբ եւ մանրամասն քննարկվել է, եւ տեխնիկական այլընտրանքներն, իրոք, ուսումնասիրվել են»,- հայտնեց Վ. Սարգսյանը:
ՀԲ-ի ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինստոն Յուն հայտնեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկած այլընտրանքային տարբերակները հետաքրքիր գաղափարներ են եւ պետք է առանձին քննարկել: Սակայն, նրա ասելով` արեւային էներգիա կիրառելու դեպքում այս ծրագրի համար դարձյալ մեծ գումարներ կպահանջվեն:
Վիգեն Սարգսյանն իրատեսական չէր համարում ներկայացված առաջարկները եւ հայտնեց, որ Հայաստանում այլընտրանքային էներգիայի աղբյուրների թեման մշտապես քննարկվում է: «Այսօրվա վիճակով գրեթե չկա նման այլընտրանք, Կառավարությունը դրա համար ի վիճակի չէ վարկ վերցնելու, որովհետեւ խոսքը շատ մեծ գումարների է վերաբերում, եւ փորձում է այդ ծրագրերի համար մասնավոր հատվածից ներդրողներ գտնել»,- հայտնեց նա:
«Ազատ գետը հիդրոհանգույց է, որն արդեն գործում է, պետք է մտածել Արաքս գետ թափվող ջրերը հավաքելու մասին եւ ներդրումներն ուղղել այդ գետերի վրա»,- հայտեց Գառնիի բնակիչ Աշոտ Աբելյանը:
Ուինստոն Յուն իրատեսական չհամարեց նաեւ ջրամբարներ կառուցելու տարբերակով ջրային պաշարների ճիշտ կառավարումը, այն դեպքում, երբ հայաստանցի մասնագետներն են պնդում, որ Արաքս գետ թափվող ջրային պաշարները ճիշտ օգտագործելու տարբերակն այդ է:
ՀԲ-ի գյուղատնտեսական եւ բնապահպանական ծրագրերի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, պատասխանելով մասնակիցների այն հարցին, թե ում առաջարկն է եղել «Քաղցրաշենի» ծրագիրը եւ ինչ հիմնավորմամբ, հայտնեց, որ Կառավարությունը սուբսիդիայի մեծ գումար է հատկացնում պոմպակայաններով մղվող ջրի համար, եւ նպատակն այն է, որ էներգիայի մեծ ծախսը կրճատվի: Խոսքը տարեկան 1 մլն դոլար տնտեսելու մասին է:
Նա նշեց, որ սա համատեղ ծրագիր է, որի միջոցառումներն առաջարկում է Կառավարությունը, իսկ բանկի մասնագետները նայում են դրանց տեխնիկական կողմերը` իրականացնելիությունը, տեխնիկական արդյունավետությունը, գնահատվում են պահանջված ծախսերը: «Այն ամենը չի, ինչ որ Կառավարությունն առաջարկում է, մենք պատրաստ ենք ֆինանսավորել»,- նշեց նա:
Ի պատասխան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանը նշեց, որ շահերի բախում կա այս ծրագրում: «Աղքատությունը շատ մեծ խնդիր է մեր երկրում, բայց այնքան էլ լավ չէ, որ աղքատության հարցը լուծելու համար ընտրվել է բարձրաստիճան պաշտոնյայի հողերը ոռոգելու հարցը: Վարկը չի մարելու միայն այն մարդը, ով օգտվելու է այդ ծրագրից, դա բաժանվելու է ողջ բնակչության վրա, հետեւաբար, ծրագիրը ֆինանսավորողները պետք է այն գնահատեն նաեւ հանրային շահի տեսանկյունից»,- նշեց Ինգա Զառաֆյանը:
ՀԲ-ի ներկայացուցիչները դեմ էին ծրագիրն անձնավորելուն, որին հետեւեց մյուս տրամաբանական հարցը. «Ինչպե՞ս է պատահել, որ Գառնին ունի 8000 բնակիչ, բայց չի կարող 640 հա հող մշակել, Նարեկ գյուղն ունի 800 բնակիչ, բայց ուզում է 640 հա հող մշակել»:
Մասնակիցներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք այս ծրագրին տրված բնապահանական եւ սոցիալական գնահատականները բավարարում են ՀԲ-ի ընդունած չափանիշները: Նրանց կարծիքով` ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) չի կատարվել ՀԲ-ի չափորոշիչներով, եթե այդպես արվեր, հնարավոր է ռիսկերն ավելի ճիշտ գնահատված լինեին, եւ հասարակական լսումները կկազմակերպեին այդ ՇՄԱԳ-ի շուրջ:
ՀԲ-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ ծրագրի ՇՄԱԳ-ի վերջնական տարբերակ դեռեւս չկա, սակայն իրենք ջանասիրաբար աշխատում են, որպեսզի Համաշխարհային բանկի բոլոր գործառութային ուղեցույցները խստորեն պահպանվեն Հայաստանում: Տեղեկացվեց, որ փաստաթղթում փոփոխվել է բնության հուշարձանների մասը, սակայն հրապարակված տարբերակում երաշխիքները ներառված չեն: Հրապարակված չեն նաեւ ջրաբանական հաշվարկների աղյուսակները:
Բանկի աշխատակիցները հավաստիացրին, որ լուրջ են վերաբերվում բողոքների մեխանիզմին, դա այն ճանապարհն է, որ արձագանքները շարունակական լինեն եւ խրախուսում են, որ համայնքն ունենա ներկայացուցիչներ, որոնք կմասնակցեն բողոքների քննարկման մեխանիզմին: Դա մեկ քննարկան ընթացքում լուծելի հարց չէ եւ լավ կլինի, որ համայնքն ունենա ներկայացուցիչներ, որոնք կմասնակցեն քննարկումներին:
«Այսօրվա ունեցած տվյալներով՝ այդ ծրագիրը չի կարող իրականացվել»,- հանդիպումը եզրափակեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իսկ ՀԲ-ի մանսագետները հայտնեցին, որ վերջնական որոշում կայացնողը Հայաստանի կառավարությունն է:
Մեկնաբանել