HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Թալիշում վիրավորված զինծառայողը կտեղափոխվի Գերմանիա՝ հետագա բուժման համար

«Հետք»-ը գրել էր ապրիլի 7-ին Թալիշում վիրավորված զինծառայող 19-ամյա Արման Լազգիյանի մասին։

Այսօր նրա հայրը՝ Միքայել Լազգիյանը, հայտնեց, որ Արմանին Գերմանիա տեղափոխելու համար անհրաժեշտ նախնական գումարը՝ 20 000 եվրոն, արդեն հավաքվել և փոխանցվել է գերմանական բուժհաստատությանը: Միքայելն ասաց, որ մայիսի 18-19-ին իրենք արդեն կլինեն Համբուրգում, որտեղ գտնվում է կլինիկան։

Նշված նախնական գումարը չի հատկացվել պետբյուջեի միջոցներից․ Արմանի դեպքում չի գործել կառավարության վերջերս սահմանած այն կարգը, որը նախատեսում էր պետբյուջեի միջոցներով հոգալ զինծառայողների` արտերկրում բուժման ծախսերը: Գումարը, ինչպես տեղեկացրեց հայրը, հավաքվել է մարդկանց և առանձին պաշտոնյաների օգնության շնորհիվ (նշենք, որ 20 հազար եվրոն նախնական հետազոտություն անցկացնելու և բուժումը սկսելու գումարն է):

Բուժման հետագա փուլերի և մնացած ծախսերի մասին ծնողները կտեղեկացվեն Համբուրգում, բայց Միքայելը հույս ունի, որ այդ ծախսերը ևս կկարողանան հոգալ` դարձյալ օգնությունների հաշվին:

Նշենք, որ կառավարության այսօր կայացած նիստում ոչ մի փոփոխություն չի կատարվել զինվորներին պետության հաշվին արտերկրում բուժելու` կառավարության սահմանած կարգում: Ըստ այդ կարգի` պետությունը պարտավորվում է բուժում ապահովել միայն այն դեպքում, երբ դրա իրականացումը Հայաստանում անհնար է:

Առայժմ հիվանդանոցներում գտնվող և վերականգնողական բուժման կարիք ունեցող զինծառայողներից  որևէ մեկի վերաբերյալ բժիշկները կամ առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել, թե բուժումը Հայաստանում անհնար է: Բժիշկների «հնարավոր է»-ն, սահմանած կարգով, արգելք է զինվորին արտերկիր տեղափոխելու համար` անկախ բուժման սպասվող արդյունքից:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս հաստատել է, որ բուժման այն եղանակները, որոնք զինվորների ծնողերը ցանկանում են իրականացնել արտերկրում, «հնարավոր է ստանալ նաև Հայաստանում»։
Նա նաև նշել է, որ այն ծնողներին, ովքեր կցանկանան ինքնուրույն  տեղափոխել իրենց զավակներին արտերկիր բուժման, աջակցություն կցուցաբերեն բարերարները։ Թե ովքեր են այդ բարերարները, հայտնի չէ։

Արմանի ծնողները միակը չեն, ովքեր իրենց որդու հետագա բուժումն այստեղ չեն պատկերացնում: Արմանի ծնողները մեզ հետ զրույցում նշել էին, որ արտերկրում բուժումը շարունակելու խորհուրդը նաև այստեղի մասնագետներից են ստացել: Պաշտոնապես, սակայն, չի հայտարարվում, որ որոշ զինծառայողների դեպքում Հայաստանում բուժումը նվազ արդյունքների կհանգեցնի, քան արտերկրում: 

Լուսանկարում` Արման Լազգիյանը և հայրը` Միքայել Լազգիյանը

Մեկնաբանություններ (1)

Armine
Mer bor naxararneric vomanq toxmi avtomeqena pakas unene ,bayc mer a

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter