HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղբայրն այսօր տեսակցել է Արթուր Սարգսյանին

5 ամիս կալանքի տակ գտնվող, «հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արտակն այսօր տեսակցել է նրա հետ: «Հետքի» հետ զրույցում նա պատմեց, որ Արթուրին տեսել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսակցությունների համար նախատեսված մասում:

«Արթուրը կռացած էր քայլում, դե տեսել եք` կադրերի մեջ էլ է էդպես: Ինքը հիվանդ տղա ա: Մի քանի հիվանդություն ունի: Տեսա, որ առողջականը լավ չի: Արյուն ա հետ տալիս, ուտելն էլ է դժվարանում: Եթե էդպես մնա, լավ չի լինի, «հալվում» ա Արթուրը»,- ասաց Ա․ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հուլիսի 26-ին հաց հասցրած, 2-րդ խմբի հաշմանդամ Արթուր Սարգսյանը մեղադրվում է նրանց օժանդակելու մեջ։։ 

Նա ևս մեկ անգամ նշեց եղբորը քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ նրա համար անհասկանալի է՝ ինչու Արթուրին համառորեն չեն տեղափոխում հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մյուս եղբոր տեղեկացմամբ` նա գտնվում է ոչ թե մեկուսարանի բուժմասում, այլ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորների համար նախատեսված խցերից մեկում մի քանի խցակիցների հետ:  

Արթուրի եղբայրը մեզ ասաց, որ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների տված դեղերի ցուցակը իր մոտ է, պիտի գնի ու տանի բանտ: «Մեր համար խնդիրը Արթուրի բուժումն է: Չենք ասում ազատեք իրեն, մեզ պետք է, որ մեր ախպերը ողջ մնա, հետո կհասկանան, որ սխալ են պահել բաց կթողնեն, բայց կարող ա դրան չձգի»,-ասաց Ա․Սարգսյանը:

Ըստ Արթուր Սարգսյանի փաստաբանների հաղորդագրության` դեկտեմբերի 10-ին Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոց և փսխումներ: Դեկտեմբերի 11-ին Արթուր Սարգսյանի մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ: Կանչվել է շտապօգնություն, և Սարգսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է կերակրափողի էրոզիա և ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի և ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետև Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Փաստաբաններն իրենց նամակում նշել են, որ այդ հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 

Հ.Գ. Հաշվի առնելով այն, որ Արթուր Սարգսյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը հանվել է, մի խումբ լրագրողներով դիմել ենք ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին, որպեսզի մեզ առաջիկա օրերին հնարավորություն ընձեռվի հարցազրույց ունենալու Արթուր Սարգսյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter