
Ղարաբաղյան ճեղքումը մոտ է․ հայկական կողմի ընտրությունը-2
Տարբերակ երկրորդ
Հայկական կողմը ադապտացվում է ներկայիս «ավելի շատ պատերազմ, քան կայունություն» իրավիճակին` շեշտը դնելով հակառակորդին ցավալի կորուստներ պատճառելով նրան զսպելու վրա։ Սա այլ կերպ կարելի է անվանել մերթ ընդ մերթ բռնկվող և փոփոխական հաջողություններով ուղեկցվող «սողացող պատերազմ», որի իմաստը միմյան գործող ստատուս քվոն և 1994 և 1995թթ․ հրադադարի համաձայնագրերը ցանկացած գնով պահպանելն է՝ զուգահեռաբար մանևրելով դիվանագիտության մեջ և փորձելով ամրապնդել բանակցային դիրքերը։ Այս դեպքում խնդիրը փորձ է արվում ժամանակավորապես լուծել Ադրբեջանին հարաբերական խաղաղություն կամ կայունություն պարտադրելու եղանակով, հայկական բանակի մարտունակությունն ամենօրյա ռեժիմով հակառակորդին ի ցույց դնելով։
Այս տարբերակն ընտրելը, սակայն նշանակում է տրվել Բաքվի սադրանքին և շարունակել նրա թելադրած «խաղը»։ Խնդիրն այն է, որ որքան Հայաստանը շատ ռեսուրսներ է վատնում պարզապես հակառակորդին զսպելու վրա, այնքան ավելի է մաշեցնում իր «զինապահեստը», այն դեպքում, երբ Ադրբեջանը, թանկացող նավթից և գազից ստացված միջոցներով ունակ է անընդհատ համալրել իր արսենալը։ Դրան դիմակայելու ֆինանսական ռեսուրսների և մարդկային ներուժի հայկական կողմը պարզապես չի տիրապետում և տեսանելի ապագայում չի էլ տիրապետելու։ Սա Ադրբեջանի կողմից կիրառվող հյուծման քաղաքականություն է։ Դրա հետևանքը կարող է լինել միմիայն այն, որ երբ Ադրբեջանը համոզվի , որ հայկական կողմի ռեսուրսների գերակշիռ մասը վատնվել են այս, գլխավորապես գիշերային հեռահար պատերազմում, կարող է իրեն թույլ տալ անցնել լայնածաված ռազմական օպերացիայի։ Ապրիլյան «բլից քրիգի» ձախողումը Բաքվին համոզել է, որ դեռ պետք է սպասել՝ Երևանի հետ պատերազմական «մուկնուկատու խաղալու» միջոցվ։
Ակնհայտ է՝ հայկական կողմը ոչ այս մարտավարությամբ խնդիրն արմատապես լուծելու ռեսուրս ունի և ոչ էլ, առավելևս՝ երկարաժամկետ կտրվածքով լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվելու։ Բաքվում ոչ միայն սրա վրա են խաղադրույք կատարում, այլև նրա, որ վախենալով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հեռանկարից՝ Ռուսաստանը կխուսափի Երևանին ինտենսիվորեն զինտեխնիկա և ռազմամթերք մատակարարելուց։ Դա երկու օր առաջ շատ պարզ հասկացրեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Մյուս կողմից՝ եթե Ալիևը որևէ խնդիր չունի իր երկրի երիտասարդությանը «մսաղացի» բերանն ուղակրելու, նրանց «թնդանոթի միս» դարձնելու հարցում, Սարգսյանը դա իրեն թույլ տալ ուղղակի չի կարող։
Տարբերակ երրորդ
Վերցնել նախաձեռնությունը և իրականացնել «կայծակնային պատերազմի» սեփական սցենարը՝ պատերազմական գործողությունները տեղափոխելով Ադրբեջանի տարածք, ապա ամրապնդվելով այնտեղ՝ անցնել խորը, մի քանի շերտով պաշտպանության։
Այս տարբերակը պետք է լուծի երկու խնդիր։ Առաջին՝ պարտադրել նոր ստատուս քվո և միջազգային հանրությանն ապացուցել, որ հարցը պետք է լուծել հայկական կողմի պահանջների, այլ ոչ թե Ադրբեջանի մաքսիմալիստական ամբիցիաները բավարարելու տրամաբանությամբ։ Այս իրավիճակում, բանակցությունների տրամաբանությունը բոլորովին այլ կլինի և կստիպի արագացնել կարգավորումը, հասնել նախընտրելի պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրման։ Երկրորդ՝ կոտրել ադրբեջանական բանակի ամենազորության վերաբերյալ այն ընկալումները, որոնք Բաքվի իշխանությունները ներարկել են սեփական ժողովրդին, վերջինիս շրջանում հանրային հուսահատության, խուճապայնության ալիքի առաջացնել։ Այս դեպքում Ադրբեջանի հասարակությունը հարցերի պատասխանը կփորձի ստանալ ոչ թե հայկական կողմից, այլ սեփական իշխանությունից և Ալիևի վարչակազմից։ Որևէ կասկած չկա, որ նոր ռազմաճակատում նոր պարտությունները ոչ միայն հասարակական ըմբոստության տեղիք են տալու, այլև Ադրբեջանում ուժեղացնելու են էթնիկ անջատողականության դրսևորումները հատկապես լեզգինների և թալիշների շրջանում, ինչն այդ երկիրը կարող է կանգնցնել բառի բուն իմաստով պառակտման, ներկայիս ձևով ու կառուցվածքով գոյության դադարման փաստի առաջ։
Սակայն այս տարբերակը ռիսկային է մի քանի պատճառով, որոնք ռազմաքաղաքական ղեկավարությունը հաշվի չառնել չի կարող։ Նախ՝ նման հակահարձակումը, որպես կանոն, անհնար է առանց լուրջ մարդկային կորուստների։ Երկրորդ՝ խնդիրը ոչ այքան հաջող հակահարձակում կազմակերպելն է, որքան ձեռք բերածը տևական ժամանակ ցանկացած գնով պահելը, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն տրանսֆորմացնել քաղաքական և դիվանագիտական կապիտալի։ Պարզ է՝ նման դեպքում հակառակորդը ձգտելու է շատ արագ ետ բերել կորցրածը և այդ նպատակին է ուղղելու իր ողջ զինանոցը և մարդկային կոնտիգենտը։ Երրորդ՝ պետք է նկատի ունենալ, որ սա կարող է պատերազմի ձգձգման տանել, ինչից հայկական կողմը պետք է խուսափի ցանկացած գնով։
Այս սցենարն ընտրելու դեպքում հիմնական խաղադրույքը պետք է արվի երկու գործոնի վրա։ Առաջինը առաջացած ներքին խուճապի պայմաններում Ադրբեջանի հասարակության, ընդդիմության կողմից ալիևյան իշխանությանը քավության նոխազ դարձնելն է և ներքաղաքական ցնցումներ առաջացնելը, ինչը զգալիորեն կթուլացնի թշնամուն։ Ղարաբաղյան առաջին պատերազմում նմանատիպ դրսևորումների պերմանենտ կրկնությունը չափազանց լուրջ դերակատարություն է ունեցել հայկական կողմի հաղթանակներում։ Երկրորդ՝ հայտնվելով փաստի առաջ՝ միջազգային հանրությունը՝ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրները, պետք է շտապեն հանգցնել կրակը՝ լոկալ պատերազմը տարածաշրջանայինի, իսկ գուցե նաև համաշխարհայինի չհասցնելու համար։ Դրանում հիմա հավասարապես շահագրգռված են թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը և թե ԵՄ-ն։ Եվ նրանց միջամտությամբ հնարավոր կլինի խուսափել տևական, արյունաքամ ու ռեսուրսատար պատերազմից։
Այս տարբերակն ընտրելը մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Դժվար է ասել՝ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրա՞ստ է այդ պատասխանատվությունը վերցնել։ Սա չափազանց լուրջ, խորքային ու մասնագիտական վերլուծությունների ենթակա հարց է։ Սակայն մեկ բան ակնհայտ է․ ԼՂ հարցում բեկում մտցնելու և այս պատերազմից պարտված դուրս չգալու այլ միջոց, կարծես թե չկա։ Ներկայիս իրավիճակում ևս մարդկային կորուստներ ենք ունենում։ Սակայն ողջ ցավն այն է, որ այդ ծանր «կորուստների գնով» (անգամ մեկ զինվորի կորուստը մեզ համար ծանր է) ըստ էության, ոչ մի ռազմավարական խնդիր չի լուծվում և մղձավանջի վերածվող այս նյարդայնացնող անորոշությունը չի վերանում։ Այն չի վերանալու անգամ այն դեպքում, եթե հայկական ուժերին հաջողվի ետ գրավել ապրիլի սկզբում ադրբեջանական զինուժի հանկարծակի հարձրակման հետևանքով կորցրած դիրքերը և կանգ առնել նախկին բնագծերը վերականգնելուց հետո։
Հայաստանը երկար ժամանակ ԼՂ ներկայիս փակուղային դրության մեջ մնալ չի կարող և պետք է շուտափույթ որոշում կայացի։ Իրադրության առանձնահատկությունն այն է, որ առաջիկայում համապետական ընտրություններ են թե Հայաստանում, և թե Ադրբեջանում։ Եվ այս գործոնը թույլ չի տալիս մասնավորապես հայկական կողմին կայացնելու վճռորոշ, պատմական և պատասխանատու այդ որոշումը։ Բայց մյուս կողմից՝ չստացվի այնպես, որ բեկում մտցնելու որոշումն Ադրբեջանն ավելի շուտ կայացնի։ Ավելի շուտ հենց դա իշխանությանն ընտրություններից առաջ կկանգնեցնի փաստի առջև…
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել