Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Դատավորների պատմուճանները մատակարարում է վերաքննիչ դատարանի դատավորի դստեր ընկերությունը



Դատավորների երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստը՝ պատմուճանը, պարզվում է այնքան էլ էժան հագուստ չէ: Պատմուճանի մեկ հատն արժե 70,000 դրամ: ՀՀ դատական դեպարտամենտը հունիսի 1-ին պայմանագրեր է կնքել երկու առևտրային կազմակերպությունների հետ, որոնք պետք է մատակարարեն վճռաբեկ, վերաքննիչ, վարչական, ընդանուր իրավասության դատարանների դատավորների թով 50 պատմուճան:

ՀՀ վճռաբեկ դատարանի թվով 2 և վերաքննիչ, վարչական դատարանների դատավորների 10 պատմուճաններ մատակարարելու համար հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն՝ «Պահապան» ՍՊԸ-ն: Հենց նրա հետ էլ դատական դեպարտամենտը կնքել է մատակարարման պայմանագիրը:

Այս ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին: «Պահապան» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Վիկտորյա Մելիք-Սարգսյանն է: Նա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է:

Հիշեցնենք, որ դատավորի դստեր ընկերությունն է մատակարարել նաև դատախազների համազգեստը: 2014թ. մարտի 6-ին ՀՀ դատախազությունը պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման՝ համազգեստների մատակարարման պայմանագիր է կնքել «Պահապան» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է 99 միլիոն 426 հազար դրամ:

Հաջորդ ընկերությունը, որը պետք է մատակարարի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների համար նախատեսված թվով 38 պատմուճան, «Էլաամոդա» ՍՊԸ-ն է: Այս ընկերությունը հիմնադրվել է 2014թ. աշնանը: Միակ բաժնետերը երևանաբնակ Էլբեկ Հովսեփյանն է: «Էլաամոդա» ՍՊԸ-ն ևս մրցակից չի ունեցել:

Նշենք, որ դատավորների լայն ձևվածքով երկար թիկնոցները կարվում են ատլասե կտորից և պետք է լինեն քիչ ճմրթվող: Թե «Պահապան» և թե «Էլաամոդա» ՍՊԸ-ները հայտարարություն են ներկայացրել, որ մատակարարելու են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության պատմուճաններ:

Գլխավոր Լուսանկարը՝ «Ա1+»-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ