HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներքնակի տակ չմնացած փողերի մասին. մաս 1

2014 թվականի տարեվերջին, երբ դրամը դոլարի նկատմամբ կտրուկ թանկացավ՝ նոյեմբերին գրանցված 420,45 դրամ միջին ցուցանիշից դեկտեմբերին հասնելով 463,53 դրամի, փոխարժեքի տատանումների ռիսկերն ու բանկչության մտավախություններն ավելացան։ Դա իր ազդեցությունն ունեցավ նաև ՀՀ բանկերում  հաճախորդների ավանդների ու հաշիվների մեծության վրա։ Քաղաքացիների մի մասը շտապեց հանել բանկերում ի պահ տրված գումարներն, ինչի հետևանքով բանկերի ավանդային պորտֆելը նվազեց։  

Իսկ ի՞նչ վիճակ է ներկայում։ ՀՀ կենտրոնական բանկի վերջին (ՀՀ ԿԲ) տվյալները վկայում են, որ Հայաստանի բանկերում քաղաքացիների ավանդներն ու հաշիվներն այս տարվա ապրիլին  նախորդ ամսվա համեմատ նվազել են։ Չնայած դրան՝ թե տարեսկզբի և թե 2015-ի նույն ամսվա համեմատ աճ կա։

Մասնավորապես, ապրիլի վերջի դրությամբ բանկերում քաղաքացիների ավանդներն ու հաշիվներն ընդհանուր կազմել են 1 տրլն 548,235 մլրդ դրամ։ Խոսքը ՀՀ ռեզիդենտներից ներգրավված ավանդների մասին է։ Իսկ ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 438,409 մլրդ  դրամ։

Մեր նախորդ հոդվածներից մեկում արդեն գրել ենք, որ ՀՀ բանկերում ներգրավվող ավանդների և տրամադրվող վարկերի գերակշիռ մասը արտարժույթով են (մեծամասամբ՝ դոլարով)։  Այս ապրիլի դրությամբ ռեզիդենտների  ավանդների ու հաշիվների մոտ 62,5%-ն արտարժույթով են, 37,5%-ը՝ դրամով։  

Նախորդ ամսվա՝ մարտի համեմատ, դրամով ավանդները 2,2%-ով ավելացել են, իսկ արտարժույթովը՝ 3%-ով պակասել։ Ըստ ԿԲ տվյալների՝ այդ ընթացքում դոլարը  1%-ով էժանացել է (դրամի նկատմամբ), հետևաբար՝ դա ևս ազդել է արտարժույթային ավանդների նվազման վրա։  Այսինքն՝ ապրիլին ավանդներում եղած 1000 դոլարն, օրինակ, ավելի փոքր գումար է կազմել ՀՀ դրամով, քան մարտին։

Իսկ մեկ տարվա համեմատությամբ՝ դրամով ավանդները 17,1%-ով են ավելացել, արտարժույթովը՝ 14%-ով։ Այստեղ ևս արտարժույթով ավանդների դեպքում հաշվի ենք առնում փոխարժեքի գործոնը և ստանում, որ դրանք ավելացել են ոչ թե   14%-ով, այլ ավելի քիչ, քանի որ այս տարվա ապրլին դոլարը նախորդ տարվա ապրիլի համեմատ 1,5%-ով թանկացել է (դրամի նկատմամբ)։ Եվ քանի որ արտարժույթով ավանդների մեծ մասը դոլարով է, ապա՝  կոպիտ հաշվարկով դրանք աճել են մոտ 12,5%-ով, ոչ թե՝ 14։

Ամեն դեպքում, ստացվում է, որ տարեկան կտրվածքով և դոլարային ավանդներն են ավելացել, և դրամային։ Սա կարող է նշանակել, որ քաղաքացիների մի մասը հաղթահարել է 2014-ի տարեվերջին դոլարի առաջացրած «շոկը»։

Տվյալները՝ ՀՀ ԿԲ

Ինֆոգրաֆիկայում առաջին հայացքից թվում է, թե 2015-ի ապրիլին 2014-ի ապրիլի համեմատ ևս ավանդների նկատելի աճ է գրանցվել։ Սակայն, դա միայն առաջին հայացքից է թվում։  Բացատրությունը նորից արտարժույթային ավանդների հետ է կապված։ Ինչպես երևում է ընդհանուր պատկերում, մեծամասամբ աճել են հենց այդ ավանդները։ Սակայն երբ նկատի ենք առնում այն, որ 2015-ի ապրիլին 2014-ի նույն ամսվա համեմատ դոլարը մոտ 15%-ով թանկացել  է, ապա ստացվում՝ իրականում արտարժույթով ավանդների աճը  չնչին է։

Հիշեցնենք, որ 2014-ի վերջին դոլարի «ցնցումներից» հետո ավանդների զգալի անկում գրանցվեց դեկտեմբեր և 2015թ. հունվար ամիսներին։  Հետո տարվա ընթացքում որոշակի աճ գրանցվեց։

Ինչու է  մեծ մասը նախապատվությունը տալիս ժամկետային ավանդներին

Քաղաքացիների մեծ մասը նախապատվությունը տալիս է ժամկետային ավանդներին։ Ինչպես երևում է վերևում ներկայացված ինֆոգրաֆիկայում, դրանց ծավալն ավելի մեծ է, քան ցպահանջ ավանդներինը։

Ցպահանջ ավանդների  դեպքում պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու պայմանով։ Այդ դեպքում բանկը պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել ներդրած գումարը, ինչպես նաև՝ ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները։

Իսկ ժամկետային ավանդների դեպքում պայմանագիրը կնքվում է ավանդը որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով: Այս պարագայում ևս դեպքում քաղաքացուն հնարավորություն է տրվում ետ վերցնել ավանդը մինչ ավանդային պայմանագրի ժամկետը լրանալը։ Բանկը պարտավորվում է վերադարձնել գումարն ամբողջությամբ: Սակայն տվյալ դեպքում հնարավոր է, որ բանկը հատկացնի պայմանագրի կնքման պահին խոստացված տոկոսագումարների մի մասը կամ ընդհանրապես չվճարի տոկոսագումարներ:

Հաշվի առնելով այս առանձնահատկությունը, սովորաբար, ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսադրույքը ավելի բարձր է լինում, քան՝ ցպահանջ ավանդի:   Իսկ քաղաքացիներն էլ հաշվի են առնում  բարձր տոկոսադրույքը, և մեծ մասը նախընտրում է իր փողերը բանկին ի պահ ժամկետային ավանդների տեսքով։

Ավանդների տոկոսադրույքները տարեկան համեմատությամբ նվազել են

Այս տարվա ապրիլի դրությամբ ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ավանդները բանկերն ընդունել են միջինը 13,8%-ով (ՀՀ դրամով ավանդների դեպքում) և 5,3%-ով (ԱՄՆ դոլարի դեպքում)։ Այլ խոսքով՝ սրանք կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն են։ Իսկ 1  տարուց ավելի ժամկետով ավանդների համար բանկերը միջինն առաջարկել են 13,8%( դրամով) և 7% (դոլարով):  

Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում կնկատեք, որ վերջին տարիների ապրիլ ամիսների կտրվածքով ամենաբարձր տոկոսադրույքները գրանցվել են նախորդ տարի։ Դրանով բանկերը փորձել են առավելի գրավիչ տոկոսադրույքներ առաջարկել արտարժույթային ռիսկերի նկատմամբ այդ ժամանակ  ավելի զգուշավոր դարձած  քաղաքացիներին։ Իսկ այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրկին նվազում է գրանցվել։

Տվյալները՝ ՀՀ ԿԲ

Իրավաբանական անձանցից ընդունվող ավանդների տոկոսադրույքներն այլ են։ Օրինակ՝ ապրիլի դրությամբ  կարճաժամկետ ավանդների համար բանկերն առաջարկել են միջինը 7,6% (դրամով) և 5,2% (դոլարով): Իսկ 1  տարուց ավելի ժամկետով ավանդների համար՝ 13,6% (դրամով)  և 10,4% (դոլարով):

Ի դեպ, ավանդների տոկոսադրույքների նվազեցմանը զուգահեռ բանկերը  որոշ դեպքերում նվազեցրել, որոշ դեպքերում էլ՝ բարձրացրել են տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։ Ապրիլի դրությամբ, օրինակ, ֆիզիկական անձանց մինչև 1  տարի ժամկետով վարկերը տրվել են միջինը 21,6%-ով (դրամով) և 14,2%-ով (դոլարով)։  2015-ի նույն ամսում նույն ցուցանիշները կազմել են 20,7% և 15,2%։ Իսկ  1 տարուց ավելի ժամկետով վարկերը տրամադրվել են միջինը 18,5%-ով (դրամով) և  14,4%-ով (դոլարով): 2015-ին՝ 17,8%-ով և 16,4%-ով։ Այսինքն՝ մեկ տարվա համեմատությամբ ֆիզիկական անձանց տրամադրվող դրամային վարկերի տոկոսադրույքները բարձրացել են, դոլարով վարկերինը՝ նվազել։

Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք, թե տնտեսության որ հատվածներից են բանկերը ավանդներ ներգրավում և թե որ բանկում որքան ավանդ կա։

Լուս.` www.abcfinance.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter