HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«10% աճ», «առաջընթաց», ոգևորություն ...

Վերջին տասը օրում Հայաստանի տնտեսության աճի մասին այնպիսի պաշտոնական հայտարարություններ են հնչում, որ տպավորություն են ստեղծում, թե տնտեսական ներկա վիճակով պարտադիր է հպարտանալն ու ոգևորվելը։ Դեռևս «թարմ» էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունները, երբ երեկ նոր «ոգևորիչ» հայտարարություններ արվեցին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսության մասին ուշագրավ և միևնույն ժամանակ՝ անակնկալ հայտարարություններ են արվել: «Ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է»,- իր խոսքում նշել է ՌԴ նախագահը:

Նշված 10%-ը Հայաստանի տնտեսական վիճակին տեղյակ մարդկանց համար անակնկալ էր։ Թե ինչպես է հաշվարկվել, ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, անհայտ է։ Ենթադրվում է՝ որոշ ցուցանիշներ են գումարվել, տարիների դինամիկաներն են համադրվել։ Բայց ենթադրությունները քիչ են։ Նման հայտարարության դեպքում ակնկալվում է, գոնե, որոշակի պարզաբանում, թե ինչպես է հաշվարկվել այդ թիվը։ Բայց ուղղակի հայտարարվեց ոգևորիչ թիվ աճի մասին ու վերջ։ Ամեն դեպքում, փաստացի, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը ՀՆԱ-ի նման աճ «չի տեսել»։ Միայն նշենք, որ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2015-ին Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 3%, 2014-ին՝ 3,5%։ Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին պաշտոնապես միացավ 2015-ի հունվարից։

Մյուս ուշագրավ հայտարարությունն էլ Սերժ Սարգսյան է արել։ «Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով և, փաստորեն, հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին: Դա, իհարկե, նաև ԵԱՏՄ կողմից տրամադրվող հնարավորությունների շնորհիվ է, ինչը, անշուշտ, շատ լավ է»,- նշել է ՀՀ նախագահը:

Մինչ այս տարվա ցուցանիշներին անդրադառնալը, նախ վերհիշենք նախորդ տարիների պատկերը։ Նորից ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականին Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը նվազել է 18%-ով։ Ընդ որում՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է 26.7%-ով՝ գլխավորապես պայմանավորված ռուսական տնտեսության և ռուբլու թուլացմամբ։ Այս նվազումը արձանագրվել է ԵԱՏՄ-ին պաշտոնապես անդամակցելու հենց առաջին տարում։ Միևնույն ժամանակ՝ տվյալները ցույց են տալիս, որ 2015-ին ՀՀ-ից ՌԴ արտահանումը ավելի ցածր է եղել, քան նախորդող երեք տարիներին:

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ

Իսկ այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով ՀՀ-ից ՌԴ արտահանման աճը կազմել է 87.4%: Բայց նախորդ տարվա առաջին կիսամյակում 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ զգալի անկում գրանցվեց, որը, ըստ ԱՎԾ-ի ճշգրտված տվյալների, կազմել է շուրջ 35%: Այսինքն՝ այս տարվա աճն այդչափ զգալի է, քանի որ համեմատվել է նախորդ տարվա կտրուկ նվազած ցուցանիշի հետ։ Իսկ, իրականում, վերականգնվել են 2014-ի ծավալները և նոր միայն աճ է գրանցվել, որը բոլորովին էլ մոտ 90% չէ, այլ՝ շուրջ 25%, եթե համեմատում ենք այս տարվա և 2014-ի առաջին կիսամյակների ցուցանիշները։

Թե´ ՌԴ նախագահը, թե´ ՀՀ նախագահը շեշտել են, որ դրական արդյունքները (իսկ դրական ասվածն այստեղ շատ հարաբերական է) գրանցվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո։ Բայց այստեղ ևս կարևոր հարց կա՝ ի՞նչ հիման վրա են նման հայտարարություններ արվել։ Արդյոք ավելի դրական ցուցանիշներ չէ՞ին գրանցվի, եթե ՀՀ-ն չանդամակցեր ԵԱՏՄ-ին։ Եթե ոչ և եթե տուժեր ՀՀ տնտեսությունը, ապա՝ ինչ ծավալներ կունենային վնասները և այլն։ Այս ամենի մասին որևէ լուրջ և ամբողջական ուսումնասիրություն կամ հետազոտություն մինչ այսօր դեռևս չենք հանդիպել։ Եվ այստեղից էլ մյուս կարևոր հարցը՝ ի՞նչ հիման վրա պետք է վստահել այդ հայտարարություններին։

լուսանկարը` president.am

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Վ․ Պուտինը իսկի տեղյակ չէ Ռուսաստանի տնտեսական իրավիճակին, ինչպես կարող է նա հայտնել տվյալներ ՀՀ տնտեսության վերբերյալ։ Նա գերազանց գիտի միայն իր թալանած գումարների օրեցօր աճող ցուցանիշները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter