HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ զբոսաշրջային օպերատորներ կնքել են «հավատ չներշնչող» պայմանագրեր ու սոցփաթեթի շահառուների փոխարեն հանգստի ուղարկել այլ անձանց

Գայանե Սարգսյան

Հայաստանի վերահսկիչ պալատն այս տարվա ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողություն է իրականացրել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության և արդյունավետության գործընթացի նկատմամբ: Վերահսկողությունն իրականացվել է 2012 թ.-ի հունվարի 1-ից 2016թ.-ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության նկատմամբ:

Վերահսկիչ պալատը ռիսկային է համարել առողջապահական փաթեթի և հանգստի ապահովման ծառայության բաղադրիչները: Ավելի վաղ անդրադարձել էինք առողջապահական բաղադրիչին: Հերթը հանգստի բաղադրիչինն է, որի հետ կապված ևս Վերահսկիչ պալատը մի շարք խախտումներ է արձանագրել:

Հանգստի բաղադրիչի մասով ընտրանքային կարգով վերահսկողության են ենթարկվել էկոնոմիկայի նախարարությունում հաշվառված թվով  69 զբոսաշրջային օպերատորներից 17-ը: Դրանց մեծ մասում արձանագրվել են տարատեսակ խախտումներ ու բացթողումներ:

«Բանգի»  ՍՊԸ-ի փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակ պարզվել է, որ սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքված պայմանագրերը կնքվել են ոչ լիարժեք, թերի, որոշ պայմանագրերում բացակայում են սոցիալական փաթեթի շահառուների  կոնտակտային տվյալների, աշխատանքի վայրի վերաբերյալ տեղեկությունները:

Վերահսկիչ պալատը «հավատ չներշնչող» է որակել «Բանգի», «Մալետա» և «Լեյա» ՍՊԸ-ների համագործակցության արդյունքում կնքված գործարքը` տեսակետ հայտնելով, որ «այն այլ միջոցներով հավելյալ շահույթ ստանալու նպատակ է ունեցել»:

Հավատ չի ներշնչել մասնավորապես 2014թ.-ի հուլիս-օգոստոսին կնքված պայմանագիրը, ըստ որի` ՍՊԸ-ն 146 սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքել է զբոսաշրջության ծառայությունների պայմանագիր` «Լեյա» հյուրանոցում հանգստանալու համար: «Լեյա» հյուրանոցի ննջարանային մասնաշենքը, համաձայն վարձակալության պայմանագրի վարձակալել է  «Մալետա» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներից մեկը «Բանգի» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է: Ընկերությունը պայմանագիր է կնքել «Մալետա» ՍՊԸ-ի հետ` վերջինիս միջոցով «Լեյա» հյուրանոցում հանգիստը կազմակերպելու համար: Ըստ ընկերության տրամադրած տեղեկությունների` պարզվել է, որ թվով 4 տարբեր օրերում 244 հյուրերի՝ սոցիալական փաթեթի շահառուների և նրանց ուղեկցող անձանց թիվը գերազանցում է հյուրանոցի կողմից փաստացի սպասարկվող 16 սենյակների և ընդհանուր 56 մահճակալների թիվը:

«Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ում ևս սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքված պայմանագրերը եղել են ոչ լիարժեք, թերի:

Ընկերությունը 2014թ.-ի հուլիս և օգոստոս ամիսներին շուրջ 98 սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքել է զբոսաշրջության ծառայությունների պայմանագիր «Լեյա» հյուրանոցում հանգստանալու նպատակով: Ինչպես «Բանգի» ՍՊԸ-ի դեպքում, այս անգամ ևս հյուրանոցի ու զբոսաշրջային օպերատորի միջև կապը եղել է միջնորդավորված:

«Լեյա» հյուրանոցի ննջարանային մասնաշենքը, համաձայն վարձակալության պայմանագրի, վարձակալել է վերը հիշատակված «Մալետա» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներից մեկը միաժամանակ նաև «Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է: Ընկերությունը պայմանագիր է կնքել «Մալետա» ՍՊ ընկերության հետ վերջինիս միջոցով «Լեյա» հյուրանոցում հանգիստը կազմակերպելու համար: Ըստ ընկերության տրամադրած տեղեկությունների` պարզվել է, որ թվով 5 տարբեր օրերում ընդհանուր 209 սոցիալական փաթեթի շահառուների և նրանց ուղեկցող անձանց թիվը գերազանցում է հյուրանոցի կողմից փաստացի սպասարկվող 16 սենյակների թիվը:

«Նշվածից ենթադրվում է, որ «Ռուբենյանց տուն», «Մալետա» և «Լեյա» ՍՊԸ-ների համագործակցությունը իր մեջ ներառում է հավատ չներշնչող գործարք, որը նպատակ է ունեցել այլ միջոցներով հավելյալ շահույթ ստանալու»,- նշված է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ:

«ԳՈՌ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում վերահսկողության ընթացքում Վերահսկիչ հանձնաժողովն արձանագրել է. ««LIST.AM» կայքէջում որպես ընկերության գործակալ ներկայացած Ռուբեն Ամատունու կողմից տեղադրված հայտարարությունից պարզվեց, որ ընկերությունը գնում է սոցիալական փաթեթներ, ինչն արգելված է ոլորտը կարգավորող իրավական ակտերով»:

Ընկերությունը հերքել է նշված անձի հետ կապը, սակայն այդ հանգամանքը փաստացի չի հիմնավորել:

Ի դեպ, նույն կայքում Ռուբեն Ամատունին ներկայացել է նաև որպես որպես «ԷԴՆԱ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի գործակալ: Ինչպես և ակնկալվում էր, այս դեպքում ևս ընկերությունը հերքել է տվյալ անձի հետ կապը:

«Անիկ Թադևոսյան» ԱՁ-ն սոցիալական փաթեթի շրջանակներում պայմանագրային գործունեություն է ծավալում «Ջերմուկի Աշխարհ» ՍՊԸ-ի հետ:

Ստուգման ընթացքում ՍՊԸ-ի և ԱՁ կողմից տրամադրված հաշվետվությունների համադրության արդյունքում փաստացի արձանագրվել է թվով 2 անհամապատասխանություն: Պարզվել է, որ ՀՀ կառավարության 1691-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ շահառուի փոխարեն սոցիալական փաթեթից օգտվել են այլ անձիք:

ԱՁ-ն սոցիալական փաթեթի շրջանակներում պայմանագրային գործունեություն է ծավալում նաև ԵՊՀ հանգստյան տան  հետ: Տրամադրված հաշվետվությունների համադրության արդյունքում փաստացի արձանագրվել է թվով 16 անհամապատասխանություն:

Ստուգող հանձնաժողովի աշխատակիցները որոշում են կայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առաջարկել քննարկել «Անիկ Թադևոսյան»  ԱՁ-ին Էկոնոմիկայի նախարարությունում գրանցված հանգստի ապահովման ծառայություն իրականացնող ընկերությունների ցանկից հանելու հարցը` խուսափելու համար հետագայում բյուջեի դրամական միջոցների ոչ նպատակային ծախսից և խախտումներից:

«Ֆան Թրեվլ» ՍՊԸ-ն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվել և գործունեություն է ծավալել 2013 թվականին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ. մարտի 19-ի 170 Ն հրամանի 3-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` հաշվառվել և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ կարող են մատուցել այն ընկերությունները, որոնք նշված հրամանի 12-րդ կետով նախատեսված հայտը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մասնակցել են առնվազն միջազգային 2 կամ տեղական և միջազգային մեկական զբոսաշրջային ցուցահանդեսի: Նշված պահանջը ապահովելու նպատակով ընկերությունը ներկայացրել է փաստաթուղթ, առ այն, որ ընկերությունը  2011թ. նոյեմբերի 3-5-ը մասնակցել է միջազգային ցուցահանդեսի: Սա այն դեպքում, երբ «Ֆան Թրեվլը» իրավաբանական անձի պետական  գրանցում ստացել է 2012 թվականի օգոստոսի 29-ին, այսինքն  2011 թվականին «Ֆան Թրեվլ» անունով ընկերություն գոյություն չի ունեցել:

Արդյունքում, Վերահսկիչ պալատը արձանագրել է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարի 170-Ն հրամանի պահանջը բավարարված չէ և ընկերությունը չէր կարող հաշվառվել և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել»:

Ստուգող հանձնաժողովի աշխատակիցները ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդին առաջարկել են  դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, հետագայում բյուջեի դրամական միջոցների ոչ նպատակային ծախսից և խախտումներից խուսափելու համար քննարկել «Ֆան Թրեվլ» ՍՊԸ-ին Էկոնոմիկայի նախարարությունում գրանցված հանգստի ապահովման ծառայություն իրականացնող ընկերությունների ցանկից հանելու  հարցը:

Ընկերությունը ներկայացրել է առարկություն այն մասին, որ ցուցահանդեսին մասնակցել է ոչ թե ֆիրմային անվամբ, այլ՝ ապրանքային նշանով, որին պատշաճ ուշադրություն չի դարձրել հաշվառում իրականացնող մարմինը: Ստուգող հանձնաժողովն առարկությունը ընդունել է մասամբ:

«Ռիմ ընդ Ար» ՍՊԸ-ում արձանագրվել են խոշոր չափերի հասնող պարտքեր: Ընկերությունը, խախտելով հյուրանոցների հետ կնքած պայմանագրերում վճարումներ կատարելու ժամկետները, կուտակել է պարտքեր:  2016թ.-ի մայիսի 19-ի դրությամբ թվով 48 հյուրանոցներին կուտակված պարտքի չափը կազմել է 2 մլն 959 հազար դրամ:

«Ինվիկտուս Հոլդինգ»  ՍՊԸ-ի պարտքը 2016թ.-ի մայիսի 13-ի դրությամբ կազմել է  20 մլն 722 հազար դրամ, ընկերության հանդեպ բանկերի ունեցած պարտավորությունները եղել են շուրջ 6 մլն դրամի: Վերահսկիչ պալատն արձանագրել է. «Սոցիալական փաթեթի շահառուներին հանգիստն ապահովելու համար պետական բյուջեից հատկացված  20 մլն 722 հազար դրամը ընկերությունը ծախսել է այլ նպատակների համար` խախտելով ՀՀ կառավարության սոցիալական փաթեթի շահառուների ոլորտը կարգավորող համապատասխան որոշումները: Այս դեպքում ևս որոշվել է առաջարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը քննարկել ընկերությանը հանգստի ապահովման ծառայություն իրականացնողների ցանկից հանելու հարցը:

«Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց  ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում ստուգող հանձնաժողովին տեղեկացվել է, որ 2015թ.-ի օգոսոտոսին ընկերությունում բաժնետիրոջ փոփոխությունից հետո պարզվել է՝ ընկերությունն ունի ֆինանսական պարտավորություններ ՀՀ հյուրանոցային տնտեսությունների, ինչպես նաև սոցիալական փաթեթի շրջանակում հյուրանոցային ծառայություների մատուցման պարտավորություն մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ: Ընկերությունը մարել է մի շարք հյուրանոցային տնտեսությունների պարտքեր, սակայն բավարար միջոցներ չի ունեցել մարելու ընկերության ողջ պարտքը` ՀՀ հյուրանոցային տնտեսություններին իրենց կողմից մատուցած ծառայությունների դիմաց: Վերջիններիս հայցի բավարարման նպատակով ընկերության պատկանող գույքի և դրամական միջոցների վրա ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրվել:

«Էլիտար» ՍՊԸ-ում կատարված ստուգման ընթացքում սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքված պայմանագրերում հյուրանոցային օբյեկտների գիշերակացի գնի և նույն հյուրանոցներից ստացված հաշիվ ապրանքագրերի միջև նշված գիշերակացի գնի մեջ շեղումներ ու անհանմապատասխանության դեպքեր են արձանագրվել: Հանձնաժողովն առաջարկել է  վերահսկիչ պալատի խորհրդին դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին՝ վերը նշված խնդրի իրավաչափությունը ստուգելու և որպես պետական լիազոր մարմին պարզաբանելու խնդրանքով:

Մեկնաբանություններ (1)

Անանուն
Գրագետ գրեք գոնե, որ գրածը մի փոքր հավատ ներշնչի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter