Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ռուսաֆոբիայի վտանգները



Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ (մաս 4)

Գրության նախորդ երեք մասերում (1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս) ներկայացվել էր Հայաստանում ռուսաֆոբիայի նոր ալիքը, մամուլում վախ ներշնչող ռուսաֆոբիական վերնագրերը, նաև  ռուսաֆոբիայի այն երեք արմատները, որոնցով մանիպուլացնում են մարդկանց զգացումները. 1-ին 1914-1915 թվերին Ցարական Ռուսաստանի դիրքը հայերի նկատմամբ, որ Ռուսաստանը հատուկ հակահայկական կամ հայերին բնաջնջելու ծրագիր չի ունեցել, և որ ցեղասպանության ժամանակ հայերին չփրկելու պատճառը զուտ նրա մարտավարական շահերն են եղել: 2-րդ   1920 թվի Թուրքբոլշևիկյան դաշինքը և դրա հետևանքով հայերի կորուստները, որ կրկին Բոլշևիկյան Ռուսաստանը հատուկ հակահայ քաղաքականություն չի ունեցել, և որ պատճառն այն էր, որ Հայաստանի դաշնակցական իշխանությունները Ռուսաստանի թշնամի Անտանտի դաշինքի հետ էին: Դաշնակցությունը կառչած է մնում Սևրի դաշնագրից և ի վերջո պարտությունների և կորուստների գնով հրաժարվում նրանից:

3-րդը 1991-ին Սովետական բանակի իրականացրած  Կոլցո օպերացիան է, որի արդյունքում դատարկվեց Գետաշենն ու հարակից հայկական գյուղերը, որ կրկին սա ոչ թե հակահայկական էր, այլ հակաՀՀՇ-ական, Ադրբեջանում իշխանության էին մնացել կոմունիստները, իսկ Հայաստանում իշխանության էին եկել հակակոմունիստ ուժերը, հետևաբար Մոսկվան պաշտպանում էր իր կուսակից Ադրբեջանի իշխանությանը ընդդեմ իր նկատմամբ թշնամական Հայաստանի իշխանությունների:  

Ռուսաֆոբիան  հակակրանքների, վախերի, ատելության, ծաղրի բազմազան սպեկտր է

Ռուսաստանի կամ ռուսների կամ ռուսական մշակույթի հանդեպ

Վիքիպեդիա

Ռուսաֆոբիան դարձել է նացիզմի ձևը: Ծափահարում են ռուսաֆոբներին:

Լինել ռուսաֆոբ պատվաբեր է, շահավետ է, նորաձև է, ինտելեկտուալ է:

Իմ թագավորական աստղը հակառուսաֆոբիան է:

Յուննա Մորից

Հակառուսական պրոպագանդան այնպիսի ծավալների է հասել, որ առաջացրել է թշնամանք ռուսական մշակույթի ու ընդհանրապես նրանց հանդեպ, ովքեր ազգությամբ ռուս են:

Ուկրաինայում ծավալվող հակառուսական ֆաշիզմի էլեմենտներ են նկատվում նաև Հայաստանում: Գրականագետ բարեկամս ասում էր, որ մի քանի երիտասարդներ իրեն հարցրել են, թե ինչ գիրք խորհուրդ կտաք կարդալ, նա առաջարկել է Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», «էհ, չէ, ոչ մի ռուսական գիրք, ես զզվում եմ ռուսներից»,- պատասխանել է աղջիկը:

Նույն ֆաշիզմը արդեն հրապարակային է երևում.  Գառնիկ Ներսիսյանը Ֆբ-ում մեկնաբնության մեջ ասում է. «Ես ռուսախորշող եմ, կամ ռուսազզվող եմ», իսկ Լավրովի ասուլիսի ժամանակ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ֆբ-ում գրեց «Ասուլիս կարող են տալ միայն ասունները» (ռուսաֆոբները նաև Հիտլերից են հակառուս ռասիստական ցիտատներ բերում, բայց դրանք չեմ ներկայացնի):

Ռուսաֆոբները պրոպագանդում են, թե իբր ամբողջ

աշխարհը դրախտ է դարձել, միայն Ռուսաստանն է դժոխք:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության
անդամ
ի ՖԲ պատից

Ովքեր փորձում են Ռուսաստանի նկատմամբ դրական կամ չեզոք կարծիք հայտնել, որակվում են ստրուկ, պուտլեռական, պուտիլովշչիկ, չեկիստ, կգբիչնիկ, ռուսուլման(այս արտահայտությունը ատելության խոսքի նմուշ է, մի կրոնի (մուսուլման) և մի ազգության(ռուս) համադրումով երկուսի ներկայացուցիչներին էլ վիրավորում է, այս բառով գուգլը 790 լինք է բերում):

Ռուսաֆոբիայի մյուս վտանգն այն է, որ շեղում է Հայաստանի իրական պրոբլեմներից և դրանց պատասխանատու դարձնում ուրիշին, սա շատ ձեռնտու է իշխող Հանրապետական կուսակցությանը՝ մենք մեղք չունենք արտագաղթի, կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամերի, ճակատում կորուստների համար, հեն է, մեղավորը ռուսներն են:

Ռուսաֆոբը ամեն ողբերգության մեջ Ռուսաստան է տեսնում.
Հայ օգտատիրոջ գրառում ֆբ-ում՝ կապված
Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունի հետ:

Իսկ ամենամեծ վտանգը այն կլինի որ ռուսաֆոբիան մխրճվի պետական քաղաքականության մեջ, երկիրը տանի դեպի հակառուսական դաշինքներ, այդ դեպքում իսկապես պատմությունը  կկրկնվի՝ նոր Կոլցո օպերացիան անխուսափելի կլինի:

Ժամանակակից ռուսաֆոբ պրոպագանդան մանիպուլացնում է Սովետական Միության սարսափով լի հիշողությունը, օգտագործելով Ռուսաստանի որևէ կոշտ գործողություն կամ մարդու իրավունքերի խախտում, ահաբեկում է զանգվածներին, թե Սովետական կայսրությունը վերականգնվում է:

Հայկական ռուսաֆոբիական շարժումն էլ որպես միջազգային ռուսաֆոբիայի մաս նույն մեթոդն է կիրառում Հայաստանում՝ մանիպուլացնելով նախկինում Սովետական Հայաստանի ոչ անկախ վիճակը, Ռուսաստանի յուրաքանչյուր ոչ հայանպաստ քայլը նույնացնում անցյալի հետ և ահաբեկում, թե  Հայաստանը անկախ չի, Ռուսաստանի գաղութն է և ինքնուրույն քաղաքականություն չունի:

Թեև այս պրոպագանդան զանգվածների վրա ազդեցություն է թողնում, սակայն հիմնված է կեղծիքի վրա և անհրաժեշտ է հերքել.

Հայաստանը անկախ երկիր է ոչ միայն անկախության խորհրդանիշներով. նա անկախ քաղաքականություն է վարում, մասնակցում է ռուսական շահերից չբխող ՆԱՏՕ-ի բազմաթիվ խաղաղարար միջոցառումների՝ Իրաքում, Կոսովոյում, Ավղանստանում: Հայաստանի ամենամեծ հարստությունը՝ հանքերը, հայ պաշտոնյա-սեփականատերերը շահագործում են արևմտյան ձեռնարկությունների հետ, Հայաստանում տնտեսական քաղաքականության վրա ամենամեծ ազդեցությունը ունեն Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ արևմտյան կազմակերպություններ:

Ի հեճուկս ռուսաֆոբների այն պնդմանը, թե Հայաստանը չի կարող անցնել խորհրդարանական կառավարման, քանի որ Ռուսաստանը նախագահական է, անցյալ տարի էլ իշխանությունը նոր սահմանադրությամբ երկրի մոդելը փոխեց՝ դարձնելով խորհդրանական:

Ռուսաստանի և Հայաստանի դաշինքը հիմնված է փոխշահավետության վրա, Հայաստանում ռուսական ռազմական բազաները ինչպես Հայաստանին են անհրաժեշտ, այնպես էլ Ռուսաստանին (ինչպես դա երևաց ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակ, տես «Ռուս-թուրքական առճակատման դասերը»):

 Եվ եթե ներկայիս իշխանությունները զիջումներ են արել Ռուսաստանին՝ ինչպես օրինակ Գազպրոմի մոնոպոլ պայմանագրով, ապա դա Ռուսաստանի գերիշխանության պատճառով չի: Չդիմադրելը, բոլորին զիջումներ անելը Հայաստանի ներկա իշխանությունների բնույթն է, որ հստակ երևում է 2008-ից սկսած. նա 2008-ին զիջումներ արեց Թուրքիային հայ-թուրքական արձանագրություններում՝ ցեղասպանության հարցը թողնելով պատմաբաններին, 2009-ին Վրաստանին, թույլ տալով, որ վրացի սահմանապահները ներխուժեն Բավրա գյուղը ու իրենց երկրին կցեն հայ գյուղացիների վարելահողերը, Ադրբեջանին 2011-ին Կազանի փաստաթղթում՝ հրաժարվելով Ղարաբաղի ինքնորոշման ժամկետներից, Եվրոմիությանը՝ եվրոասոցացման պայմանգիրը կնքելու պատրաստակամությամբ, սակայն մեկ այլ զիջման արդյունքում հրաժարվեց նրանից և մտավ ԵՏՄ, Ղազախստանին՝ ԵՏՄ մտնելով առանց Ղարաբաղ և համակերպվելով ապրիլին ԵՏՄ վարչապետների նիստը Երևանից տեղափոխելուն և այլն:

Ռուսաստանը գլխավորապես մի բան չի հանդուրժում և հարվածում է, երբ իր սահմանակից երկրները անցնում են հակառուսական դաշինքների մեջ՝ հիմնականում երբ ձգտում են մտնել ՆԱՏՕ: Ռուսաաստանը ոչ առանց հիմքի դեպի իր սահմանները ՆԱՏՕ-ի ամեն առաջխաղացման մեջ իր անվտանգությանը սպառնալիք է տեսնում:

Բայց սա այն է, ինչին ձգտում է հայկական ռուսաֆոբիան. Խաղալով մարդկանց ազգային ինքնասիրության վրա, քարոզելով,  թե Հայաստանը անկախ չի, «անկախացնելու»  անվան տակ երկրից հանել տալ ռուսական ռազմաբազաները, Հայաստանը մտցնել եվորասոցացման պայմանագրի մեջ և տանել ՆԱՏՕ:

Ինչպես գրում է lragir.am-ը. «Հայաստանն այլեւս չի կարող մնալ Ռուսաստանի գործընկերը, քանի որ Ռուսաստանը գործընկեր չէ և զենք չի մատակարարում», ապա եզրակացնում. «Հայաստանը պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը»: ՖԲ-ում խումբ է ստեղծվել «102-րդ ռազմաբազան հանել Հայաստանից»,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարում է՝ «ռուս-թուրքական սահմանը պետք է դառնա հայ-թուրքական սահման», «Բազան ինչու եք թողնում, դա էլ փակեք, հավաքվեք ու գնացեք»:

Երբ վրաց-ռուսական պատերազմից մեկ տարի անց 2009-ին Վրաց-Օսեթական սահմանին կանգնած ադրբեջանցի լրագրողը հարցրեց թե Ռուսաստանի ինչի՞ն են պետք այս սարերը, Պաատա Զաքարաշվիլիին, ով այսօր Վրաստանի Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության նախարարն է, պատասխանեց.

Հոգեբանի գրառումը ֆբ-ում

«Ռուսաստանին սարերը պետք չեն, Ռուսաստանին պետք է, որ Վրաստանը ՆԱՏՕ չմտնի»:

Այդպես Վրաստանն ու Ուկրաինան անցնելով Ռուսաստանի դեմ ուղղված դաշինքների կողմը՝ ձգտելով մտնել ՆԱՏՕ և պատրաստվելով ստորագրել եվրոասոցացման պայմանագիրը, ստացան իրենց «Կոլցո»-ները. 2008-ի վրաց-ռուսական պատերազմում Վրաստանը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող Ախալգորիի շրջանը, իսկ Ուկրաինան էլ Ղրիմը, ու նաև խրվեց քաղաքացիական պատերազմի մեջ: Երկու երկրներն էլ, որդեգրելով ռուսաֆոբիան, հույս դրեցին ՆԱՏՕ-ի և Արևմուտքի վրա, ու ստացան այնպիսի պատասխաններ  ինչպիսին 1920 և 1991 թվերին Հայաստանը:

***

Հայտնի է, որ նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրք-սիրիական սահմանին Թուրքիան խփեց ռուսական СУ 24 ռմբակոծիչը, երկու երկրների հարաբերությունները վատացան, այն աստիճան որ Ռուսաստանը սանկցիաներ մտցրեց Թուրքիայի դեմ, առևտրական հարաբերությունները խզեց՝ պահանջելով ներողություն խնդրել: Իսկ Թուրքիայի հարաբերությունները Եվրոմիության հետ հակառակը ավելի ջերմացան՝ Թուրքիայի քաղաքացիները ստացան առանց վիզայի մուտքի իրավունք Եվրոպա:

Սակայն նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների թշնամական ֆոնին ռուսաֆոբիայի քարոզիչները, մանիպուլացնելով մարդկանց վախերը, շարունակում են քարոզել, թե հենց այս պահին Թուրքիան ու Ռուսաստանը դաշինքի մեջ են և Հայաստանը կործանելու ծրագիր են մշակել:

Ապրիլի 29-ին «Ոչ ռուսական իմպերիալիզմին» անունը կրող ցույցի ժամանակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարում է.

«Ազգի ու պետականության փրկությունը այսօր գտնվում է Հայաստանը դեպի Եվրոպական ընտանիքի ուղղելու մեջ, դուրս գալ ռուս-թուրքական դաշինքներից եւ  ապագաղութացնել Հայաստանը»:

lragir.am-ն էլ ապրիլի 2-ին՝ պատերազմի պահին հրապարակում է Լենին -Քեմալ կոլաժը և զուգահեռ Պուտինի, Էրդողանի և Ալիևի համատեղ լուսանկարը վերնագրելով՝ «Չմոռանանք պատմությունը և թույլ չտանք կրկնվի»: Եվս մի պարզ մանիպուլյացիա է մարդկանց վախերի վրա, կեղծել իրականությունը և վախեցնել մի բանով, որ գոյություն չունի, քանի որ  Պուտինը Էրդողանին բացահայտ քննադատում է, այն աստիճան, որ ասում է, թե խելքը կորցրել է, իսկ Էրդողանն էլ մայիսի 11-ին կոչ արեց ՆԱՏՕ-ին, որ իր ներկայությունը Սև ծովում ուժեղացնի, քանի որ այն վերածվել է ռուսական լճի: 

(lragir.am-ի վերնագրերը իսկական ահաբեկչություն են, նպատակը` ամեն գնով, ստեր հորինելով Ռուսաստանի հրեշային կերպար ստեղծելն է ու Հայաստանը հակառուսական դաշինքների մեջ տանելը, օրինակ այսպիսի սուտ վերնագրեր՝  «Ռուսաստանը դուրս է բերում ռազմակայանը Հայաստանից», «Ռուսաստանը հրաժարվեց ցեղասպանության ճանաչումից», «Մոսկվան նոր ճակա՞տ է բացում Հայաստանի համար»,  «Ռուսաստանը զենքը կհանի Հայաստանից», այս մասին տես՝ «Ստախոս մամուլ. Լրագիրը մասնակիցն է հակառուսական մանիպուլյացիայի»)

1920-ի դաշնակցականներն ու 1991-ի ՀՀՇ-ն նույն այսօրվա ռուսաֆոբներն են՝ հակառուս, արևմտյան քաղաքական շահերի կցորդ, նրանցից շատերը պատգամավորներ և պաշտոնյաներ են, նրանց հակառուսությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով և եթե իշխանությունը ամբողջությամբ նրանցը չի, դա չի նշանակում, թե վտանգավոր չեն:

Կարծիք կա, որ  Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել նաև այն պատճառով, որ Հայաստանը եվրասոցացման պայմանագիրն էր մշակում և ուզում էր ստորագրել, պատգամավոր Թևան Պողոսյանը ասում է. «2013 թվականից Ռուսաստանը Հայաստանին ԵՄ անդամակցության տեսլականից դուրս բերելու քաղաքականություն էր վարում: Արդյունքում սկսեց զենք վաճառել Ադրբեջանին՝ ցույց տալու հայերին, թե տեսեք այդ դեպքում ինչ կլինի ձեզ հետ»: Գուցե այդպես չէ, բայց հստակ է, որ Ռուսաստանի համար Հայաստանին պատժելու տարբերակների մեջ Ղարաբաղին վնասելը միակը չի, տարեկան 100 հազար մարդ է մեկնում Ռուսաստան աշխատելու, Հայաստանի բնակչության ստվար մասը Ռուսաստանից ուղարկված գումարներով է գոյատևում: Հակամարտության մեջ մտնելով՝ մի քանի օրում կարող են քաղաքացիություն չունեցող հայերին քշել Ռուսաստանից, իսկ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը ինչպես այժմ, այնպես էլ հետագայում նրանց հաստատ աշխատանքի չեն ընդունելու:

Ռուսաֆոբները ցնծում էին, երբ 2015-ի նոյեմբերի 25-ին
թուրքերը ռուական կործանիչը խփեցին:
Սփյուռքահայ մտավորականի ՖԲ պատից

Հայ ռուսաֆոբները երեք խմբի են բաժանվում. 1-ինը ավանդականներ, ովքեր տուժել են Սովետական տարիներին և նրանց վերքը այնքան խորն է, որ չեն ցանկանում ընդունել, որ ներկայիս Ռուսաստանն ու Սովետական միությունը տարբեր երկրներ են, տարբեր գաղափարախոսություններ, որ սովետական ռեժիմից նույնքան ռուսներ են տուժել որքան այլ ժողովուրդներ, և Ռուսաստանի ամեն տեսակ ակտիվացում դիրտարկում են որպես անկախության կորուստ:

2-րդը արտագաղթածներն են, որոնք էլ իրենց հերթին երկու խմբի են բաժանվում.

ա) Նրանք ովքեր արտագաղթել են սովետական տարիներին, Հայաստանը տեսնում են էնտեղ որտեղ թողել են, և վստահ են, թե այն դեռ Սովետի մեջ է:

բ) Որ հեռացել են անկախության տարիներին, և քանի որ հայերի մեջ Հայաստանից հեռանալը  մեղք է համարվում, նրանք արդարացում են գտել, թե իբր երկիրը անկախ չի, շարունակում է մնալ ռուսական գաղութ, նրանց «ազատատենչ հոգին» էլ  չընդունելով «ռուսական դաժան ռեժիմը», վտարանդի են դառել(նրանց մեջ կան նախկին կոմկուսի անդամներ և անդամների զավակներ): Այս խաբեությունը նաև հավելյալ հնարավորություն է տալիս արևմտյան ռուսաֆոբ չինովնիկներից փախստականի կարգավիճակ ստանալու համար: Արտասահմանում տեղավորված ռուսաֆոբները վստահորեն մղում են Հայաստանը ՆԱՏՕ, քանի որ իրենց ապահով կյանքին Ռուսաստանը չի կարող վնասել: Սակայն նրանք այդքան մեծ ազդեցություն չունեն, նրանց լսարանը հիմնականում սոցիալական ցանցերն են:

Հայաստանից ԱՄՆ արտագաղթած
լրագրող Նաիրի Բադալյանի ֆբ էջի դիմապատկերը

3-րդ խումբը նոր առաջացած ռուսաֆոբներն են՝  ամերիկյան և եվրոպական ու նաև Հայաստանի վերնախավի որոշ շրջանակից  ֆինանսավորմամբ գործող քաղաքական, հասարակական կազմակերպություններն ու մամուլը, որոնք հասարակական կարծիք են ձևավորում, ազդում են ուրիշ մտավորականների և մամուլի օրգանների վրա, նրանց էլ ներգրավում ռուսաֆոբիայի մեջ, քանի որ ինչպես բանաստեղծ Յուննա Մորիցն է ասում՝ այսօր ռուսաֆոբ լինելը մոդայիկ է:  

Մեծ ֆինանսները ավելի արագ են ազդում քան պատմության ու հարևանների դասերը:

Ռուսաֆոբների քաղաքականությունը եթե հաջողություններ ունենա, ապա Հայաստանը կտրորվի ռուս-արևմտյան առճակատման արանքում: Իսկ եթե նրանց ծրագիրը ամբողջովին իրականացվի, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի դեմ ուղղված դաշինքների մեջ, ուղղակի աղետ կլինի:

Գլխավոր լուսանկար` հակապուտինյան ցույց ՀՀ-ում Ռուսաստանի

դեսպանատան դիմաց`ռուսական զորքերի Ղրիմ ներխուժելու առիթով, 5 մարտ, 2014թ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (16)
1. գյուղական ինտիլիգենտ10:49 - 6 հունիսի, 2016
Գայլի սիրտ կերած Հայերը կանգնել են արջի ու մարդակերների մեջտեղն ու ... քրֆում են բոլորին! Մի երկու անգամ էլ դաշնակներն ըտենց արեցին ....
2. Վարազ Սյունի 16:33 - 6 հունիսի, 2016
Այս Վահան Իշխանյանը ռուսամետ պրոպագանդա է անում. իր հոդվածներն ես այլևս լուրջ չեմ ընդունում:
3. Վարազ Սյունի 16:40 - 6 հունիսի, 2016
ՀԳ. «Ռուսաֆոբիայի» Վիքիպեդիայի բնորոշումը ճիշտ չէ: Ֆոբիան «բազմազան սպեկտր» չէ:
4. Մերուժան21:40 - 6 հունիսի, 2016
Մեկնաբանությունը......և 4 խումբ,որ փորձում էն անկախ վերլուծել իրականությունը,հասկանալ բաներ,որ տրամաբանորեն չեն բացատրում ռուսների կողմնակալ վերաբերմունքը մեր թշնամիների հետ,որը նույնիսկ շահով չի բացատրվում:ստիպված էս լինում հավատալ,որ Հայաստանը իրենց պետք է առանց հայերի,թեկուզ կարող է իրենց էլ չմնա:
5. Լուսինե22:42 - 6 հունիսի, 2016
Հարգելի հեղինակ ոչինչ հենց այնպես չի լինում ու եթե Հայաստանում աճում է ռուսաֆոբիան, ապա դա միայն Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունք է: Ի դեպ Դուք ռուսաֆոբներին խմբերի բաժանելիս մոռացաք ամենակարևոր խմբի մասին, որը բաղկացած է գիտակից, բանիմաց, պատմությանը քաջատեղյակ, վերլուծական հմտություններով օժտված ազատ ՀՀ քաղաքացիներից, որոնք ամենևին էլ արևմտամետ կամ ռուսամետ չեն, այլ հայամետ են և առաջնորդվում են միայն Հայաստանի շահերով: Ինչ վերաբերվում է պրոպագանդային ու մանիպուլացիաներին, հիշեցնեմ Ձեզ, որ տարիներ շարունակ և նաև հիմա պրոպագանդա է արվում, որ Հայաստանը առանց Ռուսաստանի ոչինչ է և չի կարող գոյատևել և մարդիկ այն աստիճանի էին ռուսաֆիկացվել, որ նույնիսկ ռուսերենին լավ տիրապետող հայ մարդիկ իրենց ավելի ինտելեկտուալ էին համարում և վեր դասում բոլորից: Արդյունքում, ընկնում ենք մի ծայրահեղությունից դեպի մյուսը և շատ տեղին է հայտնի ասացվածքը :
6. Mayis03:39 - 7 հունիսի, 2016
Վահան, զարմանալիորեն նոր ոճ ու ուղղություն ունի քո այս նոր գրվածը...երբ Ռուսաստանը (աստված մի արասցե) ուժեղանա ու դառնա այն ինչ ինքն է այժմ երազում քո հոդվածը կօգտագործվի ռեպրեսզիվ մեխանիզմների համար: Սա անփոխարինելի վերլուծություն է սկսել բռնաճնշումներ... բայց մինչ այդ այս հոդվածը հակառակ արդյունքն է տալու՝ դու հիմա գովազդում ես մի խումբ քո բնորոշումով ,,ռուսաֆոբների,,...
7. Արմեն Զատիկյան06:02 - 7 հունիսի, 2016
Սնկակերության վտանգները...Ճ
8. գյուղական ինտիլիգենտ10:51 - 7 հունիսի, 2016
Վահանի հոդվածաշարը դառն է, իսկ եզրակացությունը ըմբռնելի, որովհետեւ այն տրամաբանության վրա է կառուցված, այլ ոչ բնազդական զգացմունքների: Սակայն մեկնաբանություններից ավելի դառը եզրակացության ենք գալիս՝ հայերիս մոտեցումը հարցին, մեծի մասամբ ապշելու աստիճան պրիմիտիվ է՝ ասենք, իրենց թիմի օգտին աղմկողների մակարդակի: Բարեկամներս, գրվածը ֆուտբոլի մասին չէ, այլ գոյատեւման խաղի ....
9. Վարդգես11:43 - 7 հունիսի, 2016
Հարգելի հոդվածագիրը այս շարադրանքով դարձավ հայ իրականության ու հանրության մի մասի մեջ դեռևս առկա թերարժեքության բարդույթի արտահայտիչը;Իսկ թերարժեքությունն էլ ,,ռուսաֆոբիայի,,նման հիվանդագին երևույթ է,որն առաջանում է օբեկտիվ իրականության սուբեկտիվ ընկալման արդյունքում;
10. Արմեն16:21 - 7 հունիսի, 2016
Հայաստանի օկուպացված վիճակում նման հարց արծարծել խիզախություն է գուցե Վահանի կարծիքով, բայց եթե պատվեր չի խորհուրդ կտամ դիմել հոգեբույժի սեփական ֆոբիաներից ազտվելու համար
11. Վարազ Սյունի (Ամստերդամ)12:03 - 8 հունիսի, 2016
Այս ամբողջ հոդվածաշարը սխա՛լ է,որովհետև «ռուսաֆոբիա» կամ «ամերիկաֆոբիա» գոյություն ունենալ չի կարող: Հոդվածի հեղինակն էլ սա պարզապես չի հասկանում:
12. վ մարտիրոսյան22:39 - 8 հունիսի, 2016
հեղինակը երևի ծանոթ չէ իմպերիաների պատմությանը, նրանց առաջացման ու կործանման մեխանիզմին; սումգաիթն ու բաքուն կոմունիստական Հայաստանի ժամանակ էին, Հայաստանից ոչ մեկը ԽՍՀՄ կենտկոմի անդամ չի եղել, իսկ մուսուլմանները լիքն էին, ներկայումս Հայաստանը լրիվ ռուսաֆիկացված է, ասեք շահը և այլն; միայն համաձայն եմ, որ ամենքի դժբախտությունը մեծամասամբ սեփական խելքից է;
13. Սասուն Յուզբաշյան00:40 - 10 հունիսի, 2016
Անկեղծ ասած հեղինակի ստեղծագործությունների նկատմամբ հակակրանքիս ազդեցությամբ քմծիծաղով սկսեցի կարդալ, ավարտեցի առանց քմծիծաղի և բավականին մեծ համակրանքով: Համակրանքս ավելացավ նաև մեկնաբանությունները կարդալուց հետո, որտեղ Վահան Իշխանյանի հասցեին էշություններ էին ասում հենց այն օգտատերերը, ում ասածները ես մինչև այդ էլ էշություն էի որակում: Բռավո, Վահան Իշխանյան
14. Վառե05:51 - 10 հունիսի, 2016
Ցավում եմ , որ թե հոդվածագիրը և թե մեկնաբանողները ի վիճակի չեն հասկանալու , տարբերելու Ռուսական պետություն, ռուս ժողովուրդ, կամ Հայաստանի վարչախումբ, հայ ժողովուրդ հասկացությունները։ Ստացված շիլաշփոթի արդյունքում հաճախ նույնացվում է Պուտինի վարչախումբ , Ռուսաստան, ռոս ժողովուրդ հասկացությունները, որն էլ հանդիսանում է այսպես կոչված ռուսաֆոբիաի տարածման արատավոր երևույթի հիմնական պարճառը։ Ինձ թվում է յուրաքանչյուր հայի համար վիրավորական կլիներ եթե Հայաստանի գործող վարչախումբը նույնականացվեր հայ ժողովրդի հետ։ Պուտինի վարչախումբը Ռուսաստան չէ, առավել ևս ռուս ազգ չէ, որեմն տեղին չէ նաև ռուսաֆոբիա հասկացությունը։ Եթե ոմանք շատ են ցանկանում գործածել ֆոբիա բառը, ապա կարող են ծայրահեղ դեպքում կիրառել Պուտինաֆոբիա կամ Կրեմլաֆոբիա բառակապակցությունները, բայց ոչ երբեք ռուսաֆոբիա բառը։ ինչու՞, ովքեր քիչ թե շատ ծանոթ են ռուս ժողովրդի պատմությանը, մշակույթին, հասարակական֊քաղաքական կյանքին, ապա պետք է իմանաին այն հսկայական ավանդի մասին,որը տվել է ռուս ժողովուրդը համաշխարհային քաղաքակրթության, ռուս ազգի առաջադեմ մտավորականությունը ,սերուցքը միշտ էլ ունեցել է հայանպաստ դիրքորոշում և ձգտել է դա տեղափոխել պետական քաղաքականության ոլորտ։ Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամություն բնորոշումը դադարկ խոսքեր չեն այն ունի բավականին լուրջ և իրական հիմքեր։ Մեր սեփական անհաջողությունների պատճարը մեր մեջ է, պետք չէ այն կապել ինչ որ ֆոբիաների հետ։
15. Վարդան15:08 - 14 հունիսի, 2016
Հազիվ մի մարդ փորձ արեց համակողմանի այս աղետը վեր լուծել: Ու էլի փորձեր են արվում հիմարությամբ խեղդել:
16. Արտակ01:19 - 20 հունիսի, 2016
Խնդիրը պետք է որոնել մեր մեջ::Մենք պետական մտա ծելակերպի փոխարեն ունենք քյաբաբ խորովածային մը տածելակերպ:Պետական բյուջեն թալանողներն ու ուրիշ պետություններից իրենց թալանածը պահելու երաշխիք ներ մուրացողներնել են մեր մեջ:Իսկ օտարները այդ հանգամանքը ծառայեցնում են իրենց պետության շահե րին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ