HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին զինվոր Արթուր Մկրտչյանն այսօր կարող էր ազատության մեջ լինել

20 տարի պատիժը կրող ցմահ բանտարկյալ, նախկին զինծառայող Արթուր Մկրտչյանն այսօր կարող էր լինել ազատության մեջ՝ հարազատների կողքին, եթե նրա հանդեպ գործեր պայմանական վաղաժամկետ ազատումը:

Արթուրն այսօր դատարանում ևս մեկ անգամ շեշտեց. «Բոլորն էլ գիտեն՝ 20 տարի ոչ մի բանի համար նստած եմ, ու հիմա հնարավորություն ունեն ազատելու, բայց չեն անում»:

Ցմահ ազատազրկման դատապարտվածները, ըստ օրենքի, կարող են ներկայացվել պայմանական ազատման, եթե կրել են ոչ պակաս, քան 20 տարվա ազատազրկում: Սակայն մեր իրականության մեջ երբևէ չի եղել դեպք, երբ պայմանական ազատություն վերադառնա ցմահ բանտվածը: Ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ մոտ 15 ցմահ բանտարկյալների (նախկինում՝ մահապատժի դատապարտվածներն են) նկատմամբ պայմանական ազատում չի կիրառվում. ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովները մերժում են նրանց ներկայացնել պայմանական ազատման՝ տուժողների քաղաքացիական հայցերը վճարած չլինելու, տույժերի, հայտնաբերված բջջայինների կամ, թե բացասական բնութագրերի հիմքով: Այս պահին ցմահներից չորսը դատարաններում վիճարկում են նմանատիպ մերժման որոշումները:

Մի քանի ամիս առաջ Արթուր Մկրտչյանն, օրինակ, վիճարկում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մերժման որոշումը՝ իր մոտ հայտնաբերված բջջային հեռախոսի պատճառով: «Ստացվում է, որ ինձ պատժում են հարազատներիս հետ կապ պաշտպանելու համար»,-դատարանում ասել էր Արթուրը:

Տույժի ժամկետը լրացել էր, այնինչ «Նուբարաշենի» հանձնաժողովը մերժման նոր որոշում էր կայացրել՝ այս անգամ չպատճառաբանելով, թե ինչու Արթուր Մկրտչյանին չեն ներկայացնում պայմանական ազատման: Այս որոշումն էլ վերացնելու խնդրանքով Արթուր Մկրտչյանն ու նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը դիմել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դիմումը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Քննության ժամանակ Արթուր Մկրտչյանի փաստաբանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ «Նուբարաշենի» վարչական հանձնաժողովը չի պատճառաբանել մերժումը, հետևաբար վերացվելու հիմք է: Այդ ժամանակ ՔԿՀ-ի ներկայացուցիչ գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Արմեն Պետրոսյանը բանավոր նշեց մերժման հիմքը, այն է՝ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ քաղաքացիական հայցը, որը նա պետք է վճարի տուժող կողմին՝ ավելի, քան 1 մլն դրամի չափով (Մկրտչյանի գործով տուժողի իրավահաջորդները 5-ն են):

Կապիտանը վկայակոչեց քրեակատարողական օրենսգրքի 114 հոդվածը, որտեղ ամրագրված է. «Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»:  

Սակայն ըստ պաշտպան Ռևազյանի, ՔԿՀ-ն հետադարձ ուժ է տվել դատապարտյալի վիճակը վատթարացնող նորմին, քանի որ երբ նախկին զինվորն է դատապարտվել՝ 1997 թ-ին, նման դրույթ չի եղել: Ավելին՝ քրեակատարողական օրենսգրքի 114 հոդվածի այդ մասը լրացվել է միայն 2005 թ-ին:

Ինչ վերաբերում է տուժողներին հատուցելուն, ապա Արթուր Մկրտչյանը նշեց, որ տուժողներին մի հարց էր հուզումդատարանում՝ ովքեր են սպանել իրենց որդիներին. «Արժանապատիվ մարդիկ են, դատարանից ուզում էին իմանային իրենց տղաների մահվան պատճառը, ոչ, թե՝ 2000 դոլար վերցնեին, գնային»:  

Հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 27-ին, իր հիմնավորումները կներկայացնի դատախազ Վահան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Հետքը» դատարանների կենտրոնական արխիվում ուսումնասիրել էր Արթուր Մկրտչյանի քրեական գործը, նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց վարել նրա հետ: Արթուրը 1996 թ.-ին, նախաքննության փուլում, ինքնախոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումներից ու բռնություններից հետո: Խոշտանգել են ոչ միայն իրեն, այլև հարևան զորամասերից մեկում ծառայող եղբորը, քրեական գործ են հարուցել նրանց հոր՝ Համբարձում Մկրտչյանի նկատմամբ: Դատարանում, սակայն, Արթուրը սկսել է խոսել. պատմել է, որ Կոթիի զորամասի դիրքեր դեպքի օրը՝ 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկել է ՊՆ համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենա, որ եղել է զենքի առևտուր, որ ինքը սպանության հետ կապ չունի: Բայց դատարանը արժանահավատ չի համարել Արթուրի ցուցմունքը՝ նշելով, որ նա պատասխանատվությունից է փորձում խուսափել: Սակայն 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Արթուրի ցուցմունքը՝ պնդելով և հայտնելով օպերատիվ տվյալներ, որ, այո, դիրքերում օտար մարդիկ են եղել սպանության գիշերը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նոր երևան եկած հանգամանքների հիմքով անցյալ տարի վիճարկեց այս գործը, սակայն թե գլխավոր դատախազությունը, թե դատարանները այն բավարար հիմք չհամարեցին 19 տարվա վաղեմության գործը վերաբացելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter