HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Խանդոյան. «Հուշաթերթիկը ընթերցվի, չընթերցվի` միևնույն է, արդեն իմ իրավունքները խախտվել են»

Ամալյա Մարգարյան

«Իմ քաղաքական հայացքների համար ուղղակի շինծու մեղադրանք է, ես ասում եմ այն, ինչ կա»,-իր քրեական գործով առաջին նիստը սկսվելուն պես՝ հայտարարեց Արարատ Խանդոյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու և դրանց մասնակցելու համար։

Դատական նիստի ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) եղբայր Արարատ Խանդոյանը հայտնեց, որ ունի առողջական խնդիրներ. «Պատերազմի ընթացքում երեք անգամ կոնտուզիա եմ ստացել։ Քրեաօլիգարխ ռեժիմի, ոստիկանոթյան հրեշտակներ կոչված գնդի կողմից կիրառված պայթյունների հետևանքով նորից սկսվել են գլխացավերս»։

Դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց մեղադրյալից` արդյո՞ք կարիք կա ևս մեկ անգամ ընթերցելու հուշաթերթիկը, նրան ի պատասխան Խանդոյանը ասաց. «Պարո՛ն դատավոր, հուշաթերթիկը ընթերցվի, չընթերցվի, միևնույն է, արդեն իմ իրավունքները խախտվել են»։

Դատական նիստին ներկա էր նաև գործով մյուս ամբաստանյալ Արման Առաքելյանը, ով դատարանի դահլիճում հրաժարվեց իր ներկայացուցիչ, հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանի ծառայությունից և հայտնեց, որ դատարանում այսուհետ իր շահերը նույնպես Արա Կարագյոզյանն է պաշտպանելու։

Դատական նիստին ներկայացել էին նաև տուժող 44 ոստիկանության աշխատողներից 15-ը, բայց նրանց չհարցաքննեցին: Ամբաստանյալների պաշտպան Արա Կարագյոզյանը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց դատարանին, պատճառաբանելով, որ քրեական գործի նյութերին չի հասցրել ամբողջական ծանոթանալ։

Դատարանը բավարարեց միջնորդությունը, և դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter