HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման: Հիշեցնենք՝ մեղադրողը դատարանից պահանջել էր Սաֆարյանին ազատազրկել 2,5 տարով:

«Երբ գտնվում էի կալանքի մեջ, ինձ մի գիրք նվիրեցին՝ Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը», եթե ես այսքան հստակ ծանոթ չլինեի մեր դատաիրավական համակարգին, կթվար, որ Կաֆկան ինչ-որ աբսուրդ բան է գրել, չափազանցրել է: Կարդում էի գիրքը և ինձ թվում էր՝ Կաֆկան ապրում է մեր ժամանկաներում և գրում է հայկական դատաիրավական համակարգի մասին: Սա նշանակում է, որ մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի»,- ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը այսօրվա դատական նիստին հանդես եկավ վերջին խոսքով:

Դատական նիստի սկզբին Գևորգ Սաֆարյանը նշեց, որ դատախազությունը չի ընդունում պաշտպանական կողմի վկաների ցուցմունքները՝ պնդելով, որ վերջիններս կարող են պաշտպանել իրենց ընկերոջը:

«Դատախազն ինձ զարմացրեց, նա ասաց՝ եկեք տեսագրության վրա աչք փակենք, եկեք չտեսնեք, չլսենք՝ ինչ է ասվում, չընդունենք որպես փաստ: Ամենայն հավանականության դատախազության շենքում տեղադրված արձանը սխալ արձագանք ունի դատախազի վրա, էդ արձանի աչքերը փակված չեն, որ նա ճշմարտությունը չտեսնի, տեսագրությունը չտեսնի, այդ կնոջ աչքերը փակված են, որ նա կշեռքի նժարները չտեսնի»,- հավելեց Սաֆարյանը:

Սաֆարյանը նշեց նաև, որ դատախազությունը ոստիկանության շահերն է պաշտպանում և ընդունում է, որ ոստիկանությունը միշտ կատարում է իր ծառայողական պարտականությունները:

Ամբաստանյալը նաև ասաց, որ մեղադրող կողմի միջնորդությամբ դատարան ներկայացած վկաների ցուցմունքներում կան հակասություններ. «Համեմատելով վկաների ցուցմունքերը՝ հասկանում ենք, որ վկաները տվել են ակնհայտ սուտ ցուցմունքներ:Մեզ մոտեցած ոստիկանների ցուցմունքներն արմատապես հակասում են իրար»:

Անդրադառնալով նաև այն հարցին, որ դատախազը պաշտպանական կողմի վկաների ցուցմունքները համարել է ոչ արժանահավատ, Գևորգ Սաֆարյանն ասաց.

«Եթե մենք բարձրացնում ենք արժանահավատության հարց, ապա մեղադրող կողմի վկաների ցուցմունքներն ընդհանրապես չեն կարող լինեն արժանահավատ, որովհետև այդ մարդիկ Գեղամ Խաչատրյանի ենթականերն են, և հենց ինքը՝ մեղադրողը, քրեական գործում առկա նյութերում անարժանահավատ է համարել այդ անձանց ցուցմունքները»:

Դատարանի դահլիճում Գևորգ Սաֆարյանը խոսեց նաև Գեղամ Խաչատրյանի ստացած վնասվածքի մասին և պնդեց, որ թե՛ ոստիկանության կողմից ներկայացրած տեսանութում, թե՛ իրենց տրամադրած տեսանյութի մեջ երևում է Գեղամ Խաչատրյանի աչքը ոչ կարմրած է, ոչ էլ այտուցված:

Գևորգ Սաֆարյանը խոսեց նաև դատախազի արած այն հայտարարության մասին, որ ամբաստանյալը բացասական վերաբերմունք ունի տուժողի նկատմամբ.«Դատարանում մեղադրողը պնդեց, որ ես Գեղամ Խաչատրյանի նկատմամբ ունեմ ընդգծված բացասական վերաբերմունք: Ոչ մեկը ցուցմունք չի տվել, որ ես ունեցել եմ վատ վերաբերմունք: Դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ Գեղամ Խաչատրյանն է ունեցել իմ նկատմամբ բացասական վերաբերմունք: Գեղամ Խաչատրյանն ինձ և իմ ընկերներին անվանել է կապիկներ, իմ հասցեին ուղղել էր հայհոյանքներ: Երբ մենք հարցրինք, թե ինչու՞ է արել, ինքը նորից Հուլիոս Կեսարի դիրքն ընդունեց և ասաց՝ «ասեք, որ լավ եմ գրել»:

Հիշեցնենք, որ 2015-ին դեկտեմբերի 31-ին, երբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը և ընկերները փորձել են մտնել Ազատության հրապարակ, նրանցից մեկը Ձմեռ պապի հագուստով է եղել, իսկ ձեռքին՝ տոնածառ: Ոստիկանները փորձել են խլել տոնածառը: Միջադեպն ավարտվել է տոնածառը ջարդուխուրդ անելուց հետո: Դատարանի դահլիճում Սաֆարյանը նշեց, որ 50 հոգանոց խաղաղ հավաքի համար ՊՊԾ գնդի 12 ոստիկանական վաշտ են հանվել, և  նախապես պատրաստվել է բռնի գործողությունների:

Ինչ վերաբերում է Գեղամ Խաչատրյանի վնասվածքին, Գևորգ Սաֆարյանն ասաց, որ համաձայն Նյուտոնի օրենքի՝ ինչ ուժով որ ենթադրաբար հարվածել է Գեղամ Խաչատրյանին, նույն ուժող էլ ինքը պիտի վնասվածք ստանար, բայց իր ձեռքի վրա որևէ վնասվածք չի հայտնաբերվել:

Դատախազը ելույթ ունեցավ, հակափաստարկներ ներկայացրեց, անդրադարձավ նաև ֆիզիկայի օրենքերին և ասաց, որ եթե հարվածի հետևանքով Գևորգ Սաֆարյանը նույնպես վնասվածք ստանար, ապա Գեղամ Խաչատրյանը ոչ թե թեթև մարմնական վնասվածք կստանար, այլ՝ ծանր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter