HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ղարաբաղյան ճեղքումը մոտ է․ հայկական կողմի ընտրությունը

Ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ քանի դեռ ղարաբաղաադրբեջանական սահմանագծում վերականգնված չէ ապրիլի 2-ից Ադրբեջանի կողմից խախտված հրադադարը, և ստեղծված չեն խաղաղության ապահովման բավարար պայմաններ, հայկական կողմն անիմաստ է համարում շարունակել ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունները։ Պաշտոնական Բաքուն սա փորձեց ներկայացնել բանակցություններից Հայաստանի միակողմանի դուրս գալու և խնդիրը դեպի ռազմական լուծման դաշտ տանելու նախաձեռնություն։

Մինչդեռ ինչպես հայտնի դարձավ Հայաստանի արտգործնախարարության՝ ապրիլի 25-ին արած հայտարարությունից, Ադրբեջանը դեռևս ապրիլի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում շրջանառության մեջ է դրել մի նամակ, որտեղ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ «փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը»։ Թեև այդ համաձայնագրերից հրաժարվելը թե միջազգային իրավունքի և թե քաղաքական առումով այնքան էլ հեշտ չի լինելու Բաքվի համար, սակայն պարզ է՝ այս նախաձեռնությամբ Բաքուն ինքն է հրաժարվում բանակցություններից և փորձում ստանալ ԼՂ-ի վրա հարձակման և հակամարտությունը պատերազմի միջոցով լուծելու «արտոնությունը»։ Ի պատասխան դրա՝ պաշտոնական Երևանը, ի դեմս ԱԳՆ-ի, հայտարարեց․ «Հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը, հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը և իրականացնելու է անհրաժեշտ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար»։

Թե նախագահ Սարգսյանի հարցազրույցից և թե ՀՀ ԱԳՆ-ի այս հայտարարությունից հետո ԼՂ հարցի շուրջ տեղի է ունեցել ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ և միանգամայն սպասելի փոփոխություն։ Հայկական կողմը, համոզվելով, որ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ոչ էլ ապրիլի 5-ից հետո սահմանային իրադրության կայունության երաշխավորի դեր ստանձնած Ռուսաստանը ոչինչ չեն ձեռնարկում ապրիլյան ռազմական սադրանքի համար Բաքվին ագրեսոր ճանաչելու, շփման գծում խաղաղության վերականգնմանն ուղղված մեխանզիմներ ներդնելու և Բաքվին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ, ամբողջ թափով անցել է վերջինիս աննախադեպ կոշտությամբ զսպելու մարտավարական գործողությունների։

Դրա երկրորդ և ոչ պակաս կարևոր նպատակը միջազգային հանրությանը և մասնավորապես հանուն խաղաղության հայկական կողմից զիջումներ ակնկալող Ռուսաստանին հասկացնելն է, որ իր նկատմամբ ճնշումները որևէ ազդեցություն չեն ունենալու, որ դրանք ավելի են կոշտացնում հայկական կողմի դիրքորոշումը։ Արդյունքում արդեն մի քանի օր է՝ ղարաբաղաադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով ընթանում է, այսպես կոչված, գիշերային հրետանային պատերազմ։ Ոչ պաշտոնական խողովակներով տեղեկատվություն է շրջանառվում, թե հայկական առաջապահ ուժերը սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ետ են գրավել ապրիլի սկզբին ծավալված ծանր մարտերի ժամանակ կորցրած դիրքերից, իսկ պատժիչ գործողություններն ուղղված են թշնամու կրակակետերի ոչնչացմանը, տեխնիկական լուրջ վնասներ հասցնելուն։

Որքան էլ, սակայն, այս մարտավարությունը հասկանալի է, սակայն ինքնին ռազմական գործողությունների ինտենսիվացումը, դիրքային այս դիմակայությունը, ընդ որում՝ առանց էական ռազմավարական խնդիրների լուծման, քաղաքական փակուղի է։ Փակուղի, որը մոտենում է կուլմինացիոն մի այնպիսի կետի, որին պարտադիր հաջորդում է պայթյունը, և տեղի է ունենում ճեղքում։ Այդ փակուղին ճեղքելու համար հայկական կողմը փաստացի ունի երեք տարբերակ։

Տարբերակ առաջին

Համաձայնել այն զիջումներին, որոնք Մոսկվայի կողմից փորձ է արվում կորզել իրենից, իբր՝ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման միջոցով տևական խաղաղություն հաստատելու խոստման դիմաց։ Այս պլանը կարելի է համարել 1921 թ․ ստալինյան լուծման մոդիֆիկացված տարբերակը, քանի որ խոսքը, ըստ էության, գնում է ԼՂ-ի՝ դե յուրե Ադրբեջանի կազմում համեմատաբար անկախ, մոտավորապես ինքնավար մարզի կարգավիճակով թողնելուն, և այդ նոր ստատուս քվոն Կրեմլի կողմից՝ Ադրբեջանին ԵՏՄ և ՀԱՊԿ ընդգրկելով և դրանով Երևանի ու Բաքվի նկատմամբ, իբր, լիակատար վերոհսկողություն հաստատելով ապահովելու մասին։ Այսինքն՝ փորձ է արվում կրկին թաղել հարցը՝ նոր ԽՍՀՄ ստեղծելու եղանակով։

Սակայն ակնհայտ է, որ եթե անգամ անտեսենք այն փաստը, որ դրանով ըստ էության առաջարկվում է վերադարձ կատարել մինչև 1988 թ․ իրավիճակը, ռուսական այս կայսերական նախագիծը ունակ չէ անգամ խոստացվող խաղաղությունը երաշխավորել։ Խնդիրն այն է, որ ներկայիս Ռուսաստանը ի վիճակի չէ որևէ ձևով վերահսկել էներգետիկ և տնտեսական զգալի անկախություն ունեցող և արտաքին բավականին հավասարակշռված ու անկախ քաղաքականություն իրականցնող Ադրբեջանին։ Վերջինս իր տրամադրության տակ միշտ ունի գոնե մեկ՝ թուրքական վեկտորի այլընտրանքի հնարավորությունը և հիմա այդ այլընտրանքն է, իբրև շանտաժի միջոց, գործադրում Մոսկվայի դեմ՝ նրա կողմից ԼՂ-ն սկուտեղի վրա ստանալու համար։ Ռուսաստանն անգամ ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ Բելառուսին և Ղազախստանին ի վիճակի չէ վերահսկել։ Նրանց հետ «վիրտուալ» դաշինք կազմած Բաքուն լինելու է էլ ավելի անվերահսկելի։

Եթե անգամ Ռուսաստանին հաջողվի ինչ-որ ժամանակահատված սառեցնել ԼՂ հարցը, ինչն անում էր Կրեմլը ԽՍՀՄ-ի տարիներին, ապա ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի փլուզումից հետո, ինչն ավելի հավանական է, քան դրանց կայացումն իբրև գուծունակ կազմակերպություններ, հայկական կողմը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել նորից՝ շատ ավելի ծանր պայմաններում։ Հետևաբար, այս տարբերակն անգամ իշխանությունների համար չպետք է քննարկման առարկա լինի, քանի որ ամեն ինչից բացի, դա նրանց համար հավասարազոր է լինելու քաղաքական ինքնասպանության։

շարունակություն

Մեկնաբանություններ (2)

Давид
Правильно! Надо полюбовно договариваться с Баку. Россия только свои интересы блюдёт . Интересы Армянского и азербайджанского народа её абсолютно не интересуют.
hrach
Հյուսիս Արեւելքում Հայկական ուժերը դիրքեր են կորցրել? ..... Ոչ պաշտոնական խողովակներով տեղեկատվություն է շրջանառվում, թե հայկական առաջապահ ուժերը սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ետ են գրավել ապրիլի սկզբին ծավալված ծանր մարտերի ժամանակ կորցրած դիրքերից, իսկ պատժիչ գործողություններն ուղղված են թշնամու կրակակետերի ոչնչացմանը, տեխնիկական լուրջ վնասներ հասցնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter