Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Կարևորը չմուրալն է»,- ասում է «դրախտի տեր» Ժորան


«Սա Ժորայի դրախտն ա»,- ձեռքերը տարածելով ու ժպիտով ասում է աբովյանցի Ժորան՝ Գեորգի Դաշյանը և ցույց տալիս իր ունեցվածքը:

«Դրախտի» մուտքը մետաղական տարբեր կտորներից կարկատած դարպասն է: Ամայի տարածությունը լցվել է կույտերով՝ պլաստմասսայե շշերի, արկղերի, կոշիկի տակացուների, ցախի: Փոքր-ինչ հեռու քարե մեկսենյականոց տնակն է: Այստեղ Ժորան ապրում է 30 տարուց ավելի: Քաղաքի աղմուկից փախել է, սիրում է հողի հետ աշխատել: «Եկամո՞ւտս… Քրտինքս է, ձեռքերիս նայի, սրանց շնորհիվ է»,- կոշտացած, կրիայի պատյանի պես մաշկը տեղ-տեղ ճաքճքել է, ափերին սև, կոշտ գծեր կան:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հևքից կտրված են ապրում Դաշյանները: Սենյակում առաստաղից ճոճվում է միակ լամպը: Դեղին, աղոտ լույսը նույնիսկ չի տարածվում ամբողջ սենյակում: «Էս շակալադն ա, էս մեկը՝ մարմելադը, էս էլ տորթը»,- Գեորգին երեք երեխաներին է ծանոթացնում՝ մարմելադը 5-ամյա Գալինան է, շոկոլադը՝ 4-ամյա Դանիելը, իսկ տորթը՝ 7 ամսական Ալեքսանդրը:

«Հո չե՞ք նեղվում, որ պստլիկ ա տունը, կարևորը՝ մեր սիրտը լեն ա»,- ասում է Ժորան: Դեմքից ուրախությունն անմիջապես սահում է, ընկնում ցած: Մռայլություն է տարածվում: 53 տարեկան է, բայց, ինչպես ասում է, կյանքի շա՜տ դժվարություններով է անցել: Գլուխը կախում է, կինը՝ Մարինեն, կաթի շիշը ձեռքին նայում է ամուսնուն: Փոքրիկ Ալեքսանդրն էլ է լուռ:

«Մեծ թագավորներ ենք ունեցել, որ ամենավերջին քյասիբի շորն են հագել, բայց հիմա որ մեկը նստում ա քաղաքապետ կամ գյուղապետ, քեզ ո՞վ ա բանի տեղ դնում: Կներեք, ներսս լիքն ա, պիտի դատարկեմ»,- սա ասելից ուղիղ դեմքիս է նայում: Ես լռում եմ, ինքը շարունակում է: Մի տեսակ ծալքերով կուտակված դառնություն կա նրա խոսքերում, անընդհատ կրկնում է, որ կարևորը չմուրալն է, քրտինքով աշխատելը: «Ես հաց չեմ մուրում, աշխատում եմ, չմտածեք»,- ավելացնում է:

«Մարինեն մանկատան երեխա ա եղել, ու երբ 18 տարին լրացավ նրան միսենյականոց տվեցին, էնտեղ ապրում էր: Բայց, գիտեք, էնքան մարդ կա, որ նեղն ընկած մարդուն սկսում ա տրորել, Մարինեն էլ շատ դառնություններ ա քաշել,- 29-ամյա կնոջն է նայում (Մարինեն Ժորայի երկրորդ կինն է)՝ դարձյալ շարունակելով պատմությունը,- Մարինեին 2 տարեկանում մանկատուն են հանձնել: Մենք հանդիպեցինք Զոնալ կայանում, Աբովյանի գյուղանման թաղամասերից ա, Մարինեն արդեն մի երեխա ուներ, մենակ էր ապրում»:

Մեկ տարի ապրել են Մարինեի բնակարանում: Այն առաջին հարկում է, ամուսինների ասելով՝ առնետներ կան, խոնավ է, դրա համար հիմա չեն ուզում ապրել այնտեղ:

«Համ էլ, գիտես, չեմ կարող ապրել քաղաքում աղմկոտ տեղ, հողն եմ սիրում, մշակում եմ՝ վարունգ ա, կարտոֆիլ, պոմիդոր, կանաչեղեն, լոբի... Մի հորթ եմ պահում, 8 հավ»,- ասում է Ժորան: Ափսոսում է, որ բանջարեղենի սեզոնին չենք գնացել, թե չէ կհյուրասիրեր: Նրա հիմնական աշխատանքը փողոցներից պլատաներ, պլաստմասսայե արկղեր, շշեր, կոշիկներ հավաքելն է: Գնորդներ ունի: Նախկինում աշխատում էր «Սիրիուս» գործարանում: «Նախկինում էդ գործարանում մի քանի հազար մարդ էր աշխատում, ինքնաթիռի, ուղղաթիռի դետալներ էին արտադրում, տելեվիզորներ, մագնիտոֆոներ էին սարքում: Բա հիմա ի՞նչ կա մեր երկրում: Մարդիկ գործ չունեն: Արտադրանք դիր, գործարան դիր, մի քանի հազար մարդ աշխատի, որ չբողոքեն»,- բակ դուրս գալիս ասում է ժորան:

Շրջում ենք Ժորայի «դրախտում»: Ասում է, որ հավաքած կոշիկները բերում, մաքրում է, հետո մարդիկ կան, գալիս առնում են: «Չմտածեք, թե զիբիլանոցներ եմ մտնում, ուղղակի շատ եմ քայլում փողոցներում»,- կասկածամտորեն նայում է մեզ: Պլատաների մեջ արծաթ ու ոսկի կա, սա էլ իր գնորդն ունի, իսկ եզդիները Ժորայրց վերմակ ու ներքնակ են գնում:

«Կարևորը տանդ մեջ սեր, հարգանք լինի, ոչինչ, որ մի քիչ էլ պակաս ես ապրում, ի՞նչ անենք: Էրեխեքն ինձ ուժ տվողներն են, մի բան որ, ասում են, չէ՞, թե բա՝ պապա, էս որ լիներ, կուտեինք, ասում եմ՝ մեկից մեկ լինելու ա, գնում եմ թեկուզ պարտքով լինի, վերցնում եմ, բերում, հետո ստեղծում եմ, պարտքը փակում, խի՞ չանեմ»,- ասում է Ժորան:

4-ամյա Դանիելը ծառի ճյուղով խաղում է տաշտակի սառցե մակարեսի հետ, սառույցը հանկարծ կիսվում է, տղան ոտքը գցում է ջրի մեջ: «Կմրսես, Դանի, մի արա»,- այնքան մեղմ է ասում Մարինեն, Դանին միանգամից նայում է նրան, հետո այլևս չի փորձում կրկնել:

«Մարինեն ընտրված թագուհի է, միլիոնների մեջ ջոկված»,- կնոջը նայելով՝ ասում է Ժորան: Մարինեն գլուխը կախում է, թե՝ լավ էլի, Ժորա, իսկ Ժորան շարունակում է, թե սիրելն ամոթ չէ, մի կյանք ես ապրում, ինչի՞ համար պիտի չնվիրվես ընտանիքիդ:

Շեշտում է, որ կյանքում ամենակարևորը ազնիվ ու արդար լինելն է: Ասում է՝ այնքան են գողանում իր հավաքած իրերից, բայց ոչինչ, չի չարանում: Սա ասելուց ժպտում է: Երեխաների համար նպաստ չեն ստանում: Պատճառը, ըստ ծնողների, Մարինեի բնակության վայրի փոփոխությունն է: «Մարինեին էլ պիտի թոշակ տային, բայց դա էլ չեղավ: Մարինեի կյանքը կիսված ա, մի քանի տարի առաջ սրտի վիրահատություն ա տարել...»,- սա շշուկով է ասում, աչքերն արագ-արագ թարթում է, հետո հայացքը թեքում:

Մենք խոսում ենք երեխաների հետ: 5-ամյա Գալինան մի օր երազում է բժիշկ դառնալ, մի ուրիշ օր՝ երգչուհի, իսկ մեր խոսակցության ժամանակ ասում է, որ վարսավիր է դառնալու, Դանին էլ որոշել է, որ «ԶԻԼ» կամ «ԿամԱԶ» է քշելու:

«Սև հաց է լինում, ես չեմ ուտում, բայց կինս ու էրեխեքս պիտի ուտեն, իրենց հետ ես եմ ուրախանում: Ուրախությունն ինչի՞ մեջ ա՝ էրեխեքի»,- Ժորայի դառնության ծալքերն անհետացել են, կարծես, կերպարանափոխվել է: Ցույց է տալիս իր շներին՝ Սամուրային ու նորաբնակ Չիկոյին: Նախկինում 7 շուն է պահել, 30-40 հավ, ձի ուներ: Հիմա 8 հավ ու մի հորթ է մնացել (Ժորայի խնամքին են նաև եղբոր հորթն ու խոզը):

Ամուսինները մտածում են վաճառել Մարինեի բնակարանը, մի երկաթյա տնակ գտնել ու ապրել Ժորայի «դրախտում»: «Էստեղից ուրիշ տեղ չեմ կարա ապրեմ, բա դրախտն էլ ի՞նչ ձևով ա լինում»,- ավելացնում է 53-ամյա Ժորան:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի 


Գլխավոր էջ

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Աղքատություն» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։