ՈՒրբաթ, 17 նոյեմբերի

Կյաժը. դրվագներ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ուսանողական կյանքից


սկիզբը

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը նոյեմբերի 16-ին կդառնար 20 տարեկան: Երկու օր առաջ նրա ուսանողական միջավայրում էինք՝ բժշկական համալսարանի քոլեջում: Ռոբերտի մասին խոսելիս նրանց ձայնը փոխվում է, աչքերը տրորում են, հայացքը փախցնում են, արցունքների միջից ժպտում են. «Դուք չեք պատկերացնի, որ հիմա ուզենք նույնիսկ մի աննշան վատ բան հիշել Ռոբերտից, չենք կարող, որովհետև ինքը վատ բան չի արել»:

105 լսարան. ատամնատեխնիկական գործ և գիպսավորման լաբորատորիա: Այստեղ երկու տարի շարժական պրոթեզավորման տեխնիկա է սովորել Ռոբերտը: Նրա դասախոս Գարեգին Հարությունյանն ասում է՝ «հեն ա, Կյաժոս այ էստեղ էր նստում»: Հետո լռում է, նայում է սեղանին: Քիչ անց համակարգչով նկարներ է ցույց տալիս. «Կյաժիս 16-ամյակն էր, տորթ էր բերել»: Մենք հերթով նայում ենք ֆոտոները, դարձյալ ժպտում ենք, ու այդ ժպիտի մեջ տխրություն կա:

Գ. Հարությունյանը ոչ միայն դասախոս, այլև ընկեր էր Ռոբերտին՝ չնայած տարիքային տարբերությանը: Դասախոս-ընկերը ամեն առավոտ դասի գալուց Դավթաշենից ճանապարհը թեքում էր Մոնումենտ՝ Ռոբերտին տնից վերցնելու համար: Դասի միասին էին գնում: Դասախոսը դարձել էր նաև ընտանիքի մտերիմը, հարազատը, ընկերություն էր անում նաև Ռոբերտի հոր՝ Ալեքսանդրի հետ:

Այնքան հարազատ էին իրար, որ երբ Գարեգինի երեխայի 40 օրը չէր լրացել, ու ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել, միայն Կյաժը գնաց-տեսավ:

Ընկերներն ասում են՝ այնքա~ն երեխասեր էր: Հարությունյանը հիշում է, որ մի անգամ իրենց տանը խորոված էին պատրաստում, կինը սոխն էր կտրտում, հանկարծ 1,5 տարեկան տղան մի սոխ փախցրեց ու սկսեց ուտել: Ռոբերտն ասաց՝ «Հարությունյան, էս ի՞նչ ա անում»: Հարությունյանը թե՝ «տղամարդ է, սոխ է ուտում»: Հետո մի սոխ էլ Ռոբերտն էր վերցրել ու երեխայի հետ դեմ-դիմաց կանգնած սկսել էր ուտել: Երեխան նայում էր Ռոբերտին ու կրկնօրինակում: Սա պատմելիս ժպտում ենք բոլորս:

«Կուրսի էրեխեքից ում ինչ պետք էր, ինքն օգնում էր, ծանոթ էլ կխառներ, միայն թե աներ գործը: Նույնիսկ մի անգամ դասատուներից մեկը հարցրել էր կուրսում, թե Ամերիկա գնացող ծանոթ ունե՞ն, աղջիկն էնտեղ էր ապրում, բան պիտի ուղարկեր: Կյաժը կատակով ասել էր՝ կստանա՞մ իմ ստուգարքը, եթե մարդ գտնեմ, տանի, ասել էր՝ հարց չկա: 5 րոպեից մարդ էր գտել, վեշը տարել-հասցրել էին»,- պատմում է Գ. Հարությունյանը:

Ասում է՝ Կյաժն այնպիսի երեխա էր, որ իրեն սիրել էր տալիս, դասախոսներ կային, ովքեր չէին դասավանդել նրան, բայց էլի ջերմությամբ էին ընդունում: Դա նրա մարդկային խառնվածքն էր:

Ռոբերտից մեկ կուրս բարձր Լուսինե Գալուստյանն ասում է, որ իրար հետ մտերիմ են եղել, Ռոբերտը բոլորի հետ հարազատական էր: «Մարդուն առաջին անգամ տեսներ, չէ՞, էնպես կխոսեր հետը, որ քեզ կողքից կթվար, թե հազար տարվա հարազատներ են»,- ասում է Լուսինեն:

Ռոբերտը շատ ծրագրեր ուներ: Կուրսում ասում էր՝ բանակ գնամ-գամ, փոքր բիզնես պիտի դնեմ: Հայրը խոստացել էր, որ նրա բիզնեսը կֆինանսավորի: «Ուզում էինք առաջինը թութակ պահել: Ես դրա հին վարպետն եմ: Ժակոներից էինք ուզում բազմացնել: Էդ թութակները 3 տարեկան էրեխու խելք ունեն: Մեծ պահանջարկ կար»,- նշում է դասախոսը:

Ռոբերտը սիրում էր ատամնատեխնիկի աշխատանքը, եթե չսիրեր, Գ. Հարությունյանի ասելով, լաբորատորիա չէր սարքի իր տանը: Այդ հարցում Ռոբերտին օգնել էր Հարությունյանը՝ սենյակը վերանորոգել էին, գործիքներ տեղադրել: Բանակ գնալուց առաջ էլ ավագ ընկերոջը՝ դասախոսին, ասել էր, թե ծառայությունից հետո Ռուսաստան կարող է գնալ, ատամնատեխնիկայի գործ դնել, Հարությունյանին էլ տանելու է իր հետ. «Ես էլ ասացի՝ Կյաժո ջան, դու հըլը գնա ...»:

Ռոբերտի ծնողները Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: Դասախոսն ասում է՝ Ռոբերտն ուսումնարանն ավարտելուց հետո մի քանի ամիս Ռուսաստանում էր, ինքը կարող էր չգալ, չներկայանալ ծառայությանը, նույնիսկ նրան համոզում էին, որ կարող են «բանակից փախցնել», բայց հրաժարվել էր՝ ասելով, թե պիտի գնա ծառայի, որ հետո գործ գտնի:

Բանակ գնալուց առաջ Ռոբերտն ապառիկով «Նիվա» էր գնել, որ աշխատանքի ընդունվի «Արմոբիլ» պահնորդական ընկերությունում: Հետո այնտեղ ասել էին, որ եթե զինծառայություն չի անցել, չեն կարող ընդունել: Մեքենան վաճառել էր: Լուսինեն ասում է՝ վաճառել էր ավելի թանկ, քան գնել էր:

Գ. Հարությունյանը զուսպ է խոսում, բայց նրա հայացքն ու ձայնը հուզմունքը ջրի երես են հանում: Ռոբերտի մասին ներկայով է խոսում:

Հիշում է, որ Ռոբերտը որսի էր գնացել, զանգել էր, թե «Հարությունյան, քեզ համար կոտոշ եմ բերելու»: Դասախոսն ասել էր, «կոտոշը քեզ համար կբերես»: Ծիծաղել էին: Հիմա այդ կոտոշները Հարությունյանը կախել է իր բակի տաղավարում:

Ուսանողներն առհասարակ մոտ են եղել Հարությունյանի հետ: Մի անգամ նրա հողամասում հավաքվել էին, դասախոսն ասել էր՝ ի դեպ, էն անկյունում թարխուն եմ աճեցրել, հետո կատակով ավելացրել էր՝ չարածեք-ջարդեք: «Մեկ էլ որ չշրջվեցի, տեսնեմ իմ ինադու Կյաժս չորեքթաթ գնացել էր, թարխունի թփից ուտում էր: Այ տենց հավեսով էրեխա էր: Ամեն մեկը չի, էլի, որ էդպես կատակ կանի: Էնքան ծիծաղեցինք, մի ժամ չէինք կարողանում ուշքի գայինք»,- պատմում է դասախոսը:

Մի անգամ էլ դասախոսի հետ մեքենայով Մոնումենտ էին գնում, ծխեց ու «բիչոկը» պատուհանից դուրս գցեց: «Ռեզկի կանգնեցի, ասացի՝ իջի բիչոկդ վերցրու, ասաց՝ ամոթ չի՞, ասացի՝ գցելուց ամոթ չէ՞ր: Իջավ վերցրեց, եկավ, հենց գալիս էր մեքենայի մոտ, ես առաջ  քշեցի, երևի մի 500 մետր վազեց: Դրանից հետո ինքը երբեք բիչոկը չէր գցի գետնին»,- պատմում է Հարությունյանը:

Այս հիշողությունը ուսանողներից մեկը խնդրեց չգրել՝ ասելով, թե Ռոբերտի կերպարը ճիշտ չի ընկալվի: Լուսանկարիչ Հակոբը պատասխանեց, թե խնդիրը հերոսի կոչում ստացած տղայի կերպարն ամբողջացնելն է, այն, որ նա էլ կարող է կռանալ, վերցնել իր գցած «բիչոկը»: Եվ ամեն մեկը չէ, որ կարող է անել դա:

Ռոբերտի դասախոսներից Նունե Մեժլումյանը, որ շարժական պրոթեզավորման մասին տեսությունն էր կարդացել, ասում է՝ ուսանողների մեծ մասին սովորաբար տարիներ անց մոռանում են, իսկ Ռոբերտն այդ մոխրագույն զանգվածի մեջ չէր, նրան չէին կարող մոռանալ: Ռոբերտն, ասում է, աշխույժ, շարժունակ տղա էր:

Ամեն օր դասի գալուց մի բան պիտի ձեռքին պտտեցներ՝ կամ թազբեհ, կամ շղթա: Ուսանողական ընկերները նշում են, որ երկու տարի գրեթե ամեն օր մի հետաքրքիր դրվագով վիդեո էր բերում, նայում էին, երբ չէր բերում, հարցնում էին՝ «Կյաժ, երեկ հո բան չի՞ եղել հետդ»:

Նրա կուրսընկերուհի Շուշանիկ Մովսիսյանն ասում է, որ Ռոբերտը բոլորի նկատմամբ էր ուշադիր: Իր 16-ամյակին թղթի վրա գրել էր «Ծնունդդ շնորհավոր, Շուշ, չաղ ու բախտավոր» ու փակցրել լսարանի դռանը, հետո, փուչիկը մի ականջից կախած, եկել էր:

«Ինքը բոլոր իրադարձությունների կենտրոնում պիտի լիներ: Խլապուշկա կար մոտը, հիմա ուզում եմ դուռը բացեմ, ասում ա՝ Շուշ, մի մտի, սպասի, որ հենց մտնես, գմփացնեմ»,- հիշում է Շուշանիկը:

Նրա կուրսընկերը՝ Արման Մովսիսյանն էլ ասում է՝ առաջին ծանոթությունը Ռոբերտի հետ կոնֆլիկտային էր: Արմանը երկու շաբաթ ուշացումով էր դասի գնացել, առաջին դասին էլ ուշացած էր մտել, դասախոսին հարցրել էր՝ կարելի՞ է, Ռոբերտը տեղից պատասխանել էր՝ չէ, չի կարելի:

Հետո մտերմացել էին Ռոբերտի հետ. «Առավոտները դասն սկսելուց առաջ պարտադիր կոֆե էինք խմում ես ու Կյաժը: Հարությունյանի կողքը նստում խմում էինք, հետո դուրս էին գալիս ծխում, մինչև դասն սկսում էր»:

Շուշանիկն ասում է՝ Ռոբերտը 2 տարվա ընթացում հատուկենտ բացակայություններ է ունեցել , նույնիսկ հիվանդ ժամանակ էր ուսումնարան գնում:

Աստիճանաբար մեր զրույցը սկսում է հյուսվել մի կետի շուրջ՝ կատարվածի: Ընկերներից ոչ մեկ «զոհվել» բառը չի օգտագործում, ասում են՝ ապրիլի 2-ի գիշերը:

Լուսինեի խոսքով՝ ապրիլի 2-9-ը լուր չունեին Ռոբերտից, և ամենուր փնտրում էին՝ հոսպիտալ էին գնացել, Ռոբերտի ֆեյսբուքյան ընկերներին, ովքեր համազգեստով էին, հերթով գրում էին: Նույնիսկ ապրիլի 6-ին ինչ-որ մեկն ասել էր, թե Ռոբերտի հետ խոսել է, լավ է. «Մենք չէինք ուզում հավատալ, որ ...»:

Հարությունյանն ասում է՝ ուսանող զինվորներ շատ ունի, բայց հենց ապրիլի 2-ի առավոտյան զանգեց Ռոբերտին: Զանգերին պատասխանող չեղավ: Ինքն արդեն գիտեր, թե ինչ է կատարվել:

Ընկերների ասելով՝ մտածում էին, թե Կյաժը ճարպիկ է, հաստատ մի տեղ թաքնված կլինի տղերքի հետ, հետո ավելացնում են, որ դրանով հույս էին տալիս իրենց ու գիտեին, որ նա այդ տեսակը չէր, իր ամբողջ կենսագրությունը խտացրեց մի կետում՝ այն, ինչ արեց: «Դա հենց ինքը կարող էր անել»,- ասում են ընկերները:

Հ.Գ. Ուսումնարանն ավարտելուց հետո Ռոբերտն ընդունվել էր Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, որտեղ վճարել էր առաջին տարվա վարձը, սակայն զորակոչվել էր բանակ՝ գնալուց առաջ ասելով, որ գալու է սովորելու:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (3)
1. Hasmik Poghosyan21:24 - 14 մայիսի, 2016
Ռոբերտ Աբաջյանի համար պետք է բացառիկ պարգև հիմնել։ Բոլոր ժամանակների հերոս։
2. Արամ20:16 - 15 մայիսի, 2016
Բոլոր ժամանակների հերոս....... Ողորմի էս անմեղ Տղուն նա էլ ավելիին է արժանի
3. Ռոման07:43 - 15 փետրվարի, 2017
Դու կաս մեր մեջ էս մեր կոխքին մեր հետ մեզանից առաջ եվ մեզանից հետո հավերժ փառք
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։