HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանի պաշտպանը հանդես եկավ պաշտպանական ճառով

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստի ընթացքում փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ պաշտպանական ճառով՝ նշելով, որ իր պաշտպանյալը քաղաքական  և հասարակական գործիչ է, կայացած միջադեպի վրա էլ նրա քաղաքական գործունեությունը կարևոր դեր է կատարել։

«Սաֆարյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ է, և նրա քաղաքական գործունեությունը վերջին տարիներին ուղղված է եղել իշխանություններին պաշտոնաթող անելուն և նրանց հրաժարականը ստանալուն։ Մենք գործ ունենք ընդդիմադիր քաղաքական գործչի հետ, ում գործունեությունը ուղղված է իշխանության դեմ»,-նիստի ընթացքում հայտարարեց փաստաբանը։ Ապա ավելացրեց, որ Գևորգ Սաֆարյանը երիտասարդ լինելով, կարողացել է դառնալ ընդդիմադիր ճանաչված քաղաքական գործիչ և լինել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ցանկում։

Փաստաբանը նշեց նաև, որ Գևորգ Սաֆարյանը բազմաթիվ անգամ ենթարկվել է բռնությունների, որի մասին իրենք նշել են նաև դատարանում։ Հիշեցրեց նրա նկատմամբ իրականացրած մահափորձը, որի պատասխանատուն այդպես էլ չի հայտնաբերվել, և հարուցված քրեական գործով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

«Օրը ցերեկով մարդու նկատմամբ մահափորձ է կատարվել, բայց որևէ բան չի բացահայտվել։ Բազմաթիվ տեսագրություններ չեն ուսումնասիրվել»,-հայտարարեց Հայրապետյանը։

Փաստաբանը ավելացրեց նաև, որ իշխանությունները հատուկ վերաբերմոնք ունեն այն բոլոր դեպքերի նկատմամբ, որտեղ Գևորգը ինչ-որ ձևով մասնակից է։

«Ավելի քաղաքականացված մեղադրանք հնարավոր չէ պատկերացնել։ Որ նա սադրիչ ելույթներ է ունենում և նրա ելույթներից մարդիկ ավելի են ոգևորվում, ներշնչվում են, ավելի ազատատենչ են դառնում և ավելի են ցանկանում իշխանությունների հրաժարականը, բացառապես դրա համար է Գևորգ Սաֆարյանը նստած մեղադրյալի աթոռին»,-հայտարարեց փաստաբանը։

Անդրադառնալով Գեղամ Խաչատրյանին, Հայրապետյանը հիշեցրեց դեպքից մի քանի օր առաջ ոստիկանի գրած ֆեյսբուքյան գրառմանը, ով ամբաստանյալի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել: «Հետաքրքիր է, եթե Գեղամ Խաչատրյանը այսպիսի կարծիք ունի Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ, հենց նա հագնում է համազգեստ և գնում հերթապահության, նրա վերաբերմունքը փոխվու՞մ է։ Դեպքի նախորդ օրը նույնպես Գեղամ Խաչատրյանը գրառում է կատարել, որտեղ նշել է՝ «գնում ենք մեր հայրենասիրական պարտքը կատարելու, Ամանորի գիշերը, որ բոլորն իրենց ընտանիքների հետ են, մենք ծառայելու ենք մեր հայրենիքին և Ազատության պողոտայում հավաքված կապիկներին քշելու ենք Ազատության պողոտայից»։

«Գեղամ Խաչատրյանը դատարանում հայտարարել է, որ ամեն մի հայհոյանքին ինքը պատասխանել է եռապատիկ հայհոյանքով։ Հարգելի մեղադրողը գտել է, որ Խաչատրյանը իր պաշտոնական պարտականություններն է կատարել։ Համաձայն մեղադրողի՝ ստացվում է, որ իր ծառայողական պարտականությունների կատարելու ժամանակ գումարտակի հրամանատարի պետք է հայհոյանքներ հնչեցնի։ Տեսանյութում երևում է որ ոստիկանի կողքին կան կանայք և երիտասարդ աղջիկներ։ Սա է ոստիկանի պաշտոնական պարտականությունները կատարելու հետքը»,-դատարանի դահլիճում հայտարարեց փաստաբանը։

Փաստաբանը նշեց նաև, որ այն բոլոր կառույցները, որոնք ֆինանսավորել են ոստիկանությանը, պետք է իմանան՝ իրենց գումարներն ու՞ր են գնացել։ 

Հաջորդ դատական նիստի ըթնացքում ելույթով հանդես կգա Գևորգ Սաֆարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter