HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գինու զբոսաշրջությունը զարգացնելու համար Հայաստանն ունի բոլոր նախադրյալները

Ինչ է նշանակում գինու տուրիզմ

Գինու տուրիզմ արտահայտությունը վերջերս ավելի հաճախ է հանդիպում, այն նշանակում է այցելություններ գինեգործական զարգացած և հայտնի տարածաշրջաններ՝ գինու արտադրության գործընթացը տեսնելու և հենց այնտեղ գինու տարբեր տեսակներ համտեսելու համար:

Եվրոպայում գտնվող մի շարք գինու գործարաններ տեղակայված են այցելության համար հասանելի տեղանքում, սակայն հաճախ անհրաժեշտ է հաղթահարել մի քանի հազար կիլոմետր, որպիսի համտեսել աշխարհահռչակ ֆրանսիական Շատոներից որևէ մեկի գինիները: Շատոն ֆրանսերեն նշանակում է ամրոց կամ կալվածք, որտեղ բնակվել են արիստոկրատները: Գինու գործարանը Շատոի անբաժանելի մասն է կազմել` գինու այգի, գործարան և մառան: Շատ հաճախ ֆրանսիական գինիների պիտակի վրա գրված է, թե կոնկրետ որ Շատոյում է այն արտադրված:

In Vino Veritas – ճշմարտությունը գինու մեջ է

Գինին համարվում է ամենահին խմիչքներից մեկը:

Առաջին հայացքից գինու արտադրությունը ըստ էության պարզ գործընթաց է: Սկզբում խաղողից քամվում է հյութը, այնուհետև ֆերմենտավորվում (պարզ ասած՝ խմորվում) և որոշ ժամանակ հետո այդ հյութը վերածվում է գինու: Գինու որակի վրա մեծ ազդեցություն ունի խմորումը: Բացի նրանից, որ ամեն խաղողի տեսակ ունի ֆերմենտացման իր եղանակը, խմորման պրոցեսի վրա մեծ ազդեցություն ունի տարածքի ջերմաստիճանը, տարաների որակը, որտեղ պահվում է գինին և բազմաթիվ այլ գործոններ: Յուրաքանչյուր գինու արտադրող ունի իր գաղտնիքը, հենց այդ պատճառով է, որ նույն շրջանի գինիները տարբերվում են իրարից գույնով, համով, բույրով և պնդությամբ:

Խմորման գործընթացը գինու արտադրության մեջ որոշիչ դեր ունի, հենց խմորումից է կախված  գինու համը, գույնը և բույրը: 

Այն տարածված խմիչք է գրեթե ամբողջ աշխարհում: Գինու աշխարհը բաժանվում է երկու մասի՝ հին (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Պորտուգալիա Հայաստան, Վրաստան և այլն)  և նոր (Արգենտինա, Չիլի, ԱՄՆ, Հարավային Աֆրիկա, Նոր Զելանդիա):

Գինու մշակույթը

Նախկինում կարծիք կար, որ մարդիկ գինի են խմում, երբ ընթրում են լավ ռեստորանում, խնջույքների ժամանակ կամ տոներին: Այժմ գինի խմում են գրեթե ամենուր` տանը, պիկնիկի ժամանակ, սրճարանում: Այն հասանելի է բնակչության բոլոր խավերի համար, շուկայում կան մի քանի եվրո արժողությամբ գինիներ, որոնք ըստ էության որակյալ են: 

Գինու մասնագիտացված խանութները  գնալով շատանում են, այնտեղ կարելի է գնել մատչելի, միջին և շատ թանկ գինիներ:

Գինու սիրարահարները հաճախ հավաքում են իրենց սիրելի գինիները: Եթե գինին արտադրված է բերքառատ տարում և գինու քննադատների կողմից արժանացել է լավ գնահատականի, ապա այն շատ արագ վաճառվում է կամ մնում է արտադրողի մոտ և թանկանում ամեն տարի: Շշերը մի քանի հարյուր եվրոից կարող են թանկանալ` հասնելով մի քանի հազար եվրոի: Գինին պահելու համար անհրաժեշտ է պահպանել ջերմաստիճանը,  լուսավորության աստիճանը և խոնավությունը: 

Ինչ է գինու տուրը

Ճանապարհորդություն, որի ժամանակ նախատեսվում է այցելել գինու արտադրության կենտրոններ, մառաններ, ստանալ արտադրության պատմության մասին տեղեկություն և համտեսել տեղի ամենալավ գինիները, այցելել խաղողի այգիներ և տեսնել գինու ստեղծման ողջ գործընթացը: Հյուրերին կսովորեցնեն, թե ինչով են տարբերվում կարմիր և սպիտակ գինու բաժակները, ինչ ջերմաստիճանում է գերադասելի խմել տարբեր գույնի գինիները և ինչպես ճիշտ բռնել բաժակը: Եթե այցելությունը ճիշտ ժամանակին է, հյուրերը կարող են մասնակցել բերքահավաքին և նույնիսկ ոտքերով տրորել խաղողը: Գինու տուրերը հետաքրքիր են ոչ միայն գինու սիրահարների, այլ նաև մարդկանց համար, որոնց համար գինին ուղակի խմիչք է: 

Փաթեթի հագեցվածությունը  կախված է ճանապարհորդության տևողությունից: Գինու փաթեթները սովորաբար իրենց մեջ ներառում են`

  • Այցելություն խաղողի այգիներ
  • Համտես
  • Համտեսի տեխնիկայի ուսուցում
  • Էքսկուրսիա և պատմական կենտրոնների այցելություն
  • Այցելություններ մառանների և գինու գործարաններ
  • Հետաքրքիր խաղեր և մրցույթներ (օրինակ գուշակել գինին բույրով)
  • Մասնակցել գինու ստեղման գործընթացներից գոնե մեկին 

Ինչպես կարել է խթանել գինու տուրիզմը Հայաստանում

Ֆրանսիացիները ասում են՝ գինին ստեղծել են հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ մենք՝ ֆրանսիացիներս, գինին դարձրինք արվեստ:

Ըստ հնէաբանների և պատմաբանների՝ գինեգործությունը Հայաստանում սկիզբ է առել դեռևս 6000 տարի առաջ: Խաղողի վազը համարվում է աշխարհի ամենահին բույսերից մեկը, իսկ առաջին գինին համարվում է կուժի մեջ խմորված վայրի խաղողի հյութը, որը դուր է եկել մարդուն: 2010-11 թթ. Արենի գյուղի մոտ քարանձավում կատարված պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ: Ըստ տարբեր վկայությունների՝ հայերը միշտ խմել են գինի, ըստ Աստվածաշնչի՝ երբ Նոյը ոտք է դրել Արարատ լեռան վրա, ստորոտին տնկել է խաղողի առաջին որթը:

Առհասարակ, գինին հայկական եկեղեցում բոլոր ծեսերի հիմնական բաղադրամասն է, այն ընկալվում է որպես Քրիստոսի արյան խորհրդանիշ: Հայերը դեռևս հին ժամանակներից սովորություն են ունեցել օրհնել խաղողը  (խաղողօրնեք), որից հետո միայն խաղողը դարձել է գինի:

Հայաստանի խաղողագործական շրջաններ են` Արագածոտն, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Տավուշ և Արցախ: 2013 թվականի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմել է 17 465 հեկտար, որից 16 065 հեկտարը բերքատու է: Յուրահատուկ կլիմայի շնորհիվ Հայաստանի խաղողը յուրահատուկ համ ունի: Հայկական մի շարք խաղողի սորտեր վերացել են, մի քանիսը գտնվում են ոչնչացման եզրին. բարեբախտաբար այժմ վերականգնման աշխատանքներ են տարվում: Հայկական խաղողի սորտերն են` Արենի, Կախեթ, Ոսկեհատ, Մովուզ, Բանանց, Լալվարի, Խնդողնի, Թոզոտ, Խաթուն Խարջի և մի շարք մուսկատային տեսակներ: Այս խաղողի սորտերը համարվում են Վինիֆերա (vinifera) տեսակի: Տարածաշրջանի խաղողի սորտերից են ` Վարդագույն Երևանի,Կանգուն, Մեղրաբույր, Անահիտ, Կարմրահյութ,Ներկառատ, Գառանդմակ:

Հայաստանի գինու արդյոււնաբերությամբ զբաղվող ընկերությունները․

  • Արմենիա Վայն գինու գործարանը հիմնադրվել է 2008 թվականին, գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 40  հեկտար է: 
  • «Արենիի գինու գործարան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին, գործարանը գտնվում է Վայոց Ձորի Արենի գյուղում, խաղողի այգիների ընդհանուր տարածքը 22 հեկտար է:         
  • Գետնատուն գինու գործարան. հիմնադրվել է 1999 թվականին,գտնվում է Վայոց Ձորի մարզում, Արփա գետի հովտում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 10 հեկտար է:
  • Գոլդեն Գրեյփ Արմաս. հիմնադրվել է 2007 թվականին, գտնվում է Արագածոտնի մարզում, Սասունիկ և Կոշ համայնքների շրջակայքում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 180  հեկտար է :
  • «Կատարո» գինու գործարանը հիմնադրվել է 2010 թվականին, գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 10 հեկտար:
  • Զորահ. հիմնադրվել է 2004 թվականին, գտնվում է Վայոց Ձորի Ռինդ գյուղում:  Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 9 հեկտար:
  • Էդվազ Գրուպը իր 365 Wines ապրանքանիշով հիմնադրվել 2008 թվականին, Երևանում: Ընկերությունը մրգերը մթերում է Հանրապետության բոլոր շրջաններից:
  • Հին Արենի. հիմնադրվել է 2013 թվականին, Վայոց Ձորի Արենի գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 35 հեկտար է:
  • Մարան գինու գործարանը հիմնվել է 1991 թվականին, գտնվում է Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 20 հեկտար է:
  • Վան Արդի. հիմնադրվել է 2008 թվականին, գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 60 հեկտար:
  • Տիեռաս դե Արմենիա հիմնադրվել է  2004 թվականին, գտնվում է Արմավիրի մարզում, խաղողի այգիների ընդհանուր տարածքը 500 հեկտար է:
  • Տրինիտի գինու գործարանը հիմնվել է 2008 թվականին, գտնվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմում է 6.5 հեկտար:
  • Օլդ Բրիջ. հիմնադրվել է 1998 թվականին, գտնվում է Վայոց Ձորի Արփի գյուղի շրջակայքում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2.5 հեկտար:
  • Koor գինիները առաջին անգամ ներկայացվել են 2014 թվականին: Խաղողի այգիները գտնվում են Վայոց Ձորում և Արցախում:
  • Helias գինին շուկայում հայտնվեց 2012 թվականին: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմում է 5 հեկտար:
  • Վայն Հաուս ընկերության խաղողի այգիները հիմնադրվել են 2003 թվականին, կազմում են շուրջ 10 հեկտար, գտնվում են Արագածոտնի մարզի Աղձք գյուղում:

2014 թվականին հրատարակվել է «Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույց» գիքը, որտեղ մանրամասն ներկայացված է Հայաստանի գինու պատմությունը, Հայաստանի խաղողագործական շրջանները և գինի արտադրող կազմակերպությունները իրենց արտադրանքով: Հեղինակը Անիկ Պետրոսյանն է: Գրքի երկրորդ մասի շնորհանդեսը տեղի ունեցավ 2016 թվականի դեկտեմբերին, որտեղ ներառված է նաև հայկական խաղողի պատմությունը:

Անիկ Պետրոսյանը կարծում է , որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները գինու տուրիզմի զարգացման համար: «Ես կարծում եմ, որ բոլոր գինի արտադրող կազմակերպությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումը գինու որակի վերաբերյալ, որպեսզի Հայաստանում արտադրվի բացառապես որակյալ գինի: Անհրաժեշտ է, որպեսզի տուրիստական ընկերությունները սերտ համագործակցեն գինի արտադրողների հետ, իսկ գինի արտադրողները իրենց հերթին պետք է ունենան հստակ ծրագիր, թե ինչ են առաջարկում իրենց հյուրերին: Ես վստահ եմ, որ պետական աջակցությունը ևս շատ մեծ դեր ունի»,- ասում է Ա.Պետրոսյանը:

«Կարևորում եմ, որպեսզի Հայաստանի հյուրերին ներկայացվի մեր ամենահին գինեգործական շրջանը, որտեղ էլ հենց գտնվում է Արենի 1 քարայրը և այդ գործում իր մեծ դերակատարությունը ունի Արենի գինու փառատոնը, որը կազմակերպվում է ամեն տարի հոկտեմբեր ամսին: Փառատոնին մասնակցում են թե՛ Հայաստանի գինու սիրահարները, թե՛ արտերկրից եկած հյուրերը: Տարեցտարի փառատոնը ավելի մեծ թվով հյուրեր է ընդունում և ավելի ճանաչելի դարձնում Հայաստանը աշխարհին»: 

Գինու ակադեմիայի առաջին շրջանավարտներից և գինու առաջին մասնագիտացված խանութ- բար` In Vino-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը կարծում է, որ առաջին հերթին պետք է բարելավել ենթակառուցվածքները` մասնավորապես ճանապարհները, ցուցանակները, ստեղծել առանձին քարտեզներ, որտեղ նշված կլինեն գինու գործարանները իրենց տարածքներով: 

«Անհրաժեշտ են գրագետ էքսկուսավարներ, որոնք ճիշտ կներկայացնեն գինու մշակույթը Հայաստանում, զարգացման պատմությունը և ավանդույթները: 2014 թվականի փետրվարին Հայաստանում հիմնադրվել է Երևանի գինու ակադեմիան (EVN Wine Academy), որտեղ կարելի է որակյալ կրթություն ստանալ: Կարծում եմ, գինու տուրիզմը չի կայանա միայն գինու շուրջ, անհրաժեշտ է համակարգված աշխատանք: Օրինակ, երբ ես Վրաստանում էի, գինու ոլորտը ներկայացնող բոլոր մասնագետները ըստ էության պատմում էին նույն պատմությունը, որ Վրաստանը գինու բնօրրանն է և իրենց գինու պատրաստման մեթոդը հնագույն է աշխարհում, նրանք համոզված են, որ բնական գինիների պատրաստման եղանակը իրենց երկրում է ծնվել։ Ըստ իս` ճիշտ ընտրված ռազմավարություն է, ես կցանկանամ, որ Հայաստանում էլ մշակվի ռազմավարություն, որը ճիշտ և հետաքրքիր կմատուցվի մեր հյուրերին»,- ասում է Մարիամ Սաղաթելյանը:

2005 թվականի ապրիլին Texas A&M University-ն Երևանում հիմնադրել է International Centre for Agribussiness and Education (ICARE) կրթական համալիրը: 2014 թվականին Semina Consulting ՓԲԸ-ն և ICARE-I-ը հիմնադրել են Երևանի գինու ակադեմիան (EVN Wine Academy): Ակադեմիան ունի հետազոտության և զարգացման կենտրոն, որի միջոցով նախատեսվում է ստեղծել վինիֆերա (vinifera) հայկական խաղողի բնիկ տեսակների դոնոր բանկ: Ակադեմիայում դասավանդում են բարձ որակավորում ունեցող մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս ոլորտում ունենալ որակյալ մասնագետ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (6)

Վահե
Տիգրան շատ ամփոփ անդրադարձ էր, հետաքրքրությամբ ընթերցեցի, հատկապես Հայաստանի գինու արդյոււնաբերությամբ զբաղվող ընկերությունների մասին: Մի նկատառում. որքան ես գիտեմ Մանչո-գրուպ ՍՊԸ-ն էլ է զբաղվում գինիների արտադրությամբ: Եթե ես չեմ սխալվում, ապա հետաքրքրական կլիներ նաև ցանկում արտացոլել այս ընկերության մասին, ինչպես մյուսներին: (Ցանկը ինձ համար շատ հետաքրքիր էր նաև որպես ՀՀ քաղաքացի սպառողի՝ ընդհանուր կողմնորոշման համար): Շնորհակալություն:
Տիգրան
Շնորհակալ եմ , կհետաքրքրվեմ այդ ընկերության գործունեությամբ
Գեւորգ
Ոտքով խաղող ճմռելը հաստատ վայրենի ու հակահիգենիկ բան կերեւա ժամանակակից տուրիստի աչքին: Աֆրիկա մի ցեղ կա օրինակ, անտառից արմատ են հավաքում, կանայք ծամում ու թքախառը (ներողություն) լցնում են կճուճների մեջ .... շուտ է խմորվում ու համով է լինում! Վերջը, աչքիս խնդալու, մի քիչ էլ ամոթալի է երեւում, բայց դե մեր կուլտարայի մտավորականները ավելի լավ կիմանան, անշուշտ
Qam
Հրաշալի մտահղացում է վերհանել հայկակն գինեգործության բացերը և առաջարկել լուծումներ: Պետք է խոստովանել որ ոչ բոլոր ընկերություններն են առաջարկում համայցեր և ավելին, այցեր խաղողի այգիներ համարյա անհնարին միսիա է: Կարծում եմ որ անհրաժեշտություն կա նաև վերանայելու այցերի գներն ու այն ավելի դեմոկրատիզացնել աշխատելով ավելի հասանելի դարձնել այն: Հույսը դնել միայն տուրիստների վրա այքան ել էթիկ չէ, կարելի է կիրառել Վրաստանի մոտեցումը: Հաճախ Եվրոպայի լավագույն գինեգործական տների այցը կամ թանգարանային/մառանների այցը ավելի թանկ է քան հայկականը և դա այն դեպքում երբ օրինակ պորտուգալական Դորոն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՈի ցանկում իսկ օրնակ Արամասի այցի տիեզերական գները /նաև ռեստորանի և հյուրանոցի/ բացի մոտիվացված ու հարուստ 1, 2սփյուռքահայից ոչ ոքի հետաքրքիր չէ...
Տիգրան
Հարգելի Ռաֆիկ , գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ցանկում դուք բնականաբար կաք , մեխանիկական սխալի արդյունք է, տեղյակ եմ Ձեր գործունեության մասին, ինքս եղել եմ Ձեր գործարանում : Շնորհակալ եմ արձագանքի համար։
Ռաֆիկ Սիմոնյան
Հարգելի Տիգրան ես ներկայացնում եմ ,,Արենիի Գինու Գործարան,, ՓԲԸ-ն, որը արդեն վեցերորդ տարին է զբաղվում է գինու տուրիզմով, օրեկան միջինը ընդունելով մոտավորապես 150-200 զբոսաշրջիկ/45000 - 55000 մարդ տարեկան/ աշխհարի ամենատարբեր անկյուններից:Մենք համագործակցում ենք ինչպես ամենահայտնի տուրիստական գործակալությունների այնպես էլ անհատ մարդկանց հետ,ինչպես նաև վրացական ընկերությունների հետ,որոնք իրենց տուրիսների ցանկությամբ նաև Հայաստան են ցանկանում այցելել:Թող մեծամտություն չթվա, բայց գինու տուրիզմով զբաղվող վերջին ընկերությունը չենք,հետաքրքիր ա որ էտ հարցով հոդված եք գրում ու մեր ընկերությունը չկա գոնե գինի արտադությամբ զբաղվողների ցանկում ՝թեկուզ քննադատական առումով:Եթե ինչ որ հարցով կարող եմ օգնել իմ հեռախոսի համարն է՝ 093 424406

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter