
Հէկի սեփականատեր Սիսիանի նախկին քաղաքապետը խոստացել է, որ Շաքիի ջրվեժը ցերեկը կգործի բնականոն ռեժիմով
Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը Շաքիի ջրվեժից սնվող հէկի համասեփականատերն է: Այդ ջրվեժն առաջացնող ջուրը, հիշեցնենք, օգտագործվում էր հէկի համար, և զբոսաշրջիկներն ու տեղացիները զրկված էին դրա հմայքը վայելելու հնարավորությունից:
Շաքիի ջրվեժն ունի բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ և գրանցված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սակայն տարիներ շարունակ Շաքիի ջրվեժի և «Հակոբջանյան և Գալստյան» ՍՊԸ-ին պատկանող փհէկի խնդրահարույց հարցը մնում էր չլուծված: Հունվարի 13-ին բնապահպանության նախարարությունում կայացել է քննարկում Շաքիի ջրվեժի և «Շաքի ՓՀԷԿ»-ի խնդրի կարգավորման վերաբերյալ, որը վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ինչպես տեղեկացնում է ԲՆ-ն, Բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ում 2016 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված ստուգումների արդյունքները: Բացահայտվել է, որ 2015 թվականի մայիսին ընկերությանը ՓՀԷԿ-ի շահագործման համար տրվել է 1500 լ/վրկ ջրօգտագործման թույլտվություն, և այս ջրաքանակի շահագործման դեպքում արդեն չի պահպանվում ջրվեժի համար անհրաժեշտ էկոլոգիական թողքը՝ 200 լ/վրկ:
Ստուգմամբ հանձնարարվել է ընկերությանը դիմել բնապահպանության նախարարություն` վերանայելու իրեն տրված ջրօգտագործման թույլտվության պայմանները:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ որոշումը բալանսավորված պետք է լինի և´ բնապահպանական, և´ տնտեսական առումով և առաջարկել քննարկման թեմա դարձնել ջրօգտագործման թույլտվության այնպիսի ռեժիմը, որն օրվա ցերեկային ժամերին հնարավորություն կտա ջրահոսքն ամբողջությամբ ուղղել դեպի ջրվեժ, իսկ գիշերը՝ դեպի հէկ:
«Այնպիսի իրավիճակ է, որ եթե անգամ փհէկը պահպաներ էկոլոգիական թողքը, միևնույն է, չէինք ունենա լիարժեք թողք, խոսքը՝ ջրվեժի առաջացման, ամբողջական բնապատկեր ունենալու և ջրվեժի ամբողջ ներուժն օգտագործելու մասին»,- նշել է նախարարը:
Առաջարկը հավանության է արժանացել նաև «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատիրոջ կողմից: Արծվիկ Մինասյանը հանձնարարել է սեղմ ժամկետում պատրաստել և հաստատել փհէկի ցերեկային և գիշերային ժամերի աշխատանքների կառավարման նախագիծը:
«Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանը ներկայացրել է ընկերության կատարած աշխատանքը, ներդրումային ծրագրերը, որոնց երկրորդ փուլն ընթացքի մեջ է: «Պատրաստակամ եմ անվերապահորեն կատարել այն որոշումը, որն այսօր կկայացվի»,- խոստացել է Աղասի Հակոբջանյանը:
Այս հէկի բաժնեմասը, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, ինժեներ-էներգետիկ Աղասի Հակոբջանյանը հավասարապես կիսում է ընկերության տնօրեն Արսեն Գալստյանի հետ:
Հիշեցնենք՝ Աղասի Հակոբջանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն էր: Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո նա ևս հայտնել էր ԲՀԿ-ին անդամակցելը դադարեցնելու մասին:
Մեկնաբանել