HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Թալիշում վիրավորված զինծառայողին մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի տեղափոխել Գերմանիա

Հետքը գրել էր, որ Թալիշում վիրավորված զինծառայող Արման Լազգիյանը մայիսի 18-19-ը պետք է տեղափոխվեր Գերմանիա՝  հետագա բուժումն իրականացնելու համար։ 

Մայիսի 17-ին, սակայն, ի հայտ եկած մի շարք առողջական խնդիրների հետևանքով Գերմանիա մեկնելը միառժամանակ հետաձգվել է։ Կատարված ԿՏ հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմանի թոքային հատվածում առկա է հեղուկի որոշ քանակություն։ Այն հեռացնելու նպատակով իրականացվել էր ձախ պլևրալ խոռոչի դրենավորում:

Նույն օրը երեկոյան Արմանի վիճակը կրկին վատացել է, և Էրեբունի ԲԿ-ի բժիշկները նրան վիրահատել են, կատարվել է նաև պլաստիկ միջապտություն։ Սա ապրիլի 7-ից ի վեր թվով 5-րդ վիրահատությունն է, որին ենթարկվել է Արմանը։

Էրեբունի  ԲԿ-ի տնօրենի՝ վիրաբուժական գծով տեղակալ Միքայել Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույզում նշեց, որ Արման Լազգիյանի առողջական վիճակն այս պահին գնահատում է կայուն ծանր․«Վիրահատությունը նորմալ է ընթացել, վիրահատությունից հետո արյունահոսության էպիզոդ չի եղել։ Ըստ երևույթին՝  5 օր - մի շաբաթից նոր կկարողանան գնալ։ Ինձ թվում է՝ մինչև մյուս շաբաթվա կեսերը մենք կկարողանանք նրան տեղափոխել» ,- հույս հայտնեց  Մ․Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ ծնողները խնդրել են, որ  Արմանին ուղեկցող բժիշկ տրամադրվի․ «Որպեսզի այդ տեղափոխումը սահուն անցնի, մենք նաև իրենց բժիշկ ենք տրամադրելու, ռեանտիմատոլոգ»,- ասաց Մ․Մանուկյանը։

Այն հարցին, թե արդյոք Արմանին արտասահման տեղափոխելու կարիք կա, պարոն Մանուկյանն ասաց, որ դա, իհարկե, ծնողների որոշելու հարցն է, սակայն ասել, որ «հիմա մենք ամեն ինչ կանենք, դա էլ ճիշտ չի»։

Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը, այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ՝ հետվիրահատական շրջանում, Արմանն իրեն թույլ է զգում, բայց վիրահատությունը նորմալ է անցել․ «Տոմսերը ժամանակավորապես սառացրել ենք, սպասում ենք, որ փոքր-ինչ կազդուրվի, որ կարողանանք ինքնաթիռով տեղափոխել»,- ասաց  նա։

Հիշեցնենք, որ Գերմանիայում Արմանի բուժումն իրականացվելու է առանձին անհատների և պաշտոնյաների ֆինանսական աջակցության շնորհիվ, քանի որ արտերկրում զինծառայողների  պետական միջոցներիով բուժման վերաբերյալ կառավարության որոշումը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ Հայաստանում այն կազմակերպել հնարավոր չէ (բացակայում են անհրաժեշտ տեխնոլոգիաները կամ սարքավորումները, չկա համապատասխան մասնագետ կամ փորձառություն)։ Իսկ թե ինչ որակի կլինի այդ բուժումը, դա արդեն այլ հարց է։

Մինչ օրս որևէ հիվանդ զինծառայող այդ որոշմամբ չի մեկնել արտերկիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter