HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական շուկան՝ թվերով. կաթնամթերք

2014 թվականի կեսերից դրոշմապիտակավորման պարտադիր պահանջից հետո Հայաստանում կաթնամթերքի շուկան քիչ թե շատ դուրս եկավ ստվերից։ Դա արտահայտվեց պաշտոնական վիճակագրության մեջ, երբ նշված պահանջից հետո կաթնամթերքի արտադրության ծավալները զգալի աճ գրանցեցին։ Իսկ իրականում, ոչ թե ծավալներն էին այդչափ աճել, այլ ցուցանիշները ստվերից «տեղափոխվել» էին պաշտոնական վիճակագրություն։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում արտադրվել է ավելի քան 13 հազ. տոննա պանիր, մոտ 3.6 հազ. տոննա մածուն, 3.5  հազ. տոննա թթվասեր, մոտ 550 տոննա կաթնաշոռ, 317 մլն լիտր կաթ ու մոտ 7 մլն լիտր պաղպաղակ։ Բացի կաթից, մնացածների դեպքում վիճակագրությունը հաշվարկում է միայն արտադրող կազմակերպությունների ցուցանիշները։ Իսկ կաթի ցուցանիշում ներառված է նաև  գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվածը (բացառությամբ` ներքին սպառումը):

2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ  պանրի, կաթի և թթվասերի արտադրության ծավալներն աճել են, իսկ  մածնի, կաթնաշոռի ու պաղպաղակի արտադրությունը կրճատվել է։


Create bar charts

Հայաստանից արտահանվող հիմնական կաթնամթերքը պանիրն է

Հայաստանյան կաթնամթերքի շուկայից դեպի արտերկիր արտահանվող հիմնական ապրանքախումբը «պանիր ու կաթնաշոռն» է։ Նշված երկու ապրանքների արտահանումը մաքսային մարմինը ներկայացնում է մեկ ցուցանիշով։

Ամենաթարմն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն են։

Այսպիսով, ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ 2016 թվականի հունվար-հունիսին Հայսատանից արտահանվել է 3.3 հազ. տոննա պանիր և կաթնաշոռ, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 8.4 մլն դոլար։ 2015-ի նույն ընթացքի համեմատ արտահանման ֆիզիկական ծավալներն աճել են մոտ 28%-ով, իսկ արժեքը՝ 27.3%-ով։

Այստեղ առյուծի բաժինը պանրինն է, քանի որ ինչպես տեսանք վերևում, Հայաստանում կաթնաշոռի արտադրության ծավալները փոքր են։

Պանրի արտահանումը Հայաստանից զգալի ծավալներ է ստացել նախորդ տարի՝ 2015 թվականին։ Դա, սակայն, բավական տարօրինակ էր, քանի որ ամբողջ տարվա ընթացքում հայ պանրագործները բողոքում էին աննպաստ իրավիճակից։ Նույն դրությունը շարունակվում է նաև այսօր։


Create line charts

Ռուսաստանը հայկական պանրի արտահանման հիմնական շուկան է։  Այս տարի քիչ քանակությամբ արտահանվել է նաև ԱՄՆ ու Վրաստան։

Կաթնամթերքի այլ տեսակներ Հայաստանից արտահանվում են քիչ քանակությամբ։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով  միայն որոշակի կշիռ ունի «Թան, սերուցք, մածուն, կեֆիր» ապրանքախումը, որի արտահանումը կազմել է 6.9 տոննա, մաքսային արժեքը՝ 7.9 հազ. դոլար։

Փոխարենը համեմատաբար մեծ են ներմուծման ծավալները։ Օրինակ՝ 2015 թվականին Հայաստան է ներմուծվել 3.8 հազ. տոննա կաթ և սերուցք՝ խտացրած կամ քաղցրացրած, կաթի փոշի ( մոտ 7.9 մլն դոլար), 4.38  հազ. տոննա կարագ (16 մլն դոլար), 1.1 հազ. տոննա պանիր ու կաթնաշոռ (4.97 մլն դոլար)  և այլն։ Ներմուծման աշխարհագրությունը շատ ավելի լայն է, քան արտահանմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter