HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով

Տաթև Խաչատրյան

«Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության կաթնաշոռի 7 նմուշ և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի  քանակ:

Նույն նմուշներից 6-ի փորձաքննությունն  ամիսներ առաջ իրականացրել է նաև Հանրային  հեռուստատեսությունը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աջակցությամբ հեռարձակվող «Համի որակը» հաղորդման ժամանակ, և ստացել բոլորովին այլ պատկեր։

 

Օգտակար և անվտանգ կաթնաշոռը

Կաթնաշոռը կաթնաթվային սննդամթերք է, որի բաղադրության մեջ մտնում են անփոխարինելի ամինաթթուներ (սպիտակուցներ), վիտամիններ (A, C, D և B խմբի տարրեր), ֆոլաթթու, երկաթ, կալցիում, պղինձ, մագնեզիում, նատրիում, ֆտոր, ցինկ և  ֆոսֆոր։

Ցածր յուղայնությամբ կաթնաշոռը համարվում է դիետիկ սննդամթերք և օգտագործվում է մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։

Գոյություն ունեն մի շարք նորմեր և որոշումներ, որոնցով սահմանված են կաթնամթերքի արտադրության ու անվտանգության չափանիշները: Մասնավորապես՝  Կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի ՝ «Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշման մեջ ասվում է, որ 72 ժամ և ավելի պահպանվող կաթնաշոռում և կաթնաշոռային մթերքում խմորասնկերի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկ բորբոսասնկինը՝ 50 ԳԱՄ/գ-ից  ոչ ավելի: Տեղական արտադրության կաթնաշոռի պահպանման ժամկետը միջինը 4-6 օր է (96-144 ժամ):

Սահմանված նորմայից ցանկացած շեղում անթույլատրելի է և կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։
Օրինակ՝ կաթնաշոռում խմորասնկերի և բորոբոսասնկերի  նորմայից ավել լինելը վկայում է արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։ Դրանց շեղումը կարող է  նաև նշանակել, որ կաթնաշոռը պատրաստված է  երկրորդական հումքի վերամշակումից  (ժամկետը լրացած կաթ, թթվասեր, թան և այլն)։

Մաքսային միության տեխնիկական կանոնանակարգի (ՄՄ ՏԿ 033/2013)` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին»  նորմատիվ փաստաթղթերի համաձայն՝ կաթնաշոռում կաթնաթթվային մանրէները պետք է լինեն >106  ԳԱՄ/գ-ից։

Եթե կաթնաշոռում դրանք նորմայից ցածր են, ապա արտադրության սկզբնական փուլում տվյալ մթերքում տիտրը (մանրէնէրի քանակը) սխալ է պահպանվել, ինչպես նաև՝ խախտվել են մթերքի պահպանման պայմանները։

Աղիքային ցուպիկի առկայությունը ցանկացած մթերքում անթույլատրելի է. այն հանդիսանում է մի շարք հիվանդությունների հարուցիչ և վկայում է արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի խախտման մասին։

Փորձաքննության համար ընտրվել է տեղական արտադրության 7 կաթնաշոռ։

Նախքան փորձաքննության հանձնելը, կաթնաշոռերի պիտակները փակվել և համարակալվել են, լաբորատորիա են հանձնվել zip փակվող տոպրակներով։
Բոլոր նմուշները կաթնաշոռերը եղել են ժամկետի մեջ, արտադրողի փաթեթը վնասված չի եղել։

 

 

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի նմուշի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրած «Մարիաննա»  0.5 % յուղայնությամբ կաթնաշոռը:

Բաղադրության մակնշման մեջ արտադրողը նշում է, որ «կաթնաթթվային մանրէների քանակը պիտանիության ժամկետի ավարտին ոչ պակաս 1x 106  ԳԱՄ/գ» : Փորձաքննությամբ հաստատվել է, որ կաթնաթթվային մանրէները  «Մարիաննա» յուղազերծ կաթնաշոռում նորմայի սահմաններում  են:

Սակայն դրա մեջ եղել է խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. խմորասնկերը սահմանված նորման  գերազանցել են 5, իսկ բորբոսասնկերը՝ 7 անգամ:
Ըստ այդմ՝ այս նմուշը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նորմերով սահմանված ՄՄ ՏԿ 033/2013Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին») և ՄՄ ՏԿ 021/2011( «Սննդային արտադրանքի անվտանգության մասին») պահանջներին:

Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

 

ՆՄՈՒՇ N2

 

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ՍՊԸ-ի յուղազրկված կաթնաշոռը:
Մակնշման մեջ նշված է, որ այն պատրաստվում է արտադրողի կողմից սահմանված տեխնիկական պահանջներով (ՀՀ ՏՊ), ՄՄ ՏԿ 033/2013 նորմերին համապատասխան և ունի EAC-ի նշան: Վերջինի առկայությունը վկայում է, որ արտադրանքն անցել է Եվրասիական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված գնահատման բոլոր գործընթացները և կարող է վաճառվել ԵԱՏՄ տարածքում:

Փորձաքննությունից, սակայն, պարզ է դարձել, որ «Թամարա և Անի» ընկերության արտադրած յուղազրկված կաթնաշոռի մեջ կա աղիքային ցուպիկ:

Ավելին, բորբոսասնկերի քանակը նորման գերազանցում է 5,4 անգամ:

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

 

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնու տոհմային  ԹՏԽ» ԲԲԸ-ի «Արզնի կաթ» 9%-անոց  կաթնաշոռը։ Մակնշման մեջ գրված է, որ կաթնաշոռն արտադրվում է սեփական տեխնիկական պահանջներին համապատասխան (ՀՀ ՏՊ 05724990.5792-2009):

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Արզնի կաթ» կաթնաշոռում խմորասնկերը գերազանցում են նորման 4,1 անգամ։ Կաթնաշոռի մեջ  նորմայից  մոտ 2 անգամ  ավելի էր նաև բորբոսասնկերի թիվը։

Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N4

Փորձաքննության ենթարկված չորրորդ նմուշը «Չանախ»  ՍՊԸ-ի կողմից արտադրվող անյուղ (0.6 %) կաթնաշոռն է:
Արտադրողը մակնշման մեջ գրում է, որ  կաթնաշոռում «1գ-ում կաթնաթթվային բակտերիաների քանակը 106 ԳԱՄ-ից ոչ պակաս» է։ Այնինչ, փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի անյուղ կաթնաշոռում կաթնաթթվային մանրէների քանակը 104 ԳԱՄ/գ է, ինչը պահանջվածից 100 անգամ ցածր է։
Բացի այդ, կաթնաշոռում խմորասնկերի  քանակը նորման գերազանցում է 6,4 անգամ, իսկ բորբոսասնկերինը՝  մոտ 8 անգամ։

«Չանախ»-ի անյուղ կաթնաշոռը  չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի նմուշի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ կաթ» ընկերության դասական կաթնաշոռը (7%)։ Այս կաթնաշոռի վրա փակցված է Հայկական բժշկական ասոցիացիայի տված «Խորհուրդ է տրվում»  պիտակը։
Կաթնաշոռն ունի նաև EAC-ի նշանը, ինչը վկայում է, որ ապրանքը համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին։

Փորձաքննությամբ, սակայն,  պարզվել է, որ վերոնշյալ նորմերը խախտվել են. «Աշտարակ կաթ»-ի կաթնաշոռի մեջ խմորասնկերը 1,6 անգամ գերազանցում են նորման։

Հետևաբար, այս կաթնաշոռը ևս չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N6

Վեցերորդ համարի նմուշը «Մարիլա» ընկերության «Սյունիքի բարիքներ» 9%-անոց կաթնաշոռն է։ Այն պատրաստված է ՀՀ ՏՊ 39344017.6980-2012-ով՝  արտադրողի տեխնիկական պահանջներին համապատասխան։
Մակնշման մեջ «Մարիլա»-ն, այլ ընկերությունների պես, նշում  է, որ «1գ-ում կաթնաթթվային բակտերիաների քանակը 106 ԳԱՄ-ից ոչ պակաս» է։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Մարիլա» կաթնաշոռում կաթնաթթվային մանրէների քանակը սահմանված  նորմայից 10 անգամ ցածր է։ Բացի այդ, խմորասնկերի  քանակը նորման գերազանցում է  5 անգամ, իսկ բորբոսասնկերինը՝  12 անգամ։

«Մարիլա»-ի 9 % յուղայնությամբ կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N7

Վերջին՝  յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ՍՊԸ-ի կողմից արտադրվող 9 % յուղայնությամբ կաթնաշոռը։

Արտադրողի նշած կաթնաթթվային մանրէների քանակը (106 ԳԱՄ/գ) նորմայի մեջ է։ Սակայն, փորձաքննությունը ցույց է տվել, որ «Թամարա» ընկերության կաթնաշոռում  խմորասնկերի քանակը պահանջված նորման գերազանցում է 7 անգամ, իսկ բորբոսասնկերի քանակը՝ մոտ 3 անգամ։

Այսինքն՝  «Թամարա»-ի այս կաթնաշոռը ևս չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

 

Նշված 6 նմուշները  «Համի որակ»-ը համարել է անվտանգ

Կաթնաշոռի մի այսպիսի լաբորատոր փորաձաքննություն իրականացրել է նաև  Հանրային հեռուստաընկերությունը՝ «Համի որակը» հաղորդման շրջանակներում։

Ինչպես նկարագրության մեջ ասվում է, հաղորդման նպատակն է ՝ «պարզել, բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունը, օգտակարությունը» ։ Այն «առաջնորդվում է բացառապես հանրային շահով և գովազդի նպատակ չի հետապնդում»։

Հաղորդմանն աջակցում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իսկ փորձաքննություններն իրականացվում են  ՍԱՊԾ ենթակայության տակ գտնվող «Հանրապետականան անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ում։

2016թ., մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության յութուբյան ալիքում տեղադրվել է «Համի որակ» հաղորդաշարի հերթական տեսանյութը տեղական 6 արտադրողների կաթնաշոռի փորձաքննության արդյունքների մասին։ Նույն արտադրողների կաթնաշոռը փորձաքննության համար ընտրել էր նաև «Հետք»-ը։

ՀԱԲԼԾԿ-ում կատարված փորձաքննության ժամանակ «Համի որակը» պարզել էր, որ բոլոր 6 նմուշներում շեղում չկա. դրանք «համապատասխանում են անվտանգության պահանջներին և համարվում են մարդու առողջության համար անվտանգ»։

«Հետք»-ը կաթնաշոռի նմուշները փորձաքննության է տարել  2016թ. սեպտեմբերի 7-ին, բնականաբար, լաբորատորիա են տարվել տարբեր խմբաքանակի կաթնաշոռեր: Սակայն մեր փորձաքննության ժամանակ  ոչ միայն շեղումներ են հայտնաբերվել (կաթնաթթվային մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակ), այլև նմուշներից մեկում («Թամարա և Անի») եղել է աղիքային ցուպիկ։

Բացի սննդում ոչ պիտանի լինելուց, դրանք նաև ըստ  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, համարվում են կեղծված. բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության:

 

Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը տես այստեղ:

Մեկնաբանություններ (3)

Gevorg Sahakyan
Շատ շնորհակալություն - ին , շնորհակալ ենք, որ մտածելով մարդկանց առողջության մասին նման հետազոտություններ եք անում և բացահայտում մեր > որոնք արտադրում և յուրացնում են վնասակար , կատարած ստորությունները , նրանք ինչպես մեր թշնամիները, նպաստում են շատերի առողջության վատթարացմանը և ի վերջո մահվան , փաստորեն առաջին < աննկատ > թշնամիները մեր ներսում են , և ես ու վսստահ եմ շատերը զայրացած ենք, որ չկա դրա դեմ համապատասխան պայքար , ու վստահ եմ որ ոչինչ չի ել փոխվի ՔԱՆԻ ՈՐ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԿԵՂԾԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՄԻՅԱՅՆ ԹԵ ՉԿՈՐՑՆԵՆ ԻՐԵՆՑ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՐՅԱՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ ԶԵՌՔ ԲԵՐԱԾ ԳՌՈՇՆԵՐԸ !!! ՄԱՐԴ ԵՂԵՔ ԿԵՆԴԱՆԻՆԵ՜Ր
Հայ
Շնորհակալություն փորձաքննության համար, կատարվել է մեծ աշխատանք, սակայն ձեր աշխատանքը չի բերի որևէ փոփոխության, եթե այսքանով բավարարվել։ Պետք է ստիպել արտադրողներին պահպանել նորմերը, պատժել նրանց և ենթարկել պատասխանատվության։ Վստահ եմ՝ հարկ եղած դեպքում ազգը կկանգնի ձեզ պաշտպան։
մի տղա
Շնորհակալությունս եմ հայտնում 《Հետք》-ին կատարած աշխատանքի համար, շարունակեք լինել օգտակար Ձեր բացահայտումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter