HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքը երկարացվեց ևս երկու ամսով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց ՀՔԾ քննիչի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը և մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Ինչպես «Հետք»-ին փոխանցեց Թամրազյանի փաստաբանՄոնիկա Մարգարյանը, Թամրազյանի կալանքը երկարացնելու միջնորդության հիմքում քննիչը ներկայացրել է այն հանգամանքները, որ Թամրազյանին մեղսագրվող արարքների համար նախատեսված պատիժը մեկ տարուց ավել է, և որ նա, ազատության մեջ մնալով, կխուսափի քննությունից, կթաքնվի նախաքննական մարմնից, վարույթ իրականացնող մարմնի կանչերին չի արձագանքի։

«Ե՛վ կալանավորման և թե՛ կալանքը երկարացնելու միջնորդությունում քննիչի կողմից միայն օրենքի կարճ շարադրանքներ էին ներկայացված։ Սակայն, որևէ փաստական ապացույց դատարան չէր բերվել։Կային նաև որոշ նոր ցուցմունքներ, սակայն դրանք ևս չէին վերաբերում Թաթուլ Թամրազյանին»,-նշում է փաստաբանը։

Փաստական ապացույցների բացակայության պարագայում դատարանի այս որոշումը նա համարում է այն բանի ապացույցը, որ վարույթ իրականացնող մարմինը չի ցանկանում Թաթուլ Թամրազյանին ազատության մեջ տեսնել։

Ի դեպ, Թաթուլ Թամրազյանը ցանկություն չէր հայտնել ներկա գտնվել դատական նիստին։

Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Թամրազյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:

Լուսանկարը՝ Armtimes.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter