HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիա

Նարինե Մկրտչյան

Մաս 2.

Քաղաքական կոռուպցիայի հայկական իրականությունը

Սկիզբը

Հայաստանյան ընտրություններում ավելի քան երկու տասնամյակ առաջ փորձարկվեց-ներդրվեց մի արատավոր մեխանիզմ, երբ ընտրակաշառք վերցրած հերթական ընտրողն ընտրատեղամասից դուրս էր հանում չքվեարկված քվեաթերթիկը՝ այն հանձնելով հաջորդին (ցանկալի նշումով), ով էլ ընտրատեղամասում  քվեարկված քվեաթերթիկը գցում էր քվեատուփի մեջ, իսկ իր չքվեարկված քվեաթերթիկը դուրս բերում և հանձնում հաջորդ ընտրակաշառվածին: Այդպես հնարավոր էր դառնում և՛ վերահսկել ընտրակաշառվածների քվեարկությունները, և՛ որոշակի թվով ցանկալի քվեներ ապահովել՝ էապես ազդելով ընտրությունների վերջնարդյունքի վրա: Հայկական ընտրակեղծարար այդ տեխնոլոգիան կոչվում է «կարուսել»:

Ժամանակի ընթացքում ընտրակեղծարար տեխնոլոգիաները Հայաստանում բազմաբնույթ դարձան, և քաղաքական կոռուպցիոն հսկա կարուսելն աստիճանաբար ողջ Հայաստանը վերցրեց իր արագընթաց և մահաբեր պտույտների մեջ: Ընտրական կոռուպցիան սկիզբ դրեց լայնածավալ և խորքային քաղաքական կոռուպցիայի, որի վերահաս աղետը կարող է ջարդուփշուր անել հայոց անկախ պետականությունը:

                                                                3.

Հասնել և անցնել Հայիթիին:

Սահմանադրության հանրաքվեներով՝ դեպի քաղաքական կոռուպցիա

Հայաստանում քաղաքական կոռուպցիայի սկզբնաղբյուրը, հիմքը, առանցքը ընտրություններն են և հանրաքվեները, որոնք 1995թ. ի վեր պարբերաբար ուղեկցվել են՝

-  ընտրողների թվի արհեստական և ակնհայտ ուռճացմամբ,

-  կուսակցությունների և քաղաքական թեկնածուների համար սահմանված բարձր ընտրագրավով (հատկապես 2005թ. ԸՕ փոփոխությունների հետևանքով), որով սոցիալական խտրականություն և ունեցվածքային ցենզ են սահմանվում,

-  քվեարկությունների արդյունքների աղաղակող կեղծումներով,

-  ընտրողներին բաժանվող ընտրակաշառքներով,

-  քվեատուփերի լցոնումներով,

-  ընդդիմադիր թեկնածուների հանդեպ ճնշումներով և սպառնալիքներով,

-  բարձրագույն իշխանության հետ կուսակցությունների և քաղաքական թեկնածուների գործարքներով և պայմանավորվածություններով, որոնք էապես ուղղորդել են ընտրությունների արդյունքները,

-  կառավարող կուսակցության կողմից վարչական միջոցների չարաշահմամբ,

-  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այնուհետ՝ ԿԸՀ), ընտրական այլ հանձնաժողովների անդամների բացահայտ ապօրինություններով,

-  ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով,

-  ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական աշխատանքների խոչընդոտումներով, բռնարաքներով, տեխնիկայի վնասմամբ,

-  վստահված անձանց, անկախ դիտորդների հանդեպ կիրառվող բռնություններով,

-  Սահմանադրական դատարանի (այնուհետ՝ ՍԴ) կողմից ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուների և կուսակցությունների հանդեպ խտրական, կողմնակալ վերաբերմունքով, աչառու և բարձրագույն իշխանության կողմից ուղղորդվող դատավարությամբ և որոշումներով:

Այսօրինակ հանցավոր և դատապարտելի իրողությունների հետևանքով 1995թ. ի վեր Հայաստանում անհնար է դառնում իշխանությունների ձևավորումն ընտրողների կողմից՝ ընտրությունների արդյունքում, և իշխանությունը փաստացի զավթում են գործող բարձրագույն իշխանությունը և կառավարող  կուսակցությունը: Որպես հետևանք՝

-  ամրանում է ավտորիատար կառավարումը,

-  էապես նվազում են իշխանությունների վերահսկման, քաղաքական որոշումների վրա ազդելու՝ հասարակության հնարավորությունները,

-  սահմանափակվում են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները,

-  թուլանում են ՀՀ դիրքերը միջազգային հարաբերություններում,

-  թուլանում է ՀՀ ինքնիշխանությունը, մեծանում է ՀՀ կախվածությունը ՌԴ-ից, երկիր, որը հանդես գալիս որպես կոռումպացված վարչակարգերի աջակից:

Եվ երբ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու՝ միջազգային կառույցների ճնշումները և պահանջներն աճում են կամ ավելանում է կոռուպցիան նվազեցնելու համար ՀՀ-ին հատկացվող դրամաշնորհների ու վարկերի չափը, այդ ժամանակ իշխանություններն իրենք են մատնանշում քաղաքական կոռուպցիայի հայկական իրականության արատավոր առանձնահատկությունները: Այսպես: Ըստ ՀՀ կառավարության «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի»՝ «Հայաստանում ընտրական գործընթացների փորձն առանձնացնում է մի շարք հիմնական կոռուպցիոն ռիսկեր, այդ թվում. նախընտրական քարոզչությունն օրենքով արգելված աղբյուրներից ֆինանսավորելը,  քարոզչություն իրականացնելու նպատակով իշխանական լիազորություններն օգտագործելը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գույքը և միջոցներն օգտագործելը, ընտրողների «ձայները գնելը» և ընտրական հանձնաժողովների կողմից ընտրակեղծիքներ կատարելը»1: Այն մտահոգությունները, որոնք ՀՀ հարափոփող կառավարությունները որպես ծրագիր և իրավիճակի գնահատում հանձնում են թղթին, գործնական քաղաքականության մեջ   անտեսում են կամ խորացնում:

Ընտրական գործընթացները Հայաստանում արատավոր են, հանրության՝ վստահության իսպատ բացակայությամբ, թեպետ հանրության մի մասը այս կամ այն չափով ներգրավված է դրանցում: 2011-ին, ի պատասխան GALLUP-ի հարցի, թե «որքանո՞վ են արդար և ազնիվ ընտրությունները ձեր երկրում», Հայաստանում հարցվածներն գնահատել էին 12՝ 100 տոկոսանոց հաշվարկով: Հայաստանից ավելի ցածր ցուցանիշ ուներ միայն Հայիթին՝ 7 տոկոս2:

2008թ. ՀՀ նախագահի աղմկահարույց ընտրություններից հետո, որի վերջերգը ազդարարվեց մարտի 1-ի արյունալի իրադարձություններով, 2009թ. Caucasus Research Resource Centers-ի կողմից իրականացված «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների և ձեռնարկությունների հետազոտությունների»՝ հարցված ՀՀ քաղաքացիների 2/3-ի կարծիքով կոռուպցիան մեծապես կամ որոշ չափով բնորոշ է ընտրական գործընթացներին. «2009թ. ընտրական համակարգում կոռուպցիան «բարձր» և «շատ բարձր է» է համարում հարցվածների 62 տոկոսը: ԿԸՀ-ն ընկալվում է որպես ամենակոռումպացված հաստատություն՝ 5.7 միավորով (1-7 սանդաղկում, ուր  կոռումպացվածության գնահատականը հետևայլն է՝  1-ը՝ ոչ կոռումպացված, 7-ը՝ լիովին կոռումպացված): ԿԸՀ-ին կոռումպացվածությամբ հաջորդում են քրեակատարողական հիմնարկները՝ 5.5 և դատարանները 5.4 միավորներով: 2010թ. երևանցիների 71 տոկոսը ԿԸՀ-ն համարել է «մեծապես կոռումպացված»3:

1995թ. ի վեր հայաստանյան ընտրությունները վիճահարույց են եղել միջազգային կառույցների գնահատականների համաձայն, և դրանց արդյունքներն անընդունելի են եղել ընտրողների մեծամասնության համար: Այսպես:

 Համապետական հանրաքվեներ

1991թ. ի վեր Հայաստանում կայացել են թվով 5 համապետական հանրաքվեներ՝ 1991թ՝  ՀՀ Անկախության հանրաքվեն, 1995թ.՝ ՀՀ Սահմանադրության, 2003, 2005, 2016թթ.՝  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների: Դրանցից երեքի արդյունքները կոպտորեն կեղծվել են 1995, 2005, 2015 թվականներին: Դրա վկայությունն են ընտրությունների վերահսկոող միջազգային և տեղական դիտորդների զեկույցները, ԶԼՄ-ների հրապարակումները, հասարակության արձագանքն ընդհանրապես:      Անդրադառնանաք թեկուզ միայն 21-րդ դարի ՀՀ ընտրություններին և հանրաքվեներին:

6 դեկտեմբերի, 2015թ. – Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հանրաքվեի դրված  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծով (փաստացի՝ նոր Սահմանադրությամբ) անցում էր կատարվում խորհրդարանական կառավարման: ԿԸՀ պաշտոնական տվյալներով արձանագրվել են հետևյալ արդյունքները՝ «Այո»՝ 825.521, «Ոչ»՝ 421.568:

ԱՄՆ Պետքարտուղարության՝ Մարդու իրավունքների զեկույց. 2015թ. Հայաստան

 «Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղական և միջազգային դիտորդները, քաղաքացիական հասարակության անդամներն ու լրագրողները հաղորդել են բազմաթիվ ընտրախախտումների, այդ թվում` վարչական ռեսուրսների օգտագործման, բազմաքվեարկության, լցոնումների և պաշտոնյաների կողմից հանձնաժողովի անդամների ու դիտորդների վրա ճնշում գործադրելու մասին»4։

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույց

 «Ընտրատեղամասերում, որտեղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀՓԽ-ն դիտարկել է ձայների հաշվարկի ընթացքը, լուրջ խնդիրների թվում են՝ «Այո» քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտություն և ահաբեկում, որոնք հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների փոփոխմանը: Մի ընտրատեղամասում ԵԱՀԿ/ ՀՄԻԳ-ի ՀՓԽ-ն դիտարկել է ՏԸՀ անդամների և ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից քվեների արդյունքների շահարկում՝ հօգուտ «Այո»-ի։ Մասնավորապես, որոշ վավեր «Ոչ» քվեաթերթիկներ անօրինական կերպով հանվել են, իսկ հետո վերադարձվել են որպես անվավեր քվեաթերթիկներ կամ դրվել են սխալ փաթեթում: Տեղական դիտորդները, ընդդիմադիր խմբերը և լրատվամիջոցները բարձրաձայնում էին մեղադրանքներ համատարած խախտումների, միջամտության և ահաբեկումների վերաբերյալ քվեարկության և հաշվարկի գործընթացի ընթացքում երկրի ամբողջ տարածքում»5:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ քննվել են 23 քրեական գործեր:

27 նոյեմբերի, 2005թ.  - ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Չնայած հանրաքվեի քվեարկության զանգվածային բոյկոտին՝ ԿԸՀ-ն կոպտորեն կեղծեց թե՛ մասնակցության, թե՛ քվեարկության թվերը. ներկայացնելով՝ 93.2 տոկոս «Այո», 5.4 տոկոս՝ «Ոչ»:

ԶԼՄ-ների հրապարակումներ

 «ԱԺՄ գրասենյակից հայտնեցին, որ Էրեբունի համայնքի թիվ 13/04 տեղամասի ԱԺՄ դիտորդ Էլիզա Ավետիսյանը արձանագրել է, որ ժամը 12:30-ին ընտրատեղամաս են մտել մոտ 20 մարդ և ստանալով արդեն կնքված պատրաստի քվեաթերթիկների տրցակը՝ միանգամից լցրել են արկղի մեջ: Է. Ավետիսյանը քվեատուփը գրկելով փորձել է կանխել, բայց նրան բռնությամբ հեռացրել են և մի կողմ հրել, որից հետո դիտորդը լքել է տեղամասը: Այդ ժամին ԱԺՄ դիտորդի տվյալներով, այդ տեղամասում քվեարկել էր ընդամենը 18 ընտրող»6:

«Մայրաքաղաքի թիվ 9/8 և 9/9 ընտրատեղամասերում մասնակիցների «պլանը» կատարվել է ի հաշիվ Մայրաքաղաքային գնդի զինվորների: Ինչ վերաբերում է քվեարկողների ակտիվությանը, ապա երկու տեղամասերի հանձնաժողովների մի քանի ընտրություն «տեսած» նախագահները միաբերան հայտնեցին, որ «….հանրաքվեին ժողովրդի մասնակցությունը այս պահի դրությամբ շուրջ 70 տոկոսով ցածր է»: Մեր այցելության պահին՝ ցերեկվա 2.20-ից 3.20-ը քվեարկողներն այնքան քիչ էին, որ ներս մտնող յուրաքանչյուրը գրավում էր բոլորի ուշադրությունը, վերջում էլ նրան շնորհակալություն էին հայտնում»7

 Պետության և հասարակության իրավական հարաբերությունների հիմքը հանդիսացող Սահմանադրության հանրաքվեների արդյունքների պարբերական աղաղակող կեղծումներով իշխանությունները պետականության հիմքում դրել են քաղաքական կոռուպցիան, ինչն էլ այժմ լրջորեն սասանում է պետականության հիմքերը:

4.

Ընտրական կոռուպցիան համակարգի մաշկն է

2011թ. Wikileaks կայքը «գաղտնազերծեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008թ. մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը: Փենինգթոնը նշում է, որ ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատուն` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով»: 2008թ. ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը ՍԴ-ում վիճարկում էր ընտրությունների արդյունքները՝ դրանք չեղյալ համարելու պահանջով: Պողոսյանը պնդում էր, որ «նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի մարտի 8-ին կայանալիք ՍԴ լսումները պետք է ավարտվեն Տեր-Պետրոսյանի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Պողոսյանը հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան` բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն և նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (Արմեն Գևորգյան) կանչել է նախագահական»: Ըստ Պողոսյանի՝ ՍԴ նվազագույնը երեք անդամներ նման զանգեր են ստացել: Պողոսյանը նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների շրջանում, սակայն իր բողոքները «անուշադրության են մատնել»: Պողոսյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանում այժմ բացարձակ բռնապետություն» է տիրում», որտեղ անհնար է խնդիրներն օրինական ճանապարհով լուծել»8:

 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյսնաը, իր հերթին, նման վարքագիծ է դրսևորել 1996թ. ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ՍԴ-ում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ, երբ ՍԴ-ը, անտեսելով բազմահատոր գործը, անփոփոխ է թողել կոպտորեն կեղծված ընտրությունների արդյունքները:

Ի բացառյալ 1991թ. ՀՀ նախագահի 1-ին ընտրությունների, մնացյալ չորսի դեպքում ընտրությունների արդյունքները կեղծվել են հօգուտ իշխանության թեկնածուի: 1996, 2003, 2008, 2013 թթ. ՀՀ նախագահի ընտրություններում ընդիմադիր թեկնածուներից և ոչ մեկը, ըստ ԿԸՀ տվյալների, չի դարձել ՀՀ նախագահ: Իշխանության թեկնածուները բռնությամբ միշտ զավթել են իշխանությունը:

Նույն իրավիճակում են կայացել նաև 1995, 1999, 2003, 2007, 20012թթ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները, երբ իշխանությունը կամ իշխանական դաշինքները խորհրդարանում կազմել են հարաբերական, կայուն, որակյալ կամ բացաձակ մեծամասնություն:

Բացի ընտրական կոռուպցիայից, որը քաղաքական կոռուպցիայի հիմքն է, հայկական քաղաքական կոռուպցիան այլ դրսևորումներ ևս ունի: Դրանք են՝

1) Ընտրություններից հետո ՀՀԿ-ի շուրջ ձևավորվող կառավարական կոալիցիաները հետևանք են քաղաքական առևտրի՝ ի շահ քաղաքական պետական պաշտոնների:

2) Այժմ «Հանրապետական» կուսակցությունը ՀՀ քաղաքական դաշտում իր ֆինանսական հնարավորություններով, պետական համակարգի զանգվածային հանրապետականացմամբ քաղաքական մենաշնորհի է տիրապետում: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության 2015թ. զեկույցի՝ «Տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներն են եղել ՀՀԿ-ի գերակա իշխանությունը պահպանելու համար՝ պաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսների օգտագործումը, աջակիցներին հարստացնելու և իրավապահպան ու դատական համակարգերը կոռումպացնելու նպատակով՝ երկրի տնտեսական վերնախավի կողմից տնտեսական և քաղաքական իշխանության օգտագործումը, ինչպես նաև դատական համակարգի անկախության սահմանափակումը»9:

3) Ըստ Transparency international-ի «Կոռուպցիան և հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում. ընդհանուր իրավիճակի նկարագիր. 2013թ.» զեկույցի՝ «Հայաստանում կոռուպցիային առնչվող ամենակարևոր հարցերից մեկը քաղաքական և բիզնես վերնախավերի սերտաճումն է, որը խորացնում է խոշոր կոռուպցիայի երևույթի վտանգը: »10:

 4) Ըստ նույն զեկուցի՝ «Թեպետ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ արգելքը հաճախ անտեսվում է (Միջազգային ճգնաժամային խումբ, 2012): Իշխանություն ունեցող պաշտոնյաները կամ քաղաքական գործիչները հաճախ ղեկավարում են մասնավոր ընկերություններ թաքնված գործընկերությունների կամ հարազատների միջոցով (ԱՄՆ Պետքարտուղարություն, 2012ա): Մասնավոր ձեռնարկության և պետական հիմնարկի միջև հստակ տարանջատման բացակայությունը տեղիք է տալիս խոշոր մանիպուլյացիայի պետական գնումներում (Ֆրիդոմ Հաուս 2013 ա)»11:

5) Գործարար պատգամավորների գործունեությանը ԱԺ-ում երբեմն առաջ է բերում նաև շահերի ակնհայտ բախում ընդունվող օրինագծերի և նրանց գործարար շահերի միջև: Նրանցից և ոչ մեկը չի հրաժարվել քվեարկությունից՝ մատնանշելով շահերի բախումը:

6) Հայաստանում իշխանությունների տարանջատում փաստացի գոյութուն չունի: Ներկայացուցչական հակակշիռները չեն գործում: Դատաիրավական համակարգը և խորհրդարանը գործադիր իշխանության կցորդն են և առաջնորդվում են նրա հրահանգներով:

Քաղաքական կոռուպցիան Հայաստանում դարձել է համակարգի մաշկը: Իսկ մաշկազերծ լինել ոչ ոք չի պատրաստվում:

Շարունակելի

--------------------------------------------

Հղումներ և սկզբնաղբյուրներ

1 ՀՀ կառավարության «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիր, www.gov.am

2 http://www.gallup.com/poll/157997/women-worldwide-less-confident-men-elections.aspx

3 Caucasus Research Resource Centers «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների և ձեռնարկությունների հետազոտությունների», 2009, 2010, http://www.crrc.am/resources/publications?lang=hy

4 ԱՄՆ Պետքարտուղարության Մարդու իրավունքների զեկույց. 2015թ. Հայաստան, www.usa.am

5 http://www.osce.org/hy/odihr/elections/220951?download=true

6  http://www.aravot.am/2005/11/28/322562

7 http://www.aravot.am/2005/11/28/322564/

8Տե՛ս http://www.epress.am/2014/03/05/%D5%BD%D5%A4-2-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AF%D5%AC%D6%84%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A8%E2%80%A4-%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A5%D5%AF.html

 9http://photos.state.gov/libraries/armenia/231771/PDFs/hr2015_arm.pdf

10 Կոռուպցիան և հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում. ընդհանուր իրավիճակի նկարագիր. 2013թ., www.tranparecy.am

11 Նույն տեղում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter