HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

71 միլիոն դրամի արտոնություն՝ Սյունիք համայնքի ղեկավարի որդուն պատկանող ընկերությանը

Կառավարությունը այսօրվա նիստին չքննարկվող կարգով ընդունեց «Սյունիք ֆուդ» ՍՊԸ-ին 71 միլիոն դրամի հարկային և մաքսային արտոնություն տալու առաջարկը։ 

ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվելու է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Ընկերության հիմնադիրն է Սարմեն Սարգսյանը, ով Սյունիքի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի որդին է: Արտադրամասը` կից կառույցներով, ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից, զբաղեցնում է գյուղի շուրջ 5200 քմ հողատարածք:

Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Սյունիքի մարզում զբաղվել մրգի և բանջարեղենի պահածոների վերամշակմամբ: 

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը պատրաստվում է կատարել ընդհանուր շուրջ 1,35 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 400 մլն դրամը։ Ընկերությունը կառավարությանը վստահեցրել է, որ կստեղծվի մոտ 210 աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 2017թ՝ 127 հազար դրամ, 2018թ՝ 138 հազար դրամ և 2019թ՝ 180 հազար դրամ:

«Ընկերության առաջին փուլի սարքավորումների ներմուծումը կկազմի շուրջ 71 մլն դրամ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումն իրականացվելու է փուլ առ փուլ»,- նշված է որոշման նախագծում։

Այս ընկերությանը նման արտոնության տրամադրելու հարցը ներառված էր նաև այս տարվա հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգում, սակայն այն նիստի օրը չքննարկվեց։ Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց որոշման նախագիծը կառավարություն ներկայացրած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մամուլի խոսնակ  Աննա Օհանյանը՝ արտոնության տրամադրման հարցի քննարկումը կառավարության նիստի օրակարգից դուրս է եկել անճշտությունների պատճառով. «Որոշակի խնդիրներ կային ներդրումային ծրագրի  հետ կապված, որոշ հստակեցումներ կատարելու անհրաժեշտություն կար, նաև ապրանքային կոդերի ճշգրտելու հարցեր կային, այդ պատճառով նիստի օրակարագից դուրս էր եկել»։

Օհանյանի խոսքով` այդ ընթացքում «Սյունիք ֆուդ» ընկերության հետ շտկումների վերացման շուրջ աշխատանքային քննարկումներ են կատարվել և կատարվել հստակեցումներ։

Ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ՝ այս նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter