HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Առաքելյանի և Արարատ Խանդոյանի գործով հարցաքննվեցին ոստիկան վկաները

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, տեղի ունեցավ Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին ոստիկանության աշխատակից երկու վկաներ։

Ոստիկանության սպա Ռաֆայել Մնացականյանը, պատասխանելով դատավարության կողմերի հարցերին, ասաց, որ հուլիսի 20-ին եղել է Խորենացի փողոցում, որտեղ հավաքված «ամբոխի» և ոստիկանության միջև բախում է եղել։ Ժողովրդի կողմից, ըստ սպայի, լսվել են հայհոյանքներ, նետվել են կոշտ-կոպիտ իրեր, շշեր, որոնց արդյունքում ոստիկանության աշխատակիցները տուժել են։ Վկան նշեց նաև, որ ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ զգուշացրել են ժողովրդին, որ տվյալ արարքն ապօրինի է։

Նիստի ընթացքում Արարատ Խանդոյանը վկային հարցրեց. «Ո՞նց տեսաք, որ առաջին շարքում գտնվող ոստիկանները չեն հարձակվել, այլ ժողովուրդն է ինչ-որ բան նախաձեռնել ոստիկանների ուղղությամբ»։

Վկան պատասխանեց, որ երկու-երեք շարասյունների հետևից տեսել են, որ ոստիկանության աշխատակիցներին խփում են, լսվում են «վախ ոտքս», «վախ ձեռքս» արտահայտությունները և ոստիկանության աշխատակիցներին հերթով հանում են շարասյան մեջից և ցուցաբերում բժշկական օգնություն։

Ոստիկանության սպա Ռաֆայել Մնացականյանը հավելեց նաև, որ ինքն առաջ շարժվելու հրաման չի տվել, դա կատարել է հրամանատարական անձնակազմը։

«Նախաձեռնությունը եղել է բազմության կողմից, կիրառված հատուկ միջոցներն էլ կիրառվել են հրահրումներից 10-15 րոպե հետո»,- ավելացրեց վկան։

Երկրորդ վկան ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գուրգեն Մկրտչյանն էր, ով ծառայություն էր իրականացրել Խորենացի փողոցում: Նա նույնպես նշեց, որ ոստիկանության կողմից մի քանի անգամ ժողովրդին զգուշացվել է, որ կատարում են ապօրինի արարք, նկարագրեց նաև, որ ժողովրդին չի հաջողվել անցնել նշված տարածք, իսկ բախման արդյուքնում տուժվել են զինծառայողներ։

«Ամբոխն է սկսել հրահրելով` հայհոյել ու հարվածել։ Ոստիկանության կողմից պահանջ է հնչեցվել ազատել երթևեկելի մասը, հավաքվեք մայթերին»,- ասաց վկան։

Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարը նաև նշեց, որ ոստիակնության կողմից պահանջը հնչեցնելուց հետո հատուկ միջոցներ են կիրառել, որովհետև ոստիկանները սեղմվել են ամբոխի և բեռնատար մեքենաների միջև․ «առաջին բախման ժամանակ չորս քայլ առաջ ենք գնացել, որպեսզի հետևում տեղ ունենանք, որից հետո ամբոխն ավելի ակտիվացավ և սրածայր երկաթներով սկսեցին վահանների տակից զորքին խփել, սկսեցինք առաջ գնալ։Առաջին բախումից հետո դզվանք, նորից հանդարտվեցինք, և նորից առաջ գնացինք»,- ներկայացրեց վկան։

Հարցաքննության ընթացքում երկու վկաներն էլ նշեցին, որ Արման Առաքելյանին և Արարատ Խանդոյանին ժողովրդի մեջ առաջին շարքերում չեն տեսել, չեն նկատել նաև ժողովրդի միջից տուժածների․ «Հատուկ միջոցներից չեն կարող տուժված լինել, որովհետև կիրառվել է օդ՝ լուսաձայնային նռնակներ, իսկ ժողովրդի կողմից կիրառվել է մարգանցովկայով ու բրոնզով նռնակներ, որը ոստիկանության նռնակի լույսից ավելի ուժեղ լույս է առաջացնում»:

Վկա Գուրգեն Մկրտչյանի խոսքով` ժողովրդի մեջ գտնվել են նաև այնպիսին մարդիկ, ովքեր փորձել են բախումը կասեցնել և երկու կողմին էլ խնդրել են զսպվածություն դրսևորել։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին և Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն  գործադրելու մեջ։

Այս գործով հաջորդ դատական նիստի ընթացքում կհարցաքննվեն մյուս վկաները: Նիստը տեղի կունենա հունվարի 26-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter