HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆ.Ի.Կ.Օ.» ՈՒՎԿ-ն անդրադարձել է ԿԲ-ի կողմից քաղաքացու անձնական տվյալների հրապարակմանը

Տարեվերջին «Հետքը» հոդված հրապարակեց Կենտրոնական բանկի կողմից քաղաքացի Սամվել Սահակյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման վերաբերյալ: Սամվել Սահակյանը մեղադրում էր բանկին իր անձնական տվյալները պարունակող տեսագրությունից արված լուսանկարները երրորդ աձին տրամադրելու մեջ: Նրա ենթադրությամբ՝ «երրորդ անձը» «Ֆ.Ի.Կ.Օ.» ունիվերսալ վարկային կազմակերպության ներկայացուցիչ էր: Սամվել Սահակյանը տեղի ունեցածին իրավական գնահատական տալու խնդրանքով դիմել էր նաեւ Արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որն էլ նրա դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ հունվարի 12-ին լսում նշանակել: Այսօր «Հետքը» ստացավ նաև «Ֆ.Ի.Կ.Օ.» ունիվերսալ վարկային կազմակերպության մեկնաբանությունը տեղի ունեցածի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև: 

Հայտարարություն

Քաղաքացի Սամվել Սահակյանի կողմից «hetq.am», «lurer.am» կայքերում և իր ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունների, ներկայացված «տեղեկությունների» և հրապարակումների վերաբերյալ  

Նախ` ցանկանում ենք նշել, որ չէինք անդրադառնա այդ հրապարակումներին եթե չնկատվեր, որ Սամվել Սահակյանը չտեսնելով իր ներկայացրածին հակառակ կարծիք,  փորձում է ավելի ու ավելի մոլորեցնել ընթերցողին՝ ներկայանալով որպես հետապնդումների զոհ: Ավելին՝ կարծում ենք, որ նման անհեթեթհայտարարություններով վերջինս որոշել է լուծել մի քանի խնդիր՝ հետապնդելով անձնական (կամ իր ազգականի) շահ և այդ նպատակին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չի առնում:

Եվ այսպես՝

Հավանաբար, բազմաթիվ ընթերցողներ, կարդալով Սամվել Սահակյանի զրպարտող մեկնաբանությունները, կարող են եզրակացնել, որ վերջինս իր կնոջ հետ միասին ընդամենը նամակ է մուտքագրել Կենտրոնական բանկ, ինչից հետո Կենտրոնական բանկի անվտանգության տեսախցիկները տեսաձայնագրել են իրենց, շահագրգիռ անձինք համապատասխան լուսանկարները հանցավոր նպատակով տրամադրել են ինչ-որ անձանց, որոնք էլ, իրենց հերթին, գործի դնելով ինչ-որ հանցավոր սխեմա, որում ներառված է նաև Կենտրոնական բանկը, փորձել են խլել իր բիզնեսները…ռեկետ են անում…, իսկ ամենակարևորը՝ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվել են իր անձնական տվյալները: 

Իրականում տեղի է ունեցել հետևյալը. Հայաստանում գործող «ՖԻԿՕ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում (հետագայում՝ Ընկերություն) տեղի է ունեցել փայատիրոջ /մասնակցի/ փոփոխություն: Ընտրվել են Ընկերության խորհրդի նոր անդամներ (նոր փայատիրոջ /մասնակցի/  ներկայացուցիչներ), սակայն նշված փոփոխություններին օրինական ուժ հաղորդելու համար անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան փաստաթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվեն Կենտրոնական բանկ՝ գրանցման: Նշված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից, քանի որ որևէ անձին ֆինանսական համակարգ մուտք գործելուց առաջ Կենտրոնական բանկը իրականացնում է բազմաթիվ ուսումնասիրություններ՝ ֆինանսական կազմակերպության ղեկավարումը անպարտաճանաչ անձանցից զերծ պահելու նպատակով:

Մինչ համապատասխան փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելը, Ընկերության դեռևս գործող միակ փայատերը /մասնակիցը/՝ Գարիկ Մուշեղյանը որոշում է կայացրել աշխատանքից ազատել Ընկերության տնօրեն Իրինա Սիմոնյանին: Որպես հիմնավորում վերջինս նշել է, որ Իրինա Սիմոնյանը դրսևորել է այնպիսի վարքագիծ, որն Ընկերությունը կանգնեցրել է անվճարունակության եզրին՝ պատճառելով զգալի վնասներ: Նշված որոշումը համապատասխան գրությամբ մուտքագրվել է Կենտրոնական բանկ, ինչի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից, օրենքով սահմանված կարգով, գրանցումից հանվել է Իրինա Սիմոնյանը: Որոշ ժամանակ անց Կենտրոնական բանկը, միևնույն փայատիրոջից /մասնակցի/ ստացել է գրություն, որում վերջինս, ի հակառակ իր նախորդ պնդումներին, հիմնավորել է, որ Իրինա Սիմոնյանը իրականում լավ տնօրեն է եղել և վերջինս նրա լիազորությունները դադարեցնելու որոշում չի կայացրել: Ակնհայտ է, որ նման իրավիճակում Կենտրոնական բանկի մոտ կարող էին արդարացի կասկածներ առաջանալ տեղի ունեցածի վերաբերյալ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այդ ընթացքում ուսումնասիրվում էին նոր փայատիրոջ և խորհրդի անդամների գրանցման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը: Ուստի, Գարիկ Մուշեղյանի դիրքորոշումը ճշտելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից կապ է հաստատվել Գարիկ Մուշեղյանի հետ, տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում Գարիկ Մուշեղյանը հայտարարել է, որ թեպետ երկրորդ գրությունը մուտքագրվել է իր անունից, սակայն վերջինիս կողմից այն չի գրվել ու ստորագրվել: Ավելին, վերջինս գրավոր հարցում է կատարել Կենտրոնական բանկ՝ պահանջելով տրամադրել նամակի մուտքագրման առնչությամբ իրեն վերաբերող բոլոր տեղեկությունները: Գարիկ Մուշեղյանի կողմից այնուհետև Կենտրոնական բանկ է մուտքագրվել ևս մեկ գրություն, որով վերջինս պաշտոնապես հայտարարել է, որ չի արդարացնում Ընկերության գործադիր տնօրենին և նման բովանդակությամբ որևէ գրություն չի ստորագրել:

Մեր այն պնդումների հիման վրա, որ Կենտրոնական բանկ է մուտքագրվել, փաստացի, կեղծ գրություն, Կենտրոնական բանկը լրացուցիչ պարզաբանումների համար հրավիրել է Ընկերության ընտրված խորհրդի անդամ՝ Հրայր Հակոբյանին և հորդորել, որպեսզի փորձ կատարվի Ընկերության ներսում պարզել տեղի ունեցածը՝ համապատասխան հանցագործության հատկանիշներով իրավապահ մարմիններին դիմելու հարցը վերջնական որոշելու համար: Նշվածի գործընթացին օժանդակելու համար վերհանվել և մեզ են տրամադրվել նամակի մուտքագրման պահին արված լուսանկարները:

Փաստորեն, Կենտրոնական բանկը, ունենալով տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ փաստաթղթեր կեղծելու հիմնավոր կասկածներ, նախապատրաստել է նյութեր՝ դրանք իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով:

Այս ամբողջ պատմության մեջ մեր միակ սխալը եղել է այն, որ մենք պարզելով, որ նամակ մուտքագրողը եղել է Ընկերության նախկին տնօրեն Իրինա Սիմոնյանի փեսան, դրա մասին փորձել ենք ինքնուրույն զրուցել վերջինիս հետ և զրույցի հրավիրելու նպատակով ուղարկել ենք հրապարակված նկարները: Գիտակցելով, որ Կենտրոնական բանկի նմանատիպ տեղեկությունը պետք է օգտագործվեր միայն իրողությունը պարզելու և Կենտրոնական բանկին հայտնելու համար և չպետք է տրամադրվեր Սամվել Սահակյանին, ինչի համար հայցում ենք Կենտրոնական բանկի ներողամտությունը: 

Միևնույն ժամանակ, հայտնում ենք մեր խորին համոզմունքն առ այն, որ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լուսանկարները որևէ պարագայում չեն կարող համարվել, որպես երրորդ անձի անձնական կյանքի վերաբերող տեղեկությունների տրամադրում, քանի որ՝

1.         Տվյալ դեպքում առկա է վարչական մարմնի և վերջինիս կողմից վերահսկվող սուբյեկտի միջև պաշտոնական հարաբերություններ, ինչը չի կարող մեկնաբանվել իբրև անձնական կյանք,

2.         Նամակը մուտքագրվել է այն անձի անունով, ում համաձայնությունը Կենտրոնական բանկն ունեցել է համապատասխան ձայնագրությունները վերծանելու համար:

Իսկ ինչ շահեր է իրականում հետապնդում Սամվել Սահակյանը իր հրապարակումներով

Վերջինիս գործողությունների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել հետևյալը.

1. Սամվել Սահակյանը հասկանալով, որ բացահայտվել է վերջինիս կողմից իրականացված ապօրինի գործողությունը, և այն, որ Կենտրոնական բանկ մուտքագրված և դեռևս ենթադրաբար կեղծ ստորագրությամբ գրությունը կարող է իր կամ իր հարազատների համար առաջացնել քրեական պատասխանատվություն, փորձում է շեղել հասարակության ուշադրությունը իրականությունից՝ շեշտը դնելով «անձնական տվյալների հրապարակմանե և «բիզնես խլելուե մասին հորինված պնդումների վրա.

2. Սամվել Սահակյանը նման հրապարակումներով, ելնելով իր ընտանիքի անդամների կամ այլ անձանց շահերից, փորձում է կազմալուծել իր կնոջ մոր կողմից անվճարունակության եզրին հասցված Ընկերության գործունեությունը, ինչը կարող ենք ասել, որ նրան հաջողվել է: Կենտրոնական բանկի խորհուրդը օրենքով սահմանված կարգով, արդեն կասեցրել է նոր բաժնետիրոջ կողմից Ընկերության բաժնեմասի ձեռքբերման գործարքը և խորհրդի նոր անդամների գրանցման գործընթացը: Ընկերությունը ներկայումս չունի տնօրեն կամ վերջինիս օրինական փոխարինող անձ:

3. Սամվել Սահակյանը, որոշ անձանց դրդումով , «անձնական տվյալների հրապարակումե եզրույթը օգտագործելով և հասարակական մեծ աղմուկ բարձրացնելու սպառնալիքներով, փորձում է որոշակի նյութական օգուտ ստանալ՝ կարծելով, որ ներկայացված պատմության մեջ հիշատակվողները կվախենան հարցի հետագա հրապարակումից և լռելու համար գործարք կառաջարկեն: Նշենք, նաև, որ Սամվել Սահակյանի այս մտադրության հետևում կանգնած անձանց մասին կասկածներ նույնպես ունենք, սակայն վերջիններիս անունները դեռևս չենք հրապարակի: 

Վստահ ենք, որ իր հայտարարություններին լրջություն հաղորդելու համար, այսքանից հետո Սամվել Սահակյանը պարտավոր է՝

  • հրապարակել այն անձանց անունները, որոնք իբր սպառնում են կամ սպառնացել են իրեն,
  • ներկայացնել սպառնալիքի էությունը (ինչ են իրենից ուզում),
  • ներկայացնել այն «հանցավոր սխեմանե, որով իրենից բիզնես է խլվել,
  • ներկայացնել  իրեն «ռեկետե անելու մանրամասները,
  • ում և ինչ բիզնես են իրենից ուզում խլել և ինչու հենց այդ բիզնեսը (նշել կոնկրետ բիզնեսները ընկերությունների անուններով),
  • ինչի վերջինս  չի դիմում իրավապահ մարմիններին, եթե իր պնդումներով առկա են հանցագործության հատկանիշներ,
  • այս ամենը ներկայացնել  հստակ փաստերով և ապացույցներով:

Սամվել Սահակյանի կողմից կրկին հրապարակային անորոշ, իրականությանը չհամապատասխանող, ուշադրությունը շեղող տեղեկություններ հրապարակելու դեպքում  հավաստիացնում ենք, որ անկասկած դիմելու ենք օրենքով սահմանված բոլոր միջոցներին՝ վերջինիս պատասխանատվության ենթարկելու համար: Հավաստիացնում ենք, որ հետամուտ ենք լինելու նաև Սամվել Սահակյանի մեջքին կանգնած անձանց վերջնական բացահայտման և նրանց գործողություններում հանցակազմի տարրեր ի հայտ գալու դեպքում՝ վերջիններիս նույնպես պատասխանատվության ենթարկելու հարցում:   

Ինչ վերաբերում է Սամվել Սահակյանի կողմից շահարկվող անձնական տվյալների հրապարակում եզրույթին, ապա վերջինիս հորդորում ենք նման եզրույթը շահարկելուց առաջ, առավել մանրամասն և ուշադիր ուսումնասիրել ՀՀ օրենսդրությունը, որից հետո նոր կարծիքներ ներկայացնել հանրությանը:

Ընթերցողին տեղեկացնենք նաև, որ Սամվել Սահակյանի կնոջ մոր, Ընկերության նախկին տնօրեն Իրինա Սիմոնյանի կողմից բազմաթիվ չարաշահումներ կատարելու փաստերով, համապատասխան հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին: Բացի այդ, քաղաքացիական հայցեր են ներկայացվել դատարաններ Իրինա Սիմոնյանից և իր հետ փոխկապակցված անձանցից խոշոր չափի գումարներ հօգուտ Ընկերության բռնագանձելու պահանջով:

Հուսով ենք այս անգամ Սամվել Սահակյանը այս ամենի մեջ անձնական տվյալների հրապարակում չի հայտնաբերի:

 

Հ.Գ. Համապատասխան հայտարարություն է տարածել նաև Գարիկ Մուշեղյանը:

«Ֆ.Ի.Կ.Օ.» ունիվերսալ վարկային կազմակերպության ընտրված խորհրդի անդամներ ՝                                         Հայկ Վարդանյան, Հրայր Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter