HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ. «Կառավարությունում կադրային փոփոխություններն իրականացվում են առանց պատշաճ հիմնավորման»

«Հայաստանում պետական ծախսերի ուռճացված լինելն անվիճելի փաստ է Հայաստանում, ուստի ծախսերի կրճատման մոտեցումն ինքնին կարող էր ողջունելի լինել: Սակայն, ներկայում պետական ապարատի ծախսերի կտրուկ կրճատումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են հապշտապ՝ հիմքում չունենալով որևէ ինստիտուցիոնալ կամ արդյունավետության հրապարակային վերլուծություն ու տնտեսագիտական հաշվարկներ՝ առանց գնահատելու քաղաքացիների սոցիալական վիճակի վրա դրանց ազդեցությունը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները տնտեսության համար առհասարակ»,- եզրակացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»  հակակոռուպցիոն կենտրոնը, որն այսօր քննարկում էր կազմակերպել «ՀՀ վարչապետի 100 oրը» խորագրով։

Ըստ կենտրոնի՝ վարկաբեկված և կոռուպցիոն սկանդալներում ներգրավված բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոններից ազատումը վաղուց սպասված ու պահանջված քայլ էր: Սակայն, ներկայիս պաշտոնանկությունները չեն ուղեկցվում համապատասխան բացատրություններով կամ հիմնավորումներով, թե ինչու այս կամ այն անձն այլևս չի կարող պաշտոնավարել: «Որևէ հրապարակային  գնահատական չի տրվում այդ պաշտոնյաների գործունեության արդյունավետությանը, չեն գնահատվում  պաշտոնյաների կողմից էթիկայի խախտումներն ու շահերի բախման իրավիճակները, քրեորեն հետապնդելի չեն դառնում նրանց դրսևորած անօրինականությունները: Այսպիսի հանդուրժողականությունը չի բացառում որոշ ժամանակ անց քաղաքական կոնյունկտուրայի բերումով նույն կամ այլ պատասխանատու պաշտոններում այս պաշտոնյաների նշանակվելու հավանականությունը, և այսպիսի պրակտիկան արդեն իսկ առկա է Հայաստանում։ Կադրային փոփոխություններն, առհասարակ, իրականացվում են առանց պատշաճ հիմնավորման և հասարակության համար անհայտ չափորոշիչներով, ինչի արդյունքում հանրային կառավարման պատասխանատու պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք թեև հանրային ընկալման մեջ ունեն չվարկաբեկված կենսագրություն, սակայն չունեն հանրային կառավարման ոլորտի համապատասխան փորձառություն: Պատշաճ չեն գնահատվում հանրային կառավարման ոլորտի առանձնահատկությունները, և պետական համակարգ է ներմուծվում մասնավոր սեկտորի աշխատաոճ, ինչը կարող է լրջորեն անդրադառնալ կառավարման արդյունավետության վրա»,- գնահատում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը:

Արձագանքնելով կադրային փոփոխությունների վերաբերյալ այս գնահատականներին՝ այսօրվա քննարկմանը ներկա ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց. «Կադրերի հետ կապված, ինչ խոսք, համակարգը չի կարելի գնահատել կատարյալ։ Բայց եկեք նայենք մեր պատմությունը։ Այսօր գոնե ունենք ստեղծված ինստիտուտներ։ Դա չեմ ասում իրավիճակն արդարացնելու համար։ Առաջարկում եմ չտարանջատել մեզ ձեզանից։

Մենք պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել վիճակը բարելավելու համար»։

Նա շեշտեց, որ միշտ արդյունավետությունը բարձրացնելու տեղ կա։ «Չի կարող լինել ժամանակահատված, որ մենք համարենք, թե հասել ենք կատարելության և այլևս անելիք չունենք»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով կառավարության ծախսերի արդյունավետության հարցին։

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի մասնագետների՝ չափազանց մտահոգիչ է ՀՀ վարչապետի՝ ՀՀԿ-ին միանալուց հետո նրա կողմից նախկինում ղեկավարվող «Գազպրոմ Արմենիա» ընկերության հազարավոր աշխատակիցների՝ ՀՀԿ-ին  անդամակցելու միաժամանակյա ցանկության դրսևորումը: Սա առնվազն ողջամիտ կասկած է հարուցում անդամակցության կամավորության և վարչապետի  նախկին կապերն ու ներկա ազդեցության լծակներն օգտագործելու վերաբերյալ:

«Լրջագույն խնդիր է այն, որ ՀՀ վարչապետն իր 100-օրյա գործունեության  ընթացքում տված հրապարակային ելույթներում և հարցազրույցներում օրակարգային չի դարձրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, ընտրությունների, արդարադատության խնդիրները: Մինչդեռ սրանք այն հիմնարար հարցերն են, որոնց վրա խարսխվում է հանրային վստահությունը և առանց դրանց լուծման ու իրավիճակի բարելավման չի կարող արդյունավետ գնահատվել որևէ կառավարության գործունեություն:

Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քաղաքականության փոփոխության առումով դրսևորվել են որոշակի դրական միտումներ (գույքի և եկամուտների հայտարարագրման բարելավում, ապօրինի հարստացման քրեականացում, ինստիտուցիոնալ փոփոխություններին ուղղված քայլեր և այլն), ինչն, անշուշտ, գնահատելի է: Սակայն չափազանց կարևոր է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որպես կոռուպցիոն հանցագործություններ ճանաչվեն և  դատապարտվեն նաև ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները, ինչը կարող է նպաստել գործարարների մուտքը խորհրդարան կանխարգելելուն և դրանով իսկ՝ քաղաքական կոռուպցիան նվազեցնելուն: Կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ հանրային վստահություն սերմանելու համար օրախնդիր է իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքը և կոռուպցիոն դրսևորումների բացահայտումը և դատապարտումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակում, ինչը նաև հիմքեր կստեղծի ապօրինի հարստացման վերաբերյալ օրենսդրությունն ապագայում կյանքի կոչելու և անհամաչափ ունեցվածք կուտակած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»,- եզրակացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը։

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը «ՀՀ վարչապետի 100 oրը» խորագրով քննարկմանը ներկայացրեց նաև իրենց անցկացրած ֆեյսբուքյան հարցման արդյունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter