HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«ՀԱԲԼԾԿ»-ի փոխտնօրենը պարզաբանում է. «Խմորասունկ, բորբոսասունկ ցուցանիշների նկատմամբ մենք հետազոտություն չենք իրականացրել»

Երեկ  «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր տեղական արտադրության կաթնաշոռի 7 նմուշների փորձաքննության արդյունքերը: Ըստ դրանց`  ոչ մի նմուշ չի համապատասխանել սահմանված նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի  քանակ:

Հոդվածում զուգահեռ է անցակցվել Հանրային հեռուստաընկերության` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աջակցությամբ հեռարձակվող՝ «Համի որակը.Կաթնաշոռ» հաղորդման միջև:
ՍԱՊԾ ենթակայության տակ գտնվող «Հանրապետականան անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ում փորձաքննության է ենթարկվել տեղական 6 արտադրողների կաթնաշոռ:
Նույն արտադրողների կաթնաշոռը փորձաքննության է  ներկայացրել նաև «Հետք»-ը։

Մենք նշել էինք, որ «Համի որակ»-ը փորձաքննված բոլոր 6 նմուշները, ստացված լաբորատոր փորձաքննության հիման վրա, համարել էր անվտանգ: «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի աշխատակից մանրէաբան-փորձագետը կաթնաշոռի արդյունքները հայտնելիս  հաղորդման ժամանակ նշում է, որ մանրէաբանական հետազոտության  ենթարկված  նմուշները «համապատասխանում են անվտանգության պահանջներին և համարվում են մարդու առողջության համար անվտանգ» (տես` 13:18-13:25 րոպեն):


Հաղորդման շրջանակներում փորձաքննվել են նաև կաթնաշոռի անվտանգության մի շարք այլ ցուցանիշներ`  թունավոր տարրերի, թունաքիմիկատների մնացորդային քանակների առկայությունը:  «Հետազոտության արդյուքներում շեղումներ չի հայտնաբերվել, հետևաբար կաթնաշոռի բոլոր նմուշներիը պիտանի են սննդում օգտագործելու համար», -հայտնում է «ՀԱԲԼԾԿ» աշխատակից անասնաբույժ-փորձագետը (տես` 13:36- 13:46 րոպեն):

Այսօր «Հետք»-ի խմբագրություն էր զանգահարել «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը, ով հրապարակման մեջ իրենց «լաբորատորիան նսեմացնելու միտում» է տեսնում: Ըստ նրա` մթերքը փորձաքննության է ենթարկվում միայն այն ցուցանիշների նկատմամբ, որոնց նկատմամբ լինում է համապատասխան պատվեր:

«Շեղումները, որ «Ստանդարտ դիալոգ»-ում գտնվել են, մեզ մոտ չեն եղել, որովհետև այդ ցուցանիշներով ստուգում չի եղել: Հետևաբար պետք է գրվեր ոչ թե մեր մասին, այլ` պատվիրողների,-ասում է Գ.Ավետիսյանը:- Հարցը պիտի ուղղվեր կոնկրետ «Համի որակ» ծրագրին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը»:

Նա նշում է, որ իրենց լաբորատորիայում կաթնաշոռի նմուշները փորձաքննության ենթարկվել են ոսկեգույն ստաֆիլակոկ, ախտածին մանրէներ, սալմոններ, արսեն, կադմիում, կապար, սնդիկ, յուղի զանգված, թթվություն և այլ ցուցանիշներով (փորձաքննության արձանագրությունը տես այստեղ):

«Խմորասունկ, բորբոսասունկ ցուցանիշների նկատմամբ մենք հետազոտություն չենք իրականացրել»,-ասում է փոխտնօրենը:

Թեև «Հետք»-ի հրապարակման մեջ ընդամենը զուգահեռ է անցակցվել նույն արտադրողների տարբեր խմբաքանակի կաթնաշոռի միջև, սակայն զուգահեռը տարվել է դրանց «անվտանգ և սննդում պիտանի լինելու» եզրակացությունների միջև: Մեր կատարած փորձաքննության արդյունքում կաթնաշոռի 6 նմուշները չեն համապատասխանել սահմանված նորմերին և եղել են  ոչ պիտանի սննդում օգտագործելու համար:

Քանի որ «Համի որակ» հաղորդման ժամանակ «ՀԱԲԼԾԿ» իրականացրած փորձաքննության արձանագրությունը չի ներկայացվել, թե կոնկրետ ինչ ցուցանիշներ են ստուգվել, այլ եղել է լաբորատորիայի աշխատակիցների եզրակացությունը, որ «բոլոր նմուշներիը պիտանի են սննդում օգտագործելու համար, համապատասխանում են անվտանգության պահանջներին և համարվում են մարդու առողջության համար անվտանգ», հաղորդումը դիտելիս կարող է տպավորություն ստեղծվել, որ ստուգվել են անվտանգության բոլոր չափանիշները:
Հեռուստադիտողը, ով նաև սպառողն է, կարող է մոլորության մեջ ընկնել, քանի որ չեն ստուգվել անվտանգության այլ չափանիշներ (նույն` խմորասնկերի, բորբոսասնկերի քանակը, աղիքային ցուպիկի առկայությունը), որոնք ևս կարող են վտանգավոր լինել սննդում օգտագործելու համար և այն դարձնել ոչ պիտանի:

Հետևաբար, հաղորդման ժամանակ  «ՀԱԲԼԾԿ»-ն պետք է հայտներ, որ փորձաքննված չափանիշների մասով խախտում չեն արձանագրել, այլ ոչ թե կաթնաշոռի բոլոր նմուշները համարեր անվտանգ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter