HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից. մաս 1

Ամուլսար. ծրագիր, որը դեռ չի իրականացել

Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում՝ Ջերսի կղզում, 2005թ-ին գրանցված «Lydian International LLC» ընկերության «Գեոթիմ» ՓԲԸ դուստր ձեռնարկությունը 2016 թ-ին սկսելու է Ամուլսարի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքները: Թե կոնկրետ երբ՝ չի հստակեցվում, թեեւ ընկերությունը պաշտոնապես հայտարարել է ծրագրի իրականացման համար առաջիկայում շուրջ 400 մլն դոլար ներդրման մասին:

Ըստ նախագծի, հանքը շահագործվելու է Ջերմուկ առողջարանային քաղաքից 10 եւ Գնդեվազ գյուղից 7 կմ հեռավորության վրա: Հանքաքարից ցիանային եղանակով ոսկու կորզման կույտային տարալվացման հարթակը տեղակայվելու է գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա:

Արդեն 10 տարի է, ինչ Ամուլսարի տարածքում հանքի ուսումնասիրման լիցենզիան ստանալուց հետո «Գեոթիմ» ՓԲԸ-ն ոսկի է փնտրում այդ տարածքում: Ընկերության այն հայտարարությանը, թե հայտնաբերել է 16.4 տոննա ոսկու պաշարով հանք, հայ երկրաբանները թերհավատորեն են մոտենում:  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» աշխատության մեջ նշել է, որ Ամուլսարը նոր հայտնաբերված հանքավայր չէ, այլ նույն Կաքավասարի բազմամետաղային հանքավայրն է, որն ուսումնասիրվել է դեռեւս 1961-65 թթ-ին, ու աղքատիկ պաշարների պատճառով (նշվում է 20 տոննա) չի շահագործվել:

 Ամուլսարի հանքավայրը` բորսաներում գումար աշխատելու պատրվա՞կ

Հայաստանի բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության (ՀԲՃ) անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը պնդում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հայտարարությունները «Lydian International LLC»-ն հաջողությամբ օգտագործել է ֆոնդային բորսայում` լուրջ գումարներ աշխատելու համար:

2008թ-ին «Lydian International»-ի արժեթղթերը գրանցվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայում՝ յուրաքանչյուրը 1 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Բնականաբար անհայտ ծագման օֆշորային ընկերության բաժնետոմսերը չեն հետաքրքրել ներդրողներին, և մի քանի ամսվա ընթացքում դրանց գինը իջել է մինչև 0,25 ԱՄՆ դոլար:

Դրանից հետո պարբերաբար սկսել են տեղեկություններ գալ Ամուլսարում ոսկու տարբեր քանակների առկայության մասին, որոնց արդյունքում բաժնետոմսերի գները բարձրացել են և 2012թ-ի սկզբին հասել իրենց պատմության մեջ առավելագույն գնին՝ 3 ԱՄՆ դոլար։ Որից հետո հանքի շահագործման հետ կապված տարաբնույթ խնդիրներ են սկսել առաջ գալ, և գները կրկին սկսել են տատանումներով իջնել՝ ներկայում կազմելով ընդամենը 0,20 ԱՄՆ դոլար։

 

 Ամուլսարի շահագործման նախագիծը 4 անգամ փոփոխվել է. ոսկու պաշարները նույնպես

Ոսկու պաշարների հայտնաբերման վերաբերյալ «Գեոթիմ» ՓԲԸ-ի հայտարարությունները մի քանի անգամ փոխվել են` աճման կարգով: Սկզբում ընկերությունը հայտարարել է 53 տոննայի, այնուհետև 70 տոննայի, իսկ այժմ` արդեն 100-ից ավել տոննա ոսկու հայտնաբերման մասին:  

Վերջին 10 տարիների ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է նաեւ հանքի շահագործման աշխատանքների մեկնարկի ամսաթիվը: Իսկ ահա շահագործման նախագիծն արդեն 4-րդ անգամ է ենթարկվում փոփոխության:

Ծրագրի սկզբում, որպես ազդակիր համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Գորայք գյուղը, որտեղ էլ պետք է կառուցվեր հանքաքարի կույտային տարալվացման ցիանային հարթակը: Կառավարությունն այդ նախագիծը չհաստատեց, քանի որ վտանգվում էր 3,5 կմ հեռավորությամբ գտնվող Սեւան-Որոտան թունելն ու Սեւանի ջրահավաք ավազանը:

Նախագծի մեկ այլ տարբերակով` ցիանային հարթակը կառուցելու համար ընտրվել է Գնդեվազ գյուղի վերեւի հատվածը, սակայն Կեչուտի ջրամբարի անվտանգության հարցը կրկին որոշման չեղարկման պատճառ է դարձել: Որպես վերջնական տարբերակ` դրական եզրակացության է արժանանացել գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը, որտեղ գնդեվազցիների այգիներն են:

«Մենք մի օր էլ արթնացանք ու իմացանք, որ կոմբինատը կառուցելու են հենց մեր այգիների մեջ»,-ասում է Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանը:

«Գեոթիմ» ՓԲԸ-ն գնել է գնդեվազցիների այգիները

Գնդեվազում ապրում է 850 մարդ: Գյուղի 230 տնտեսությունից 130-ի հողակտորները (վարելահող, խոտհարք, այգի) ցիանային հարթակ կառուցելու նպատակով գնել է Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Գեոթիմ» ՓԲԸ-ն:

Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն գյուղացիներից գնել է հողակտորներ` 12 հազարից մինչեւ 100 մլն դրամը գերազանցող գումարը: Առավել թանկ գնահատվել են այգիները՝ հատկապես ծիրանենու. 6-7 տարեկան ծիրանենիները արժեցել են 300-400 հազար դրամ: Հաշվարկվել է նաև չկտրելու դեպքում առաջիկա 10 տարիների ընթացքում բերքի վաճառքից ստացված եկամուտը:

Քարտեզի վրա կարմիրով նշված են չվաճառված և գերակա շահ ճանաչված հողակտորները

Գնդեվազում առավել թանկ գնահատված մրգատու ծառատեսակների թանկարժեք եռյակը գլխավորել են ընկուզենին, տանձենին եւ ծիրանենին: Այս գյուղում 3-րդ կարգի ջրովի վարելահողի 1քմ-ի կադաստրային արժեքը 222 դրամ է, իսկ 5-րդ կարգի անջրդի հողերի կամ արոտների մեկ հա-ը` 70 հազար դրամ: Հայրապետ Մկրտչյանի փոխանցմամբ` ծիրանենու 1-2 տարեկան տնկիները «Գեոթիմ»-ի հրավիրած մասնագետը գնահատել է 12 հազար դրամ, 2-6 տարեկանները` մինչեւ 36 հազար, իսկ 6-17 տարեկան ծիրանենիները՝  300-400 հազար դրամ: Գնված այգիների ծառերը հատվել են եւ, որպես վառելափայտ, տրամադրվել սեփականատերերին:

 

Կառավարությունը բացառիկ գերակա շահ է ճանաչել այն հողակտորները, որոնք չեն վաճառվել սեփականատերերի կողմից

Սասուն Հարությունյանը Ջերմուկի բնակիչ է, սակայն հողատարածք ունի Գնդեվազում: Նա հրաժարվել է առք ու վաճառքից՝ «Գեոթիմի» ներկայացուցիչների առաջարկած գինը համարելով ցածր` տվյալ հողակտորի համար: Նրա 1100 քմ վարելահողի նկատմամբ կառավարությունը բացառիկ գերակա շահ է ճանաչել: «Գնդեվազում իմ ունեցած մոտ 5000 քմ հողատարածքը, որ բաղկացած է երկու հատվածից, ժառանգություն է տատիցս: Ես մի հատվածը՝ 3650 քմ, «Գեոթիմին» վաճառել եմ 3մլն 92 հազար դրամով: Գինը ոչ թե ես եմ որոշել, այլ իրենք: Մյուս հողակտորը, որ 1100 քմ է, ես վաճառելու մտադրություն չեմ ունեցել, որովհետեւ ջրովի վարելահողի 1 քմ-ի համար 500 դրամն, իմ կարծիքով, շատ ցածր գին է: Ես նրանց առաջարկեցի, որ համարժեք մեկ այլ վայրում ինձ համար հող գնեն: Էնպես չէ, որ չհամաձայնեցին, ուղղակի չգտան իմ ուզածը: Ես էլ չեմ ուզում իրենց առաջարկած գնով հողս տալ»,- բացատրում է Սասուն Հարությունյանը:

Ժառանգություն ստացած հողակտորում Սասունն ամեն տարի ցորեն է ցանել, ասում է՝ մշտապես լավ բերք է ստացել: Չմշակելու դեպքում՝ հողակտորը վարձով է տվել: 36-ամյա ջերմուկցին աշխատում է «Ջերմուկի մայր գործարանում»` տարեկան ստանալով միջինը 3-5  մլն դրամ աշխատավարձ: Ամուսնացած է, ունի 2 եւ 5  տարեկան դուստրեր, կինն աշխատում է դպրոցում: Ասում է՝ ապահովված չլիներ, վաղուց մյուսների նման վաճառել էր հողը:

«Ես ուզել եմ 1 քմ-ը 1000 դրամով տալ ու էնպես չէ, որ գերակա շահ են ճանաչել՝ պիտի իրենց ուզած գնով առնեն հողս: Ես անցած տարի Ջերմուկում ընդամենը գարաժի տարածք առա՝ քմ-ը 12 000 դրամով, 24 քմ-ը գնել եմ 288 հազար դրամով: Իրականում ես դեմ եմ եղել վաճառելուն, բայց որ բոլորը ծախում էին, որոշեցի էն մի հողակտորս վաճառեմ, որ եթե գերակա շահի հարց լինի, գոնե քիչ տուժեմ: Հիմա «Գեոթիմից» ինձ նորից առաջարկել են, որ ուրիշ տեղ հող գտնեմ՝ իրենք գնեն»,- ասում է Սասուն Հարությունյանը:

Գնդեվազում ցիանային հարթակի կառուցման տարածքում հողակտորները չեն վաճառել նաև երկու այլ սեփականատերեր: Մխիթար Արշակյանի 600 քմ հողատարածքը բանկի կալանքի տակ է: Սեփականատերը համաձայնել է, որ կառավարությունն իր հողի նկատմամբ գերակա շահ ճանաչի, որ կարողանա վաճառել «Գեոթիմին»: Մյուս բնակիչն, ում հողերի նկատմամբ կառավարության որոշումով գերակա շահ է ճանաչվել՝ Սոնյա Հարությունյանն է: Կնոջ թոռները փախստականի կարգավիճակով գտնվում են Գերմանիայում եւ չեն կարողանում լիազորագիր ուղարկել` հողը վաճառելու համար:

«Գեոթիմը» փափուկ բարձ է դնում գնդեվազցիների գլխի տակ

Գնդեվազի բնակիչ Միհրդատ Ներսիսյանի այգին սահմանակից է գյուղից 1 կմ հեռավորության վրա կառուցվող հանքաքարի կույտային տարալվացման ցիանային հարթակին: Նրա հողակտորը չի հայտնվել ցիանային հարթակի կառուցման տարածքում: Մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ Միհրդատը մանրամասն ուսումնասիրել է «Գեոթիմի» ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) եւ համարում է այն ոչ համոզիչ փաստաթուղթ: Ըստ Միհրդատ Ներսիսյանի` «Գեոթիմը» փափուկ բարձ է դնում գնդեվազցիների գլխի տակ՝ հայտարարելով, որ ռիսկերը հասցված են նվազագույնի:

«Մենք բաց նամակով դիմել ենք «Գեոթիմին»՝ 10 կետով նշելով մեր անհանգստությունները: Ուզում ենք հասկանալ, թե ինչու է հարթակը գտնվում գյուղի սանիտարական գոտում. սա առաջին ամենամեծ անհանգստությունն է: Երկրորդը փոշու առկայությունն է, որ տարածվելու է պայթեցումների արդյունքում,-մտահոգվում է Միհրդատը,- իրենք ՇՄԱԳ-ում գրում են, որ մեկ տոննա հանքաքարը պայթեցնելուց, տեղափոխելուց եւ աղալուց հետո փոշու արտահոսքը հավասար է 1,5 գրամի, եւ որ փոշու մեծ հատիկները՝ հավանաբար շաքարավազի մեծության, կտեղափոխվեն քամու ազդեցությամբ 100  մետր, իսկ ամենափոքրերը՝ մաքսիմում 1000 մետր: Ես նամակում գրել էի, թե ձեզ կնախանձեն աշխարհի բոլոր դեղագործական գործարաններն այդպիսի ճշգրիտ տեխնոլոգիա մշակելու համար: Իսկ ճշմարտությունն այն է, որ այդ հատվածի քամիներն այնքան ուժեղ են, որ փոշին կտարածեն առնվազն 30 կմ շառավղով»,- ասում է Միհրդատ Ներսիսյանը:

Գնդեվազցիներն անհանգստացած են հանքավայրի շահագործման նախագծի փոփոխություններից

Եթե «Գեոթիմ» ՓԲԸ-ի նախկին նախագծերով նախատեսված է եղել տեղակայել երեք ջարդիչ կայան, ապա վերջին փոփոխության արդյունքում ջարդիչ կայանները մեկով պակասել են, իսկ ցիանիդի խտությունը, որ նախկինում ավելի բարձր էր (2  լիտր ջրին 1 գրամ ցիանիդ), ներկայում կրկնակի պակասել է: Վերջնական հաստատված տարբերակում հանքաքարի չափը մեծացրել են` 12մմ-ից դարձնելով 19 մմ՝ զուգահեռ պակասեցնելով ցիանիդային լուծույթի խտությունը: Այս հանգամանքն  անհանգստացրել է ծրագիրն ուսումնասիրած գնդեվազցիներին:

Միհրդատ Ներսիսյան

«Ես էլ մի փոքր հումորային առաջարկ արեցի, թե կլինի՞ ընդհանրապես ցիանիդ մի օգտագործեք, մի էլ ջարդեք: Ինձ պատասխանեցին, թե մենք լաբորատոր պայմաններում հետազոտել ենք ու տեսել, որ ավելի մեծ չափի հանքաքարը եւ ավելի թույլ խտության ցիանիդը մեզ լրիվ բավարարում են,- պատմում է Միհրդատը,- հին տեխնոլոգիայով պիտի մոտ 4 տոննա ցիանիդային լուծույթ լցնեն, որ ոսկին կորզեն, իսկ էս նոր տեխնոլոգիայով, որքան հասկանում եմ, խտության հաշվին լուծույթի քանակն են շատացնելու: Եվ հետո ոսկին լաբորատոր պայամաններում չեն արդյունահանելու, այլ հենց մեր կողքին»,- ավելացնում է գնդեվազցի Միհրդատը:

 «Գեոթիմ»-ից գնդեվազցիներին հայտնել են, որ ոսկու կորզումն իրականացվելու է փակ ցիկլով, սակայն բնակիչներն արել են իրենց վերլուծություններն ու հանքարդյունաբերողների ներկայացրած մեթոդներն այդքան էլ համոզիչ չեն թվացել:

«Ուրեմն էդ 134 հա-ի վրա իրենք 4 մլն տոննա ցիանիդային լուծույթ պիտի լցնեն եւ, բացի դա, ամբողջ տարվա ընթացքում 10-15 մլն խորանարդ ջուր է լցվելու տարածքի վրա` անձրեւի ու ձյան տեսքով: Նրանք իրենց թղթերում գրում են, որ պատրաստում են երկու փոքրիկ ջրամբարներ. մեկի տարողությունը` 200  հազար, մյուսինը՝ 170  հազար տոննա: Ջրամբարը սարքելու են կավից, պատելու են 2 մմ-անոց մեմբրանե թաղանթով ու դա դառնալու է ջրամբար, որն, իրենց գրածով, 100 տարի կարող է ջուրը պահել իր մեջ: Այսինքն` մոտ 20 մլն տոննա հեղուկ, որ տարեկան լցվելու է այդ տարածքի վրա, խառնվելով մեկ տասնյակից ավելի թունավոր մետաղների հետ, պետք է մնա այդ տարածքում: Իրենք ասում են՝ ամբարելու ենք, բայց ես վստահ եմ, որ բաց են թողնելու Արփա գետը: Ցիանային հարթակից մի 300  մետր ներքեւ Արփայի կիրճն է»,- ասում է Միհրդատ Ներսիսյանը:

Նա նկատում է, որ բացի ոսկուց եւ արծաթից, հանքավայրում առկա են Մենդելեեւի աղյուսակի գրեթե բոլոր տարրերը, որոնք, չկորզման դեպքում, դառնում են խիստ թունավոր՝ վտանգ ներկայացնելով բուսական եւ կենդանական աշխարհի համար:

«Գեոթիմ» ՓԲԸ-ն Ամուլսարի հանքից կորզելու է միայն արծաթ և ոսկի: Երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանն այդ մասին իր ծավալուն հոդվածում նշում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի ընդերքից արդյունահանված և ազնիվ մետաղների կորզապոչերի հետ բնական միջավայր թափված օգտակար տարրերը դառնում են թունավոր, խիստ վտանգավոր բուսական և կենդանական աշխարհի համար: Ըստ նույն հոդվածի` վերոնշյալ թափոնների արժեքը կազմում է 3.2 մլրդ ԱՄՆ դոլար:   

Գնդեվազցիները պահանջում են ապահովագրել իրենց Ամուլսարի ռիսկերից

Ամուլսարի ծրագրին մշտապես դեմ արտահայտված մեկ այլ գնդեվազցի՝ Արմեն Համբարձումյանը նախագիծն ուսումնասիրելուց հետո եզրակացրել է, որ այն «թխած» է ռուսական որեւէ նախագծից: Արմենի համոզմամբ, եթե Ամուլսարի նախագծի մեջ դրվեր «Սուտլիկ որսկան» հեքիաթն ու ներկայացվեր կառավարությանը, միեւնույն է, դրական եզրակացություն էր ստանալու:

 «Այն տպավորությունն է, որ վերցրել են արդեն եղած մի նախագիծ, փոխել տեղանունները, թվերը ու ներկայացրել կառավարությանը: Ես իրենց հարց եմ տալիս, թե դուք գրել եք` հարթակի վրա պետք է դրվեն նաեւ ֆիլտրացնող սարքավորումներ, ի՞նչ տիպի ֆիլտրացնող սարքավորումներ եք դնելու՝ ոչ մի նորմալ պատասխան: Գրել են, թե գիշերն աղմուկն ավելի շատ է՝ 75 դեցիբել, ցերեկը քիչ՝ 50 դեցիբել: Ես հարց եմ տալիս, լա՛վ , էդ ի՞նչն է ավելանում գիշերը, որ ավելի շատ է աղմուկը՝ պատասխան չկա»,- ասում է Արմեն Համբարձումյանը:

Գնդեվազ համայնքի բնակիչների որոշ մասի համոզմամբ` հանքը շահագործելուն պես` գյուղը կդառնա ամայի մի բնակավայր: Վտանգի տակ է դրվում ծիրանի արտահանումը, որի հաշվին ներկայում ապրում են գնդեվազցի այգետերերը:

Գնդեվազի գյուղապետը պահանջում է ապահովագրել մարդկանց ու այգիները

Գնդեվազ համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանին մտահոգում է այն հանգամանքը, որ Ամուլսարի ռիսկերից գնդեվազցիներն ապահովվագրված չեն:

«Եթե հանքը ռիսկային չէ, եթե վտանգ չի ներկայացնում, ինչո՞ւ չեն ապահովագրում տվյալ վարչական տարածքում ապրող մարդկանց: Մենք պահանջել ենք, որ անեն մարդկանց առողջության, շինությունների, այգիների, կենդանիների ապահովագրություն, բայց մինչեւ օրս հստակ պատասխան չենք ստացել: Երբ խոսում ես միջազգային կառույցների հետ, հենց լսում են, որ մարդիկ ապահովագրված չեն՝ զարմանում են»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Գնդեվազի համայնքապետը:

Նրա փոխանցմամբ` նրանք, ովքեր իրենց հողերը օտարել են, հողազուրկ չեն դարձել, քանի որ սեփականաշնորհած հողակտորներ ունեն նաեւ գյուղի այլ հատվածներում: Գյուղապետը չի բացառում, որ հանքի շահագործման բուն աշխատանքները սկսելուց հետո, հատկապես մեծ գումար ստացած գնդեվազցիները, կհեռանան գյուղից: Կոնկրետ ինքը, որ 100 մլն դրամ է ստացել այգու վաճառքից, չի պատրաստվում հեռանալ Գնդեվազից՝ մնալու է եւ զբաղվի այգեգործությամբ:

«Հազարամյակների պատմություն ունեցող ջրանցք ունենք, որի շնորհիվ նախկինում ոռոգվել են Գնդեվազի հողերը: Հետո, երբ այն տվեցին ջրօգտագործողների միությանը, ջրատարը շարքից դուրս եկավ, չկարողացան պահել, էլ ջուր չստացանք: Մենք հարց բարձրացրինք, թե 130  հա-ը, որ տալիս ենք, «Գեոթիմն» էլ թող պարտավորություն վերցնի իր վրա` ջրանցքը նորոգելու: Մենք գյուղից վերեւ ունենք հողատարածքներ, որ կարող ենք նոր այգիներ ստեղծել, իսկ դրա համար ոռոգման համակարգ է պետք, իրենք խոստացան, սկսեցին այդ աշխատանքները, այս տարի սեպտեմբերին կավարտեն: Եթե շահագործվի՝ մի 7-8  տարի հետո նոր այգիներ կունենաք: 400  հա է վերեւում՝ 300 հա-ի վրա հաստատ կարող ենք այգի հիմնել»,-ասում է համայնքապետը:

«Գեոթիմ» ՓԲԸ-ն 50 մլն դրամ ներդրում է կատարել ջրանցքի նորոգման համար, ինչն ընկերության միակ ներդրումը չէ Գնդեվազում: 14 մլն դրամ երկու տարի առաջ տրամադրվել է մանկապարտեզի հիմնանորոգմանը, 56 հազար ԱՄՆ դոլար` Գնդեվազ համայնքի համար գյուղտեխնիկայի ձեռք բերմանը, մասամբ վերանորոգվել է գյուղապետարանի շենքը: 2015 թ-ին հողերի վարձակալության դիմաց համայնքային բյուջե մուտքագրվել է 130.062 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մինչեւ 2014 թ-ը Գնդեվազ համայնքի բյուջեն՝ սեփական եկամուտներով և դոտացիայով հանդերձ, կազմել է 36 մլն դրամ:

«Գեոթիմի» կողմից հողերի վարձակալության հաշվին համայնքի բյուջեն 2014թ-ից կրկապատկվել է՝ դառնալով 84 մլն դրամ: Հանքը շահագործելուց հետո սպասվում է, որ համայնքը տարեկան 460 մլն դրամի եկամուտ է ունենալու:

Ապահովագրության խնդրով գնդեվազցիները գրավոր դիմել են «Գեոթիմ»-ին եւ ստացել պատասխան, որ հարցն ուսումնասիրվել է, կատարվել է փորձաքննություն ու համոզված են, որ ապահովագրելու կարիք չկա: Հայրապետ Մկրտչյանի համոզմամբ` գնդեվազցիներին հրաժարվում են ապահովագրել, քանի որ Ամուլսարի ռիսկերի հետ կապված անմիջապես ոտքի կկանգնեն Ջերմուկը, Սարավանը, Գորայքն ու հանքավայրին կից մյուս համայնքները: Ապահովագրության խնդրով գնդեվազցիները պատրաստվում են դիմել կառավարություն:

«Եթե կառավարությունը որոշի նաեւ իրականացնել համայնքների խոշորացման իր պիլոտային ծրագիրը՝ այսինքն Գնդեվազը միացնի Ջերմուկին, կասեմ որ գյուղը միանշանակ կդատարկվի, եթե այդ ապահովագրության հարցը չլուծվի: Որովհետեւ Ջերմուկը հանքի վնասները միանգամից չի զգալու, իսկ մենք անմիջապես ցիանային հարթակի կողքին ենք, ու դրա հետ կապված, եթե վնասներ լինեն, առաջինը մեր գյուղն է դատարկվելու»,- ասում է Գնդեվազի համայնքապետը:

Կպահպանի՞ արդյոք Ջերմուկը առողջարանային քաղաքի վարկանիշը Ամուլսարի գործարկումից հետո

Քաղաքի ըմպելասրահը, հատկապես օրվա որոշակի ժամերի, առավել մարդաշատ է լինում: Նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից առաջ Ջերմուկի գործող առողջարաններում բուժում ստացողները գալիս են հանքային տաք ջուր խմելու:

Նարինե Բաբայանցն ամուսնու եւ որդու հետ Ջերմուկ է եկել Հելսինկիից: Տեղավորվել են առողջարաններից մեկում` ամուսնու առողջական խնդիրները բարելավելու հույսով: Կարող էին եվրոպական որեւէ առողջարանային քաղաք գնալ, սակայն նախընտրել են Ջերմուկը: Նարինեն ծնունդով Գյումրիից է, ամուսինը՝ Նորիկը, Իրանից: Նա առաջին անգամ է լինում Ջերմուկում:

«Բնությունը շատ սիրուն է, մարդիկ շատ հանգիստ են, միայն, թե որոշ շինություններ ափսոս է, որ թողել են` քանդվեն»,- ասում է Նորիկը:

«Ես հենց նոր ամուսնուս ասում էի, թե որքան անարատ է այս կողմի բնությունը եւ մարդ չի կարող պատկերացնել, որ այն կարող է խաթարվել»,- Նարինեն ժպտում է եւ հայտնում, որ որոշել են հաջորդ տարի հաստատվել Հայաստանում՝ հավանաբար տուն կգնեն Աշտարակում: Բաբայանցներն առաջիկայում շահագործվող հանքի մասին ոչինչ չեն լսել: Հարցին, թե ինչպես կվերաբերվեն, եթե մի օր իմանան, որ առողջարանային քաղաքի հարեւանությամբ ոսկու հանք է շահագործվում, Նարինեն կարճ պատասխանում է. «Շատ կափսոսանք»:

Ջերմուկ առողջարանային քաղաքի կենսագրությունը սկսվում է 1967թ-ից, երբ սովորական բնակավայրից վերածվում է հանրապետական, իսկ 1970 թ-ից՝ համամիութենական նշանակության առողջարանային քաղաքի: 1980թ-ին քաղաքն ուներ արդեն 10 հազար բնակիչ, շուրջ 2000 մահճակալով առողջարանների եւ պանսիոնատների զարգացած ցանց՝ ակտիվ հանգստի եւ բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով: Որոշակի անկում գրանցել է 1990-2000թթ.-ին, իսկ անցած տասնամյակում` Ջերմուկի առողջարանային եւ զբոսաշրջային համալիրը հարստացել ու գործում է ամբողջ տարին: Անցած 30 տարիներին նվազել է բնակչության թիվը՝ կազմելով 7600 մարդ, դրա փոխարեն ավելացել են առողջարանները: Ջերմուկի պարագայում սա կարեւոր ցուցանիշ է: Քաղաքում գործում է 7 առողջարան:

Մեկ ու կես տարի առաջ շահագործման հանձնված «Հայաթ փելեսը» ներառված չէ գրաֆիկում, քանի որ կադաստրային խնդիրների պատճառով առայժմ հարկ չի վճարում համայնքային բյուջե:


Create bar charts

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter