HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի դեսպանը երաշխավորում է և պատրաստ է գրավ վճարել «ԱրմենՏելի» գործով մեղադրվող Սաչկովի համար

Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը գրավոր երաշխավորել է, որ դեսպանատունը, որպես կազմակերպություն, պատրաստ է համապատասխան գումար վճարել պետբյուջե, որպեսզի գրավով փոխարինվի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով մեղադրվող Վլադիմիր Սաչկովի խափանման միջոցը, և Վլադիմիր Սաչկովը դատական պրոցեսների ընթացքում լինի ազատության մեջ: Դեսպանը հիմնավորել է, որ նշված գործով տնտեսական հանցագործություն է քննվում, և Վ. Սաչկովը հասարակության համար վտանգ չի ներկայացնում:

Վլադիմիր Սաչկովի պաշտպաններ Նարինե Ռշտունին և Արմեն Բաղդասարյանը նախապես մուտք էին արել կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և մեկ այլ խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն՝ հիմնվելով դեսպանի գրության վրա: Այսօր դատարանը պետք է քննարկեր այն: Սակայն նիստը կրկին չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով:

Չէին կայացել նաև նույն գործով նախորդ նիստերը, քանի որ դատավոր Արմեն Բեկթաշյանը գտնվել էր խորհրդակցական սենյակում: Թարգմանչի բացակայության պատճառով չէին կայանում նաև առաջին նիստերը: Ի վերջո, թարգմանչի հարցը լուծվեց, սակայն դատավոր Բեկթաշյանը արձակուրդ գնաց,  ավելի հաճախ էլ նիստերը հետաձգվում են նրա՝ խորհրդակցական սենյակում գտնվելու հիմնավորմամբ: Գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին:

Վլադիմիր Սաչկովի պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքները կոպտորեն խախտվում են: «Անթույլատրելի է անընդհատ դատական նիստերի հետաձգումը: Թարգմանիչ չապահովելն իրոք խախտում է, և դա պետության պարտավորությունն է՝ ապահովել, որպեսզի նիստն ընթանա բնականոն: Եթե թարգմանիչը զբաղված էր, ապա թող բարի լինեին մեկ ուրիշին ուղարկեին»,- ասում է Նարինե Ռշտունին:

Նման պայմաններում, երբ մշտապես ձգձգվում են նիստերը, փաստաբանները խելամիտ են համարում կալանքի խափանման միջոցի փոփոխությունը և իրենց պաշտպանյալին ազատ արձակելը:

«Մեր վերջին գրավի միջնորդությունը մերժելիս դատարանը մեկ պատճառաբանություն է նշել. ենթադրում են, որ Սաչկովը կթաքնվի քննությունից: Հիմքում դնում են այն, որ ինքը եղել է հետախուզման մեջ, բայց դրանք տարբեր բաներ են»,- ասում է Նարինե Ռշտունին:

Պաշտպանության կողմը պնդում է, որ գործի նյութերի մեջ չկա ոչ մի փաստաթուղթ, որը կհիմնավորեր, որ Սաչկովը տեղյակ է եղել իրեն նշված գործում մեղադրյալ ներգրավելու որոշման և քրեական գործի հարուցման մասին: Նրան երբևէ ոչ ծանուցել են, ոչ էլ հեռախոզազանգով են հրավիրել հարցաքննության, չնայած հայտնի է եղել և Սաչկովի բնակության, և աշխատավայրը:

Աշխատանքային պայմանագրի ավարտով Սաչկովը վերադարձել է իր քաղաքացիության պետություն և իր բնակավայր և չի թաքնվել: «Հետախուզումը արհեստական ստեղծված հիմք է, որպեսզի ասեն, որ Սաչկովը խուսափել է և չի եկել»,- նշում է փաստաբան Ռշտունին:

Փաստաբանը հավաստում է, որ Վլադիմիր Սաչկովը շահագրգռված է մնալ Հայաստանում և ապացուցել իր անմեղությունը:

Վլադիմիր Սաչկովը շուրջ 2 տարի է՝ անազատության մեջ է: Դիմել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որպեսզի բացառության կարգով թույլ տան երկարատև տեսակցություն կնոջ և երեխաների հետ, որոնք պետք է Սանկտ Պետերբուրգից ժամանեն, որպեսզի տեսակցեն իրեն: Կինը՝ Եկատերինա Ազյոման «Հետքին» պատմեց, որ Սաչկովը երբևէ չի տեսել իր կրտսեր որդուն, ով ծնվել է նրա կալանավորումից հետո: Սանկտ Պետերբուրգից երեք երեխաների հետ Հայաստան գալը և դժվար է, և ծախսատար Սաչկովի կնոջ համար: Սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը մերժել է երկարատև տեսակցությունը՝ պատճառաբանելով, որ օրենքով նախատեսված չէ:

«Դա արդեն պատժի տարրեր է ներառում իր մեջ Սաչկովի նկատմամբ»,- որակում է փաստաբան Ն. Ռշտունին:

Հիշեցնենք՝ Սաչկովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի ձեռնարկատիրություն,  որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,  որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ըստ մեղադրանքի, Սաչկովը, լինելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տեխնիկական բլոկի տնօրեն, համաձայնել է «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները և ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «ԱրմենՏել»-ի բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև ընկերության ենթակառուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter