HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ պրակտիկան անցնում է բանտում, կարդում եմ այլ քրեական գործեր

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից                 

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողները, երևի, թե ուսումնական պրակտիկան անցկացնում են դատարաններում: Ափսոս, որ բանտարկյալ-ուսանողը դրա հնարավորությունը չունի: Փոխարենը՝ իմ պրակտիկան անցնում է բանտում ու տևում արդեն 20 տարի՝ սեփական դառը փորձիս վրա:

Բայց վերջին չորս տարիներին, սովորելով իրավաբանության ֆակուլտետում, այս կամ այն իրավաբանական հարցով ինձ են դիմում թե բանտարկյալները, թե աշխատակիցները` քրեական գործի կամ ընդհանրապես ինչ-որ օրենքների կիրառման, մեկնաբանման հարցով:

Հիշում եմ դատական սխալի պատճառով բանտում 11 տարի անցկացրած և իրավաբանություն սովորած Մայքլ Օ`Բրայենի հետ հարցազրույցս, նաև նրա մյուս հարցազրույցները, որտեղ պատմում էր, թե ինչպես է բանտում իրավունք ուսումնասիրելիս օգնել թե բանտի աշխատակիցներին, թե բանտարկյալներին իրավաբանական խորհրդատվություն տալով:

Այսպիսով, ես էլ եմ ծանոթանում տարբեր քրեական գործերի նյութերի: Հատկապես ինձ հետաքրքրում են քաղաքացիներին ազատությունից զրկելու, կալանավորման հիմքերը, քանի որ այս կլոր բանտի ներքևի հարկերում կալանավորվածներն են: Մարդիկ են, ում նկատմամբ դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Այդպես ծանոթացա վերջերս կալանավորված գործարար Ջնդի Ամարյանին ազատությունից զրկելու հիմքերին: Այն, ինչ գրել եմ, հիմնված է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման ու փաստաբան Հակոբյանի բողոքի վրա: Այս գործը ինձ հետաքրքրեց իրավական առումով`կա՞ն արդյոք բավարար հիմքեր մարդուն կալանավորելու համար:

Թեև պաշտպանական կողմը առարկել է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության դեմ, նշելով, որ նախաքննության մարմինն ապօրինի քրեական հետապնդում է իրականացնում և բացակայում են հիմնավոր կասկածները վերագրվող ենթադրյալ արարքին Ամարյանի առնչության վերաբերյալ, այնուամենայնիվ դատարանը կիրառել կալանավորումը`երկու ամիս ժամկետով, նաև մերժել է այլընտրանքային խափանման միջոց`գրավի կիրառումը:

Իմացա, որ Ամարյանին մեղադրում են շորթման մեջ: Իսկ քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել քաղաքացի (տուժող ճանաչված) Կարեն Զարգարյանի հաղորդումը, ըստ որի, իբր, Ամարյանը մարտի 26-ին ժամը 14-ի սահմաններում իրեն պատկանող «Արևելյան խոհանոց» ռեստորանում այլ անձանց հետ միասին և նրանց ներկայությամբ պահանջել է իրեն հանձնել տուժողին պատկանող 20.000 ԱՄՆ դոլար գումար: Եվ որպես գումարի երաշխիք, ըստ մեղադրանքի, պահանջել են տուժողի մեքենայի բանալիները:

Որպես ապագա իրավաբան, չէի կարող ուշադրություն չդարձնել այն հանգամանքներին, որոնք առանձնացրել էր փաստաբան Հակոբյանը: Գրել եմ աչք ծակողների մասին.

1.Ճանաչման  ներկայացման ժամանակ տուժողը չի ճանաչել Ջնդի Ամարյանին, սակայն որոշվել է ևս մեկ անգամ կատարել ճանաչման գործողությունը, որի ժամանակ տուժողը, իբր, ճանաչել է նրան:

2.Տուժողը Ջնդի Ամարյանի արտաքինի հետ կապված հայտնել է. «Սափրված է եղել, թե ոչ, կամ ակնոցներ են եղել աչքերին, թե ոչ, չեմ կարող ասել, քանի որ նրա թրաշին և ակնոցներին ուշադրություն չեմ դարձրել»: Ամարյանը մոր մահվան կապակցությամբ սափրված չի եղել և վառ արտահայտված սպիտակ մազեր են եղել երեսին: Բացի այդ, մշտապես կրում է +5 ակնոցներ:

3. Ամարյանը տուժողի հոր հետ առերեսման ժամանակ ասել է հետևյալը. «Դու ասացիր, որ մարտի 31-ին ոստիկանները զանգել են տղայիդ, ներկայացել իբրև զապչաստ գնող և նրան տարել են 6-րդ վարչություն`քո ավտոմեքենան, որը նա վարել է այդ օրը, թողնելով ճանապարհի մեջտեղը: Հետո ստիպել են, որ որդիդ ինձ մատնանշի, վրաս գրի, դրա համար իրեն ցույց են տվել իմ լուսանկարը: Ստիպել են ասել, որ իբրև ես ներկա եմ եղել իմ ռեստորանում տեղի ունեցած վերը նշած խոսակցությանը»:

Փաստաբան Հակոբյանը, ներկայացնելով այս և մի շարք այլ փաստեր` բողոքով դիմել է գլխավոր դատախազին, Երևան քաղաքի դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, խնդրել է ապահովել օրինականությունը, իր պաշտպանյալին զերծ պահել չգործած արարքի համար քրեական հետապնդումից, կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, վերացնել Ամարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը ու նրան ազատ արձակել:

Թվում է՝ ծույլիկ աշակերտի գրած շարադրություն հիշեցնող իմ քրեական գործից, 1996 թ-ի դատավճռում վերջերս հայտնաբերած երկու կեղծիքներից հետո, այլևս ոչինչ չի կարող զարմացնել ինձ: Բայց կարդալով այսօր քննվող քրեական գործեր՝ համոզվում եմ, որ ոչինչ էլ չի փոխվել: Այսինքն՝ բանտերը շարունակում են մնալ այս կամ այն պատճառով անցանկալի մարդկանց մեկուսացնելու միջոց: Եվ օրենքի ու օրինականության հետ այս ամենը որևէ կապ չունի:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter