HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապրիլին գրանցված հարկերի աճի տեմպը մինչև հունիս նվազել է

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն այս տարվա առաջին կիսամյակում հավաքագրել է ավելի քան 511,9 մլրդ դրամի հարկ, որը 2,3%-ով կամ  ավելի քան 11 մլրդ դրամով գերազանցում է 2015  թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։

Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի հրապարակած վիճակագրությունից։ Կառույցը երեկ նաև հաղորդագրություն է տարածել, որով հայտարարվում է, որ կոմիտեի վերակազմավորումից սկսած մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքում «հաջողվել է հաղթահարել տարիների ընթացքում կուտակված մի քանի գործոնների բացասական ազդեցությունը եկամուտների ապահովման վրա:

Այնուամենայնիվ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարողականը կազմել է 98% կամ թերակատարումը կազմել է 8,4 մլրդ դրամ: Այս ցուցանիշը  2015 թվականի առաջին կիսամյակում կազմել է 96%:

Հաղորդագրության հենց սկզբում հատուկ նշվում է, որ բացասական ադյունքները հաղթահարվել են կոմիտեի վերակազմավորման պահից։ Այսինքն՝ այս տարվա մարտից սկսած,  երբ ՊԵԿ-ը առանձնացվեց ՀՀ ֆինանսների նախարարության կազմից և կոմիտեի նախագահ նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը։ Այլ կերպ ասած՝ անուղղակիորեն շեշտվում է, որ Հ. Հովսեփյանի ղեկավարման հենց սկզբում  հարկերի հավաքագրման մասով առաջընթաց է գրանցվել։  Այդ մասին ՊԵԿ-ը, կրկին անուղղակիորեն, հայտարարում է դեռևս ապրիլից, երբ հավաքագրվել էր 97,05 մլրդ դրամի հարկ, որը շուրջ 6 մլրդ դրամով կամ  6,7%-ով գերազանցել է 2015-ի նույն ամսվա ցուցանիշը։ Ու հայտարարվեց, որ դա աննախադեպ ցուցանիշ է։

Փաստ է, որ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով հարկերի աճ կա։ Իսկ ի՞նչ ունենք ամսական կտրվածքով, հաջորդող երկու ամիսներին պահպանվե՞լ են, արդյոք, ապրիլի տեմպերը։ Այսպիսով, ըստ ՊԵԿ-ի տրամադրած վիճակագրության՝ մայիսին հավաքագրվել է 91,8 մլրդ դրամի հարկ, հունիսին՝ 92,3 մլրդ դրամի։ 2015-ի նույն ամսվա համեմատ մայիսին աճը կազմել է 6,1%, իսկ հունիսին՝ 1,7%: Այսինքն՝ ապրիլին գրանցված աճի տեմպը մայիսին պահպանվել է, բայց հունիսին՝ կտրուկ ընկել։

Մեկ ուրիշ համեմատություն։ Եթե այս տարվա ապրիլից հետո ընկած ամիսների համեմատությունն ենք նայում, ապա մայիսին ապրիլի համեմատ հարկերը 5,4%-ով պակասել են, իսկ հունիսին մայիսի համեմատ 0,5% աճ ունենք։ Երբ աչքի ենք անցակցնում ՊԵԿ-ի նախորդ տարիների վիճակագրությունը, նման օրինաչափություն ենք նկատում՝ մայիսին, սովորաբար, ավելի քիչ հարկ է հավաքագրվում, քան ապրիլին։ Բայց հունիսին նորից աճ է գրանցվում և գերազանցում է մայիսի ցուցանիշը։ Այսինքն՝ այս տարվա պատկերը բացառություն չէ։ Հավանաբար, հարկային դաշտում ևս հարկերի հավաքագրման, ասպես կոչված, բարենպաստ և անբարենպաստ ամիսներ կան։ Բայց նաև նկատում ենք, որ նախորդ երկու տարվա համեմատ այս տարվա տեմպերն այլ են՝ մայիսի նվազումն ավելի արագ տեմպեր ունի, քան նախորդող տարիներինը, իսկ հունիսի աճն՝ ավելի դանդաղ տեմպեր։

 Մասնավորապես, 2015-ին մայիսին գրանցվել է 5,1% անկում, հունիսին՝ նույնքան աճ՝ 5,1%։  Իսկ այս տարվա անկումը կազմել է 5,4%, աճը՝ 0,5%:

Այսպիսով, չնայած հարկերի ծավալի գրանցած առաջընթացին, տեմպերի նվազում է արձանագրվել։ Եվ հետագան միայն ցույց կտա՝ արդյոք արդարացված է վերակազմավորումից հետո ՊԵԿ-ի գրանցած ցուցանիշների մասով ոգևորությունը, թե՞ իրականությանն ավելի մոտ է այն տեսակետը, որ այս կառույցի նորանշանակ նախագահի ղեկավարման առաջին ամիսներին գոհացնող ցուցանիշներն ապահովելու համար հարկատուների գրպանները հնարավորինս դատարկվել են, այդ թվում՝ կանխավճարների տեսքով։ 

Որ ուղղություններից են գոյանում հարկերը

2016 թվականի առաջին կիսամյակի մուտքերի 76,8%-ն ապահովել են հարկային մարմինները, իսկ 23,2%-ը՝ մաքսային մարմինները։ Մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտները նվազել են 22,3 մլրդ դրամով կամ 15,9%-ով։   Ըստ ՊԵԿ-ի՝ դա պայմանավորված է «օբյեկտիվ մի քանի գործոններով»: Մասնավորապես՝ ներմուծումների կրճատմամբ, որտեղ էական մաս է կազմում ներմուծվող ավտոմեքենաներից գանձվող մաքսային վճարների նվազումը` պայմանավորված ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով: Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակը նվազել է 3736 հատով, իսկ կատարված վճարումները` 4,5 մլրդ դրամով: Նախորդ տարվա համեմատությամբ 2016թ. հունվար-հունիս ամիսներին ԵԱՏՄ-ից փոխանցվել է 3,3 մլրդ դրամով պակաս մաքսատուրք:

Իսկ հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերը ավելացել են 33,2 մլրդ դրամով կամ 9,2%-ով: «Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի դիտարկմամբ, չնայած արձանագրված աճին, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային մարմինների կողմից եկամուտների ապահովման վրա էական ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ. 181 խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվա առաջին կիսամյակում 10 մլն դրամ և ավելի չափով պակաս վճարումներ են կատարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր նվազումը կազմել է 30 մլրդ դրամ, ինչն արձանագրվել է հանքարդյունաբերության, կապի, էներգետիկայի, բանկային ոլորտներում: Համաձայն ՊԵԿ-ի որդեգրած հիմնական սկզբունքի՝ շեշտը դրվել է  խոշոր բիզնեսից մուտքերի ապահովման վրա. «Ընդհանուր եկամուտների 54,7%-ն ապահովվել է 517 խոշոր հարկատուների կողմից` նախորդ տարվա 53,7%-ի դիմաց, աճը կազմել է 21,7 մլրդ դրամ»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Հարկերի ընդհանուր ծավալում ամենամեծ կշիռն ունեն ԱԱՀ-ն, շահութահարկն ու եկամտային հարկը:

2015-ի առաջին կիսամյակի համեմատ հարկերի ընդհանուր 2,3% աճն ապահովվել է գլխավորապես շահութահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների, ինպես նաև՝ պետական տուրքի տեսքով հավաքագրված հարկերի աճի շնորհիվ։ Նշում ենք հենց այս ուղղությունները, քանի որ դրանց տեսակարար կշիռը աճ գրանցած մնացած ուղղությունների համեմատ ավելի զգալի է։ Իսկ որոշ ուղղություններ էլ զսպել են աճը, օրինակ՝ ԱԱՀ-ն, որը, ինչպես նշվեց վերևում, պայմանավորված է ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով։

Տվյալները՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի

 Լուսանկարը՝ http://businessadvice.co.uk/ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter